Խորխե Վագենսբերգ
Խորխե Վագենսբերգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1948 |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | մարտի 3, 2018 (69 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Բարսելոնես |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան (1971) և Բարսելոնայի համալսարան (1976) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1976) |
Մասնագիտություն | գրող, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս և հետազոտող |
Աշխատավայր | Բարսելոնայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Սան Ժորդիի Խաչ[1] Q9062292? Q11942621? և honorary doctorate of the University of Lleida?[2] |
Jorge Wagensberg Lubinski Վիքիպահեստում |
Խորխե Վագենսբերգ Լյուբինսկի (իսպ.՝ Jorge Wagensberg Lubinski, դեկտեմբերի 2, 1948, Բարսելոնա, Իսպանիա - մարտի 3, 2018, Բարսելոնա, Բարսելոնես), իսպանացի ֆիզիկոս, հետազոտող, գրող, հրատարակիչ, դասախոս, թանգարանագետ և թանգարանային ցուցահանդեսների նախագծման փորձագետ: 1981-2016 թվականներին եղել է Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր: Բարսելոնայի Կոսմոկայշա գիտական թանգարանի հիմնադիրն է և նրա ղեկավարը մինչև 2014 թվականը:
Կրթություն, դասախոսական ու գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագենսբերգը ծնվել է Բարսելոնայում, Լեհաստանից եկած հրեական ընտանիքում[3][4]: Նրա հայրը` Իցեկ Վագենսբերգը, որպես փաթեթավորող աշխատում էր ֆաբրիկայում[5]: Մայրը` Սարա Լյուբինսկայան, ծագում էր Լոձի հրեական ունևոր ընտանիքից[6]: Խորխեն 1971 թվականին ավարտել է Բարսելոնայի համալսարանի` ֆիզիկայի ֆակուլտետը: 1976 թվականին նույն ֆակուլտետում պաշտպանել է ատենախոսություն` ֆիզիկայի փիլիսոփայության թեմայով: 1981-2016 թվականներին նույն ֆակուլտետում դասավանդել է անդառնալի գործընթացների տեսություն, ինչպես նաև ղեկավարել է բիոֆիզիկայի ոլորտում հետազոտական խմբի աշխատանքը: Նա հրավիրվել է դասախոսելու Կրեմս ան դեր Դոնաուի համալսարանում (Ավստրիա):
Խորխե Վագենսբերգը ավելի քան 1.200 գիտաժողովների ու նիստերի մասնակից է, որոնք տեղի են ունեցել տեղեկատվության մաթեմատիկական տեսության, ռացիոնալ մեխանիզմների, ոչ հավասակշռված ջերմադինամիկայի, ինչպես նաև ժամանակակից թանգարանագիտության (Total Museology) թեմաներով:
Լուսավորական, ստեղծագործական ու հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագենսբերգը գիտական բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են միջազգային մասնագիտական հրատարակություններում: Նա նաև մեծ թվով գիտահանրամատչելի գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցում շոշափում է տարբեր թեմաներ և գիտական ոլորտներ` ջերմադինամիկ հավասարակշռություն, գիտության փիլիսոփայություն, տեսական կենսաբանություն, հնէաբանություն, նաև կրթություն ու գիտական թանգարանագիտություն:
2002 թվականին լույս է տեսել գիտնականի` «Եթե բնությունը պատասխան է, ապա ո՞րն է հարցը» գիրքը, որը կարծես Վագենսբերգի աֆորիզմների հավաքածուն լինի:
![]() |
Վագենսբերգի աֆորիզմները կատակ չեն կամ էլ հաջող ձևակերպումներ: Դրանք ավելի շուտ նման են մաթեմատիկական հավասարումների: «Այո', դրանք կարելի է կարդալ առանձին, զույգով, մեկի կամ երկուսի միջոցով», — ասում է ինքը մաթեմատիկոսը: Սակայն ավելի լավ է դրանք յուրացնել որպես համակարգ, քանի որ եթե ամեն մի աֆորիզմ հավասարում է, ապա գիրքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավասարումների համակարգ, և փորձարար մտքի պարգևատրումը այն լուծելու դեպքում նրա` բարձր դիրքում մնալն է[7]: - Արտասահմանյան գրականություն, 2004, 3
|
![]() |
Վագենսբերգը ակտիվորեն համագործակցել է իսպանական (El País, La Vanguardia, El Periódico) ու արտասահմանյան որոշ պարբերականների հետ` գիտությունը հասանելի դարձնելով ընթերցողների առավել լայն շրջանակի:
1983 թվականից Խորխե Վագենսբերգը Tusquets հրատարակչությունում հրատարակում է «Metatemas» գիտական հավաքածուն` նվիրված գիտական մտքին: Այս շարքի` առավել քան 30 տարիների հրատարակման արդյունքում լույս է տեսել մոտ 130 գիրք, այդ թվում` Էրվին Շրյոդինգերի, Ալբերտ Այնշտայնի, Կոնրադ Լորենցի, Ռիչարդ Ֆեյնմանի, Սթիվեն Ջեյ Գուլդի, Ժակ Մոնոյի, Ֆրանսուա Ժակոբի, Նորբերտ Վիների, Մարի Գել-Մանի, Մարտին Գարդների, Ռենե Թոմի, Մարտին Ջոն Ռիսի, Ռիչարդ Դոկինզի, Բենուա Մանդելբրոտի, Լին Մարգուլիսի, Դուգլաս Հոֆշտադտերի, Շելդոն Գլեշոուի, Արիեխ Բեն-Նաիմի գործերը:
Այս նույն շարքի շրջանակներում լույս են տեսել Վագենսբերգի մի քանի գրքեր:
Թանգարանային գործ. Վագենսբերգի տոտալ թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագենսբերգը հայտնի է նաև որպես թանգարանային գործի փորձագետ` հանդիսանալով Կոսմոկայշա գիտական թանգարանի հիմնադիրը Բարսելոնայում: Թանգարանը 2006 թվականին ստացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակը: Թանգարանային համալիրի ամբողջական ձևավորումը տևել է 5 տարի և ավարտին հասել 2004 թվականին: Արդյունքում այն դարձել է նոր սերնդի թանգարան: Նոր շենքում (ճարտարապետներ` Ռոբերտ և Էստեբե Տերադաս) տեղ են գտել «կենդանի» ցուցանմուշներ, որոնք այցելուներին մոտեցրել են գիտական տարբեր բնագավառների: Հսկայական Aquaricuará ծառը, որ հատուկ բերվել էր Բրազիլիայից, 100-մետրանոց երկրաչափական պատը և իսկական տեղատարափով արևադարձային անտառը` իր իրական բնակիչներով, բազմաթիվ այլ նմուշներ, որոնք ներկայացված են նոր` ինտերակտիվ ձևով, Կոսմոկայշան ամբողջ աշխարհում դարձրել են գիտական թանգարանների զարգացման ուղենիշ[8]:
Նոր թանգարանի ստեղծման գործընթացին, ինչպես նաև դրա ցուցադրության նախագծման գլխավոր գաղափարներին ու դրույթներին է նվիրված Վագենսբերգի` «Կոսմոկայշա. տոտալ թանգարան» գիրքը, որն իր տեսակի մեջ մանիֆեստ է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից գիտական թանգարանը[9]: Տոտալ թանգարանի հիմնասյունը իրականությունն է, իրական օբյեկտը: Մնացած ամեն ինչ` տեխնիկական միջոցներ, խթաններ, ֆիլմեր և այլն, ունի միայն լրացուցիչ նշանակություն: Կարևորը, ինչին պիտի ձգտի նմանատիպ թանգարանը, այն է, որ այցելուի մտքում ավելի շատ հարցեր պիտի առաջանան, քան մինչև այնտեղ մտնելը[10]:
Տոտալ թանգարանի գաղափարները մարմնավորվել են նաև Արքիմեդի թանգարանում (Սիրակուզա, Իտալիա, 2011), Կլիմայի և շրջակա միջավայրի թանգարանում (Լլեյդա, Իսպանիա, 2010), Ժամանակի թանգարանում (Մոնտեվիդեո, Ուրուգվայ), Անտառի թանգարանում (Սան Սելոնի, Իսպանիա), Անտարկտիկայի թանգարանում (Պունտա Արենաս, Չիլի): Շատ երկրներում նա հանդես է գալիս որպես թանգարանների գծագրման խորհրդատու:
2010 թվականից Խորխե Վագենսբերգը հանդիսանում է Եվրոպական թանգարանային ակադեմիայի (European Museum Academy) հիմնադիր անդամ:
Էրմիտաժ Բարսելոնայում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Խորխե Վագենսբերգը կգլխավորի Բարսելոնայում հիմնադրվելիք Էրմիտաժ թանգարանը:
Հենց իր Վագենսբերգի խոսքերով իր մտադրությունն այն է, որ ներկայացնի մարդկության պատմությունը` հենվելով Էրմիտաժի հավաքածուի վրա. «Գիտության ու արվեստի մշտատև երկխոսությունը պետք է ընդգծի նրանց ընդհանրություններն ու տարբերությունները: Դրա համար կընդունվի ժամանակակից թանգարանային նախագծում` առարկաների, երևույթների և թանգարանային փոխաբերության ինքնատիպ կիրառմամբ»[11]:
Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականինԽորխե Վագենսբերգն արժանացել է Կատալոնիայի ազգային մրցանակին գիտական մշակույթն ու միտքը զարգացնելու նպատակով: 2007 թվականին Կատալոնական կառավարությունը նրան հանձնել է ազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը` Սուրբ Գևորգի խաչը:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորխե Վագենսբերգի որդին ` Ռուբեն Վագենսբերգը (ծնվ.` 1986), երաժշտական պրոդյուսեր է և քաղաքական ակտիվիստ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2007/cat/
- ↑ http://www.udl.cat/ca/organs/secretaria/honoris/wagensberg/
- ↑ El gozo intelectual y el método científico
- ↑ Jorge Wagensberg a propósito de “Algunos años después”, su libro de memorias
- ↑ Wagensberg retorna a la infància
- ↑ Las pasiones de Jorge Wagensberg
- ↑ Курьер «ИЛ» (русский) // Иностранная литература. — 2004. — № 3.
- ↑ «Афиша Воздух: Чему новый Политех может поучиться у главного научного музея Европы – Архив»։ Афиша (ru-RU)։ Վերցված է 2017-04-21
- ↑ «Принципы Хорхе Вагенсберга» (ռուսերեն)։ Политехнический музей։ Վերցված է 2017-04-21
- ↑ Wagensberg Jorge (2014-06-20)։ «Opinión | El museo en aforismos»։ EL PAÍS (իսպաներեն)։ Վերցված է 2017-04-20
- ↑ Montañés José Ángel (2016-06-17)։ «El Hermitage de Barcelona abrirá sus puertas en 2019»։ El País (իսպաներեն)։ Վերցված է 2017-04-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 95 %-ով ռեալ ձուկ: Խորխե Վագենսբերգի դասախոսությունը Պոլիտեխնիկական թանգարանում
- Բոուի և Խորխե Վագենսբերգի «Սկիզբների սկիզբ» գիտական ներկայացումը Պոլիտեխնիկական թանգարանում
- Ժամանակից գիտական թանգարանի գոյության հիմանական սկզբունքները(չաշխատող հղում)
- Դմիտրի Բիկովի հարցազրույցը Խորխե Վագենսբերգի հետ, 2014
- Եվրոպական երաժշտական ակադեմիայի պաշտոնական կայք
- Կոսմոկայշա թանգարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Բարսելոնայի Էրմիտաժ թանգարանի պաշտոնական կայք
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորխե Վագենսբերգ կատեգորիայում։ |
|