Հայկական լեռնաշխարհը նախնադարյան դարաշրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական լեռնաշխարհը նախնադարյան մարդու բնակեցման շրջանում, Հայկական լեռնաշխարհի պալեոլիթյան կայանների թիվը չի սահմանափակվում Խորհրդային Հայաստանի լավ ուսումնասիրված հուշարձաններով։ Վերջին տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարբեր մասերում ևս հայտնաբերվել են քարեդարյան մշակույթի զանազան փուլերին վերաբերող հնագիտական հարուստ նյութեր, որոնք անգնահատելի նշանակություն ունեն Հայաստանում մարդու վաղ բնակության և նախամարդու տարաբնակեցման կարևոր հարցերի լուծման համար։ Ցավոք, այդ նյութերի մի զգալի մասը ներկայացված է թուրքական հրատարակչություներում, որոնք հաճախ ոչ թե գիտական նպատակներ են հետապնդում, այլ ջանում են ապացուցել, թե թուրքերը ինչ-որ մի «Համամարդկային նախասկզբնական մշակույթ են ստեղծել»։

Հայկական լեռնաշխարհի և նրա հարևան շրջանների պալեոլիթյան հուշարձանների անաչառ ուսումնասիրությունը հիմնովին հերքում է պան-թուրքիստական այս զառանցանքը, կարևոր դեր խաղում հնագույն մարդու բնակության, նրա տեղաշարժերի, ստորին պալեոլիթյան մշակույթի գլխավոր կենտրոնների ծագման ու զարգացման խնդիրը մեկնաբանելու գործում։

Պալեոլիթյան հայտնաբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հին քարի դարի հետաքրքրական բնակավայրեր են հայտնաբերված Կարսից հյուսիս, Սասունի լեռների ստորոտում, Արածանիի ավազանում, Խարբերդի դաշտում, Հարքի (Բուլանըխի) հովտում և այլուր։ Հարթավայրերի այս շղթան հաղորդակցության մեջ է եղել հյուսիսում՝ Արաքսի հովտի ու Արարատյան դաշտի, հարավում՝ Տարոնի հովտի ու Խարբերդի դաշտի միջոցով Հայկական Տավրոսի լեռնանցքների հետ։ Արածանիի վերին հովտից՝ Բագրևանդից (Ալաշկերտ) մի շարք հարմար ճանապարհներ են անցնում դեպի Արաքսի հովիտը և Արարատյան դաշտը, դեպի Արարատ և Արագած լեռները։ Բնական այս միջանցքի նշանակությունը կարևոր է այն իմաստով, որ վաղ չորրորդական նախնադարյան մարդը բնակվել է այս վայրերում, գուցե նաև Արածանիի հովտում, որը միանգամայն նպաստավոր պայմաններ ուներ մարդկային կյանքի առաջադիմության համար՝ պլեյստոցենի սկզբում։

Այդ տեսակետից միանգամայն օրինաչափ է ստորին պալեոլիթյան կայանների հայտնաբերումը Հայկական լեռնաշխարհի նաև հարավային ծայրամասերում, որոնք անմիջապես հարում են Արևելյան Միջերկրականի, Առաջավոր ու Փոքր Ասիայի մշակութային կենտրոններին։ Շելյան, աշելյան, կլեկտոնյան և մուսյերյան հարուստ նյությեր են հայտնաբերվել Ասորիքի սահմանի մոտ, Վերին Եփրատի նստվածքներում, Հայկական Տավրոսի հարավային լանջերի երկարությամբ, Միջերկրական ծովից մինչև Դիարբեքիր ձգվող կավճային նստվածքներում։ Հին քարի դարի ամենահատկանշանական բնակավայրերը հայտնաբերվեցին այստեղ, Մալաթիայի վիլայեթի Ադիաման քաղաքի շրջակայքում՝ Պիրինի պարբերական հետազոտություններ ընթացքում (1932-1938, 1945) քարե կույտերի ու Չակալ գետի հունի մեջ հայտնաբերվել են վանակատից ու կայծքարից պատրաստված շելյան, աշելյան, կլեկտոնյան, մուստեյերյան և նեոլիթյան գործիքների մեծաքանակ ու առաջնակարգ նմուշներ։

Նկարագրված պալեոլիթյան հայտնաբերումները կատարվել են մի շրջանում, որն առանձնացվում է Հայկական Միջագետք անվամբ։ Այս տեղանքի ընդհանուր տեսքը (լանդշաֆտը) աշխարհագրական տեսակետից մի ամբողջություն է կազմում հյուսիսային Ասորիքի հետ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես և Հյուսիսային Ասորիքի այդ շրջանի վաղ հին քարեդարյան հայտնաբերումները հատուկ են գլխավորապես նախալեռների գոտուն և Եփրատի ու նրա վտակների հովիտներին։ Վերջին տարիներին այս շրջանում շելյան և աշելյան տիպերի հետաքրքրական նյութեր են հայտնաբերվել Այնթաբ (Գազի-Անթեբ) քաղաքի Թլուկ և Մեթմենջե գյուղերում, ինչպես նաև Քեսուն, Խիզնիկ և Փալ գյուղերի սահմանագծում և Բոզովայում (Ուրֆա քաղաքի մոտ)։

Փաստերն ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհն իր բոլոր մասերով բնակեցված է եղել մարդկային պատմության ամենավաղ շրջաններից սկսած։

Նոր քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթյան գործիքներ

Նեոլիթի արտադրողական ուժերի ընդհանուր վերելքը հանդիսացավ այն հիմքը, որի վրա բարձրացան Հայաստանի հին բնակչության հասարակական կառուցվածքի նոր գծերը։ Նոր փոփոխությունների էությունն այն էր, որ տոհմերը ավելի սերտորեն էին միավորվում և ամրապնդվում էին նրանց կապերը։ Այժմ վերջնականորեն ձևավորվում են ցեղային միավորումները, որոնք իրենցից ներկայացնում են հին տոհմական կազմակեևրպության զարգացած աստիճանը։ Ընդհանուր հնագիտության մեջ այդ մասին են վկայում մեծ տները, բնակավայրերի բնորոշ ձևերը, մոր պաշտամունքի հետքերը, տոտեմները և այլն։ Նեոլիթյան ցեղերի մասին ազգագրական տվյալները լրացնում են այս տեղեկությունները։

Առավել լավ են ուսումնասիրված հյուսիս-ամերիկյան հնդկացիների (իրոկեզների) ցեղային կառուցվածքը։ Նրանք ապրում էին մայրական տոհմերով, որոնք միանում և կազմում էին խոշոր ցեղային խմբավորումներ։ Ցեղերի ներսում գոյություն ունեցող տոհմային միությունները կազմում էին Ֆրատրիաներ (եղբայրություններ)։ Ֆրատրիաները կազմված էին 2 սկզբնական տոհմերից։ Էքզոգամ ամուսնության պայմաններում չէր կարելի ամուսնանալ ֆրատրիայի ներսում։ Տարբեր ֆրատրիաներ կապված էին ամուսնական կապերով։ Հետագայում՝ կապված բնակչության անընդհատ աճի, ցեղերի սեգմենտացիայի (ցեղերի տրոհումը նոր տոհմերի) ու ցեղերի նորանոր վայրերում բնակեցման հետ, առանձին տոհմերի թիվն ավելանում էր, թեև փոխադարձ կապը պահպանվում էր. յուրաքանչյուր ցեղ առաջվա նման բաժանվում էր 2 կեսի կամ 2 թևի, բայց յուրաքանչյուր կեսը բաղկացած էր մի քանի տոհմից, որոնք մտնում էին որևէ ֆրատրայի մեջ և արդեն կարող էին ամուսնանալ ֆրատրիաի ներսում, բայց ոչ նույն տոհմի սահմաններում։

Ֆրատրիաները կազմակերպում էին ընդհանուր ցեղական տոներ։ 2 ֆրատրիան կազմում էր մի ցեղ։ Յուրաքանչյուր ցեղ ուներ իր տերիտորիան, որը պարփակում էր ինչպես նրա բնակեցրած տարածությունը, այնպես էլ որսորդության ու ձկնորսության սահմանները։ Ցեղի մեջ մտնող տոհմերը խոսում էին մի ընդհանուր բարբառով։ Ցեղը հաստատում և արձակում էր տոհմերի ընտրած ավագներին։ Տոհմական առաջնորդների համացեղային խորհուրդը կարգավորում էր հարաբերությունները մյուս տոհմերի հետ։ Ցեղի գլխին կանգնում էր գլխավոր առաջնորդը։ Տոհմի անդամների մահվան ժամանակ մեռնողի ֆրատրիան մասնակցում էր թաղմանը։ Ցեղի մեջ ֆրատրիան միակ զինվորական կազմակերպությունն էր։

Նեոլիթյան կենցաղային իրեր

Հայաստանի նորքարեդարյան կայանները տոհմական բնակատեղիներ էին։ Նեոլիթյան տոհմական բնակատեղիները աչքի են ընկնում տնտեսության միօրինակ բնույթով։ Սակայն երկրի դաշտավայրային մասերում տնտեսության նոր ձևերի ծագումը և զարգացումը ավելի ինտենսիվ էր դառնում։ Նեոլիթի վերջում զարգանում և հարստանում է նյութական մշակույթը։ Առաջադիմում է փոխանակությունը, բարդանում հասարակական հարաբերությունները, անցում է տեղի ունենում մեկուսացված տոհմական համայնքներից դեպի առաջին տերիտորիալ ցեղային միավորումները։

Այսպիսով Մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակները պետք է համարել Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հետագա ժողովուրդների հիմքում ընկած էթնիկական խմբերի կազմավորման սկիզբը։ Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերին Հայաստանում ավարտվում է հին որսորդների, հավաքիչների ու նախնական երկրագործների տիրապետության ժամանակաշրջանը և անցում է կատարվում վաղ մետաղի ժամանակին՝ էնեոլիթին։

Էնեոլիթյան բնակատեղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնելոիթային ժամանակաշրջանի ծայրամասային բնակատեղիները Հայկական լեռնաշխարհում։ Հայկական լեռնաշխարհի նախալեռնային կամ լեռնային բնակատեղիներից շատերը վերաբերում են վաղբորնզեդարյան մշակույթի ուշ շրջանին։ Այսպիսի բնակավայրերով հարուստ է Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Կիրովական քաղաքը իր շրջակայքի մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով։ Սրանք տեղավորված են իրար մոտ, շրջակայքի նկատմամբ գերիշխող բարձունքների վրա և իրենցից ներկայացնում են գետերով ու գետակներով շրջափակված զառիթափ հրվանդաններ։ Կարելի է ենթադրել, որ այս բոլոր բնակատեիները պատկանելիս են եղել ցեղակից տոհմերի, որոնց ցեղային ուրույն հատկանիշներով օժտված լոկալ մշակույթը տարածման բավական լայն շառավիղներ՝ ունեցել։

Այս մշակույթը տարածվել է գերազանցապես գետահովիտներով՝ մի կողմից Աղստևի հովտով դեպի Ղազախ և մյուս կողմից՝ Դեբեդի հովտով դեպի Խրամ գետի և Կուրի հովիտները։

Վերջին տարիներս վաղբրոնզեդարյան բնակավայրերի մի հարուստ խումբ է նշմարվում Վանի շրջակայքում, որն, ըստ երևույթին, բացահայտում է Հայոց ձորի երկրագործական օազիսի բարձր զարգացած մշակույթը։ Ցավք, այդ հուշարձանները դեռևս ծրագրված ուսումնասիրության առարկա չեն դարձել և հրապարակված նյութերը առայժմ գոհացուցիչ համարվել չեն կարող։

Վաղբրոնզեդարյան հուշարձանների մեծ թվով և միօրինակությամբ առանձնապես աչքի է ընկնում Արևմտյան Հայաստանի Խարբերդ-Մալաթիայի շրջանը։ Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում ուսումնասիրված են նաև մի քանի այլ ուշագրավ բնակատեղիներ։

Այսպիսով, Հայկական լեռնաշխարհի հուշարձանների ուսումնասիրության միջոցով ուրվագծվում է իր բազմազանության մեջ միասնական ու ինքնատիպ մի մշակույթ։

Հայկական լեռնաշխարհի հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի հասարակության (մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկիզբ) մասին քիչ բան գիտենք, բայց հավանական է, որ Ուրարտուի և Մանայի սոցիալայան կարգը (որի մաին մի քանի տեղեկություններ են հասել մ.թ.ա. 8-7-րդ դարերից) բնութագրող որոշ ընդհանուր գծեր բնորոշ են եղել Հայկական լեռնաշխարհի մյուս քաղաքական կազմավորումներին ևս։ Դրանցից է, օրինակ, ազատ համայնականների առաջատար դերը, որոնք ապրում էին տոհմային համայնքով (սրանց բնակավայրերը կենտրոնացված էին պարսպապատ, ինքնավար ամրոց-բնակավայրերի կամ քաղաքների շուրջը)։

Մանայում հատկապես հստակորեն էր երևում, որ գերիշխանությունը պատկանում է տոհմացեղային օլիգարխիային։ Այստեղ, ինչպե և Դայաենիում, դեռևս զգալի չափով պահպանվել էր հասարակության ցեղային բաժանումը։ Թագավորի կողքին Մանայում գոյություն ուներ ավագների խորհուրդ, որ բաղկացած էր թագավորի ազգականներից, խորհրդատուներից, փոխարքաներից, հավանաբար նաև առանձին բնակավայրերի ավագներից և ցեղային առաջնորդներից։ Պետք է ենթադրել, որ լեռնաշխարհի մյուս երկրներում ևս, նախաուրարտական շրջանում, գոյություն են ունեցել ավագների այդպիսի խորհուրդներ։ Ստրկատիրությունը համեմատաբար թույլ էր զարգացած։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]