Իրինա Բուգրիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Բուգրիմովա
Irina Bugrimova Postal card Russia 2010.jpg
Ծնվել էմարտի 13, 1910(1910-03-13)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 20, 2001(2001-02-20) (90 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունկրկեսի արտիստ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Irina Bugrimova Վիքիպահեստում

Իրինա Նիկոլաևնա Բուգրիմովա (ռուս.՝ Ири́на Никола́евна Бугри́мова, մարտի 13, 1910(1910-03-13), Խարկով, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 2001(2001-02-20), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կրկեսի արտիստուհի, առյուծներ վարժեցնող, հասարակական գործիչ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), Սոցիալիստական աշխատանքի հերոս[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Բուգրիմովան ծնվել է 1910 թվականի մարտի 13-ին, Խարկով քաղաքում: Նրա ծնողները կրկեսի հետ ոչ մի առնչություն չունեին. հայրն անասնաբուժության պրոֆեսոր էր, բուժում էր կենդանիների, մայրը ծննդով ազնվական էր[4], ստացել էր երաժշտական կրթություն, լավ դաշնամուր էր նվագում, նկարում էր, հետաքրքրվում էր լուսանկարչական արվեստով:

Յոթ տարեկանից Իրինան հաճախում էր Խարկովի օպերային մասնավոր ձեռնարկությանը (այժմ՝ Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն) կից երաժշտական դպրոց և բալետային ստուդիա: Հետագայում նա հետաքրքրվում է սպորտով, զբաղվում վազքով, թռիչք երկարությամբ և բարձրությամբ, ջրային աշտարակացատկով, գնդի հրումով, սկավառակի և նիզակի նետումով, չմշկավազքով, խաղում էր ռուսական հոկեյ և զբաղվում մոտոսպորտով: 1927 թվականին Իրինան դարձավ գնդի հրման գծով Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն, իսկ մեկ տարի անց՝ սկավառակի նետման գծով[4]: Մոտոսպորտը նրան ծանոթացրեց մոտոմրցարշավորդ Ալեքսանդր Բուսլաևի հետ, որը հետագայում դարձավ նրա ամուսինը: 1926-1928 թվականներին սովորել է Խարկովի առևտրա-արդյունաբերական դպրոցում[2]:

Իրինա Բուգրիմովայի արտիստական գործունեությունը կրկեսում սկսել է 1929 թվականին ամուսնու՝ Ալեքսանդր Բուսլաևի հետ համատեղ կատարելով «Սահնակներով թռիչք կրկեսի գմբեթի տակ» համարը: Համարը ցուցադրվեց մինչև 1937 թվականը և մեծ հաջողություն էր վայելում, բայց Բուգրիմովին այն դուր չէր գալիս[2]: Ներկայացումներին զուգահեռ նա նախապատրաստում էր «Ձիավարության բարձրագույն դպրոց» համարը: Որոշ ժամանակ անց նրա խաղացանկում հայտնվեց առյուծների մասնակցությամբ համարը[4]:

Պատերազմից հետո բաժանվում է Ալեքսանդր Բուսլաևից և իրականացնում իր սեփական կարիերան[4]: 1946-1976 թվականներին վարժեցրել է առյուծների: ԽՄԿԿ անդամ է դարձել 1951 թվականից[5]:

Առյուծների վարժեցմամբ Իրինա Բուգրիմովան պատահաբար չի զբաղվել: Դեռևս 1937 թվականին նրա և Համառուսական հյուրախաղային համերգային միավորման (ՀՀՀՄ) կառավարիչ Ալեքսանդր Դանկմանի միջև կայացած զրույցի ընթացքում վերջինս ցանկացել էր կրկեսային արենայում տեսնել կին վարժեցնողի: Իրինա Բուգրիմովան համաձայնվել էր և ձեռնամուխ էր եղել ընձառյուծներով համարի նախապատրաստմանը, որոնք գնվել էին հատուկ այդ նպատակով: Սակայն, աշխատելով ընձառյուծների հետ, նա հասկացել էր, որ ավելի լավ կլինի համարը պատրաստել առյուծների, իսկական «գազանների արքաների» մասնակցությամբ: Նրան ընդառաջ գնացին և նվիրեցին երեք առյուծի ձագեր, որոնց նա կոչեց «Գայոս», «Հուլիոս» և «Կեսար»: Քանի որ հայտնի չէին առյուծների վարժեցման մշակված մեթոդներ, երիտասարդ վարժեցնողը ստիպված էր առաջ շարժվել խարխափելով, փորձերի և սխալների մեթոդով, վստահելով սեփական ինտուիցիային[4]:

Իրինա Բուգրիմովայի վարժեցման արվեստին ծանոթ էր ամբողջ աշխարհի հանդիսատեսը: Հյուրախաղերով հանդես է եկել Իրանում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, ԳԴՀ-ում, Մեքսիկայում, Ճապոնիայում[2]: Իր յուրաքանչյուր ելույթում նա ցուցադրում էր ոչ թե հնարքների հավաքածու, այլ փոքրիկ ներկայացում: Նրա առյուծները կատարում էին անհավանական բարդության համարներ՝ քայլում էին ճոպանի վրա, հնազանդեցնողի հետ միասին ճոճվում էին ճոճանակով կրկեսի գմբեթի տակ: Հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն ունեցան այնպիսի համարներ, ինչպիսիք են «Առյուծը օդում», «Առյուծը մոտոցիկետով», «Մահվան բազկաթոռը», «Առյուծը լարի վրա», «Թռիչքներ հրե օղակի միջով», «Գորգ» և այլն:

Նրա կենդանիների խմբում կար շուրջ 80 առյուծ, ութ ձի, 12 շուն:

1976 թվականին Լվովում հյուրախաղերի ժամանակ հանկարծակի առյուծները ըմբոստացան և հարձակվեցին Իրինա Բուրգիմովայի վրա կրկեսի արենայում: Օգնականները նրան հեռացրին գիշատիչներից, բայց այդ միջադեպից հետո, վարժեցնողը որոշեց դադարեցնել իր ելույթները[6]:

1976 թվականից նա դադարեց ելույթներ ունենալ արենայում, բայց շարունակեց վարել ակտիվ հասարակական կյանք. Իրինա Բուգրիմովան Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության վետերանների խորհրդի նախագահն էր, Արվեստի աշխատողների Կենտրոնական տան նախագահության և Կենդանիների պաշտպանության ընկերության անդամ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Բուգրիմովան մահացել է 2001 թվականի փետրվարի 20-ին, սրտի կաթվածից, Մոսկվայում[7]: Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[8][9]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին (1931-1947)՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բուսլաև (1894-1976), կրկեսային արտիստ, մոտոմրցարշավորդ, առյուծներ վարժեցնող, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1963):

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (20.12.1979)
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (21.11.1942)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (15.10.1958)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (30.09.1969)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2000) - կրկեսային արվեստի զարգացման գործում ակնառու ավանդի համար[10]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1994) - Ռուսաստանի պետականության զարգացման, աշխատանքի, գիտության, մշակույթի, արվեստի զարգացման բնագավառում նվաճումների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման և ժողովրդին մատուցած ծառայությունների համար[11]
  • Լենինի շքանշան (1979)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990) - խորհրդային կրկեսային արվեստի զարգացման և պրոպագանդման գործում ունեցած ավանդի համար[12]
  • «Պատվո նշան» շքանշան (1939)[3]
  • Մեդալներ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 - Մեներգ փղի և նվագախմբի համար - դրվագ («Առյուծներ» ատրակցիոն)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարկովում նոր կրկեսի շենքի դիմաց գտնվող նախկին Վոսկրեսենսկի հրապարակը կոչվում է Իրինա Բուգրիմովայի անունով: 2010 թվականին որոշվեց հրապարակում տեղադրել պատկերաքանդակների բրոնզաձույլ համալիր, որոնց մեջ պետք է լիներ Իրինա Բուգրիմովան կենդանիներով[13]: 2015 թվականի սկզբին նախագիծը դեռևս չէր իրականացվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Бугримова Ирина Николаевна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Цирк. Маленькая энциклопедия. - 2-е изд., перераб. и доп. Сост А. Я. Шнеер, Р. Е. Славский, Гл. ред. Ю. А. Дмитриев - М.: «Советская энциклопедия», 1979. - 448 с, ил., 20 л. ил.
  3. 3,0 3,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 4. Брасос - Веш. 1971. 600 стр., илл.; 47 л. илл. и карт.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Примадонна советского цирка Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  5. Зильбербрандт М. И. Бугримова Ирина Николаевна // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  6. Приручивший «царя зверей»
  7. Приручивший «царя зверей»
  8. Легенда цирка - Ирина Бугримова
  9. Могилы знаменитостей. Московский некрополь. Бугримова Ирина Николаевна (1910-2001)
  10. Указ Президента РФ от 10 марта 2000 г. № 479
  11. Указ Президента РФ от 17 декабря 1994 г. № 2197
  12. http://www.libussr.ru/doc_ussr/usr_17343.htm Указ Президента СССР от 9 октября 1990 г. № УП-830
  13. «Дрессировщицу Бугримову и её животных увековечат в бронзе» (ռուսերեն)։ МедиаПорт։ 14 января 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2010-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of Socialist Labor medal.png Իրինա Բուգրիմովա «Երկրի հերոսներ» կայքում