Ժյուլ Ռենար
Ժյուլ Ռենար ֆր.՝ Jules Renard | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre-Jules Renard |
Ծնվել է | փետրվարի 22, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Châlons-du-Maine, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] |
Վախճանվել է | մայիսի 22, 1910[1][2][3][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Q30012604? |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | Ազատամտականություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Կարմրամազը», «Իրական պատմություններ», «Բաժանման բերկրանքը», «Ութ օր գյուղում», «Օրագիր, 1887–1910» |
Պարգևներ | |
Ամուսին | Մարի Մորնո |
Կայք | pour-jules-renard.fr |
Ժյուլ Ռենար Վիքիքաղվածքում | |
![]() |
Պիեռ-Ժյուլ Ռենար, (ֆրանսերեն արտասանությունը՝ [pjɛʁ ʒyl ʁənaʁ], փետրվարի 22, 1864 - մայիսի 22, 1910[5]), ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Գոնկուրյան ակադեմիայի անդամ, առավել հայտնի է «Poil de carotte» («Կարմրամազը», 1894) և «Les Histoires Naturelles» («Իրական պատմություններ», 1896) ստեղծագործություններով։ Նրա գրվածքներից են «Le Plaisir de rompre» («Բաժանման բերկրանքը», 1898) և հետմահու հրատարակված «Huit Jours à la campagne» («Ութ օր գյուղում», 1912) երկերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսուա Ռենարի և Աննա-Ռոուզ Քոլինի զավակը՝ Ռենարը, ծնվել է Շալոն-դյու-Մենում, Մայենում, որտեղ հայրն աշխատում էր երկաթուղու շինարարության վրա։ Ռենարը մեծացել է Շիտրի-լե-Մինում (Նևր)։ Նա ունեցել է իրենից մեծ երկու քույր և եղբայր, ներառյալ Ամելին (ծնված 1858 թվականին), ով մահացավ պատանի հասակում։ Երկրորդ քրոջ անունը նույնպես Ամելի էր (ծնված 1859 թվականին)։ Երրորդ զավակը Մորիսն էր, ով ծնվեց 1862 թվականին՝ մինչ Պիեռ-Ժյուլի լույս աշխարհ գալը։
Ժյուլ Ռենարը ծանր և տխուր մանկություն է ունեցել (un grand silence roux, «մեծ, բոսոր լռություն»)։ Հայրը որսորդական հրացանով ինքնասպան է եղել, իսկ մայրը, ով հոգեկան անհավասարակշիռ պահվածք էր դրսևորում, ջրհորն է ընկել և մահացել․ կարծիք կա, որ նա ևս այդպիսով ինքնասպանություն է գործել։ Ինը տարեկանից մնալով մենակ՝ Ռենարը զգացել է կյանքի բոլոր դժվարությունները։ 1881 թվականին տեղափոխվում է Փարիզ, որպեսզի ընդունվի հեղինակավոր Բարձրագույն դպրոց (École normale supérieure), սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի հաճախում այնտեղ՝ զբաղվելով ինքնակրթությամբ, նախընտրելով այցելել թատրոններ, մասնակցել գրական և լրագրողական հավաքույթների[6]։ 1885-86 թվականներին զինվորական ծառայություն է անցել Բուրժում։
1888 թվականի ապրիլի 28-ին Ռենարն ամուսնացել է Մարի Մորնոյի հետ։ Նա կնոջ հետ ապրել է Փարիզի 8-րդ շրջանի 43 Ռու դու Ռոշեր փողոցում[7]։ Ռենարն սկսում է այցելել գրական հանդիպումների և թղթակցում է փարիզյան թերթերին։ Նրա հավատարիմ ընկերներն էին Ալֆրեդ Կապյուն և Լյուսիեն Գիտրին։
Ժյուլ Ռենարը գրեց բանաստեղծություններ, պատմվածքներ, կարճ պիեսներ, վեպեր և իր նշանավոր «Կարմրամազը»։ 1904 թվականի մայիսի 5-ին որպես սոցիալիստ թեկնածու նա ընտրվեց Շիտրի-լե-Մինի (58) քաղաքապետ, իսկ 1907 թվականին, Օկտավ Միրբոյի շնորհիվ, դարձավ Գոնկուրյան ակադեմիայի անդամ[8]։
Նա մահացավ Փարիզում արտերիոսկլերոզից։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժյուլ Ռենարի ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը եղել է Նևրի գյուղական շրջանը։ Նա ստեղծել է ուժեղ, երգիծական և որոշ դեպքերում դաժան կերպարներ (իր «Իրական պատմություններ»-ում («Histoires naturelles») նա մարդկայնացնում է կենդանիներին և կենդանակերպ դարձնում տղամարդկանց)։ Նա պացիֆիզմի և հակակղերականության ակտիվ ջատագով էր[9][10]։
Ռենարը զարգացնում է Գյուստավ Ֆլոբերի գրական սկզբունքները՝ զուգակցելով մանրակրկիտ, հստակ նկարագրությունը, վերլուծությունը «միակ, տեղին բառի» ընտրության հետ՝ առավել բնորոշ քնարերգությանը (հեղինակն ինքն իր համար հիվանդագին էր համարում արձակի որոշակիության և պոեզիայի գեղեցկության կոնֆլիկտը)։
Նրա «Օրագիր, 1887–1910»-ը («Journal, 1887–1910»), հրատարակված 1925 թվականին, ներհայեցության, երգիծանքի, հումորի, հայրենաբաղձության, գրողի ստեղծագործական լաբորատորիայի լավագույն դրսևորումն է, ինչպես նաև՝ կարևոր անդրադարձ տվյալ ժամանակաշրջանի գրական կյանքին։ Այն հրատարակվել է հետմահու։
Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն իր հայտնի ամսագրերը ստեղծեց Ռենարի օրինակով՝ ազդվելով նրանից։ «Գրողի օրագիրը» ստեղծագործության ներածության մեջ Մոեմը հակիրճ գրում է Ռենարի ամսագրի արժանիքների մասին․ «Ամսագիրը հրաշալիորեն լավ է ընթերցվում։ Այն խիստ ծիծաղաշարժ է։ Նա սրամիտ է, նրբանկատ և շատ իմաստուն․․․ Ժյուլ Ռենարը հակիրճ շարադրել է դիպուկ առարկություններ, էպիգրամներ, իր տեսածը, մարդկանցից լսածը և իր հայացքն այդ մարդկանց, բնության նկարագրություններ, լույսի և ստվերի խաղը, կարճ ասած՝ այն ամենը, ինչի մասին կարելի էր գրել, երբ նա պատրաստվում էր հրատարակել ամսագիրը»։
Ժյուլ Ռենարի գրողական դիմագիծը հավանության է արժանացել Սարտրի, «OULIPO» գրական խմբակի ներկայացուցիչների կողմից (Ժորժ Պերեկ և այլք)։
Ռենարի «Իրական պատմություններ»-ի տեքստի հիման վրա ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելը գրել է երաժշտություն, «Կարմրամազը» քանիցս էկրանացվել է (1932, 1952, 1972, 1996, 2003)։ Գրողի մասին նկարահանվել է վավերագրական-խաղարկային ֆիլմ՝ «Ժյուլ Ռենար․ կյանքը և ստեղծագործությունը» (1972թ․)[11]։
Ամերիկացի վիպասան Գիլբերտ Սորենտինոն Ռենարի «Poil de carotte»-ի («Կարմրամազը») հիման վրա 1995 թվականին գրեց «Red the Fiend» («Կարմիր դևը») գործը։ Անգլիացի վիպասան Ջուլիան Բարնսի 2008 թվականի հուշագրությունը` «Ոչնչից վախենալ պետք չէ» («Nothing to Be Frightened Of»), հիմնականում հարգանքի տուրք է Ժյուլ Ռենարին։
Ռենարն այն մի քանի հայտնի փիլիսոփաներից է, ում ասույթները կարելի է կարդալ «HIMANK» նախագծի ճանապարհային նշանների վրա՝ հյուսիսային Հնդկաստանի Լադախ շրջանում։ Նուբրա հովտի այդ նշաններից մեկի վրա գրված է․ «Ծուլությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մինչև հոգնելը հանգստանալը»։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Les Roses. Les Bulles de sang. Poésies dites par Mme Danièle Davyle de la Comédie-Française (1886)
- Crime de village (1888)
- Sourires pincés (1890)
- L'Écornifleur (1892)
- La Lanterne sourde (1893)
- Coquecigrues (1893)
- Deux fables sans morale (1893)
- Le Coureur de filles (1894)
- Poil de Carotte (1894)
- Histoires naturelles (1894, «Իրական պատմություններ»)
- Le Vigneron dans sa vigne (1894)
- X... roman impromptu (1895)
- La Maîtresse (1896)
- Bucoliques (1898)
- Les Philippe (1907)
- Patrie (1907)
- Mots d'écrit (1908)
- Ragotte (1909)
- Nos frères farouches (1909)
- Causeries (1910)
- L'Œil clair (1913)
- Les Cloportes (1919)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Maîtresse (1896)
- Le Plaisir de rompre (1897, «Բաժանման բերկրանքը»)
- Le Pain de ménage (1898)
- Poil de Carotte (1900, «Կարմրամազը»)
- Monsieur Vernet (1903)
- La Bigote (1909)
- Huit jours à la campagne (1912, «Ութ օր գյուղում»)
- Le Cousin de Rose
Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Journal, 1887-1910 (1925-1927, «Օրագիր, 1887–1910»)[12]
- Leçons d'écriture (2008)
Նամականի[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նամականի I» և «Նամականի II»[13]
Ասույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եթե վախենում ես մենակ մնալուց, մի՛ փորձիր ճիշտ լինել։
- Գրելը զբաղմունք է, որով դու շարունակ պետք է ապացուցես քո տաղանդն այն մարդկանց, որոնք դա չունեն։
- Ամենուր փնտրիր զավեշտալին և կգտնես այն։
- Եթե փողը չի երջանկացնում, վերադարձրու այն։
- Գրելն առանց ընդհատումների արտահայտվելու միակ հնարավորությունն է։
- Եթե ցանկանում ես կառուցել երջանկության տունը, ամենաընդարձակ տարածքը սպասասրահը կլինի։
- Մեռնելն աննպատակ է, ուրեմն հենց հիմա մեռիր։
- Քառասուն տարեկանում մենք ոչ թե ավելի լավ գիտենք կյանքը, քան քսանում, այլ գիտենք և ընդունում ենք այն։
- Ինձ թվում է, որ երբ չեմ մտածում իմ մասին, չեմ մտածում առհասարակ։
- Ձախողումը ծուլության միակ պատիժը չէ․ կա նաև այլոց հաջողությունը։
- Ծուլությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մինչև հոգնելը հանգստանալը։
- Իսկապես ազատ է այն մարդը, որը կարող է հրաժարվել ճաշի հրավերից առանց ներողություն խնդրելու։
- Գրելը միակ մասնագիտությունն է, երբ գումար չվաստակելու դեպքում ոչ ոք քեզ զավեշտալի չի համարում։
- Ես երբեք չեմ ձանձրանում որևէ տեղ․ ձանձրանալն անարգանք է ինքդ քո հանդեպ։
- Եթե կյանքը սկսեի զրոյից, կուզեի կրկնել այն ճիշտ նույն կերպ․ միայն մի փոքր ավելի կբացեի աչքերս։
- Սերն ասես ավազի ժամացույց լինի՝ ուղեղի դատարկվելով լցվող սրտով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Ренар Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Visionneuse - Archives de Paris»։ archives.paris.fr։ Վերցված է 2023-01-06
- ↑ «Pour Jules Renard / Biographie»։ pour-jules-renard.fr (fr-FR)։ Վերցված է 2023-01-06
- ↑ «Pour Jules Renard / Biographie»։ pour-jules-renard.fr (fr-FR)։ Վերցված է 2023-01-06
- ↑ «RENARD, jules | Personnes»։ mirbeau.asso.fr։ Վերցված է 2023-01-07
- ↑ Swart Koenraad W. (2013-11-11)։ The Sense of Decadence in Nineteenth-Century France (անգլերեն)։ Springer Science & Business Media։ ISBN 978-94-011-9673-4
- ↑ The quotable atheist : ammunition for nonbelievers, political junkies, gadflies, and those generally hell-bound։ Jack Huberman։ New York: Nation Books։ 2007։ ISBN 978-1-56858-419-5։ OCLC 773692717
- ↑ Beuchey, Maurice (1972-07-29), Jules Renard, sa vie et son oeuvre, https://www.imdb.com/title/tt0336677/, վերցված է 2023-01-07
- ↑ «ABU - AUTEUR Jules Renard»։ abu.cnam.fr։ Վերցված է 2023-01-06
- ↑ «Livres»։ pour-jules-renard.fr (fr-FR)։ Վերցված է 2023-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժյուլ Ռենար․ պաշտոնական կայքէջ
- Ժյուլ Ռենարի մասին «Բրիտանիկա» հանրագիտարանում
- Ժյուլ Ռենարի կենսագրությունը
- Ժյուլ Ռենարի ստեղծագործությունները «Գուտենբերգ» նախագծում
- Ժյուլ Ռենար․ ասույթներ
|