Մեդիագրագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդիագրագիտություն (անգլ.՝ media literacy), այն հմտությունների ամբողջությունն է, որը մարդկանց թույլ է տալիս ձեռք բերել, քննադատաբար գնահատել և ստեղծել մեդիա (վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների ու հաղորդակցման տարբեր ձևերին, այդ թվում՝ մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, գովազդ, կինեմատոգրաֆիա, համացանց իր բոլոր հավելումներով)։ Մեդիագրագիտությունը չի սահմանափակվում միայն կրողով[1]։ ԱՄՆ-ի Մեդիագրագիտության ուսուցման ազգային ասոցիացիան այն սահմանում է որպես ունակություն՝ ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու, ստեղծելու և գործելու՝ օգտագործելով հաղորդակցման բոլոր ձևերը[2]։ Ըստ Մարշալ Մաքլյուենի՝ հաղորդակցման միջոցները ինքնին պետք է դիտարկվեն որպես մարդու, մշակույթի ու հասարակության ձևավորման միջոց[3]։

Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ[4]։ Մեդիագրագիտության ուսուցումն ուսումնական ծրագրի մաս է կազմում Միացյալ Նահանգներում և Եվրամիության մի շարք երկրներում, իսկ մեդիագրագիտության ոլորտի մասնագետների ու մանկավարժների միջգիտակարգային համաշխարհային միությունը մասնակցում է գիտելիքների փոխանակմանը գիտական ու մասնագիտական ամսագրերի և ազգային ասոցիացիաներին անդամակցման միջոցով[5]։

Մեդիագրագիտության ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիագրագիտության ուսուցման ժամանակ հաճախ օգտագործվում է մանկավարժական մոդել՝ հիմնված հարցման վրա, որը մարդկանց խրախուսում է հարցեր տալ այն մասին, ինչ իրենք տեսնում են, լսում և կարդում։ Մեդիագրագիտության ուսուցումը մարդկանց սովորեցնում է գործիքներ, որոնք նրան օգնում են քննադատաբար վերլուծել հաղորդագրությունները, սովորողներին հնարավորություն է տալիս ընդլայնել սեփական մեդիա հաղորդագրություններն ստեղծելու իրենց փորձը[6]։ Քննադատական վերլուծությունը կարող է ներառել հեղինակի, նրա նպատակի ու տեսակետի որոշումը, կառուցման մեթոդների ու ժանրերի ուսումնասիրությունը, ԶԼՄ պատկերացումների մոդելների ուսումնասիրումը, ինչպես նաև լուրերի ու հասարակական գործերի ներկայացման մեջ պրոպագանդայի, ցենզուրայի ու կանխակարծության առկայության (ինչպես նաև դրանց պատճառների) հայտնաբերումը։ Մեդիագրագիտության ուսուցումը կարող է սովորեցնել, թե ինչպես են կառուցվածքային առանձնահատկությունները (ինչպիսիք են ԶԼՄ սեփականատերերի ով լինելը կամ նրա ֆինանսավորման մոդելը) ազդում տեղեկատվության տարածման վրա։

Ինչպես նշվում է Մեդիագրագիտության ուսուցման հիմնական սկզբունքներում, «մեդիագրագիտության ուսուցման նպատակն է բոլոր տարիքների մարդկանց օգնել զարգացնելու ինքնարտահայտման ուսումնասիրման ունակություններն ու ինքնարտահայտման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում քննադատաբար մտածող, արդյունավետ հաղորդակցվող և ակտիվ քաղաքացի լինելու համար»[7]։

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում մեդիագրագիտությունը ներառում է իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը և պրոտեկցիոնիստական հեռանկարները[8]։ Մեդիագրագետ մարդիկ պետք է կարողանան խելամտորեն ստեղծել մեդիահաղորդագրություններ, հասկանալ դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել մեդիա և մասնակցել դրանց որպես ակտիվ քաղաքացիներ։ Մեդիագրագիտությունը կարելի է դիտարկել որպես «գրագիտության» ըմբռնման ընդլայնում՝ զանգվածային լրատվության միջոցները, զանգվածային մշակույթն ու թվային մեդիան դիտարկելով որպես «տեքստերի» նոր տիպեր, որոնք պահանջում են վերլուծություն և գնահատում։ Զանգվածային լրատվության սպառումը վերածելով ակտիվ ու քննադատական գործընթաց՝ մարդիկ ավելի լայն պատկերացում են կազմում աղավաղման աստիճանի ու մանիպուլյացիաների մասին և հասկանում են, թե ինչ դեր ունի մեդիան իրականության մասին պատկերացումներ կազմելու հարցում[9]։ Որպես մեդիագրագիտության ուսուցման նպատակ երբեմն նշվում է մեդիայի բացասական կողմերի որոշման, զանգվածային լրատվամիջոցների կողմից մանիպուլյացիաների, տեղեկատվության աղավաղման, գենդերային ու ռասայական կարծրատիպերի տարածման, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, կիբերհանցագործությունների մասին պատկերացում ունենալը[10]։ Զարգացնելով գիտելիքները զանգվածային լրատվամիջոցների ու տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ՝ մեդիագրագիտության ուսուցումը կարող է ապահովել երեխաների ու երիտասարդության որոշակի պաշտպանվածությունը՝ նրանց օգնելով կատարել ճիշտ ընտրություն մեդիայի սպառման և զանգվածային լրատվամիջոցների օգտագործման ընթացքում[10]։

Մեդիագրագիտության ուսուցման կողմնակիցները պնդում են, որ դպրոցական ծրագրերում մեդիագրագիտության ներառումը նպաստում է քաղաքացիական ակտիվությանը, բարձրացնում է տեղեկացվածությունը հայտնի լրատվամիջոցներին բնորոշ ուժային կառուցվածքի մասին և սովորողներին օգնում ձեռք բերել քննադատության և հետաքննության համար անհրաժեշտ հմտություններ[11][12]։ Ավելի ու ավելի շատ աշխատանքներ են նվիրվում երիտասարդության վրա մեդիագրագիտության ունեցած ազդեցության վրա։ Journal of Communication ամսագրում հրապարակված ավելի քան 50 հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մեդիագրագիտությունը դրական ազդեցություն ունի գիտելիքների, քննադատական մոտեցման, իրականության ընկալման, վարքի ու համոզմունքների վրա[13]։

Պատմություն և միջազգային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիագրագիտության ուսուցումը կենտրոնանում է մեդիագրագիտության ուսուցման մեթոդների և մանկավարժության վրա՝ ինտեգրելով տեսական և քննադատական հիմքերը, որոնք հիմնվում են ուսուցման կոնստրուկտիվիստական տեսության, մեդիաուսուցման և մշակութագիտության վրա։ ։ Մեդիագրագիտության կենտրոնի միջոցով և Տեսսա Ջոլսի հովանավորությամբ իրականացված Մեդիագրագիտության ձայներ նախագիծը ներառում է 20 հարցազրույցներ մեդիագրագիտության պիոներների հետ, որ ակտիվ գործունեություն են ծավալել մինչև 1990-ական թվականներն անգլիալեզու երկրներում։ Նախագիծը պատմական կոնտեքստ է հանդիսացել մարդկանց մեդիագրագիտության բարձրացման համար, որոնք օգնել են ազդել այդ ոլորտի վրա[14]։

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անցկացված և մեդիագրագիտությանը վերաբերող ուսումնասիրություն է կատարվել մեդիագրագիտությունն ուսումնական ծրագրում ընդգրկած երկրներում, ինչպես նաև նպատակ է ունեցել աջակցել մեդիագրագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների մշակմանը։ Հարցաթերթիկն ուղարկվել է ընդհանուր առմամբ մեդիագրագիտության 72 մասնագետների աշխարհի 52 տարբեր երկրներում։ Հարցաթերթիկն ունեցել է երեք հիմնական ուղղվածություն.

  1. Մեդիագրագիտությունը դպրոցում. ներկա իրավիճակի մասշտաբներ, նպատակներ, հայեցակարգային հիմքեր, գնահատման բնույթ,
  2. Համագործակցություն. մեդիաինդուստրիայի և մեդիակարգավորիչների դերը մեդիագրագիտության մեջ, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի դերը, մանկավարժական կրթության ապահովում,
  3. Մեդիագրագիտության զարգացում. մեդիագրագիտության ապահովման ուսումնասիրություն և գնահատում, մանկավարժների հիմնական կարիքներ, խոչընդոտներ ապագա զարգացման ճանապարհին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պոտենցիալ ներդրումը[15]։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեդիագրագիտությունը բավականին անհավասար է զարգացել։ Այն երկրներում, որտեղ մեդիակրթությունն ընդհանրապես գոյություն ունի, այն առաջարկվում է որպես ֆակուլտատիվ, և շատ երկրներու համարվում է, որ մեդիակրթությունը չպետք է լինի ուսումնական ծրագրի առանձին մաս, այլ պետք է ինտեգրվի առկա առարկայական ոլորտներում։ Այնուամենայնիվ, տարբեր երկրների հարցվողները գիտակցել են մեդիակրթության կարևորությունը, ինչպես նաև իրենց կառավարության և դիրեկտիվ մարմինների կողմից պաշտոնական ճանաչման անհրաժեշտությունը[15]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում մեդիագրագիտության՝ որպես ուսումնական առարկայի հանդեպ պաշտոնական մոտեցման սկիզբը հաճախ կապվում է 1978 թվականին Օնտարիոյում հիմնված Մեդիագրագիտության ասոցիացիայի (AML) ստեղծման հետ։ Նախքան այդ մեդիակրթության դասավանդումը սովորաբար եղել է առանձին ուսուցիչների և մանկավարժների իրավասության տակ։ Կանադան դարձել է առաջին երկիրը Հյուսիսային Ամերիկայում, որը պահանջել է դպրոցական ծրագրում ներառել մեդիագրագիտությունը։ Յուրաքանչյուր նահանգ իր ուսումնական ծրագրում ներառել է մեդիակրթությունը։ Օրինակ՝ Քվեբեկի նոր ուսումնական ծրագիրը նախատեսել է մեդիագրագիտության ուսուցում առաջին դասարանից մինչև միջնակարգ դպրոցի վերջին տարին։ Կանադայում մեդիակրթությունն սկիզբ է առել երկու պատճառով։ Դրանցիցի մեկը եղել է մտահոգությունն ամերիկյան զանգվածային մշակույթի տարածվածության վերաբերյալ, իսկ մյուսը՝ կրթական համակարգով պայմանավորված՝ նոր կրթական պարադիգմաների համար համատեքստերի անհրաժեշտությունը։ Հաղորդակցության հարցերով կանադացի մասնագետ Մարշալ Մաքլյուենը 1950-ական և 1960-ական թվականներին նախաձեռնել է Հյուսիսամերիկյան կրթական շարժումը մեդիագրագիտության համար։ Կանադայում մեդիագրագիտության և մեդիակրթության ոլորտում երկու առաջնորդները եղել են Բարրի Դունկանը և Ջոն Պունգենտեն։ Դունկանը մահացել է 2012 թվականի հունիսի 6-ին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա դադարել է դասավանդել, Բարրին շարունակել է ակտիվ գործունեությունը մեդիակրթության ոլորտում։ Պունդենտեն եղել է ճիզվիտ քահանա, որը նպաստել է մեդիագրագիտության տարածմանը՝ սկսած 1960-ականների սկզբից։

Մեդիագրագիտության ուսուցումն ԱՄՆ-ում հետաքրքրության առարկա է դարձել 20-րդ դարի սկզբից, երբ դպրոցի բարձր դասարանների անգլերենի ուսուցիչներն սկսել են ֆիլմն օգտագործել ուսանողների քննադատական մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացման համար։ Այնուամենայնիվ, մեդիագրագիտության ուսուցումը տարբերվում է դասարանում զանգվածային լրատվամիջոցների և տեխնոլոգիաների պարզ օգտագործումից, և այդ տարբերությունը երևում է «ուսուցում զանգվածային լրատվամիջոցների միջոցով» և «ուսուցում զանգվածային լրատվամիջոցների մասին» ձևակերպումներից[16]։ 1950-ական և 1960-ական թվականներին Միացյալ Նահանգներում մշակվել է «կինոյի քերականության» (անգլ.՝ film grammar) մոտեցումը մեդիագրագիտության վերաբերյալ։ Ուսուցիչներն սկսել են աշակերտներին ցուցադրել կոմերցիոն ֆիլմեր՝ նրանց սովորեցնելով նոր տերմինաբանություն, որը ներառում էր այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ fade, dissolve, truck, pan, zoom, cut: Ֆիլմերը կապված էին գրականության և պատմության հետ։ Ֆիլմի բնույթը հասկանալու համար սովորողներն ուսումնասիրել են նրա սյուժեի զարգացումը, կերպարները, տրամադրությունը և տոնայնությունը։ Հետագայում՝ 1970-ական և 1980-ական թվականներին, զանգվածային լրատվամիջոցների և զանգվածային մշակույթի նկատմամբ վերաբերմունքն սկսել է փոխել ամբողջ անգլիախոս աշխարհում։ Ուսուցիչներն սկսել են գիտակցել, որ պետք է զգուշանալ «մեր նախապաշարմունքային վերաբերմունքից տպագրված խոսքի՝ որպես միակ ճշմարտության նկատմամբ»։ Մանկավարժների մի ամբողջ սերունդ սկսել է ոչ միայն ընդունել կինոն և հեռուստատեսությունը՝ որպես ինքնադրսևորման և հաղորդակցման նոր, օրինական ձևեր, այլև սկսել է ուսումնասիրել գործնական միջոցներ՝ սովորեցնելու լրջորեն հետազոտել և վերլուծել բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում, ընտանիքում, դպրոցներում և հասարակությունում[17]։ 1976 թվականին Project Censored-ն սկսել է ծառայությունների ոլորտում ուսուցման մոդելն օգտագործել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների շրջանում մեդիագրագիտության հմտությունների զարգացման համար[18]։

Մեդիագրագիտության ուսուցումը պետական անգլերենի ուսումնական ծրագրերում սկսել է ընդգրկվել 1990-ական թվականների սկզբին որպես ժամանակակից մշակույթի համատեքստում լրատվամիջոցների կենտրոնական դերի մասին իրազեկվածության բարձրացման արդյունք։ Գրեթե բոլոր 50 նահանգներում կա լեզու, որն նպաստում է մեդիագրագիտությանը պետական ուսումնական ծրագրերի շրջանակներում[19]։ Բացի այդ, ավելի շատ դպրոցական շրջաններ են եկսել մշակել ընդհանուր դպրոցական ծրագրեր, ընտրովի դասընթացներ և այլ արտադպրոցական պարապմունքներ՝ ուղղված մեդիայի վերլուծությանը և ստեղծմանը։ Սակայն, չկան պետական տվյալներ Միացյալ Նահանգներում մեդիագրագիտության ծրագրերի ընդգրկման վերաբերյալ[20]։

Մեդիագրագիտության ոլորտում մեծանում է միջգիտակարգային կրթության դերը։ 2009 թվականին թողարկվել է «Մեդիագրագիտության ուսուցման ամսագիր» (անգլ.՝ «Journal of Media Literacy Education») գիտական ամսագիրն[21] այս ոլորտի գիտնականների և մասնագետների աշխատանքին աջակցելու նպատակով։ Մի շարք համալսարաններ, ինչպիսիք են Ապալաչի պետական համալսարանը, Կոլումբիայի համալսարանը, Իթակայի քոլեջը, Նյու Յորքի համալսարանը, Բրուքլինի քաղաքային քոլեջը, Օսթին-Տեխասի համալսարանը, Ռոդ Այլենդի համալսարանը և Մերիլենդի համալսարանը, առաջարկում են մեդիագրագիտության դասընթացներ և ամառային ինստիտուտներ դասախոսների և ասպիրանտների համար, նախքան ուսուցումն սկսելը։ Բրիգամ Յանգի համալսարանն առաջարկում է մեդիակրթության ասպիրանտուրա հատուկ աշխատող ուսուցիչների համար։ 2011 թվականից սկսած Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվական հետազոտությունների բարձրագույն դպրոցում (UCLA) նոր ուսուցիչներից պահանջվում է անցնել քննադատական մեդիագրագիտության 4 մասանոց դասընթաց։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիան դիտարկվում է որպես մեդիագրագիտության կրթության զարգացման առաջատար։ Հիմնական հաստատությունները, որոնք ներգրավվել են այդ գործընթացում, եղել են Բրիտանական կինոյի ինստիտուտը[22], Անգլերենի և մեդիա կենտրոնը[23], Կինոկրթությունը[24], Լոնդոնի Կրթության ինստիտուտի Երեխաների, երիտասարդների և լրատվամիջոցների ուսումնասիրության կենտրոնը[25] և DARE կենտրոնը (Digital Arts Research Education), որը Լոնդոնի համալսարանական քոլեջի և Բրիտանական կինոյի ինստիտուտի միջև համագործակցություն է[25]։ Մեդիագրագիտության «առաջխաղացումը» դարձել է Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության մաս՝ համաձայն Նոր Լեյբորիստական օրենսգրքի[26] և ամրագրվել է 2003 թվականի կապի մասին օրենքով՝ որպես ԶԼՄ-ների նոր կարգավորիչ Ofcom-ի պարտականություն։ Սակայն սկզբնական շրջանում ցուցաբերած բարձր ակտիվությունից հետո Ofcom-ի աշխատանքն այս առումով աստիճանաբար նվազել է և կոալիցիոն կառավարությունից սկսած մեդիագրագիտության առաջխաղացումը հանգեցվել է շուկայի ուսումնասիրությանը, ինչը Ուոլիսն ու Բեքինգեմը բնութագրել են որպես undead քաղաքականություն[27]։

Սկանդինավիայում մեդիակրթությունը 1970 թվականին ներառվել է ֆիննական տարրական դպրոցի ուսումնական ծրագրում, 1977 թվականին՝ բարձրագույն դպրոցներում։ 1980 թվականին այն դարձել է պարտադիր Շվեդիայում, 1970 թվականին՝ Դանիայում։

Ֆրանսիան դասավանդվել է կինեմատոգրաֆիա՝ այդ լրատվամիջոցի ստեղծումից ի վեր, սակայն միայն վերջերս են սկսել կազմակերպվել կոնֆերանսներ և մեդիային նվիրված դասընթացներ ուսուցիչների համար։

Գերմանիայում մեդիագրագիտությանը վերաբերող տեսական հրապարակումներ սկսել են հայտնվել 1970-ական և 1980-ական թվականներին, իսկ 1980-ական և 1990-ական թվականներին աճել է հետաքրքրությունը մեդիակրթության նկատմամբ կրթական համակարգի ներսում և նրանից դուրս։

Նիդերլանդներում 2006 թվականին մեդիագրագիտությունը կառավարության կողմից ընդգրկվել է օրակարգում որպես հոլանդական հասարակության համար կարևոր հարց։ 2008 թվականի ապրիլին երկրի կառավարությունն ստեղծել է պաշտոնական կենտրոն (mediawijsheid expertisecentrum = medialiteracy expertisecenter), որը ցանցային կազմակերպություն է և բաղկացած է այդ ոլորտում փորձ ունեցող տարբեր շահագրգիռ կողմերից։

Ռուսաստանում մեդիագրագիտության պատմությունն սկսվում է 1920-ական թվականներից[28], սակայն այդ առաջին փորձերը կանխվել են Իոսիֆ Ստալինի կողմից։ 1970-1990-ական թվականներին ստեղծվել են կինո- և մեդիակրթության առաջին պաշտոնական ծրագրերը, մեծացել է հետաքրքրությունը մեդիագրագիտությանն ուղղված դոկտորանտուրայի, ինչպես նաև Օ. Բարանովի (Տվեր), Ս. Պենզինի (Վորոնեժ), Գ. Պոլիչկոյի, Վ. Ռաբինովիչի (Կուրգան), Յու. Ուսովի (Մոսկվա), Ա. Ֆեոդորովի (Տագանրոգ), Ա. Շարիկովի (Մոսկվա) և այլոց՝ մեդիակրթությանը վերաբերող տեսական ու էմպիրիկ աշխատանքների հանդեպ։ Ռուսաստանի մեդիակրթության ոլորտի նշանակալի իրադարձություններից է 2002 թվականին մանկավարժական համալսարանների համար «մեդիակրթություն» (№ 03.13.30) նոր առարկայի գրանցումը, 2005 թվականին «Մեդիակրթություն» ակադեմիական ամսագրի հիմնումը, որը մասնակիորեն հովանավորում է ICOS UNESCO «Տեղեկատվություն բոլորի համար»։

Մոնտենեգրոն դարձել է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը մեդիակրթությունը ներառել է իր ուսումնական ծրագրերում, երբ 2009 թվականին «մեդիագրագիտությունը»՝ որպես ընտրովի առարկա, ընդգրկվել է գիմնազիական ավագ դպրոցների 16-ամյա և 17-ամյա աշակերտների համար[29]։

Ուկրաինայում մեդիակրթությունը գտնվում է զարգացման և ստանդարտացման երկրորդ փուլում (2017-2020)։ Մեդիակրթության հիմնական կենտրոններն են Լվովի Իվան Ֆրանկոյի անվան համալսարանի (ղեկավարում է Բորիս Պոտյատիննիկը), Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի Բարձրագույն կրթության ինստիտուտը (Հաննա Օնկովիչ), Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի Սոցիալական և քաղաքական հոգեբանության ինստիտուտը (Լյուբով Նայդենովա)[30]։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2017 թվականից՝ Թայվանի գործում է նոր ուսումնական ծրագիր, որը նպատակ ունի սովորեցնել պրոպագանդայի քննադատական ընթերցում և աղբյուրների գնահատում։ «Մեդիագրագիտություն» կոչվող դասընթացի ընթացքում դասավանդվում է լրագրություն ինֆորմացիոն նոր հասարակությունում[31]։

Միջին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանում կարևորվում է մեդիագրագիտության զարգացումը, որը դիտարկվում է որպես էքստրեմիզմի և ատելության քարոզման դեմ պայքարի գործիք[32][33]։ Հորդանանի մեդիա ինստիտուտն աշխատում է զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցական տեխնոլոգիաների ու թվային մեդիայի գործիքների հետ դրական փոխազդեցության մասին պատկերացումների և հմտությունների տարածման, ինչպես նաև դրանց թերությունների նվազեցման ուղղությամբ[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Potter, W. James (2010 թ․ նոյեմբերի 30). «The State of Media Literacy». Journal of Broadcasting & Electronic Media. 54 (4): 675–696. doi:10.1080/08838151.2011.521462. ISSN 0883-8151.
  2. «Media Literacy Defined». National Association for Media Literacy Education (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  3. Маклюэн, М. «Понимание медиа: внешние расширения человека» = անգլ.՝ Understanding Media: The Extensions of Man. — М.: Кучково поле, 2007. — 464 с.
  4. Renee., Hobbs (2011). Digital and media literacy : connecting culture and classroom. Thousand Oaks, Calif.: Corwin Press. ISBN 9781412981583. OCLC 704121171.
  5. Supsakova, Bozena (2016 թ․ ապրիլ). «Media Education of Children a Youth as a Path to Media Literacy». ProQuest. 7 (1).
  6. The European Charter for Media Literacy Արխիվացված 2019-11-04 Wayback Machine. Euromedialiteracy.eu. Retrieved on 2011-12-21.
  7. «National Association for Media Literacy Education». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. Hobbs, Renee (2010). «Empowerment and protection: Complementary strategies for digital and media literacy in the United States». Formare: 1–17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. e.g., Media Literacy Resource Guide.
  10. 10,0 10,1 Frau-Meigs, D. 2008. Media education: Crossing a mental rubicon." It will also benefit generations to come in order to function in a technological and media filled world. In Empowerment through media education: An intercultural dialogue, ed. Ulla Carlsson, Samy Tayie, Genevieve Jacqui¬not-Delaunay and Jose Manuel Perez Tornero, (pp. 169 – 180). Goteborg University, Sweden: The International Clearinghouse on Children, Youth and Media, Nordicom in cooperation with UNESCO, Dar Graphit and Mentor Association.
  11. «Core principles of media literacy education in the United States». National Association for Media Literacy Education. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  12. Ramos-Soler, Irene; López-Sánchez, Carmen; Torrecillas-Lacave, Teresa (2018 թ․ հուլիսի 1). «Online risk perception in young people and its effects on digital behaviour». Comunicar (իսպաներեն). 26 (56): 71–79. doi:10.3916/c56-2018-07. ISSN 1134-3478.
  13. Jeong, S.-H.; Cho, H.; Hwang, Y. (2012). «Media Literacy Interventions: A Meta-Analytic Review». The Journal of Communication. 62 (3): 454–472. doi:10.1111/j.1460-2466.2012.01643.x. PMC 3377317. PMID 22736807.
  14. «http://www.medialit.org/voices-media-literacy-international-pioneers-speak». www.medialit.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. 15,0 15,1 «UNESCO Media Literacy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  16. Culver, S., Hobbs, R. & Jensen, A. (2010). Media Literacy in the United States. International Media Literacy Research Forum Արխիվացված 2010-02-07 Wayback Machine.
  17. Hobbs, R.; Jensen, A. (2009). «The past, present and future of media literacy education». Journal of Media Literacy Education. 1 (1): 1–11.
  18. Huff, Mickey; Roth, Andy Lee (2014 թ․ հոկտեմբերի 7). Censored 2015: Inspiring We the People. New York/Oakland: Seven Stories Press. էջ 11. ISBN 978-1609805654.
  19. Hobbs, R. (2005). Media literacy and the K-12 content areas. In G. Schwarz and P. Brown (Eds.) Media literacy: Transforming curriculum and teaching. National Society for the Study of Education, Yearbook 104. Malden, MA: Blackwell (pp. 74 – 99).
  20. Kahne, J., & Middaugh, E. (2012, November). Digital media shapes youth participation in politics. Phi Delta Kappan.
  21. Journal of Media Literacy Education
  22. Education. BFI (2010-11-03). Retrieved on 2011-12-21.
  23. English and Media Centre | Home. Englishandmedia.co.uk. Retrieved on 2011-12-21.
  24. Home. Film Education. Retrieved on 2011-12-21.
  25. 25,0 25,1 at Zerolab.info Արխիվացված 2010-03-28 Wayback Machine. Cscym.zerolab.info. Retrieved on 2011-12-21.
  26. Wallis, Richard; Buckingham, David (2013 թ․ հոկտեմբերի 1). «Arming the citizen-consumer: The invention of 'media literacy' within UK communications policy». European Journal of Communication. 28 (5): 527–540. doi:10.1177/0267323113483605. ISSN 0267-3231.
  27. Wallis, Richard; Buckingham, David (2016 թ․ սեպտեմբերի 12). «Media literacy: the UK's undead cultural policy». International Journal of Cultural Policy. 25 (2): 188–203. doi:10.1080/10286632.2016.1229314. ISSN 1028-6632.
  28. Фёдоров А. В. Медиаобразование // Большая российская энциклопедия. Т. 17. М.: Большая российская энциклопедия, 2012. С. 480.
  29. Perovic, Jelena (2015). «Media Literacy in Montenegro». Media and Communication. 3 (4): 91. doi:10.17645/mac.v3i4.335.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  30. Karpenko, Olena. (2017). Media education as a component of reforming higher education in Ukraine/ О. О. Karpenko Media4u Magazine: Proceedings of 10th International Research Electronic Conference Media and Education 2017. Special Issue, pp. 59–63. http://www.media4u.cz/mav/9788087570395.pdf
  31. Smith, Nicola (2017 թ․ ապրիլի 6). «Schoolkids in Taiwan Will Now Be Taught How to Identify Fake News». Time. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  32. http://www.jordantimes.com/news/local/jordan-making-progress-media-literacy-%E2%80%94-experts
  33. http://www.jordantimes.com/opinion/bayan-tal/critical-minds-critical-times
  34. https://www.jmi.edu.jo/en/mil-media-center

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիագրագիտություն» հոդվածին։