Իրինա Բուգրիմովա
Իրինա Բուգրիմովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1910 |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 20, 2001 (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կրկեսի դերասան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Irina Bugrimova Վիքիպահեստում |
Իրինա Նիկոլաևնա Բուգրիմովա (ռուս.՝ Ири́на Никола́евна Бугри́мова, մարտի 13, 1910, Խարկով, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 2001, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կրկեսի արտիստուհի, առյուծներ վարժեցնող, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), Սոցիալիստական աշխատանքի հերոս[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Բուգրիմովան ծնվել է 1910 թվականի մարտի 13-ին, Խարկով քաղաքում։ Նրա ծնողները կրկեսի հետ ոչ մի առնչություն չունեին. հայրն անասնաբուժության պրոֆեսոր էր, բուժում էր կենդանիների, մայրը ծննդով ազնվական էր[4], ստացել էր երաժշտական կրթություն, լավ դաշնամուր էր նվագում, նկարում էր, հետաքրքրվում էր լուսանկարչական արվեստով։
Յոթ տարեկանից Իրինան հաճախում էր Խարկովի օպերային մասնավոր ձեռնարկությանը (այժմ՝ Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն) կից երաժշտական դպրոց և բալետային ստուդիա։ Հետագայում նա հետաքրքրվում է սպորտով, զբաղվում վազքով, թռիչք երկարությամբ և բարձրությամբ, ջրային աշտարակացատկով, գնդի հրումով, սկավառակի և նիզակի նետումով, չմշկավազքով, խաղում էր ռուսական հոկեյ և զբաղվում մոտոսպորտով։ 1927 թվականին Իրինան դարձավ գնդի հրման գծով Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն, իսկ մեկ տարի անց՝ սկավառակի նետման գծով[4]։ Մոտոսպորտը նրան ծանոթացրեց մոտոմրցարշավորդ Ալեքսանդր Բուսլաևի հետ, որը հետագայում դարձավ նրա ամուսինը։ 1926-1928 թվականներին սովորել է Խարկովի առևտրա-արդյունաբերական դպրոցում[2]։
Իրինա Բուգրիմովան արտիստական գործունեությունը կրկեսում սկսել է 1929 թվականին ամուսնու՝ Ալեքսանդր Բուսլաևի հետ համատեղ կատարելով «Սահնակներով թռիչք կրկեսի գմբեթի տակ» համարը։ Համարը ցուցադրվեց մինչև 1937 թվականը և մեծ հաջողություն էր վայելում, բայց Բուգրիմովին այն դուր չէր գալիս[2]։ Ներկայացումներին զուգահեռ նա նախապատրաստում էր «Ձիավարության բարձրագույն դպրոց» համարը։ Որոշ ժամանակ անց նրա խաղացանկում հայտնվեց առյուծների մասնակցությամբ համարը[4]։
Պատերազմից հետո բաժանվում է Ալեքսանդր Բուսլաևից և իրականացնում իր սեփական կարիերան[4]։ 1946-1976 թվականներին վարժեցրել է առյուծների։ ԽՄԿԿ անդամ է դարձել 1951 թվականից[5]։
Առյուծների վարժեցմամբ Իրինա Բուգրիմովան պատահաբար չի զբաղվել։ Դեռևս 1937 թվականին նրա և Համառուսական հյուրախաղային համերգային միավորման (ՀՀՀՄ) կառավարիչ Ալեքսանդր Դանկմանի միջև կայացած զրույցի ընթացքում վերջինս ցանկացել էր կրկեսային արենայում տեսնել կին վարժեցնողի։ Իրինա Բուգրիմովան համաձայնվել էր և ձեռնամուխ էր եղել ընձառյուծներով համարի նախապատրաստմանը, որոնք գնվել էին հատուկ այդ նպատակով։ Սակայն, աշխատելով ընձառյուծների հետ, նա հասկացել էր, որ ավելի լավ կլինի համարը պատրաստել առյուծների, իսկական «գազանների արքաների» մասնակցությամբ։ Նրան ընդառաջ գնացին և նվիրեցին երեք առյուծի ձագեր, որոնց նա կոչեց «Գայոս», «Հուլիոս» և «Կեսար»։ Քանի որ հայտնի չէին առյուծների վարժեցման մշակված մեթոդներ, երիտասարդ վարժեցնողը ստիպված էր առաջ շարժվել խարխափելով, փորձերի և սխալների մեթոդով, վստահելով սեփական ինտուիցիային[4]։
Իրինա Բուգրիմովայի վարժեցման արվեստին ծանոթ էր ամբողջ աշխարհի հանդիսատեսը։ Հյուրախաղերով հանդես է եկել Իրանում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, ԳԴՀ-ում, Մեքսիկայում, Ճապոնիայում[2]։ Իր յուրաքանչյուր ելույթում նա ցուցադրում էր ոչ թե հնարքների հավաքածու, այլ փոքրիկ ներկայացում։ Նրա առյուծները կատարում էին անհավանական բարդության համարներ՝ քայլում էին ճոպանի վրա, հնազանդեցնողի հետ միասին ճոճվում էին ճոճանակով կրկեսի գմբեթի տակ։ Հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն ունեցան այնպիսի համարներ, ինչպիսիք են «Առյուծը օդում», «Առյուծը մոտոցիկլետով», «Մահվան բազկաթոռը», «Առյուծը լարի վրա», «Թռիչքներ հրե օղակի միջով», «Գորգ» և այլն։
Նրա կենդանիների խմբում կար շուրջ 80 առյուծ, ութ ձի, 12 շուն։
1976 թվականին Լվովում հյուրախաղերի ժամանակ հանկարծակի առյուծները ըմբոստացան և հարձակվեցին Իրինա Բուրգիմովայի վրա կրկեսի արենայում։ Օգնականները նրան հեռացրին գիշատիչներից, բայց այդ միջադեպից հետո, վարժեցնողը որոշեց դադարեցնել իր ելույթները[6]։
1976 թվականից նա դադարեց ելույթներ ունենալ արենայում, բայց շարունակեց վարել ակտիվ հասարակական կյանք. Իրինա Բուգրիմովան Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության վետերանների խորհրդի նախագահն էր, Արվեստի աշխատողների Կենտրոնական տան նախագահության և Կենդանիների պաշտպանության ընկերության անդամ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Բուգրիմովան մահացել է 2001 թվականի փետրվարի 20-ին, սրտի կաթվածից, Մոսկվայում[6]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[7][8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին (1931-1947)՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բուսլաև (1894-1976), կրկեսային արտիստ, մոտոմրցարշավորդ, առյուծներ վարժեցնող, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (20.12.1979)
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (21.11.1942)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (15.10.1958)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (30.09.1969)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2000) - կրկեսային արվեստի զարգացման գործում ակնառու ավանդի համար[9]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1994) - Ռուսաստանի պետականության զարգացման, աշխատանքի, գիտության, մշակույթի, արվեստի զարգացման բնագավառում նվաճումների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման և ժողովրդին մատուցած ծառայությունների համար[10]
- Լենինի շքանշան (1979)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990) - խորհրդային կրկեսային արվեստի զարգացման և պրոպագանդման գործում ունեցած ավանդի համար[11]
- «Պատվո նշան» շքանշան (1939)[3]
- Մեդալներ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 - Մեներգ փղի և նվագախմբի համար - դրվագ («Առյուծներ» ատրակցիոն)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խարկովում նոր կրկեսի շենքի դիմաց գտնվող նախկին Վոսկրեսենսկի հրապարակը կոչվում է Իրինա Բուգրիմովայի անունով։ 2010 թվականին որոշվեց հրապարակում տեղադրել պատկերաքանդակների բրոնզաձույլ համալիր, որոնց մեջ պետք է լիներ Իրինա Բուգրիմովան կենդանիներով[12]։ 2015 թվականի սկզբին նախագիծը դեռևս չէր իրականացվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Бугримова Ирина Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Цирк. Маленькая энциклопедия. - 2-е изд., перераб. и доп. Сост А. Я. Шнеер, Р. Е. Славский, Гл. ред. Ю. А. Дмитриев - М.: «Советская энциклопедия», 1979. - 448 с, ил., 20 л. ил.
- ↑ 3,0 3,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 4. Брасос - Веш. 1971. 600 стр., илл.; 47 л. илл. и карт.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Примадонна советского цирка». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Зильбербрандт М. И. Бугримова Ирина Николаевна // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
- ↑ 6,0 6,1 «Приручивший «царя зверей»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Легенда цирка - Ирина Бугримова
- ↑ Могилы знаменитостей. Московский некрополь. Бугримова Ирина Николаевна (1910-2001)
- ↑ Указ Президента РФ от 10 марта 2000 г. № 479
- ↑ Указ Президента РФ от 17 декабря 1994 г. № 2197
- ↑ http://www.libussr.ru/doc_ussr/usr_17343.htm Указ Президента СССР от 9 октября 1990 г. № УП-830
- ↑ «Дрессировщицу Бугримову и её животных увековечат в бронзе» (ռուսերեն). МедиаПорт. 14 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Բուգրիմովա «Երկրի հերոսներ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Բուգրիմովա» հոդվածին։ |
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 2001 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հասարակական գործիչներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Կրկեսի դերասաններ