Հայկական նախարարական տներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական նախարարական տներ, նախարարություններ, հին և միջնադարյան Հայաստանում նախարարի, նրա տոհմի ժառանգական իշխանությունը որոշակի տարածքի (նահանգ, գավառ) սահմաններում։ Նախարարության իրավասությանը ենթակա հողերը եղել են հիմնականում «հայրենական», ինչպես նաև «պարգևական» տիրույթներ։ Նախարարությունների, որպես խոշոր տոհմիկ կալվածատիրությունների և պետական–քաղաքական միավորների, ձևավորումն ավարտվել է հայ Արշակունիների թագավորության սկզբնաշրջանում։ Հայաստանում հնուց գործել է նախարարական իրավունքը, որի շնորհիվ մինչև VIII– IX դդ․ պահպանվել է ժառանգության անդրանիկության սկզբունքը։ VIII դարից սկսվել է նախարարական նախկին ժառանգական կարգի քայքայումը, որի հետևանքով նախարարական տան կրտսեր անդամները՝ սեպուհները, նույնպես ստացել են ժառանգության իրավունք։ Նախարարական տներից շատերը ծագել են Երվանդունիների դարաշրջանում։ Ըստ Ն․ Ադոնցի, Հայաստանում եղել են մոտ 50 նախարարություններ։ Հայ Արշակունիների օրոք ավագ նախարարների կալվածքներ էին Աղձնիք, Ծոփք, Գուգարք, Պարսկահայք, Մոկք, Սյունիք, Արցախ նահանգները, Կորդուք, Ռշտունիք գավառները, Մամիկոնյանների, Բագրատունիների, Կամսարականների, Մարդպետների, Արծրունիների, Ամատունիների, Մաղխազունիների, Խորխոռունիների նախարարությունները։ Կրտսեր նախարարությունների տիրույթներ էին Անձևացյաց, Ապահունիների, Գնունիների, Գնթունիների, Առավեղյանց, Վանանդացիների, Հավնունիների, Աբեղյանների, Գաբեղյանների, Դիմաքսյանների և ուրիշների կալվածները։ Նախարարական տիրույթները մեծ փոփոխություններ կրեցին մարզպանության շրջանում։ Մամիկոնյանները տիրացան Գրիգոր Լուսավորչի տոհմի կալվածներին, միաժամանակ նոր հողեր ձեռք բերեցին Այրարատում (ԱրագածոտնումՎասպուրականում Արծրունիները և Ռշտունիներն ընդարձակեցին իրենց կալվածները։ Իրենց տիրույթները մեծացրին նաև Կամսարականներն ու Բագրատունիները։

VIII դ․ 2-րդ կեսին, Աբբասյան խալիֆայության տիրապետության պայմաններում նախարարական որոշ տներ քայքայվեցին, և նրանց հողերն անցան զորեղացած նախարարություններին։ IX դարից Հայաստանի երեք խոշորագույն նախարարությունները՝ Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները տիրում էին երկրի հողերի մեծ մասին։ Այս շրջանում նախարարությունը կոչվում էր իշխանության տերություն ևն։ Սելջուկների տիրապետության ժամանակաշրջանում (XI դ․ կես – XII դ․) սկսվեց հայ խոշոր կալվածատիրության տրոհման և քայքայման պրոցեսը։ Հայկական ֆեոդալական իշխանությունները պահպանվեցին Հյուսիսային Հայաստանում, Հարավային Հայաստանում և Կիլիկիայում։ Հայկական ֆեոդալական իշխանությունները անկում ապրեցին XIV դ․ վերջին։ XV–XVIII դդ․ հայկական ֆեոդալական իշխանությունների մնացորդները պահպանվեցին Արցախում, Սյունիքում և այլուր։ Հայոց պատմության մեջ նախարարությունները կատարել են քաղաքական կարևոր դեր, եղել հայկական պետականության հիմքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։
  • Սամուելյան Խ․, Հին հայ իրավունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։
  • Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908;
  • Toumanoff G․, Studies in Chirstian Caucasian History, Georgetown, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 159