Հառաչանքների աստիճաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապիտոլիում բլրի պլան, և Հառաչանքների աստիճանների հավանական տեղադրությունը Հին Հռոմում

Հառաչանքների աստիճաններ (լատ.՝ Scalae Gemoniae, իտալ.՝ Scale Gemonie), սանդղավանդակ Հին Հռոմում։ Հայտնի են Հռոմի պատմության մեջ որպես մահապատժի վայր։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Պիետրո ին Կարսերե փողոց։ Նախկին Մամերտին բանտի տեղում ներկայումս San Giuseppe dei Falegnami եկեղեցին է

Աստիճանները կառուցվել են Հռոմի կենտրոնական մասում։ Դրանք իջնում էին Կապիտոլիումի բլրի միջնաբերդից դեպի Հռոմի ֆորում։ Այստեղ նրանց ձախ կողմում Տաբուլարիումն էր և Կոնկորդի տաճարը, իսկ աջ կողմում՝ Մամերտին բանտը[1]։ Աստիճանների տեղը ենթադրաբար համընկնում է ներկայիս Ս․ Պիետրո ին Կարսերե (S. Pietro in Carcere) փողոցի հետ։ Նախին Մամերտին (ներկայումս՝ San Giuseppe dei Falegnami եկեղեցի) բանտի ավերակներ էին այստեղ[1]։

Ենթադրվում է, որ աստիճանները կառուցվել են Տիբերիոս կայսեր կառավարումից առաջ, քանի որ դրանց մասին այդ ժամանակաշրջանին վերաբերվող աղբյուրներում որևէ տեղեկություն չկա [2]։ Որպես մահապատժի վայր՝ աստիճաններն առաջին անգամ հիշատակվել է Տիբերիոսի կառավարման վերջին տարիներին[3]։

Մահապատիժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատապարտյալներին նախապես խեղդում էին, կապում մարմիններն ու նետում աստիճաններից վար։ Երբեմն Հռոմի այլ վայրերից մահապատժի ենթարկվածների դիերը բերվում էին այստեղ ի ցույց դնելու համար։ Դիերը սովորաբար աստիճանների վրա մնում էին որոշ ժամանակ, հոշոտվում էին շների ու այլ գիշակեր կենդանիների կողմից, ապա նետվում Տիբեր գետ։

Աստիճանների վրա մահը համարվում էր չափազանց անպատվաբեր և սարսափելի։ Նույնիսկ մի քանի սենատորներ և կայսրեր իրենց մահկանացուն կնքել են այստեղ։ Հառաչանքների աստիճանների վրա մահապատժի են ենթարկվել Հռոմեական կայսրության հայտնի պետական և ռազմական գործիչ Լուցիոս Էլիուս Սեյանոսն ու իր երեխաները, ինչպես նաև Ավլոս Վիտելլիոս կայսրը։ Սեյանոսը եղել է Տիբերիոսի նախկին մտերիմներից, որը դավադրության մասնակից է եղել 31 թվականին։ Ըստ Դիոն Կասսիոսի Սեյանոսը խեղդամահ է արվել և նետվել Հառաչանքների աստիճաններից, որտեղ ամբոխը 3 օր շարունակ խորշտանգել է նրան։ Նրա երեխաները նույն կերպ մահապատժի են ենթարկվել այստեղ[4]։

Վիտելիոսը հռոմեական գեներալ էր, որը 69 թվականին երրորդ կայսրը դարձավ այսպես կոչված՝ Չորս կայսրերի Տարվա մեջ։ Նա հաջորդեց Օտոն կայսրին, որն ապրիլի 16-ին ինքնասպանություն գործեց։ Վիտելիոսը կայսեր կարգավիճակում եղավ ընդամենը ութ ամիս։ Երբ նրա զորքերը պարտվեցին Վեսպասիանոսի կողմից, նա համաձայնվեց հանձնվել, սակայն Պրետորյան պահակախումբը թույլ չտվեց նրան քաղաքից հեռանալ։ Երբ Վեսպասիանոսի զորքերը մուտք գործեցին Հռոմ, նրան հանեցին իր թաքստոցից և Հառաչանքների աստիճաններից ցած նետեցին։ Նրա վերջին խոսքերն էին. «Ես երբևէ ձեր կայսրն եմ եղել»[5]։

Նմանատիպ վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում Կապիտոլիում բլրի հարավային գագաթը՝ Տարպեյան ժայռը նույնպես օգտագործվում էր նմանատիպ մահապատիժների համար։ Մարդասպանները, դավաճանները, ստրուկները, մահվան դատապարտվելիս, ցած էին նետվում այնտեղից[6][7]։ Կար նաև կարծիք, որ նման պատիժներ կիրառվել են նաև հաշմանդամների, հոգեկան հիվանդների նկատմամբ, քանի որ համարվում էր, որ նրանք անիծված էին աստծո կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Platner (1929). A Topographical Dictionary of Ancient Rome Scalae Gemoniae, p466. London. Oxford University Press.
  2. One of the earliest references comes from Tacitus, Annals Book 3, 14
  3. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius61
  4. Cassius Dio, Roman HistoryLVIII.11
  5. Tacitus, Histories III.84, III.85
  6. Platner (1929)։ A Topographical Dictionary of Ancient Rome։ London: Oxford University Press։ էջեր 509–510 
  7. Platner (1929)։ «A Topographical Dictionary of Ancient Rome: Tarpeius Mons»։ London: Oxford University Press։ էջեր 509–510 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]