Կաֆե Ժերբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաֆե Ժերբո
ՏեսակՇոկոլադ արտադրող ընկերություն
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտ
Անվանված էEmile Gerbeaud? և Միհայ Վյորյոշմարտի
Ղեկավար կազմակերպությունMüller?
Հիմնադրված է1858
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կաֆե Ժերբո (ֆր.՝ Café Gerbeaud), հանրահայտ սրճարան Բուդապեշտում, Եվրոպայի ամենախոշոր և հայտնի սրճարաններից մեկը։ Ստուկկոն, շքեղ ջահերը, թանկարժեք փայտով պատերի երեսապատումը և կահույքը սրճարանում պահպանել են գրյունդերականության ժամանակաշրջանի ոճն ու ոգին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարանի պատմությունը սկսվում է 1858 թվականից՝ հրուշակագործների երրորդ սերնդի ներկայացուցիչ Հենիկ Կուգլերի շնորհիվ։ Իր գիտելիքներն ու փորձը նա ստացել է Եվրոպայի 11 խոշոր քաղաքներում, այդ թվում Փարիզում սովորելու և աշխատելու ընթացքում։ Վերադառնալով Բուդապեշտ՝ նա Յոժեֆ Նադորի հրապարակում բացեց սեփական հրուշակարան, որն արագորեն իր տեղը զբաղեցրեց Պեշտի լավագույն օբյեկտների շարքում։ Այստեղ ի տարբերություն մյուս հրուշակարանների, մատուցվում էր չինական և ռուսական թեյ, իսկ Կուգլերի պաղպաղակը համարվում էր լավագույնը Պեշտում։

1870 թվականին Կուգլերի հրուշակարանը տեղափոխվում է դեպի կենտրոն՝ Վյորյոշմարտի հրապարակ։ Կուգլերի հաճախորդների շրջանում հատուկ պահանջարկ էին վայելում այստեղ մատուցվող սուրճի տեսակները, լիկյորները և հրուշակեղենը։ Հրուշակարանը հայտնի էր նաև իր «Կուգլերի տորթերով», որոնք այստեղ առաջին անգամ հաճախորդներին առաջարկվում էին փաթեթավորված ստվարաթղթե մատուցարաններով։ Հրուշակարանի հայտնի այցելուների թվում էին Ֆերենց Դեակը և Ֆերենց Լիստը։ 1882 թվականին Փարիզ կատարած այցելություններից մեկի ժամանակ Հենրիկ Կուգլերը ծանոթանում է Էմիլ Ժերբոյի հետ և անմիջապես գնահատում նրա ձեռնարկատիրական տաղանդը։ 1884 թվականին Կուգլերը հրավիրում է Ժերբոյին գալ Բուդապեշտ և դառնալ իր գործընկերը։ Հետագայում Ժերբոն աստիճանաբար Կուգլերից գնում է հրուշակարանը՝ պահպանելով նրա յուրօրինակ անվանումը։ Էմիլ Ժերբոն նույնպես հրուշակագործների տոհմից էր, ծնվել էր Ժնևում, հրուշակագործություն սովորել Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում[1]։

Ժերբոյի հրուշակարանում հայտնվելուց հետո այնտեղ զգալի փոփոխություններ տեղի ունեցան։ Նա զգալիորեն ընդլայնեց ճաշացանկը, որտեղ ի հայտ եկան սերուցքային կրեմը, փարիզյան կրեմը, թեյի, թխվածքների հարյուրավոր տեսակներ, քաղցրավենիք և կարամել կեռասի լիկյորով։ Հաճախորդներին սպասարկելու համար Ժերբոն վարձեց մեծ թվով աշխատակիցների, որոնց թիվը 1899 թվականի վերջին հասավ շուրջ 150-ի, որոնց մեծ մասը հատուկ գալիս էին Բուդապեշտ Ժերբոյի մոտ ուսանելու համար։ Ժերբոյի հրուշակարանը չէր հավակնում էլիտարության, նա գները իջեցրել էր այնպիսի մակարդակի, որ այնտեղ կարող էին այցելել նաև հասարակ մարդիկ։ Սրճարանը շուտով դարձավ քաղաքացիների հանդիպման սիրված վայրերից մեկը։ Ժերբոն աստիճանաբար իր թխման և հրուշակեղենի արտադրամասերը հագեցրեց ամենաժամանակակից սարքավորումներով։ Այդպիսով Ժերբոյի անունը շուտով դարձավ հրուշակագործական արվեստի հոմանիշ։ Ընդառաջ գնալով իր հին հաճախորդների ցանկություններին, որոնք սիրում էին ստվարաթղթե արկղերով Կուգլերի տորթերը, պահպանելով այդ ավանդույթը, նա սկսեց ինքնուրույն արտադրել դրանք։

Ժերբոն արժանացել է միջազգային ճանաչման և ստացել մեծ թվով ազգային և միջազգային մրցանակներ։ Ժերբոն հրավիրվել է 1897 թվականի Բրյուսելի և 1900 թվականի Փարիզի միջազգային ցուցահանդեսին, որտեղ նրան շնորհվել է Պատվո Լեգեոնի շքանշան։ Հենրիկ Կուգլերի մահից հետո 1908 թվականին Ժերբոն հիմնադրեց Kuglers Nachfolger Gerbeaud AG բաժնետիրական ընկերությունը։ Ժերբոն մեծ տեղ էր տալիս աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդներին։ 1909 թվականից սկսած ձիասայլերի հետ մեկտեղ, այստեղ ի հայտ եկան ավտոմոբիլները։ Հրուշակարանի ներքին հարդարման համար հիմնականում օգտագործվում էր մարմար, թանկարժեք փայտի տեսակներ և բրոնզ։ Առաստաղի ստուկկոն կատարվել է ռոկոկո ոճով, իսկ ջահերը ընտրվել են կայսրուհի Մարիա Թերեզայի ոճով։ Դահլիճը զարդարված է շքեղ գորգերով, իսկ ոչ մեծ սենյակները միմյանցից բաժանված են ծանր թավշյա վարագույրերով։ Հյուրերին հիմնականում առաջարկվում է ֆրանսիական սեղաններ, ինչպես նաև սեցեսսիոն ոճի սեղաններ, որոնք Ժերբոն բերել էր Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսից։ Էմիլ Ժերբոն մահացավ 1919 թվականի նոյեմբերի 8-ին և իր գործը կտակեց կնոջը Էսթերին, որն էլ ղեկավարեց այն մինչև 1940 թվականը։

Հրուշակարանի «Ժերբո» անվանումը պահպանվել է մինչև մեր օրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրուշակարանը ազգայնացվեց և 1950 թվականից մինչև 1984 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում կոչվում էր «Վյորյոշմարտի»։ Այստեղ գները աստիճանաբար բարձրացան և հաճախորդները հիմնականում արևմուտքից եկած զբոսաշրջիկներն էին։ 1995 թվականին «Ժերբո» հրուշակարանը ձեռք բերեց գերմանացի գործարար Էրվին Ֆրանց Մյուլլերը։ Հրուշակարանը վերանորոգվեց և վերականգնվեց նրա պատմական տեսքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gerbeaud Legenda». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]