Լիբերալ քաղաքականության ինստիտուտ
Լիբերալ քաղաքականության ինստիտուտ | |
---|---|
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հայալեզու տարբերանշանը | |
Հապավում | ԼՔԻ |
Կարգախոս | «հանուն լիբերալ ժողովրդավարության ինստիտուտների» |
Հիմնադրված | 2017 թվական |
Իրավ. կարգավիճակ | հասարակական կազմակերպություն |
Տեղագրություն | Երևան, Բաղրամյան 1 |
կազմակերպության նախագահ | Տաթևիկ Մատինյան |
Ստորադաս կազմակերպություն(ներ) |
|
Պատկանելիություն | Եվրոպական լիբերալ ֆորում (ԵԼՖ) |
Կայք | liberalinstitute.am |
Լիբերալ քաղաքականության ինստիտուտ (անգլ.՝ Institute of Liberal Politics), հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ուղեղային կենտրոն, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձագիտական աշխատանքներ, հետազոտություններ, մշակում փաստահենք ռազմավարություններ՝ ուղղված կոնկրետ ոլորտների բարելավմանն ու իրական փոփոխությունների հանգեցմանը։
Հիմնադրումից ի վեր ինստիտուտն իրականացնում է լիբերալ ժողովրդավարության ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ կեղծ տեղեկատվության և ատելության խոսքի տարածման դեմ պայքարի, մեդիագրագիտության, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հեռանկարների, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականության մշակման, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման, կանանց քաղաքական մասնակցության բարձրացման և կարողությունների հզորացման, ձեռնարկատիրական հմտությունների բարելավման և այլ ոլորտներում։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի առավել հայտնի ծրագրերն են Լիբերալ քաղաքականության դպրոցը և Կանանց հզորացման ակադեմիան, որոնց գործունեությունն ունի ամենամյա շարունակականություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերալ քաղաքականության ինստիտուտը հիմնադրվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին որպես անկախ հասարակական կազմակերպություն։ Բացման արարողությանը ներկա էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Արա Պապյանը, Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ[1]։
Ինստիտուտի ծրագրերից Լիբերալ քաղաքականության դպրոցը իր տեսակով առաջին քաղաքական ոչ ֆորմալ ուսումնական հաստատությունն է, որի կրթական ծրագիրը հիմնված է ազատական քաղաքականության գաղափարախոսության վրա։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի տարբեր ժամանակաշրջանների ծրագրերի շրջանակներում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը[2], ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը[1], ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը[1], ԵՄ առաքելության ղեկավարներ Պյոտր Սվիտալսկին[1], Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լի Մ․ Թրեյսին, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխեմերսը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը, Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլոք։
2020 թվականի հունվարի 1-ից Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Եվրոպական լիբերալ ֆորումի (ԵԼՖ) անդամ է (միակ ներկայացուցիչը Հայաստանից)[3]։
2022 թվականի հոկտեմբերին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» մասշտաբային ծրագիրը[4]։
Գործունեության նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպաստել լիբերալ ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը՝ փաստահենք քաղաքականությունների մշակման, ոչ ֆորմալ կրթության, փորձագիտական այլընտրանքային աշխատանքների իրականացման և խոցելի խմբերին ու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, զանգվածային լրատվության միջոցներին և այլ շահառուներին մասնագիտական աջակցության ցուցաբերման, պետության և հասարակության միջև երկխոսության ստեղծման միջոցով։
Գործունեության հիմնական ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում ժողովրդավարության և լիբերալիզմի զարգացմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված կրթական դասընթացների, սեմինարների, համաժողովների կազմակերպում,
- Հետազոտությունների, վերլուծությունների և հարցումների իրականացում,
- Կրթական և իրազեկման նպատակ ունեցող տեղեկատվական և քարոզչական նյութերի, հոլովակների, ֆիլմերի պատրաստում և հրատարակում,
- Տեղական և միջազգային կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցում
- Ժողովրդավարության, լիբերալիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը մեծացնելու համար ԶԼՄ-ների հետ համագործակցում,
- Կրթական և հետազոտական ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցում,
- Ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդության իրավագիտակցության բարձրացում ու նոր քաղաքական մշակույթի ձևավորմանն աջակցություն,
- Ազգային և միջազգային քաղաքական ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնկացություն,
- Տարածաշրջանային և միջազգային քաղաքական և հասարակական (այդ թվում՝ կրթական) կառույցների հետ կապերի հաստատում, ինչը կնպաստի Հայաստանի քաղաքական և հասարակական (այդ թվում՝ կրթական) կազմակերպությունների՝ այդ կառույցներին անդամագրմանը
- Հայաստանում և նրա սահմանններից դուրս կազմակերպությունների և միջազգային ցանցերի հետ կապի պահպանում՝ փորձի փոխանակմաև և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
Գործընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերալ քաղաքականության ինստիտուտի գործընկերներն են՝
- «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամ Հարավային Կովկաս (Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus), 2017 թվականից
- Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն» (VVD International), 2020 թվականից
- Եվրոպական լիբերալ ֆորումի (ELF) ասոցացված անդամ, 2020 թվականից
- Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն, 2022 թվականից
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, 2022 թվականից
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ, 2023 թվականի մարտի 16-ից։
- Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ։
- «Նոր տնտեսական դպրոց - Վրաստան»։
- Դանիայի կոնսերվատիվ ժողովրդական կուսակցության «Konservative Studerende» կազմակերպություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Քաղաքական դպրոցը չի պատրաստելու կուսակցական կադրեր. կայացավ Լիբերալ քաղաքականության դպրոցի բացումը». «Ժողովուրդ». 2017 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Institute of Liberal Politics». The European Liberal Forum (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ «ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել». Hetq.am. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.