Jump to content

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարժանություն
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար
Arco di Settimio Severo
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
Շինության տեսակհաղթակամար
ՀիմնադիրՍեպտիմիուս Սևերուս
Շինարարության սկիզբ205 թ․
ԿցաշինություններԿուրիա Յուլիա
Քարտեզ
Քարտեզ

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար (իտալ.՝ Arco di Settimio Severo), կամար Հռոմի ֆորումում։ Տեղակայված է Կուրիա Յուլիայի և Ռոստրայի միջև, Վիա Սակրա փողոցի վրա։ Կառուցվել է 205 թվականին Սեպտիմիուս Սևերոսի և նրա որդիներ Կարակալլայի ու Գետայի Պարթևստանի դեմ տարած հաղթանակների պատվին (195—203)։

Սեպտիմիոս Սևերոսի մահից հետո նրա որդիներ Կարակալլան և Գետան համատեղ կայսրեր էին։ Կարակալլան 212 թվականին կազմակերպում է եղբոր սպանությունը, և բոլոր նրան վերաբերող պատկերները վերացնում է հասարակական կառույցների և հուշարձանների վրայից։ Ըստ այդմ Գետայի պատկերը և նրան նշող մակագրությունները հեռացված են հաղթակամարից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտի Լուկա է Մարտինա եկեղեցին և հաղթակամարը

Հաղթակամարի բարձրությունը 20,9 մետր է, լայնությունը՝ 23,3 մ, խորությունը՝ 11,2 մ։ Կառուցված է աղյուսից և տրավերտինից, երեսապատված է մարմարե սալիկներով։ Ատտիկի բարձրությունը 5,6 մետր է, նրանում կան 4 սենյակ, ուր կարելի է բարձրանալ աստիճանով։ Հաղթակամարն ունի երեք անցուղի։ Կենտրոնական անցուղու թռիչքի բարձրությունը 12 մ, իսկ լայնությունը՝ 7 մ։ Կողմնային անցուղիների բարձրությունը 7,8 մ, իսկ լայնությունը՝ 3 մ։ Նրանց առջև Ֆորումի կողմից կա մի քանի աստիճան։ Երեք անցուղիները միմյանց միացած են, և այս ճարտարապետական լուծումը կիրառվում է նոր դարաշրջանի շատ հաղթակամարներում։ Հին ժամանակներում հաղթակամարում էր գտնվում Սեպտիմիոս Սևերոսի, Կարակալլայի և Գետտայի արձաններով մարտակառք։ Հենց այդ տեսքով էլ նրանք պատկերված էին հռոմեական մետաղադրամների վրա։ Մեր օրերում մարտակառքը չի պահպանվել։

Կամարի ձևավորման ամենախոշոր տարրերը 4 բարձրաքանդակներն են (չափերը՝ 3,92-4,72 մ), որում պատկերված են տեսարաններ՝ Պարթևստանի հետ մղած պատերազմից։ «Պատմությունը» սկսվում է ձախ ցայտաքանդակից, որտեղ ներկայացված է պատերազմին պատրաստվելու տեսարանը, պարթևների հետ ճակատամարտը, կայսեր ուղերձը լեգեոներներին, ճակատամարտը, որը գլխավորում էր կայսրը։ Աջակողմյան բարձրաքանդակի վրա ներկայացված է Եդեսիայի ճակատամարտը, կայսեր ուղերձը զինվորներին, Օսրոյենեի արքա Աբգար IX-ի անձնատրությունը, հռոմեական ռազմական խորհուրդը։ Կապիտոլիումի կողմից աջում պատկերված է Սելևկիայի պաշարումը և պարթևների փախուստը, ինչպես նաև կայսեր ելույթը գրավված քաղաքում։ Աջ կողմում Տիզբոնի գրոհն է, և կայսեր ելույթը զինվորների առջև, գրավված թշնամական մայրաքաղաքում։

Կենտրոնական անցուղու կամարի աղեղում կան Վիկտորիայի բարձրաքանդակներ։ Կողմնային անցուղիները ձևավորված են գետերի անձնավորումով։ Սյուների հիմքերում կերտված են հռոմեական զինվորների և գերի ընկած պարթևների քանդակներ։

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը Հռոմի ֆորումի կենտրոնում
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը Հռոմի ֆորումի կենտրոնում


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար» հոդվածին։