Կարամել կամ շաքարավենի (ֆր.՝ caramel, լատին․՝ cannamella«շաքարեղեգ»), հրուշակեղենի տեսակ։ Պարունակում է շաքարների ամբողջություն (սախարոզ, մալթոզ, գլյուկոզ) և մրգերի, հատապտուղների, ընկույզի միջուկի ու կակաոյի բաղադրամասեր։ Լինում է նաբաթով և խորիզով (լցոնով)։ Նաբաթով կարամելը պատրաստվում է կարամելի զանգվածից, որն ստացվում է շաքարի լուծույթը օսլայիմաթի կամ մրգահյութի հետ թանձրացնելով։ Նաբաթով կարամելին համային հատկություններ տալու համար կարամելի պլաստիկ զանգվածին ավելացնում են սննդային թթուների (կիտրոնաթթվի, գինեքարաթթվի), էսենցիաների և ներկանյութերի հավելանյութեր։ Խորիզով կարամելի պատրաստման ժամանակ կարամելի զանգվածից ստանում են միայն արտաքին թաղանթը, որի ներսը լցվում է խորիզը (մրգա-հատապտղային, լիկյորի, մեղրի, կաթնային և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 300)։