Կիլիկիայի կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմկլայի բերդը

Կիլիկիայի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության և կիրառական արվեստի (ոսկերչություն և արծաթագործություն) նմուշներով։ Ի տարբերություն մյուս բնագավառների՝ գրքարվեստի հուշարձանների արտակարգ հարստությունը վկայում է գրքի ձևավորման աննախընթաց ծաղկումը նախորդ դարերի հայ մանրանկարչության համեմատությամբ։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը կազմավորվել է 12-րդ դարում. նշանավոր կենտրոններն էին Դրազարկը, Սկևռան, Հռոմկլան և Դռները։ Հայ նկարիչները մի քանի տասնամյակում ստեղծել են ինքնուրույն դիմագծով բարձր մակարդակի գրքի ձևավորման արվեստը։

Դրազարկի դպրոցը մեծ վերելք է ապրել 13-րդ դարում։ Որոշ ժամանակ այստեղ է ապրել Թորոս Ռոսլինի ուսուցիչներից Կիրակոսը, որը 1239 թվականին ծաղկել է ճաշոց (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 53)։ Գրքարվեստի շքեղ նմուշներից են Գրիգոր Մլիճեցու ձևավորած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1173, Մատենադարան, ձեռագիր № 1568), ինչպես նաև 1197 թվականին ծաղկած և 1215 թվականի անավարտ (Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարան, ձեռագիր № 546/25) Ավետարանները։

Սկևռայում է ստեղծագործել Կոստանդինը, որի նկարազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 1635) աչքի է ընկնում կիլիկյան գրքարվեստում առաջին անգամ հանդիպող 2 տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»Հռոմկլայի հայտնի ամենահին ձևավորված ձեռագրի՝ 1166 թվականի Ավետարանի (Մատենադարան, ձեռագիր № 7347) նկարազարդումներում արտացոլվել են 11-րդ դարի հայ մանրանկարչության ավանդույթները և Սև լեռան (Ասորիքի ու Կիլիկիայի սահմանում) հայկական, հունական, վրացական և լատինական վանքերի համագործակցությամբ ստեղծված պատկերագրական օրինաչափությունները։ Հռոմկլայի դպրոցի ամենահայտնի վարպետների՝ Կիրակոսի ծաղկած Ավետարանների (1244, Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 69/151, 1248, Կիլիկիայի կաթողիկոսարանի հավաքածու, ձեռագիր № 8, 1249, Մատենադարան, ձեռագիր № 7690) և Հովհաննեսի՝ 1253 թվականի Ավետարանի (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր 44.17) մանրանկարները պայմանավորել են այդ դպրոցի զարթոնքն ու նպաստել Թորոս Ռոսլինի արվեստի ձևավորմանը։ Ռոսլինն իր սաների հետ ծաղկած ձեռագիր մատյանների (1256, «Զեյթունի Ավետարան» և 1268, «Մալաթիայի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր № 10450, 10675, նաև 1262, «Սեբաստիայի Ավետարան», Բալթիմորի Ոտլթերս պատկերասրահ, ձեռագիր № 535, 1260 թվականի, 1262 թվականի և 1265 թվականի Ավետարանները, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր №№ 251, 2660, 1956) մանրանկարներում վերածնել է հին թեմաները, ներմուծել գրքի ձևավորման նոր եղանակներ, զարգացրել բազմանկար, պատմող, նկարչությունը։ Ռոսլինի արվեստը մեծապես ազդել է կիլիկյան մանրանկարչության հետագա զարգացման վրա։

«Տեառնընդառաջ», մանրանկար «Հեթում Բ թագավորի ճաշոցից»

Գրեթե նույն ժամանակ գրիչ և ծաղկող Հովհաննես Արքաեղբոր ջանքերով Գռների վանքին կից ստեղծվել է գրչատուն, որտեղ ծաղկած բազմաթիվ մատյաններում (1263 թվականի Ավետարան, Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր № 56.11, 1278-1289 թվականի ճաշոց, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 245, 1278 թվականի «Գիրք Սողոմոնի», Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 245 և այլն ) առաջին անգամ ի հայտ են եկել բազմաթիվ աստվածաշնչյան կերպարներ։ 1270 թվականից հետո ստեղծվել են հայ արվեստի մի շարք արժեքավոր ձեռագրեր, որոնց ծաղկողներն անհայտ են. «Վասակ իշխանի Ավետարանը» (1268-1284, Երուսաղեմի Սուրբ Հակոբյան վանքի մատենադարան, ձեռագիր № 2568), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (13-րդ դարի վերջին քառորդ-1320, Մատենադարան, ձեռագիր № 7651), «Հեթում Բ թագավորի ճաշոցը» (1286, Մատենադարան, ձեռագիր № 979) և այլն։

13-րդ դարի 2-րդ կեսին մանրանկարչությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել նաև Դրազարկի և Մաշկևորի վանքերում, Տարսոն, Մամեստիա, Սիս քաղաքներում։ Դրազարկում հայտնի են Հովհաննես Ծաղկողը (1282 թվականի Ավետարան, Լոնդոնի Բրիտանական գրադարան, ձեռագիր Օրինակ № 5626) և Թորոս Փիլիսոփան (1290 թվականի 2 Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր № 5736, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ, ձեռագիր № V. 3/835 և այլն)։ Թորոս Ռոսլինի և նրա հետևորդների բուռն շարժումը 14-րդ դարում աստիճանաբար մարել է։ 14-րդ դարի վերջի խոշոր մանրանկարիչը Սարգիս Պիծակն է, որն ստեղծագործել է Դրազարկում, Ասում, Սկևռայում և այլուր։ Նրա աշխատանքները զերծ են նախորդ վարպետների շարժուն, պաթետիկ լարվածությունից, ունեն գրափիկդեկորատիվ, չոր գծանկար և հարթապատկերային ոճ, կարևորված է զարդը (1336 թվականի «Արքունական Ավետարան», 1353 թվականի «Բժշկութեան Ավետարան», Մատենադարան, ձեռագիր № 5786, № 6795, և այլն)։ Հետագա շրջանի մանրանկարչությունը զարգացել է նրա արվեստի ազդեցությամբ։

Կիլիկիայի մանրանկարչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի մանրանկարչությունը գրքարվեստի պատմության մեջ բացառիկ է և ունի համամարդկային հնչողություն։ Պատմիչների վկայությամբ՝ 12-րդ դարի կոթողային գեղանկարչության պատկերներով զարդարված են եղել Սկևռայի, Ասի, Հռոմկլայի տաճարները (եկեղեցիների պատերին պահպանվել են ծեփի մնացորդներ)։ Ծեփի շերտով են ծածկված Բարձրբերդի (Թամրութի բերդ), Համուսի բերդի (Չարդակի բերդ), Ասի, Անարզաբայի մատուռների պատերի որոշ հատվածներ։ Անարզաբայում Թորոս Ա-ի կառուցած եկեղեցու կենտրոնական խորանում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Կիլիկյան հայկական սրբանկարչության օրինակներ մեզ չեն հասել, ըստ գրավոր աղբյուրների՝ Անարզաբայի եկեղեցին զարդարված է Եղել Աստվածամոր սրբապատկերով։ Սրբապատկերներ կան նաև կիլիկյան առանձին ձեռագրերի մանրանկարներում։ Որոշակի առաջընթաց է ունեցել նաև քանդակագործությունը։ Նուրբ, գեղեցիկ քանդակների մնացորդներ են պահպանվել Անարզաբայի եկեղեցու շքամուտքի շրջանակից, քարե զարդագրերի եզակի օրինակներ՝ պատի շինարարական արձանագրությունից։ Անարզաբայի մատուռներից մեկի շարվածքում տեղադրված են 2 հին խաչքարեր։ 19-րդ դարում խաչքար է եղել նաև Տարսոնի Սուրբ Պողոս եկեղեցում, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու շարվածքում՝ վահանաքանդակներ։ Քանդակագարղվել են նաև տապանաքարերը (Ալիծի դամբարանը՝ Տարսոնի Սուրբ Պողոս եկեղեցում, և այլն)։ Կիլիկյան հայկական քանդակի լավագույն նմուշ է Չանդրի (Պապեռոնի բերդ)՝ Սմբատ Սպարապետի կառուցած բազիլիկ եկեղեցու (1251) խաչքարի կտորը։ Դեռևս 19-րդ դարի սկզբին Հռոմկլայի Սուրբ Ներսես Շնորհալու եկեղեցում տեսանելի էին ներսի քանդակները, իսկ հայրապետական տաճարի խարսխի վրա երևում են կենդանական և բուսական մոտիվներով քանդակներ։ Հայտնի է նախկինում Լևոն Բ արքայի պատկերը համարվող հարթաքանդակը Լևոնբերդի վերին ամրոցի աշտարակի մուտքի ճակատակալին։

Ուշագրավ են Լևոն Ա-ի և Հեթում Ա-ի հատած դրամների պատկերագրությունները։ Կիլիկիայի ոսկերչության և արծաթագործության շատ քիչ նմուշներ են պահպանվել։ 13-րդ դարի կեսին Կլիկիայում իշխանությունների որոշմամբ հալեցվել են հին ծիսական սպասքը և այլ առարկաներ՝ նորերը պատրաստելու նպատակով, որի պատճառով ավելի վաղ շրջանի կիլիկյան հայկական արծաթագործության նմուշներ մեզ չեն հասել։ Ոսկերչության կենտրոններ են եղել Հռոմկլան, Սկևռան և Սիսը։ Պահպանված հայկական հնագույն արծաթե կազմը 1254 թվականին Ստեփանոս եպիսկոպոսի պատվիրած օրինակն է (Ավետարան, 1248, ծաղկող՝ Կիրակոս, Կիլիկիո կաթողիկոսարանի հավաքածու, ձեռագիր № 8)։ 1255 թվականին Հռոմկլայում Կոստանդին Ա Բարձրբերդցու պատվերով ստեղծվել է 1249 թվականի Ավետարանի (Մատենադարան, ձեռագիր № 7960) արծաթե ոսկեզօծ կրկնակազմը։ 1254 թվականի կազմի հետ որոշակի պատկերագրական նմանություններ ունի Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանի» կազմի վրա մնացած խաչելությունը՝ Աստվածամոր և 2 հրեշտակապետների դիմաքանդակների հետ։ Հռոմկլայում պատրաստված այս կազմերի հետ որոշ մերձավորություն ունի Կոստանդին վանահոր պատվերով 1293 թվականիև Սկևռայի վանքում կերտված եռափեղկ սրբարան-պահարանը (էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)՝ նվիրված Հռոմկլայի գրավման (1292) ժամանակ զոհված հայ ռազմիկների հիշատակին։ Այն տեխնիկայի առումով եզակի է դրվագարվեստում և իրավամբ համարվում է կիլիկյան արծաթագործության գլուխգործոցը։ Կիլիկյան ոսկերչության բարձրարվեստ գործերից մինչև 19-րդ դարի վերջերը պահպանվել են նաև Հեթում Բի պատվերով 1296 թվականին պատրաստված ոսկե մասնատուփը և «Լևոնի խմելու թասը» (երկուսի տեղն էլ անհայտ է)։ Սկևռայի եռափեղկ սրբարան-պահարանի և 13-րդ դարի այլ գործերի հետ է աղերսվում Սուրբ Նիկողայոսի արծաթե մասնատուփը՝ աջի տեսքով (Անթիլիաս, Կիլիկիո կաթողիկոսարան)։ 1334 թվականին Սսում Գրիգոր քահանայի պատրաստած արծաթե ոսկեզօծ կազմի (1332 թվականին Սարգիս Պիծակի պատկերազարդած Ավետարան, Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր № 2649) մակագրություններով, բուսական նախշերով սրբերի դիմաքանդակներով շրջանակված բազմակերպար «Խաչելության» և «Ծննդյան» բարձրաքանդակ պատկերները փաստում են հեղինակի բացառիկ վարպետությունը։ Կիրառական արվեստի ընտիր նմուշներից է նաև Հեթում Ա արքայի կարմիր սաթե գավազանը, որը ծածկված է ոսկե զարդերով։ Պահպանված հուշարձանների կերտման տեխնիկական տարբեր եղանակաները, ոճական ինքնատիպությունը վկայում են ոսկերչության բարձր մակարդակի և յուրահատուկ դպրոցի մասին։ Կենտրոնական Հայաստանի 13-14-րդ դարերի ոսկերչությունից շատ քիչ նմուշներ են պահպանվել, ուստի կիլիկյան օրինակներն ամբողջացնում են այդ ժամանակի հայկական ոսկերչության զարգացման պատկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։