Կրիստինա Յուլլենշերնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիստինա Յուլլենշերնա
Դիմանկար
Ծնվել է1494[1][2][3][…]
Մահացել էհունվարի 5, 1559(1559-01-05)[4]
Մահվան վայրՀորնինգսհոլմ ամրոց, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
ԳերեզմանՏրոսայի գյուղական եկեղեցի[5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՍտեն Ստուրե կրտսեր և Յոհան Տուրեսսոն[6]
Ծնողներհայր՝ Նիլս Էրիկսոն, մայր՝ Սիգրիդ Էսկիլսդոտտեր
ԵրեխաներՍվանտե Ստենսոն Ստուրե, Նիլս Ստենսոն Ստուրե և Գուստավ Յոհանսոն
Commons-logo.svg Christina Gyllenstierna Վիքիպահեստում

Կրիստինա Նիլսդոտտեր Յուլլենշերնա Ֆոգելվիկցի (շվեդերեն՝ Kristina Nilsdotter (Gyllenstierna)[7], 1494[1][2][3][…] - հունվարի 5, 1559(1559-01-05)[4], Հորնինգսհոլմ ամրոց, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ ազնվական, Շվեդիայի պատմության մեջ ամենահայտնի կանանցից մեկը։ Ամուսնացել է Ստեն Ստուրե Կրտսերի հետ, որը մեկ տարի անց դարձել է Կալմարյան միության մաս կազմող Շվեդիայի ռեգենտ (1512-1520)[8]։ Ամուսնու մահից հետո ղեկավարել է շվեդական դիմադրությունն ընդդեմ Դանիայի Քրիստիան II թագավորի, կազմակերպել է երկրի պաշտպանությունը և շարոնակել է ղեկավարել Ստոկհոլմի պաշտպանությունը պետական խորհուրդի՝ ռիքսրադի (շվեդերեն՝ riksrådet) կողմից Շվեդիայի թագավոր նշանակված Քրիսիան II- ից (1520-1521) ։

Կենդանության օրոք նրան դիմում էին ուղղակի՝ Ֆրու Կրիստինա (տիկին Կրիստինա), բայց պատմության մեջ նա մնացել է «Կրիստինա Յուլլենշերնա», որը պայմանավորված է նրա ընտանիքի՝ Յուլլենշերնա ազնվական տոհմական անվամբ[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինան Յուլենշտիեռնան ծնվել է Լինհոլմեն հարուստ կալվածքի ժառանգորդուհի Սիգրիդ Էսկիլդոտթերի (Բաներ ազնվական տոհմից) և Թուլգարնի լորդ, Ազգային խորհրդի անդամ Նիլս Էրիկսոնի (Յուլլենշերնա ազնվական տոհմից) ընտանիքում[11]։ Կրիստինան Շվեդիայի թագավոր Կառլ VIII թագավորի թոռնուհին էր, իր հայրական տատիկի՝ Կրիստինա Կարլսդոտտեր Բունդի (1432-1493 / 1500) միջոցով, որից էլ ժառանգել է Ֆոգելվիկ առանձնատունը և ում անունով էլ նրան անվանակոչվել են Կրիստինա։ Նրա պապը՝ Էրիկ Էրիկսենը՝ Դեմստրուպից (Յուլլենշերնա տոհմից), ծագումով Դանիայից էր, բայց Կալմարյան միության մաս կազմող Դանիայի և Շվեդիայի միջև ծագած իշխանության պայքարի ընթացքում նա միավորվել է շվեդ ազնվականության առաջնորդ Կառլ VIII- ի հետ, որը նրան դարձրել է իր փեսա և գերագույն նահանգապետ Կառլի արքունիքում։ Մոր առաջին ամուսնությունից Կրիստինայի քույրն էր Սեսիլիա Մանսդոտերը (1475-1522), որը շվեդական Էկա ազնվական տոհմից էր և որը Շվեդիայի ապագա թագավոր և Վազա դինաստիայի հիմնադիր Գուստավ I- ի մայրն էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինան նշանվել է Կալմարի և Լիկիի նահանգապետ Նիլս Գադդայի հետ, բայց 1508 թվականին նրա մահվան պատճառով հարսանիքը տեղի չի ունեցել։ 1511 թվականի նոյեմբերի 16-ին Ստոկհոլմում նա ամուսնացել է Շվեդիայի ռեգենտ Սվանտե Նիլսոնի որդու՝ իր նախկին նշանածի քրոջ որդի Ստեն Ստրուե Կրտսերի (1493-1520) հետ։ Ամուսնությունից ունեցել է հինգ երեխա՝ Նիլս (1516-1528), Իլիանա (1514), Մագդալենա (1516-1521), Սվանտե Ստենսոն Ստուրե (1517-1567), Աննա (1518) և Գուստավ (1520-1520)։

1512 թվականի հունվարի 2-ին, Ստեն Ստուրեի հոր մահից հետո Շվեդիայի ռեգենտ էր նշանակվել Գերագույն խորհրդի խորհրդական Էրիկ Տրոլը, բայց Ստենը՝ Կրիստինայի ամուսինը ապստամբելով նրա դեմ, 1512 թվականի հուլիսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից նշանակվել է Շվեդիայի ռեգենտ[12]։ Կառավարել է մինչև 1520 թվականը՝ զոհվելով Մելարեն գետի մոտակայքում, Ստոկհոլմի համար մղվող մարտում։

Ստեն Ստուրեն ռեգենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1512 թվականին Ստեն Ստուրեն հոր մահից հետո փոխարինեց նրան որպես Շվեդիայի ռեգենտ։ Այս ժամանակահատվածում Դանիան, Նորվեգիան և Շվեդիան պաշտոնապես Կալմարյան միության մաս էին կազմում՝ Դանիայի թագավորի ներքո գտնվող անձնական ունիայի միջոցով, բայց իրականում Շվեդիան փաստացի անկախ թագավորություն էր, որը ղեկավարվում էր բնիկ ազնվականության կողմից ընտրված «ռեգենտների» (Riksföreståndare) կողմից։

Ստեն Ստուրեի ռեգենտ ընտրությունը զերծ չմնաց դիմադրությունից։ Հոր մահից հետո Ստենն ընդամենը 18 տարեկան էր, և Գերագույն խորհուրդն ի սկզբանե ռեգենտ էր ընտրել խորհրդական Էրիկ Տրոլին, որը սատարում էր Դանիայի հետ դաշինքը։ Այնուամենայնիվ, Ստենն օգտագործել ով իր հանգուցյալ հոր կողմից իրեն նվիրած դղյակներն ու զորքերը և իշխանության եկավ հեղաշրջմամբ։ Դանիայի հետ բանակցությունները շարունակելու խոստումից հետո Գերագույն խորհուրդը նրան ընդունեց թագավորի փոխարեն ռեգենտ։ Ըստ էության, լորդ Ստենի նպատակն էր պահպանել Շվեդիայի անկախությունը Դանիայից։ Նա վերցրեց իր տատիկից ժառանգած Ստուրե անունը, քանի որ այն խորհրդանշում էր Շվեդիայի անկախությունը՝ հիշեցնելով Ստեն Ստուրե Ավագին (1440-1503)՝ իր հոր երկրորդ հորեղբորորդուն։

Ռեգենտ Ստենը դեռևս 1504 թվականին առաջարկվել էր որպես Շվեդիայի նոր թագավոր ընտրելու թեկնածու՝ Դանիայի արքա Յոհանի փոխարեն, որը 1497 թվականին ընտրվել էր Շվեդիայի թագավոր, բայց 1502 թվականին վտարվել էր այնտեղից։ Յոհանի մահից հետո՝ 1513 թվականին, կրկին առաջարկվել էր Շվեդիայի թագավոր ընտրել Ստենին, այլ ոչ թե Յոհանի որդուն՝ Քրիստիան II Դանիացուն, և Ստենը պատրաստվեց ընտրությունների՝ ներառյալ հասնելով Հռոմի Հուլիոս II պապի աջակցությանը[13]։

Հավանական է համարվում, որ Կրիստինան մասնակցել է պետական ​​գործերին և գործել որպես իր ամուսնու քաղաքական խորհրդական՝ հաշվի առնելով նրա հետագայում ունեցած դերակատարումը։ Իրականում, Ստենը և Կրիստինան արդեն գործում էին որպես Շվեդիայի թագավոր և թագուհի։ 1519 թվականին Վաստերոսի եպիսկոպոս Պեդեր Մոնսոնը Վադստենայի աբբայության միանձնուհի Աննա Գերմունդսդոտտերին Հռոմից ուղարկած նամակում իր զարմանքն է արտահայտել այն մասին, որ Ստենը դեռ չի թագադրվել[13], իսկ Ստոկհոլմի այդ ժամանակվա տարեգրության մեջ Կրիստինան հիշատակվում է որպես «Մեր շնորհալի արքայադուստրը»[13]։ Նրանք իրենց հավակնություններով դարձան Դանիայի արքա Քրիստիան II-ի իսկական թշնամիները, թեև հավակնում էին Շվեդիայի թագավոր ընտրվել և Շվեդիան կրկին դարձնել Կալմարի միության մի մասը ոչ միայն խոսքով, այլև գործնականում։

Ստենը հակասություններ ունեցավ արքեպիսկոպոս Գուստավ Տրոլեի հետ, որն իր նախորդ մրցակից՝ Շվեդիայի ռեգենտ Էրիկ Տրոլեի որդին էր։ Արքեպիսկոպոսը պահանջում էր ավելի մեծ ինքնավարություն եկեղեցու համար։ 1516 թվականին Ստենը պաշարեց Ստակետը՝ Տրոլե արքեպիսկոպոսի ամրոցը, և հաջորդ տարի Ստակետը գրավելով՝ հրամայեց ապամոնտաժել բերդը։ Տրոլեին գերեվարեց, բանտարկեց և արքեպիսկոպոսի պաշտոնից հեռացրեց։ Արքեպիսկոպոսի պաշտոնանկության արդյունքում Հռոմի պապը Ստեն Ստուրեին վտարեց եկեղեցուց և աջակցեց Քրիստիան II- ին Ստեն Ստուրեի դեմ իր պլաններում։ 1520 թվականի Նոր տարուն Քրիստիան II- ը ներխուժեց Շվեդիա։

Ստոկհոլմի պաշտպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինա Յուլլենշերնա (1494-1559) պատկերված է Վեստերոսի (Västerås) մայր տաճարի 16-րդ դարի զոհասեղանի քանդակում, Շվեդիա

1520 թվականի հունվարի 19-ին Ռեգենտ Ստենը մահացու վիրավորվեց Բոգեսունդյան ճակատամարտում։ Ֆրու Կրիստինան դարձավ Ստուրեի կողմնակիցների առաջնորդ և իր որդու իրավունքի պաշտպան։ Նա ստանձնեց Ստոկհոլմ քաղաքի և Ամրոցի հրամանատարությունը իր անչափահաս որդու անունից և աջակցություն ստացավ գյուղացիության և բուրգերի դասի մեծամասնության կողմից։ Թագավորության ամենակարևոր ամրոցների հրամանատարները իրենց հավատարմությունն էին խոստանում նրան։ Դրանք էին Վեստերոս ամրոցը, Նյուչեփինգ ամրոցը, Կալմար ամրոցը, ինչպես նաև Ֆինլանդիա պրովինցիան[9]։ Այնուամենայնիվ, նրան չհաջողվեց ապահովել ազնվականության բավարար աջակցությունը. «Ոմանք հայտարարեցին իրենց կամքը պայքարելու լորդ Ստենի երեխաների համար, մինչդեռ նրանց մի մասը խիստ ընդդիմացավ Լորդ Ստենի այրուն՝ Ֆրու Կրիստինային, և նրա հետևորդներին»[9]։ 1520 թվականի մարտի 6-ին Շվեդիայի Գաղտնի խորհրդի մի քանի անդամներ ենթարկվեցին Քրիստիան II- ին՝ նրան ընտրելով Շվեդիայի թագավոր Ուփսալայում։ Կենտրոնական Շվեդիայի գյուղացիությունը, որը ոգեշնչված էր Կրիստինայի հայրենասիրությամբ, զենք բարձրացրեց և ջախջախեց դանիացի զավթիչներին Բալունդսոսում (Balundsås) մարտի 19-ին, և միայն մեծ դժվարությամբ դանիացիներին հաջողվեց պարտության մատնել շվեդներին, որը տեղի ունեցավ Ուփսալայի արյունալի ճակատամարտում, ապրիլի 6-ին[14]։

Մայիսի վերջին ժամանեց Դանիայի նավատորմը, իսկ Ստոկհոլմ քաղաքը ցամաքով ու ծովով պաշարվեց դանիացիների կողմից Քրիստիան II- ի օրոք։ Դրանից առաջ Կրիստինան հասցրել էր իր ավագ որդուն՝ յոթ տարեկան Նիլս Ստենսոն Ստուրեին տեղափոխել Լեհաստանի Դանցիգ քաղաքում մի անվտանգ տեղ՝ Ստուրեի ընտանիքի կանցլեր Պեդեր Յակոբսոնի (Sunnanväder) գլխավորած մի դեսպանորդի հետ[9]։ Դա արվել էր Սիգիզմունդ I Ծերի և Հանզեական լիգայի հետ բանակցություններ վարելու համար՝ Դանիայի դեմ աջակցություն ստանալու նպատակով։ Դանցիգում Կրիստինայի դեսպանորդը հայտարարել էր, որ նա ղեկավարում է թագավորությունը, մինչև իր որդիները չափահաս կդառնան և կկարողանան ստանձնել ռեգենտությունը[9]։ Կրիստինան աջակցում էին Ստոկհոլմի բյուրգերները, որոնք նրան անվանում էին իրենց Արքայադուստր։ Ֆրու Կրիստինան ստանձնել էր հրամանատարությունը Ստոկհոլմում և համառորեն պահում էր իր դիրքերը, իսկ Շվեդիայի երկրորդ հենակետը՝ Կալմարը, գտնվում էր քաղաքի կառավարչի այրու՝ Աննա Էրիկսդոտտերի հրամանատարության ներքո։

1520 թվականի սեպտեմբերի 7-ին, չորս ամիս պաշարումից հետո, Կրիստինային համոզվեց կապիտուլյացիայի գնալ՝ համաներման նամակի դիմաց։ Քրիստիան II- ի կողմից տրված համաներման նամակում չափազանց հստակ համաներում էր խոստացում հենց Կրիստինային, նրա մահացած ամուսնուն և նրանց բոլոր հետևորդներին՝ Քրիստիան II- ի, նրա հայր թագավոր Յոհանի և նրա պապ Քրիստիանի դեմ ուղղված նախկին բոլոր գործողությունների համար, անտեսելով նաև եպիսկոպոս Տրոլեի դեմ կատարված բոլոր գործողությունների։ Անձամբ Կրիստինային էր վերադարձվում Համե ամրոցը և շրջանը, Ֆինլանդիայի Կուհմո նահանգը, Սոդերմանլանդի Հորնինգսհոլմ ամրոցը և Սմոլանդի Էքսյո կալվածքը (Eksjö estate)[13]։

Ստոկհոլմի արյան բաղնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 1-ին Քրիստիան II- ը հռչակվեց Շվեդիայի Քրիստիան I թագավոր, որին հաջորդեց սեպտեմբերի 4-ին թագադրումը Ստորկիրկանում՝ վերականգնված արքեպիսկոպոս Գուստավ Տրոլեի կողմից։ Թագադրմանը հաջորդեցին եռօրյա տոները, որին մասնակցում էին շվեդ ազնվականները, որի ընթացքում նա պարում էր Կրիստինայի հետ պարահանդեսում։

Նոյեմբերի 7-ին թագավոր Քրիստիան շվեդ ազնվականությանը հրավիրեց հանդիպման Ստոկհոլմի ամրոցի գահակա դահլիճում։ Հանդիպումը սկսվելուց հետո դռները փակվեցին պահակախմբի հսկողությամբ, և արքեպիսկոպոս Տրոլեն իր պաշտոնանկության համար մեղադրեց Կրիստինային, նրա մորը, նրա հանգուցյալ ամուսնուն և Ստուրեի հետևորդներին և պահանջեց փոխհատուցում և պատիժ[13]։ Ֆրու Կրիստինան առաջ եկավ և մատնանշեց այն փաստը, որ եպիսկոպոս Տրոլեի պաշտոնանկությունը Խորհրդարանի միասնական որոշումն էր, որ բոլորը ստորագրել էին օրինագիծը՝ պատասխանատվությունը դնելով ամբողջ թագավորության վրա և անհնարին դարձնելով որևէ մեկին անհատապես մեղադրելը և պատժելը։ Ավելին, թագավորի կողմից տրված համաներման ժամկետով անհնարին է դառնում թագավորի և նրա հետևորդների նկատմամբ իրականացված գործողությունների համար որևէ մեկին պատժելը։ Կրիստինան որպես ապացույց մատնանշեց 1517 թվականի ժողովի արձանագրությունը, երբ կայացվել է Տրոլեի հեռացման որոշումը և թագավորին հանձնեց ստորագրություններով փաստաթուղթը։ Համաներման պատճառով շվեդներն այդ հարցը լուծված էին համարել[9]։

Այնուամենայնիվ, Քրիստիանը գտել էր մի սողանցք, որը շվեդներն անտեսել էին․ Դանիայի արքեպիսկոպոս Դիդրիկ Սլաղեկը և եպիսկոպոս Յենս Անդերսեն Բելդենակը նախկինում խորհուրդ էին տալիս հերետիկոսներին տված խոստումները չպահել։ Այդպիսով, Քրիստիանը հայտարարեց, որ արքեպիսկոպոսի պաշտոնանկությունը հանցագործություն է եկեղեցու դեմ, և որ միապետը իրավասու չէ հերետիկոսություն կատարած որևէ մեկից ներողություն խնդրել։ Փաստորեն, սա նշանակում էր, որ թագավորը կարող էր անտեսել համաներումը և իր դեմ ապստամբած մասնակիցներին մահապատժի ենթարկել՝ նրանց դատելով եկեղեցու օրենքներով որպես հերետիկոս, այլ ոչ թե աշխարհիկ դատարանի օրենքներով մեղադրելով դավաճանության մեջ[15]։ Դա հանգեցրեց Ստեն Ստուրեի հետևորդների նկատմամբ իրականացրած Ստոկհոլմի տխրահռչակ արյունահեղությանը, որը պատմության մեջ հայտնի է «Ստոկհոլմի արյան բաղնիք» (Stockholm Bloodbath) անվամբ։

Կրիստինայի եղբայրները՝ Էրիկ Նիլսոնը, Տուլգարնի լորդը և Էսկիլ Նիլսոնը, նրա քեռին և նրա խնամին մահապատժի ենթարկվեցին գլխատման միջոցով, ինչպես նաև Ստուրեի հետևորդ շատ շվեդներ։ Նրա ամուսնու աճյունը արտաշիրմվեց և ցցի վրա այրվեց՝ որպես հերետիկոս, նույն պերպ վարվեցին նաև նրա կրտսեր որդու՝ Գուստավի մարմի հետ։ Նրա մայրը՝ Սիգրիդը, դարձավ մահապատժի ենթարկված միակ կինը, որը դատապարտվեց խեղդվելով մահվան, բայց խուսանավեց մահապատժից՝ իր ունեցվածքը փոխանցելով թագավորին։ Կրիստինան մահապատժի չենթարկվեց։ Քրիստիան թագավորը կանչեց նրան և առաջարկեց անձամբ ընտրել իր մահապատժի եղանակը՝ ընտրություն կատարելով ցցի վրա այրվելու և ողջ-ողջ թաղվելու միջև։ Այս ընտրության առաջ կանգնելով՝ Կրիստինան չկարողացավ պատասխանել և սարսափից ուշաթափվեց։ Քրիստիանին խորհուրդ տվեցին խնայել նրա կյանքը, և այդ այլընտրանքներից ոչ մեկը չիրականացվեց։ Իր կյանքը փրկելու համար նա իր ունեցվածքի մեծ մասը զիջեց Քրիստիանին։ Թագավորը հայտարարեց, որ նա «այժմ մեռած է աշխարհի համար, քանի որ մյուսների նման նա էլ է դատվել հերետիկոսության համար» [16]։

Սակայն Շվեդիայում Դանիայի տիրապետության համար սպառնալիք դարձավ Կրիստինայի խորթ քրոջ՝ մոր առաջին ամուսնուց ունեցած դստեր, որդին՝ Գուստավ Վազան, որը շուտով դառնալու էր Շվեդիայի ազատագրական պատերազմի առաջնորդը։ 1521 թվականի գարնանը Կրիստինան և նրա խորթ քույր Սեսիլիան (Գուստավի մայրը) ստիպված էին գրել Գուստավ Վազային՝ փորձելով համոզել նրան հանձնվել Դանիային[13]։

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինան գերեվարված է մնացել Ստոկհոլմի ամրոցում մինչև 1521 թվականի օգոստոսը[17], որից հետո նրա երեխաները, մայրը և, ի վերջո նաև՝ ինքը տեղափոխվել են Կոպենհագենի Ստոկհոլմեն կղզու տխրահռչակ Blåtårn («Կապույտ աշտարակ») ամրոց՝ մեծ թվով այլ կանանց և երեխաներ հետ, որոնք կապված էին Ստոկհոլմի արյան բազնիքում մահապատժի ենթարկվածների հետ, այդ թվում ՝ նրա խորթ քույրը՝ Սեսիլիան և զարմուհիները ՝ Էմերենտիան և Մարգարետան։ Կրիստինան և նրա դուստրերը նրանց միացան այնտեղ սեպտեմբերին[13]։

Պեռ Բրագե Ավագի տարեգրության մեջ նկարագրված է Շվեդիայի ազնվական կանանց գերությունը Դանիայում. «Նրանց սնունդը և խմիչքը շատ քիչ էր [...]: Նրանց ամեն օրվա տվածը հազիվ թե բավարարեր կյանքը պահպանելու համար, բայց աշխատում էին սնվելու համար»։ Շվեդիայի թագավոր Գուստավ I-ը գերիների նկատմամբ վերաբերմունքն օգտագործեց Քրիստիան II -ի դեմ իր քարոզչության մեջ և հավաստիացնում էր, որ Դանիայի միապետը սովամահ էր անում կանանց և երեխաներին, ովքեր փրկվել էին Դանիայի թագուհի Իզաբելլան Ավստրիացու ողորմածության շնորհիվ միայն[9]։ Անկախ այս հավասիացման ճշմարտությունից, հաստատվում է, որ բանտարկված կանանցից և երեխաներից շատերը մահացել են, այդ թվում՝ Կրիստինայի դուստրը՝ Մագդալենան, խորթ քույրը՝ Սեսիլիան և զարմուհին՝ Էմերենտիան, չնայած որպես մահվան պատճառ ժանտախտն է նշվում, որն այն ժամանակ կիրառվում էր տարբեր հիվանդությունների դասակարգման համար։ Սակայն աղբյուրներից մեկը պնդում է, որ Կրիստինան, ի տարբերություն մյուս պատանդների, գերի է պահվել ոչ թե Կապույտ աշտարակում, այլ Կալունդբորգում, որտեղ հաստատապես, նա եղել է առնվազն այն ժամանակ, երբ Շվեդիայի թագավորը հետագայում բանակցում էր նրա ազատման համար[13]։

Մոտ երկու տարի բանտարկությունից հետո քաղաքական իրավիճակը փոխվեց։ 1523 թվականի հունվարին Քրիստիան II- ը գահընկեց եղավ ազնվականների ապստամբությամբ, և Քրիստիան I-ի որդին՝ Ֆրեդերիկ I անվամբ, դարձավ Դանիայի թագավոր։ Իսկ Կրիստինայի ազգական, շվեդ Գուստավ Վազան՝ որպես Շվեդիայի ազատագրական պայքարի (1521-1523) առաջնորդ, դանիացիներից վերցրեց Ստոկհոլմը և ընտրվեց Շվեդիայի անկախ թագավորության թագավոր։ 1523 թվականի ամռանը արքա Գուստավը խնդրեց ազատ արձակել Ֆրեդերիկ I- ին՝ Հանզայի լիգայի միջոցով։ Այդ ընթացքում Կրիստինան Ռոսկիլդեում հաշտվեց եպիսկոպոս Գուստավ Տրոլի հետ[13]։

Իշխանության պայքար Գուստավ I- ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինա Յուլլենշերնայի ժամանակակից հուշարձանը՝ որպես Ստոկհոլմի Թագավորական պալատի պաշտպան

1524 թվականի հունվարին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ I- ը համաձայնվեց ազատել Կապույտ աշտարակում բանտարկված շվեդ ազնվական կանանց։ Կրիստինա Յուլլենշերնան ազատ արձակվեց, և հաստատվում է, որ այդ թվականի հունվարի 28-ին նա արդեն Շվեդիայում է եղել։ Նա վերադարձավ մոր և իր ավագ որդու՝ Նիլսի ընկերակցությամբ, իսկ նրա կրտսեր որդին՝ Սվանտեն, մնաց Դանիայում՝ կրթությունն ավարտելու համար[9]։ Լինչոպինգում հանդիպման ժամանակ նա հաշտվեց իր նախկին քաղաքական խորհրդական, եպիսկոպոս Հանս Բրասկի հետ[13]։

1524 թվականի ամռանը Ռոստոկի քաղաքապետից և Դանիական խորհրդից Գուստավին հայտնեցին, որ Կրիստինան ծրագրում է ամուսնանալ Դանիայի Մեծ ծովակալ և տապալված դանիացի թագավոր Քրիստիան II-ի հետնորդ Սորեն Նորբիի հետ։ Փոխարենը Նորբին իր նավատորմի և ռազմական գիտելիքների օգտագործմամբ օգնելու էր նրան նվաճել շվեդական գահը իր որդու համար։ Այս ծրագրերը սպառնալիք էր դիտվում Դանիայի նոր միապետ Ֆրեդերիկ I- ի, ինչպես նաև Շվեդիայի թագավորի՝ Գուստավի կողմից։ Գուստավը կասկածում էր, որ Կրիստինային հավատացրել էին, որ «ինքը և իր երեխաները կգան տիրելու երկրին» այդպիսի ամուսնությամբ, և որ «Լեդի Կրիստինան և նրա կուակցությունը ու հետևորդները, ովքեր փորձում են այդպիսի չար դավադրություններով և դավաճանությամբ պարգևատրել նրանց ցույց տված մեր բոլոր բարության և բարի գործերի համար»[9]։

Մարտին տեղի ունեցավ Դալարնյան ապստամբություններից առաջինը (1524-1525, Դալարնա), որը կազմակերպել էին Կնուտ Միկելսոնը և Կրիստինայի նախկին կանցլեր Պեդեր Յակոբսոնը (Sunnanväder), ովքեր փառաբանում էին Ստուրե ընտանիքի գահակալությունը, ի տարբերություն Գուստավ Վազայի գահակալության։ Հաղորդվում է, որ ապստամբները կապ են հաստատել Սորեն Նորբիի հետ, որին նույն ամիս Քրիստիան II-ը խոստացել էր Շվեդիայի նահանգապետ նշանակել, եթե նա գահընկեց աներ Գուստավ թագավորին։ Ապրիլին լուրեր էին շրջանառվում, որ Նորբին նավատորմով ուղևորվում է դեպի Բլեքինգե, որից հետո նա իր նավատորմի հետ գրոհեց Գոտլանդի իր բազայից[9]։ Գուստավ թագավորը Նորբիի դեմ կռվի ուղարկեց իր ազգական Մարգարետայի ամուսին և Կալմար ամրոցի կառավարիչ Բերենդ ֆոն Մելենին։ Այնուամենայնիվ, ֆոն Մելենը դրժեց իր հավատարմությունը թագավորին և դաշնակցեց Սորեն Նորբիի հետ։ Այդ դավաճանության համար Շվեդիայի թագավորը մեղադրեց իր ազգական Մարգարետա ֆոն Մելենին[9]։ Կարճ ժամանակ անց Կրիստինան իր որդուն՝ Նիլսին, ուղարկեց ֆոն Մելենի մոտ Կալմար ամրոց, և ակնհայտորեն համարում էր, որ ֆոն Մելենը կօգնի Նիլսին միավորվել Նորբիի հետ[13]։ Արտասահմանում շահարկվում էր, որ Սորեն Նորբին և Բերենդ ֆոն Մելենը միասին կնվաճեն Շվեդիան, ինչպես որ նրանք դա արեցին «իրենց կանանց միջոցով, որոնք սերտորեն կապված էին իրար հետ» Շվեդիայում։ Այդ ժամանակ ֆոն Մելեն զույգը մեկնեց Գերմանիա՝ Կալմարում թողնելով Նիլսին և կայազորը, որը պաշարվեց Գուստավ I- ի զորքերի կողմից, իսկ այդ ժամանակ Կրիստինան ձերբակալվեց։ Մայիսին Դալարնայի ապստամբները նախատեցին Գուստավ թագավորին Կրիստինային բանտարկելու և նրա որդուն՝ Նիլսին երկրից վտարելու համար՝ պահանջելով ազատել Կրիստինային։

1525 թվականի հուլիսի 20-ին, սակայն, ապստամբությունը ջախջախվեց, երբ Կալմարի պաշարման արդյունքում Գուստավը հաղթանակեց և Կրիստինայի որդին՝ Նիլսը, գերի ընկավ։ Երբ Նորբին բանակցում էր Դանիայի նոր արքա Ֆրեդերիկ I- ին ներկայացնելով իր հավատարմությունը, նրա պահանջներից մեկը Ֆրեդերիկ I- ի օգնությամբ Կրիստինային Գուստավի բանտից ազատելն ապահովելն էր[13]։

1525 թվականի նոյեմբերին Կրիստինան և Գուստավ արքան հաշտվեցին Վադստենայում կայացած հանդիպման ժամանակ, եթե Կրիստինան ասաց, որ ինքը երբեք չի մտածել ամուսնանալ Սորեն Նորբիի հետ, և որ իր ուղարկած նշանադրության նվերները պարզապես երախտագիտության նվերներ էին, քանի որ նա օգնել էր իրեն և իր երեխաներին Դանիայում գերությունից ազատվելու հարցում։ Դեկտեմբերի 29-ին Վադստենայից ստացված մի նամակում նա հերքում է, որ երբևէ մտածել է Սորեն Նորբիի հետ ամուսնության մասին։ Նույն ամիս թագավոր Գուստավ I- ը հայտարարեց, որ Կրիստինան պետք է ամուսնանա իր զարմիկ Ֆալունի լորդ Յոհան Տուրեսոն Տր Ռոսորի (149? -1556) հետ, որը Ռիկսրադի անդամ էր, Նայկոպինգի (Nyköping) նահանգապետ։ Նրանք պաշտոնապես նշանվել են 1526 թվականի Սուրբ Ծնունդին և ամուսնացել են Վեստերգոտլանդի Լինդհոլմեն ամրոցում, 1527 թվականի ամռանը։ Հավանաբար, թագավորը Կրիստինայի երկրորդ ամուսնությամբ նպատակ էր հետապնդում քաղաքականապես չեզոքացնել նրան, քանի որ այդպիսով նա այլևս չէր ունենա «Ստեն Ստուրեի այրի» և Ստուրի կուսակցության առաջնորդ լինելու հեղինակությունը, այլ` կլիներ թագավորի հավատարիմ ազգականի կինը։ Երկրորդ ամուսնությունից Կրիստինան ունեցավ որդի՝ Գուստավ Յոհանսոնին։ Շվեդիայի թագավոր Էրիկ XIV- ը (թագավորել է 1560-1568) դարձրեց Սվանտեին Վեստերվիկի և Շտեգեհոլմի կոմս, և միևնույն ժամանակ Գուստավին դարձրեց Էնկոպինգի կոմս (հետագայում անվանվել է Բոգեսունդ կոմսության)։

Ըստ թագավորի պաշտոնական տարեգրության, Քրիստինայի ավագ որդին՝ Նիլսը, մահացել է մոր երկրորդ ամուսնության տարում։ Այնուամենայնիվ, 1527 թվականին բռնկվեց Դալեկարյան ապստամբություններից երկրորդը (1527-1528)՝ ընդդիմանալով Գուստավի Շվեդիայում ներդրած բողոքական ռեֆորմացիային։ Այդ ապստամբության առաջնորդը այսպես կոչված Դալջյունկերն էր (Daljunkern - Դալարնայից պատանի), ով պնդում էր, որ ինքը Նիլս Ստուրեն է՝ Կրիստինայի 15-ամյա ավագ որդին։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Դալջյունկերնը իսկապես Նիլսն է եղել՝ Կրիստինայի որդին[18]։

Գուստավը ջախջախեց ապստամբներին, իսկ Դալջյունկերնը փախավ Նորվեգիա, ապա Գերմանիա, որտեղ էլ ձերբակալվեց Ռոստոկում։ 1528 թվականի օգոստոսին Գուստավ թագավորը ստիպեց Կրիստինային պաշտոնապես հայտարարել այն մասին, որ Դալջյունկերն իր որդին չէ։ Որպեսզի Դալյունկերնը մահապատժի ենթարկվեր, Գուստավ I- ը ստիպեց, որ Կրիստինան հայտարարություն գրի, որում ասվեր, որ բոլոր որդիներից, որոնք նա ունեցել է ռեգենտ Ստենի հետ, միակ ողջ մնացած որդին է Սվանտեն[19]։ Պահպանված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կրիստինայի նամակի առաջին տարբերակը գրվել է մանրակրկիտ և Ռոստոկի իշխանությունները միայն խնդրել են, որ Նիլսին հավակնող անձը հարցաքննության ուղարկվի Շվեդիա։ Նամակի վերջնական տարբերակում, որն ի վերջո ուղարկվել է, Կրիստինան հայտարարել է, որ նա գող և ինքնակոչ է և պահանջել է, որ նրան մահապատժի ենթարկեն։ Հավանական է համարվում, որ այդ նամակը նա գրել է ճնշման տակ[9]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստինայի և թագավոր Գուստավի միջև հարաբերությունները որոշ չափով լարված են եղել։ 1527 թվականին Կրիսինայի մոր մահից հետո Կրիստինայի և Գուստավի միջև ծագել է նրանից մնացած ժառանգության խնդիր, որը չի լուծվել մինչև 1550 թվականը։ 1529 թվականին Վեստգոթական ապստամբության ընթացքում Կրիստինան թագավորից հանձնարարական է ստացել բանակցել իր ապստամբ փեսայի՝ Յորան Տուրեսոնի հետ։ Սմոլանդում ծագած Դաքեի պատերազմի (Nils Dacke, մահացել է 1543) ժամանակ թագավորը հրամայել է, որ Կրիստինան Նյուչեպինգ հասած ապստամբներին թույլ չտա պաշարներ ձեռք բերել և նրանց բանտարկի[9]։

Կրիստինայի երկրորդ որդին՝ Սվանտեն, նշանվել է իր ազգականուհի Մարգարիտայի հետ, որը, սակայն, 1536 թվականին ամուսնանացել է Գուստավ թագավորի հետ։ Այդ ամուսնությունից հետո Կրիստինան և նոր թագուհու մյուս ազգականները ստացել են որոշ արտոնություններ, ինչպիսիք են թագին վճարված տուգանքներից որոշ գումար ստանալու իրավունքը։ Հայտնի է, որ Կրիստինան արքունիքում է եղել Մարգարիտայի՝ որպես թագուհի պաշտոնավարման տարիներին, քանի որ նա, ի թիվս Մարգարիտայի մոր՝ Էբբա Էրիկսդոտտեր Վազայի, հաճախ հիշատակվում է, որ թագուհու կողքին ամենալավ սենյակներն է զբաղեցրել։ Արդյո՞ք նա երբևէ ներկայացվել է արքունիքում, անհայտ է։ Հայտնի է, որ կարճ ժամանակ նա պատասխանատու է եղել արքայական երեխաների համար՝ 1551 թվականին Թագուհի Մարգարիտայի մահից հետո մինչև 1552 թվականին Կատարինա Ստենբոկի հետ թագավորի ամուսնությունը։

Կրիստինան մահացել է 1559 թվականի հունվարին, Հորնինգսհոլմ ամրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kristina Nilsdotter Gyllenstierna (швед.) — 1917.
  5. Kristina Nilsdotter Gyllenstierna
  6. Hofberg H. Svenskt biografiskt handlexikon (швед.) — 1906. — P. 354.
  7. Hofberg Herman, Heurlin Frithiof, Millqvist Viktor, Rubenson Olof (1906)։ «I:428 (Svenskt biografiskt handlexikon)»։ runeberg.org (շվեդերեն)։ Վերցված է 2021-03-09 
  8. Lagerqvist Lars O. (1976)։ Sverige och dess regenter under 1000 år։ [Stockholm]: Bonnier։ էջ 122։ ISBN 91-0-041538-3։ OCLC 2893728 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Karin Tegenborg Falkdalen (2016-01-01)։ Margareta Regina - vid Gustav Vasas sida [en biografi över Margareta Leijonhufvud (1516-1551)] (շվեդերեն)։ Setterblad, Stockholm։ ISBN 978-91-981513-1-2 
  10. «Kristina Nilsdotter - Historiesajten»։ www.historiesajten.se։ Վերցված է 2021-03-09 
  11. Stålberg Wilhelmina, Berg P. G. (1864)։ «25 (Anteckningar om svenska qvinnor)»։ runeberg.org (շվեդերեն)։ Վերցված է 2021-03-09 
  12. «Nordisk familjebok / Uggleupplagan. 29. Tidsekvation - Trompe)»։ runeberg.org (շվեդերեն)։ 1919։ էջ 822։ Վերցված է 2021-03-09 
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 «Kristina - Svenskt Biografiskt Lexikon»։ sok.riksarkivet.se։ Վերցված է 2021-03-09 
  14. Ericson Wolke Lars (2006)։ Stockholms blodbad։ Stockholm: Prisma։ էջ 105։ ISBN 91-518-4380-3։ OCLC 84856690 
  15. Larsson Lars-Olof (2003)։ Kalmarunionens tid : från drottning Margareta till Kristian II։ Scandbook) (2. uppl ed.)։ Stockholm: Prisma։ ISBN 91-518-4217-3։ OCLC 186057943 
  16. Karin Tegenborg Falkdalen (2016-01-01)։ Margareta Regina - vid Gustav Vasas sida [en biografi över Margareta Leijonhufvud (1516-1551)] (շվեդերեն)։ Setterblad, Stockholm։ ISBN 978-91-981513-1-2 
  17. Ohlmarks Åke (1976)։ Alla Sveriges drottningar (2. uppl ed.)։ Stockholm: AWE/Geber։ ISBN 91-20-04795-9։ OCLC 3397204 
  18. Larsson Lars Olof (2002)։ Gustav Vasa : landsfader eller tyrann?։ Stockholm: Prisma։ ISBN 91-518-3904-0։ OCLC 53485447 
  19. Kristina Nilsdotter Gyllenstierna, urn:sbl:13412, Svenskt biografiskt lexikon (art av Hans Gillingstam), hämtad 2015-03-10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]