Ժաննա Կալման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժաննա Կալման
ֆր.՝ Jeanne Calment[1]
Jeanne-Calment-1996.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1875(1875-02-21)
ԾննդավայրԱռլ[1]
Մահացել էօգոստոսի 4, 1997(1997-08-04)[2][1][3] (122 տարեկանում)
Մահվան վայրԱռլ[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունտնային տնտեսուհի
ԱմուսինFernand Calment?
Ծնողներհայր՝ Nicolas Calment?, մայր՝ Marguerite Gilles?
ԵրեխաներYvonne Calment?
Jeanne Calment Վիքիպահեստում

Ժաննա Լուիզա Կալման (փետրվարի 21, 1875(1875-02-21), Առլ[1] - օգոստոսի 4, 1997(1997-08-04)[2][1][3], Առլ[1], ֆր.՝ Jeanne Louise Calment [ʒan lwiz kalmɑ̃]), ֆրանսիացի երկարակյաց կին, եղել է աշխարհի ամենատարեց կինը ապրողների միջև, որի ծննդյան և մահվան թվականները փաստացի հայտնի են, համարվում է միակ մարդը, որի տարիքն անց է 120 տարեկանից։ «Երկրի վրա ամենատարեց ապրող մարդու» տիտղոսը նա կրել է ավելի քան 9,5 տարի։ Ժաննան իր ամբողջ կյանքն անցկացրել է Առլում և նրա մերձակայքում։ 110 տարեկանում նա տեղափոխվել է ծերանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։ Ընդհանուր առմամբ նա ապրել է 122 տարի և 164 օր։ Կալմանի ապրելու կենսակերպը, գենետիկան և բժշկական որոշ բնութագրեր շատ մասնագետների հետազոտությունների առարկա են դարձել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննան ծնվել է Նիկոլյա (1838—1931) և Մարգերետ (1838—1924) Կալմանների ընտանիքում։ Ժաննայի ծնվելու ժամանակ նրա ծնողները եղել են 37 տարեկան։ Ընտանիքի երկու ավագ երեխա՝ Անտուանը և Մերին մահացել են մինչ Ժաննայի ծնվելը։ Անտուանն ապրել է 4 տարի, Մերին՝ ավելի քիչ։ Ստույգ հայտնի չէ, թե նրանց ընտանիքում քանի երեխա են ծնվել։ Ժաննայի ավագ եղբայրը՝ Ֆրանսուան, և կրտսեր քույրը նույնպես եղել են երկարակյացներ։ Ֆրանսուան ապրել է 97 տարի և մահացել է 1962 թվականին։ Ստույգ հայտնի չէ, թե նրանց ընտանիքում քանի երեխա են ծնվել։

Կալմանների ընտանիքը եղել են տեղի բուրժուազիայի ներկայացուցիչ․ Ժաննայի հայրը եղել է Առլ քաղաքի խորհրդի անդամ, մասնագիտությամբ եղել է նավաշինարար, մայրը եղել է ջրաղացպանի ընտանիքից։ Նրանք ամուսնաացել են 1861 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ժաննայի կնքահայրը եղել է Լուի Պաժեն, կնքամայրը՝ մորաքույրը՝ Ժաննա Ժիլը։ Ի պատիվ նրանց Ժաննան ստացել է Ժաննա Լուիզա անունը։ Հետազոտողներն արխիվներում գտել են ծննդյան վկայական, որը հաստատված է եղել Բերլիո անունով քահանայի կողմից։

1881 և 1886 թվականներին Ֆրանսիայում անցկացված մարդահամարների փաստաթղթերի համաձայն Կալմանների ընտանիքն ապրել է 131 համարի տանը։ Այդ երկու մարդահամարների ժամանակ Ժաննան եղել է անչափահաս։ Պահպանվել են նաև փաստաթղթեր, որտեղ նշված են թե ինչ կրթություն է ստացել Ժաննան․ նախնական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բենետիկյան գիշերօթիկ դպրոցում, այնուհետև՝ Առլի միջնակարգ դպրոցում[4]։

Պատանեկան տարիներին Ժաննան աշխատել է հոր կրպակում, որտեղ, ըստ Ժաննայի պատմածի նա հանդիպել է Վան Գոգին։ Նկարիչը նրան թվացել է հիվանդ, կեղտոտ և վատ շորերով[5]։ Մեկ այլ հարցազրույցում Ժաննան ասել է, որ չի սպասարկել նրան, քանի որ նա նման էր մահկանացուի և նրա վրայից տհաճ հոտ էր գալիս [6]։

Ամուսնություն և հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Կալմանի ծննդյան վկայականը

Ժաննան ամուսնացել է 21 տարեկանում 1898 թվականի ապրիլի 8-ին, իր զարմիկի՝ Ֆերնար Նիկոլայա Կալմանի հետ։ Ֆերնարի և Ժաննայի պապերը եղել են եղբայրներ, իսկ նրանց կանայք եղել են քույրեր։ Հարսանիքը տեղի է ունեցել Սուրբ Տրոֆիմի Մայր տաճարում։ Չնայած հարսնացուի և փեսացուի ազգակցական կապի, քահանան համաձայնվել է ամուսնացնել նրանց։

Ֆերնարն ուներ ճոխ խանութ, ինչի պատճառով Ժաննան հնարավորություն ստացավ չաշխատելու։ Նա կյանքի հետաքրքրությունները գտնում էր թենիսի, հեծանվավազքի, լողի, անվաչմուշկով ինքնագլորման, դաշնամուր նվագելու և օպերաներ այցելելու մեջ։ 1898 թվականի հունվարի 19-ին ամուսիններն ունենում են իրենց միակ աղջկան՝ Նիկոլ Մարի Իվոն Կալմանին։ Ըստ 1901 թվականի մարդահամարի փաստաթղթերի՝ ամուսիններն ապրել են Ժաննայի սկեսրայր Մարի Ֆելիքսի հետ, 1906 թվականի մարդահամարի տվյալներով Ժաննան ամուսնու և աղջկա հետ տեղափոխվել է առանձին բնակարան։

Իվոնն ամուսնացել է 1926 թվականին հրետանավոր, Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ, կապիտան Ժոզեֆ Շառլ Ֆրեդերիկ Բայոյի հետ։ Նույն թվականի դեկտեմբերին ծնվում է նրանց որդին՝ Ֆրեդերիկը։ 1932 թվականին Իվոնը մահացել է թոքաբորբից։ 1942 թվականին Ժաննայի ամուսինը թունավորվել է փչացած կեռասից և մահացել։ Դրանից հետո թոռան դաստիարակությամբ զբաղվել է Ժաննան իր փեսայի հետ։ 1950 թվականին Ֆրեդերիկն ամուսնացել է Ռենե Իվոն Տակի հետ, նրանք երեխա չեն ունեցել։ 1963 թվականին Ֆրեդերիկը դարձել է ավտովթարի զոհ։ 1964 թվականին մահացել է Ժաննայի փեսան, որի հետ նա ապրում էր թոռան ամուսնությունից հետո։

Կալմանը մնում է առանց ժառանգների։ Իր կորուստների մասին Կալմանը միշտ դժվարությամբ էր խոսում և փորձում էր չմտածել դրանց մասին։ Մինչ մահանալը Կալմանը խնդրել էր, որ թոռան նկարը աջից, իսկ դստեր նկարը ձախից կախված լինեն իր դագաղում։ «Նրանք կթաղվեն ինձ հետ», նշել է նա։

90 տարեկանում Կալմանը գործարք է կնքել փաստաբան Ֆրանսուա Ռաֆրեի հետ․ համաձայն գործարքի՝ փաստաբանն ամեն ամիս 2․500 ֆրանսիական ֆրանկ պետք է վճարի Կալմանին, իսկ Կալմանի մահից հետո նրա բնակարանը պետք է մնար Ֆրանսուային։ Բնակարանի շուկայական գինը հավասար էր 10 տարի Կալմանին վճարած գումարի չափին։ Գործարքից հետո Կալմանն ապրեց 32 տարի, ինչի արդյունքում բնակարանը փաստաբանի վրա նստեց 3 անգամ ավելի թանկ։ Փաստաբանն անձամբ բնակարանի տեր չի դառել, նա մահացել էր 77 տարեկանում, երբ Ժաննան 120 տարեկան էր։

100-ամյակից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննան 1915 թվականին

110 տարեկանում Ժաննա Կալմանը տեղափոխվել է «La Maison du Lac» ծերանոց։ Տեղափոխման պատճառը եղել է հրդեհը, որն իր պատճառով պատահաբար առաջացել էր խոհանոցում։ Ծերանոցում ապրելու տարիներին Ժաննան գտնվում էր լրագրողների և գիտնականների ուշադրության կենտրոնում։ Նա իր ծննդյան օրերին ընդունում էր լրագրողներին։ Հարցազրույցներին ներկա են լինում նաև երկարակեցության վերաբերյալ հետազոտություն անցկացնող բժիշկ Միշել Ալարդը, ժողովրդագիր Ժան-Մարի Ռոբինը, որը հետագայում մի քանի մենագրություն և գիրք հրատարակեց Ժաննա Կալմանի մասին։

1988 թվականին 113-ամյա Կալմանը պաշտոնապես ստացել է «Աշխարհի ամենածեր կենդանի մարդ» տիտղոսը, սակայն մեկ տարի անց այդ տիտղոսը հանվել է նրանից և հանձնվել ամերիկացի Քերի Ուայթին։ Վան Գոգի մահվան 100-ամյակի շեմին նա հանրության ուշադրությունը դարձյալ գրավեց իր վրա՝ պնդելով, որ հանդիպել է նկարչին։

1991 թվականի փետրվարի 14-ին Ուայթի մահից հետո Կալմանը նորից ստացավ «Աշխարհի ամենածեր կենդանի մարդ» տիտղոսը: Նա այդ տիտղոսը կրեց վեց տարի և վեց ամիս։ 1995 թվականի փետրվարի 21-ին նա դարձավ 120 տարեկան, ինչը լայն արձագանքվեց զանգվածային մամուլում։ Նույն թվականին նրա մասին նկարահանվեց վավերագրական ֆիլմ՝ «Jeanne Calment, doyenne du monde» վերնագրով։ 1995 թվականի հոկտեմբերի 17-ին Կալմանը դարձավ 120 տարեկան և 238 օրական և գրանցեց նոր ռեկորդ՝ պատմության ամենածեր մարդը։ Նա գերազանցեց, Սիգետիե Իձումիի ռեկորդը, որի տարիքն այժմ փորձագետների կողմից կասկածի տակ է։

Ժողովրդագետ Ժան-Մարի Ռոբինայի խոսքերով, չնայած Կալմանը կորցրել էր տեսողությունն ու լսողությունը, մահից մեկ ամիս առաջ ունեցել է լավ առողջություն։ 115 տարեկանում նա ընկել էր աստիճաններից, ինչի արդյունքում ստացել էր ազդրոսկրի ջարդվածք։ Դրանից հետո նա շարժվել է հաշմանդամի սայլակով։ նյարդահոգեբան Կարեն Ռիթչին հաճախակի է այցելել Կալմանին և արձանագրել մինչև կյանքի վերջ պահպանված հստակ հիշողության մասին։ Ժաննան լուծել է թվաբանական հեշտ վարժություններ և հաճույքով բանաստեղծություններ է արտասանել Կարենի համար, որոնք նա սովորել էր դպրոցական տարիներին։

Ժաննա Կալմանը մահացել է 1997 թվականի օգոստոսի 4-ին՝ 122 տարեկան, 5 ամսական, 14 օրական հասակում։ Ծերանոցի աշխատողները նշել են, որ Ժաննան մահացել է բնական մահով։ 122-ամյա հայտնի կնոջ մահը լայն արձագանք է առաջացրել Առլում։ Քաղաքապետ Միշել Վոզելը նրան անվանել է «Աշխարհին հայտնի Ժաննա Առլեանցի»։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը իր մեկնաբանություններում նշել է, որ նա եղել է Ֆրանսիայի բոլոր ապրողների տատը[7]։

Ժաննայի մահից հետո «Աշխարհի երեսին ամենատարեց ապրող մարդու» տիտղոսը կրել է Մարիա-Լուիզա Մայերը։

Ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալմանի տարիքը հաստատվել է բազմաթիվ փաստաթղթերով: Գերմանիայում ֆիզիկոս Մաքս Պլանկի անվան ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները նշել են, որ փաստաթղթերի առումով Ժաննան մեծ առավելություն ունի այլ երկարակյացների նկատմամբ, քանի որ նրանց տարիքը հստակորեն դժվար է հաստատել։ Հետազոտողներն ունեցել են մարդահամարի տվյալները, որտեղ նշված է եղել Ժաննայի ծննդյան և մկրտության մասին։ Դրանից բացի, հետազոտողներ Բոերը և Ռոբինը գտել են 23 փաստաթուղթ, որտեղ նշված է Կալմանի և նրա մերձավոր հարազատների ծննդյան, մկրտության, ամուսնության ու մահվան տարեթվերը։ Կալմանի 120-ամյակը լրանալուց հետո տարբեր երկրներից երեք գիտնական ստեղծել են ոչ պաշտոնական հանձնախումբ, որի նպատակն էր ստուգել Ժաննային վերաբերվող փաստաթղթերի իսկությունը։ Այդ գիտնականները եղել են ժողովրդագետներ ամերիկացի Ջեյմս Վոպելը, ֆինն Վյայնյո Կաննիստոն ու դանիացի համաճարակագետ Բեռնանդ Հոյնը։

Կան բազմաթիվ վարկածներ, որ եղել են մարդիկ, որոնք ավելի երկար են ապրել Կալմանից, սակայն այդ մարդիկ իրենց ծննդյան թվականի հետ կապված ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել։ Ըստ որոշ տվյալների՝ չինացի Լի Ցինյունն ապրել է 256 տարի (1677- 1933), սակայն չինացին իր ծննդյան տարեթիվը նշել է 1736 թվականը։ Մեկ այլ տվյալի, Ադբեջանում ծնված, հովիվ, ազգությամբ թալիշ Շիրիլ Մուսուլմանովը (1805—1973) ապրել է 168 տարի։ Նշված մարդկանց երկարակեցությունը պաշտոնապես չի հաստատվել՝ փաստաթղթերի և ծննդյան վկայականի բացակայության պատճառով։

Մանչեսթերի կենսաբանական ինստիտուտի պրոֆեսոր Թոմ Կիրկվուդը իր «Time of Our Lives: The Science of Human Aging» գրքում նշել է, որ Ժաննայի հասած տարիքը չի կարող համարվել մարդու կյանքի առավելագույն տարիք, նրա ռեկորդը մի օր կգերազանցվի։

2018-ին ռուս հետազոտողները կասկածի տակ են առել Ժաննա Կալմանի ռեկորդը ՝ ներկայացնելով այն վարկածը, որ Ժաննայի դուստրն իրեն դրել է մոր՝ Ժաննայի տեղը: Այս վարկածը ենթարկվել քննադատության[8][9]։

Ժաննա Կալմանի 110-ից 117 տարեկանի նկարներն ու տեսանյութերը տեսնելուց հետո Մոսկվայի պետական բժշկական համալսարանի բնագիտության, մարդաբանության, ազգագրության ընկերության ծերաբանության բաժնի նախագահ բժիշկ-ծերաբույժ Վալերի Միխայլովիչ Նովոսյոլովը նշել է, որ նկարներն ու տեսանյութերը չեն համապատասխանում նշված տարիքի հետ՝ նկարներում և տեսանյութերում Ժաննան ավելի երիտասարդ է[10]։

Ըստ մաթեմատիկոս Նիկոլայ Զակի իրականացրած ուսումնասիրությունների[11]՝ Ժաննայի դուստրը «մահացել է» մոր փոխարեն[12], ինչի արդյունքում դուստրը խուսափել է գույքի հարկը վճարելուց: Նա նշել է նաև, որ Իվոննան մահացել է 99 տարեկանում, քանի որ ծնվել է 1898 թվականին[13][14]։

Այս վարկածը Ֆրանսիայի առողջապահության և բժշկական հետազոտությունների Ազգային ինստիտուտի տնօրեն Ժան Մարի Ռոբինի կողմից քննադատության է ենթարկվել, որն այն անվանել է «ամբոջովին երերուն» և «ոչնչով չհիմնավորված»։ Նա ընդգծել է, որ անգործ թափառողները «երբեք այնքան շատ բան չեն արել մարդու տարիքի հիմնավորման համար» և «ոչ մի անգամ ոչինչ չեն գտել, ինչը թեկուզ նվազագույն կասկած կհարուցեր նրա տարիքի նկատմամբ», նրանք հասանելիության իրավունք ունեին այն տեղեկատվության մասին, ինչը կարող էր իմանալ միայն Ժաննա Կալմանը, օրինակ, թե ով է եղել իր մաթեմատիկայի ուսուցիչը։ Նա նշել է նաև, որ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում Կալմանների ընտանիքը Արլում հայտնի ընտանիք է եղել, այցելել են բարձր խավի ներկայացուցիչների համար նախատեսված ակումբներ, և խաբեության դեպքում շատ մարդիկ պետք է խաբվեին, եթե Ֆերնան Կալմանն աղջկան ներկայացներ որպես իր կնոջ։

Ժողովրդագրական հետազոտությունների Ազգային ինստիտուտի նիստից հետո (INED), որը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 23-ին, ֆրանսիացի, շվեյցարացի և բելգիացի երկարակեցության փորձագետները հայտնել են, որ ռուս հետազոտողները չեն ներկայացրել անձերի փոփոխության սցենարի վերաբերյալ փաստեր, բայց խոստացել են հետազոտել այդպիսի տարբերակի հավանականությունը՝ հավանաբար արտաշիրիմում կատարելու եղանակով[15]։

Ժաննա Կալման․կյանքի կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները նշել են, որ Կալմանն առողջ ապրելակերպ չի վարել․ 95 տարի ծխել է, ծխելը թողել է 117 տարեկանում՝ վիրահատությունից հետո։ Նրա խոսքերով՝ նա թողել է ծխելը, քանի որ գրեթե կուրացած վիճակում չի կարողացել ինքնուրույն ծխել, իսկ ծխելու համար ինչ որ մեկին խնդրելն անհարմար է եղել[16]։ Նրա բուժող բժիշկը հայտնել է, որ Կալմանն օրական երկու ծխախոտ է ծխել։ Մաքս Պլանկի անվան Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի մենագրության մեջ նշված է, որ մյուս բոլոր երկարակյացների համեմատ Կալմանը սրանով բացառություն է․ նրանք գրեթե բոլորը չեն ծխել, կամ շատ քիչ են ծխել։ Ծխախոտն ու ալկոհոլը «FRAX» սանդղակի չափորոշիչներն են, որոնցով ախտորոշվում է օստեոպարոզի ռիսկը։ Շատ ֆրանսիացիներ կատակում էին, որ Կալմանի երկարակեցության գաղտնիքը նրա սննդակարգն է․ նա կերել է շաբաթական գրեթե մեկ կիլոգրամ շոկոլադ և պարբերաբար գինի է խմել։ Ժան Մարի Ռոբինն ասել է, որ Կալմանի գաղտնիքը նրա դրական վերաբերմունքն է կյանքի նկատմամբ։ «Մի անգամ նա ասել է․ «Եթե դուք ինչ-որ բանի հետ չեք կարող ոչինչ անել, ապա մի մտահոգվեք այդ բանի համար»։ Կալմանը համարել է, որ իր երկարակեցության գաղտնիքը ձիթապտղի յուղի և մրգերի հաճախակի օգտագործումն է։ «Նա հատուկ որևէ բան չի արել, սթափ լինելու համար», ասել է Ռոբինը[17]։

Կալմանը միշտ ակտիվորեն զբաղվել է սպորտով, թենիս է խաղացել, մինչև 100 տարեկանը հեծանիվ է վարել, զբաղվել է սուսերամարտով։ Սիրել է քայլել բնության գրկում։ Ժան Մարի Ռոբինը արխիվում գտնելով Ժաննայի 68 բարեկամի տվյալներ, նշել է, որ նրանցից շատերն ապրել են միջինից բարձր տարիք, չնայած միայն նա է հատել 100 տարեկանը։ Նրա թվով 30 բարեկամների կյանքի միջին տևողությունը կազմել է 72 տարի[18]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականին 115-ամյա Ժաննան հայտնվել է Վան Գոգի մասին պատմող կանադական արտադրության «Վինսենտը և ես» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է իր իսկ դերը[19]։
  • 1996 թվականին ձայնագրվել է 4 կոմպոզիցիայից բաղկացած «Maîtresse du temps» ձայնասկավառակը, որտեղ Կալմանը խոսել է ռեփի ոճով[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 https://www.demogr.mpg.de/books/odense/6/09.htm
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Robine J., Herrmann F. R. The real facts supporting Jeanne Calment as the oldest ever human // The Journals of Gerontology Series A: Biological Sciences and Medical Sciences — 2019. — doi:10.1093/gerona/glz198
  4. «Её родители жили при Наполеоне III, а она умерла, когда президентом был Жак Ширак!»։ Пикабу (ռուսերեն)։ Վերցված է 2019-08-22 
  5. «World's oldest person dies at 122» (անգլերեն)։ CNN։ 04.08.1997։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-22-ին։ Վերցված է 2013-11-24 
  6. Morris D. Alcohol, cigarettes, chocolates and sweets - The secrets of a long life?(անգլ.) // Daily Mail : газета. — 2008. Архивировано из первоисточника 21 Հունվարի 2014.
  7. «Jeanne Louise Calment» (անգլերեն)։ The Guinness Book of Records։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-29 
  8. «J’Accuse! 122-летний рекорд долгожительства Жанны Кальман — фейк?» (ռուսերեն)։ habr.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-10-ին։ Վերցված է 2018-12-13 
  9. «Jeanne Calment, une imposture ? Le scientifique qui a validé son record s’insurge» (ֆրանսերեն)։ leparisien.fr։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-31-ին։ Վերցված է 2019-01-03 
  10. О. Н. Ткачева, Е. В. Фролова, Н. Н. Яхно. Гериатрия:национальное руководство. — Москва: ГЭОТАР-МЕдиа, 2018. — С. 40—300. — 605 с. — ISBN ISBN 978-5-9704-4622-5
  11. «Jeanne Calment: the secret of longevity»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19 
  12. Nikolay Zak (2019 Jan 30)։ «"Evidence that Jeanne Calment died in 1934, not 1997" Dr. Nikolay Zak» (անգլերեն)։ Mary Ann Liebert, Inc., publishers։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին։ Վերցված է 2019-02-13 
  13. секция геронтологии։ «План докладов»։ Сайт МОИП при МГУ։ МОИП при МГУ։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-06-ին։ Վերցված է 2019-01-06 
  14. Н. Ф. Зак Нестарение или пожизненная рента // Доклады МОИПП. Секция Геронтология. : Сборник. — 2018. — Т. 65. — С. 137—153. — ISBN 978-5-00077-789-3.
  15. Baheux Romain (24 January 2019)։ «Pourquoi la science se déchire sur l’affaire Jeanne Calment» [Why scientists are torn apart by the Jeanne Calment affair]։ Le Parisien (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-13-ին։ Վերցված է 27 January 2019 
  16. «Необыкновенная старушка Жанна Кальман»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2016-04-28 
  17. «Jeanne Louise Calment : world’s oldest» (անգլերեն)։ Davis Department of Statistics։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-09-ին։ Վերցված է 2013-11-24 
  18. «Jeanne Calment: the secret of longevity»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19  , страница 7
  19. «Jeanne Calment : Obituary» (անգլերեն)։ Lasting Tribute։ Վերցված է 2013-11-25 (չաշխատող հղում)
  20. «Believed to be world's oldest, woman in France dies at 122» (անգլերեն)։ Houston Chronicle։ 04.08.1997։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-20-ին։ Վերցված է 2013-11-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allard M., Robine J.-M. Jeanne Calment: From Van Gogh's Time to Ours, 122 Extraordinary Years. — Thorndike Press, 1999. — 194 p. — ISBN 0786217774
  • Kirkwood T. Time of Our Lives: The Science of Human Aging. — Oxford University Press, 2001. — 288 p. — ISBN 0195139267