Թարխանությունն Արևելյան Վրաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Վրաստանի տարածքն ուրվագծող քարտեզ

Թարխանություն (ապահարկություն, հարկային իմունիտետ), ուշ միջնադարում Արևելյան Վրաստանում զարգացած ավատատիրական կարգերի անքակտելի բաղադրիչներից մեկը, որը շնորհվում էր ոչ միայն աշխարհիկ ավատատերերին, այլև վրաց եկեղեցու կալվածքներին։

Ըստ Պլատոն Իոսսելիանիի՝ թարխաններն այն անձինք էին, որոնք ազատված էին հարկերից, ունեին բնակության վայրն ազատ ընտրելու և թագավորի մոտ ազատ ելումուտի իրավունք, օժտված էին դատական իմունիտետով կամ կարող էին դատապարտվել նախօրոք որոշված դատարանով միայն[1]։

Արևելյան Վրաստանում թարխանությունը ժամանակավոր բնույթ է ունեցել, ինչը հաստատում է թարխանական հրովարտակների վերահաստատման պրակտիկան։ Ավելին, թարխանություն կարող էր տրվել նույնիսկ մեկ տարով[2], իսկ ժամկետը լրանալուց հետո այն ստացած անձինք շարունակելու էին կրել նախկին հարկային պարտականությունները։ Ընդ որում, վերահաստատման կարիք ունեին ոչ միայն վանքերին, այլև անհատներին տրված հրովարտակները, ինչը, օրինակ, հաստատում են 1631[3] և 1651[4] թվականներին Բերու Ջանջաշվիլիին Թեյմուրազ և Ռոստոմ թագավորների տված ապահարկության գրերը։ Թարխանության ժամանակավոր տրման պրակտիկան կիրառվում էր նաև Հայաստանում, ինչի վկայությունն է Կարա-Կոյունլու Իսկանդարի կողմից Ագուլիսին մեկ տարով թարխանություն տալը. «որ (Իսկանդարը) զի յոյժ ողորմած էր ազգիս Հայոց, եւս առաւել մեր գեղիս Ագուլեաց, իւր խաս արար, և մէկ տարի թարխան արար»[5]։

Թարխանության շնորհումը այն տվող ֆեոդալին ձեռնտու չէր, քանի որ նա զրկվում էր հարկերի տեսքով իր ստացած եկամուտներից, աշխատող ուժից՝ կոռային աշխատանքներից ապահարկելու դեպքում, զինուժի մի մասից՝ զինապարտության պարտականությունից ազատելու դեպքում և դատական իրավասություններից՝ դատական իմունիտետ տալու դեպքում։ Չնայած այս հանգամանքին՝ երևույթը Վրաստանում լայն տարածում էր ստացել։ Թագավորները և խոշոր ավատատերերը, իրենց վասալներին թարխանության արտոնությունները տալով, դրանով իսկ ստեղծում էին իրենց համար սոցիալական հենարան, եկեղեցու կալվածքներն ապահարկելով էլ՝ ստանում էին հոգևոր իշխանության օժանդակությունը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թարխան» բառը թյուրքական[6] ծագում ունի և կիրառվել է թյուրքական մեծատոհմիկ ազնվականության տիտղոսաշարում։ Հետագայում՝ 11-րդ դարից հետո, անցել է մոնղոլերենին դարխան կամ դարքան ձևով և կրել իմաստային փոփոխություն՝ նշանակելով նաև ապահարկություն[7]։ Այս եզրի ծագումնաբանությունը և լեզվական պատկանելությունը վիճահարույց է, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ բառն ունի էտրուսկական ծագում՝ առաջացել է Տարկուին (Tarkuin) հատուկ անունից[8]։

Վրացերենում փոխառված թարխան բառի տարբերակների առկայությունը վկայում է, որ թարխանությունը Վրաստանում արմատացած և գործող երևույթ էր։ Այսպես, tarkhani (Tarxani) փոխառված ձևից բացի լեզվում առկա են tarkhneba (Tarxneba)` թարխանություն, ազատություն տալ, tarkhnoba (Tarxnoba)` թարխանություն, ազատություն[9], ապահարկություն տերմինները։

«Թարխան» տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարխանությունը Խազարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խազարիայի քարտեզ

Թարխան եզրույթի առաջին վկայությունները՝ կոչում իմաստով, հայտնի են խազարական միջավայրից, թվագրվում են 5[10]-6-րդ դարերը[11] և ներկայացված են որպես զինվորական բարձր դասին տրվող տիտղոս։ Խազարական հիերարխիկ բուրգում խաքանի, բեյի և ջավշիգարի ստորին սանդղակը զբաղեցնում էին թարխանները։ Խազարական խաքանությունում թարխան կարող էին կոչվել ինչպես զորագնդերի հրամանատարները, այնպես էլ խաքանության առանձին շրջանների կառավարիչները[12]։ Այս մասին հիշատակված է 762-764 թվականներին Անդրկովկաս արշաված Ասթարխան (Āstarkhān) խազարական զորահրամանատարի հիշատակման մեջ[13]։ Այս փաստը հաստատում է նաև Ղևոնդ Ալիշանը, որն Ասթարխանին անվանում է Ռաժթարխան[Ն 1]. «Եւ գումարեալ զօր բազում տայր ի ձեռս զօրավարի միոջ որ անուանել կոչիւր Ռաժթարխան»[15]։

737 թվականին հայտնի է մեկ այլ վկայություն խազարական իրականությունից՝ հազար թարխան (Hazār Ţarkhān՝ հազարյակի զորավար) տիտղոսի տեսքով։ Այն tarkan ձևով գոյություն է ունեցել գյոքթյուրքերի տիտղոսաշարում[16]։

Թյուրքական և մոնղոլական իրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարախանյանների թյուրքական պետության մեջ ևս գոյություն է ունեցել թարխան տիտղոսը[17]։ Թյուրքական ժողովուրդների մեջ թարխանը եղել է բավական բարձր, բայց ոչ գերազանցություն, առաջնայնություն շնորհող տիտղոս[18]։ Վաղ թյուրքական տերություններում թարխան եզրը ենթադրում էր մարդկանց այն շերտը, որ ցմահ օժտված էր մի շարք արտոնություններով[19]։ Մոնղոլները հետագայում փոխառել են այս երևույթը, և ինչպես թյուրքական, այնպես և մոնղոլական իրականության մեջ թարխանները ներկայացնում էին ռազմական արիստոկրատիան[20]։ Այդ շրջանի կարևոր աղբյուրներից մեկը՝ Ջուվեյնին, հետևյալ կերպ է ներկայացնում թարխան երևույթը և թարխաններին տրվող արտոնությունները՝

  • նրանք ազատվում էին պարտադիր հարկից (կամ հարկերից),
  • նրանք բաժին ունեին պատերազմական ավարից[Ն 2],
  • հանցագործությունների համար պատասխանատվություն չէին կրում,
  • կարող էին ներկայանալ խանին ցանկացած ժամանակ,
  • այս արտոնությունները փոխանցվում էին ժառանգաբար մինչև իններորդ սերունդ[21]։

Թարխանության իրավունքը մոնղոլական իրականության մեջ փոխանցվում էր մի քանի սերունդների, այն ժառանգական բնույթ ուներ՝ ի տարբերություն թյուրքական թարխանների, որոնց արտոնությունները տրվում էին ցմահ։

Չինգիզյանների տիրապետության սկզբնական շրջանում թարխանը կամ դարխանը կարող էր հանդես գալ երկու իմաստով՝

Ոսկե Հորդայի տարածքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Հորդայի դրոշը, որը պատկերված է Անջելինո Դալորտոյի 1339 թվականի քարտեզում:

Ոսկե Հորդայի գերիշխանության տարածքներում թարխան ստացած անձինք ավելի լայն լիազորություններ և արտոնություններ ունեին։ Թարխանության հրովարտակն իրենից ենթադրում էր մի քանի պայմաններ՝ կետեր, որոնցում նշվում էր յառլիկի տրման օրինականությունը, թարխան անձանց և նրանց ենթակաների գույքի անձեռնմխելիությունը, առևտրական, ճանապարհային ու տարատեսակ այլ հարկերից, պարտականություններից ազատումը[23]։ Թարխան շնորհելու ինստիտուտը դարձել էր ուշթիմուրյանների պաշտպանողական ռազմավարության մի մասը, որով զորավարներից ոմանց թարխանություն (հարկերից ազատման իրավունք) տալով՝ ապահովում էին իրենց իշխանության ռազմական հենարանը[24]։

Ուշ միջնադարյան միջինասիական խանություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարյան միջինասիական խանությունների իրականության մեջ, մասնավորապես՝ Կոկանդի խանությունում, թարխանությունն ունեցել է հետևյալ տեսքը. այն անձինք, որոնք միջնադարյան Արևելքում ունեին թարխանության հրովարտակներ, ազատվում էին գանձարան մուծվող բոլոր հարկերից և պարտականություններից, իրենց տերերի հետ չէին կիսում պատերազմների ժամանակ ձեռք բերած ավարը և կատարած հանցագործությունների համար պատասխանատվության չէին ենթարկվում[25]։ Ըստ Ջ. Լոութոնի՝ թուրք-մոնղոլական ազդեցության տարածքներում հարկերից և պարտականություններից ազատվելու երևույթը գլխավորապես հայտնի էր թարխանություն տերմինով։

Խիվայի խանությունում թարխանությունն իրենից ենթադրում էր ազատում ոչ միայն հարկերից, այլև զինապարտությունից[26]։

Բուխարայի խանությունում թարխանությունը ենթադրում էր թարխանի տիրույթների հարկերից ազատում, ազատ ելումուտ ինքնավար իշխանի մոտ և ինը հանցանքների պատասխանատվությունից ազատում[27]։

«Թարխան» հատուկ անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարխան-Մոուրավովներների զինանշանը, 19-րդ դար

Թարխանը հայտնի է նաև որպես հատուկ անուն և որպես այդպիսին հիշատակվում է դեռևս 8-րդ դարից, ինչը հաստատում է 739 թվականին Ֆերգանան գրաված թյուրք իշխանազուն Արսլան Թարխանի անունը[28]։ Թարխանը հատուկ անվան գործառույթ է ունեցել ոչ միայն մարդկանց, այլև բնակավայրերի համար։ Օրինակ՝ Աստրախանի միջնադարյան անվանումը՝ Հաջջ Թարխան։ Այս անվանումը հայտնի է 14-րդ դարից[29]։ Սրա զուգահեռը, երբ տարածքի անվանման բաղադրիչն է թարխանը, առկա է Վրաստանում` Թարխան-Մոուրավովների կալվածքները համապատասխանաբար կոչվում էին Սաթարխնո[30]։

Թարխանությունը միջնադարյան Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարխանություն երևույթի տարածմանն ու կիրառմանը Վրաստանում նպաստել էր 11-13-րդ դարերին այնտեղ արդեն հայտնի իմունիտետային պրակտիկան։ Այն հանդես է գալիս թավիսուփլեբա` հարկային իմունիտետ և շեուվալոբա՝ արքունի պաշտոնյաների մուտքի արգելումը իմունիտետային տարածքներ, ապահարկություն եզրույթներով։ Հիշյալ շրջանում իմունիտետի այս ձևերով օժտված էր նաև եկեղեցին, որն ուներ նաև դատական իմունիտետի իրավունք[31]։ Համարվում է, որ վրաց եկեղեցին՝ որպես հարկերից ազատված և դատական իմունիտետով օժտված, հայտնի է 11-րդ դարից սկսած[32], ինչն իր հերթին կարող էր պայմանավորված լինել վրաց թագավորության վերածնմամբ, վրաց թագավորների կողմից եկեղեցուն օժանդակելու միտումով[33]։

Եկեղեցուն ու նրա կալվածքները ապահարկելու պրակտիկան գործադրվել է նաև մոնղոլական տիրապետության շրջանում։ Քարթլիս ցխովրեբայում պահպանված վկայության համաձայն՝ Մանգու խանի հրամանով Անդրկովկասում Արղունի կատարած աշխարհագրից հետո վրաց և հայոց հոգևորականներն ազատվում են հարկերից. «սակայն հոգևորականության վրա ոչինչ (ոչ մի հարկ) չդրեց և ոչ էլ այլ դավանանքի պատկանողների վրա և գնաց Հունաստան»[34]։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Կիրակոս Գանձակեցին. «բայց յեկեղեցականս ոչ ինչ առին հարկս, զի չունէին հրաման 'ի ղանէն»[35]։ Սրանից հետևում է, որ եկեղեցուն ապահարկելու երևույթը կիրառվում էր նաև Հայաստանում, ընդ որում, այստեղ ևս ապահարկություն եկեղեցուն կարող էին տալ նաև տեղական իշխանները։ Այդ է հաստատում Շիկաքարի[36] Սուրբ Աստվածածին եկեղեցուն 1237 թվականին Մարծպան[37] իշխանի տված ապահարկության իրավունքը. «ու զՇիկայքարայ Աստուածծին ետ իւր հողովն թարխան արարաք»[38]։

Թարխանությունը ուշ միջնադարյան Արևելյան Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սաակաձեի սերնդի՝ Թարխնիշվիլիների տոհմածառը, 1851 թ․

Ուշ միջնադարում Արևելյան Վրաստանում թարխան կամ ազատ էր կոչվում հարկային պարտականություններից ամբողջությամբ կամ մասամբ ազատված գյուղացին։ Թարխան ստացած անձինք ազատվում էին այն շնորհած ֆեոդալին հարկեր մուծելուց, բայց շարունակում էին վճարել միայն պետական հարկերը։ Ընդ որում, հարկերից ազատված թարխանը հնարավոր է շարունակեր իր տիրոջը մուծել հարկերից որևէ մեկը, օրինակ սամասպինձլո հարկը[Ն 3]: Թարխանները կարող էին նաև զրկվել իրենց արտոնություններից և նորից ընկնել նախկին ճորտական կախվածության մեջ[43]։

Վրաց միջավայրում այս երևույթի ակնառու դրսևորումներից է Սաակաձե ազնվական ընտանիքին թարխանություն շնորհելու փաստը։ Թարխան կոչումը Գեորգի Սաակաձեին շնորհել է Քարթլիի Սիմոն I թագավորը[44], և հետագայում այս կոչումը դարձել է տոհմանվան մի մասը, իսկ Սաակաձեի հետնորդները կոչվել են Մոուրավիշվիլիներ կամ Թարխնիշվիլիներ։ Հավանական է նաև, որ կոչումը տրվել է Գեորգի X թագավորի կողմից, քանի որ կոչումը ստանալու պահին Գեորգի Սաակաձեն 22 տարեկան էր (ըստ պատմաբան Պլատոն Իոսսելիանիի՝ ծնվել է 1582 թվականին), իսկ դա, հետևաբար, եղել է 1604 թվականին՝ Գեորգի X թագավորի իշխանության տարիներին, երբ Սիմոն I-ն արդեն կենդանի չէր։ Ըստ մեկ այլ տեսակետի՝ թարխանություն Սաակաձեներին տրվել է Ռոստոմ թագավորի կողմից Գեորգի Սաակաձեի որդուն՝ Իորամին, ով օժանդակել էր Ռոստոմին՝ նրա դեմ բարձրացված ապստամբությունը ճնշելու գործում։ Եվ միայն դրանից հետո է Ռոստոմը Իորամին թարխանություն տվել, և Սաակաձեները Մոուրավիշվիլիի փոխարեն կոչվել են Թարխնիշվիլիներ[45]։

Թարխան տիտղոսի տոհմանվան վերածման երևույթի զուգահեռն առկա է նաև Հնդկաստանում։ Մասնավորապես Սինդհում, որտեղ 16-րդ դարի երկրորդ կեսին Արղունյանների Թարխանյան ճյուղն էր հիմնադրել Մուհամմադ Իսա բեգը[46]։ Այս դինաստիայի տոհմանունը՝ Թարխանյան (Tarkhan dinasty), ևս ծագել էր թարխան տիտղոսից։

Թարխանությունը որպես ապահարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գարեջայի վանքային համալիր

Արևելյան Վրաստանում ամբողջական ապահարկության դեպքերից է «Քարթլի-Կախեթի-Մեսխեթի կաթողիկոսական կալվածքների թարխանության» 1392 թվականի հրովարտակը, որտեղ ասվում է. «․․․ և ինչ ճորտեր և կալվածքներ կան Քարթլիում, Կախեթում կամ Սոմխեթում և այլ տեղերում՝ նվիրված և նախկինում ունեցած, այժմ այս հրովարտակով նորոգում և թարխանություն ենք տալիս բոլոր արքունի հարկերից»։ Վանական կալվածքների ապահարկման նման ձևակերպումներ ունեն մցխեթյան կաթողիկոսական կալվածքների 1447, 1559 թվականների և Դավիթ Գարեջայի վանքի 1696 թվականի թարխանության հրովարտակները։

Ապահարկությունը տրվում էր նաև անհատների։ Որպես օրինակ կարող է ծառայել Քարթլիի Գեորգի XI թագավորի կողմից 1692 և 1697 թվականներին[47] Փարեմուզ Ջավախիշվիլիին տրված ապահարկության հրովարտակները, որտեղ Ջավախիշվիլիի ճորտերը և կալվածքներն ազատվում են թվարկվող բոլոր հարկերից՝ կոդիս-պուրի, սաբալախե, պիրիսթավի, նախիրիսթավի, լաշքար-նադիրոբա, սաուրի, սամեջինիբո, և ստանում լրիվ թարխանություն։

Մցխեթի կաթողիկոսական կալվածքների ամբողջական թարխանության հրովարտակներից բացի, թարխանության գրեր էին տրվում առանձին թեմերի, վանքերի և եկեղեցիների։ Ընդ որում, այդ հրովարտակները հաճախ թարմացվում և վերահաստատվում էին։ Այսպես, Մանգլիսիի եկեղեցին ամբողջական թարխանություն է ստանում Ալեքսանդր արքայից 1441 թվականին, 1632 թվականին բոլոր հարկերից ազատում է Թեյմուրազ թագավորը, 1678 թվականին՝ Գեորգի XI թագավորը, 1682 թվականին Գեորգի XI-ը ազատում է բոլոր հարկերից բացի մեկ հարկից (հայտնի չէ, թե որ հարկից, հավանաբար, ուլուփայից կամ սաուրիից), իսկ 1688 թվականին՝ ապահարկում է բացառությամբ զինապարտությունից ազատելու (վանքի ճորտերին) և թաթարական հարկից (ուլուփայից կամ սաուրից, որոնք վավերագրերում հիշատակվում են որպես մոնղոլական հարկեր), 1689 թվականին Հերակլ I (Նազար Ալի խան) ազատում է եկեղեցուն բոլոր հարկերից՝ բացի թաթարական սաուրիից, զինվորական և որսորդական պարտականությունից, նույն պայմաններով 1711 թվականին եկեղեցուն թարխանություն է տալիս նաև Վախթանգ VI[48][49]։

Քարթլ-Կախեթի թագավոր Հերակլ II

Դավիթ Գարեջայի վանքին լրիվ թարխանություն է տրվել 1696 թվականին, իսկ 1698 թվականին Հերակլ I-ը վերահաստատել է այս հրովարտակը նույնությամբ։ 1770 թվականին Հերակլ II-ը ևս ազատում է վանքի կալվածքները բոլոր հարկերից։ Սուրբ Նինոյի վանքից հարկեր չգանձելու հրովարտակ է տվել Կախեթի թագավոր Արչիլ II (Շահ Նազար, 1664–1674), որը վերահաստատվել է 1753 թվականին Հերակլ II կողմից, իսկ 1758 թվականին նույն արքան վանքին լրիվ թարխանություն է շնորհել։ Թարխանության հրովարտակներ են տրվել նաև Ծիլկանի և Ուրբնիսիի վանքերին, որոնց կալվածքները ապահարկվել են 1632 թվականին Թեյմուրազ, 1648 թվականին՝ Ռոստոմ, 1668 թվականին՝ Շահնավազ, 1798 թվականին՝ Հերակլ II թագավորների կողմից։ 1550 թվականին թարխանություն են ստացել Քվատախևիի, 1651 թվականին՝ Ալավերդիի, 1716 թվականին՝ Սիոնի, 1583 թվականին՝ Մցխեթի, 1726 թվականին՝ Ռուիսի, 1768 թվականին՝ Սամթավիի եկեղեցիներն ու վանքերը[50][51]։

Թարխանություն տրվում էր ինչպես վանական կալվածքներին, այնպես էլ վանքերի ու եկեղեցիների սպասավորներին։ Օրինակ, դա են վկայում Ռոստոմ թագավորի կողմից 1637 թվականին[52] և 17-րդ դարին[53] թվագրվող Էլենե թագուհու կողմից Դիղոմի դեկանոզ Աթանելիին և Աբրամ Պապիձեին տրված թարխանության շնորհագրերը։ 18-րդ դարում ապահարկման անուղղակի ցուցումներ են պարունակում նաև Իրանի շահերի ֆերմանները, որտեղ Արևելյան Վրաստանում վանքապատկան կալվածքների օրինական տնօրինող է ճանաչվում վրաց եկեղեցին՝ դրանով նախանշելով այդ կալվածքների անձեռնմխելիությունը[54]։

Արևելյան Վրաստանում թարխանություն տրվում էր ոչ միայն վրաց եկեղեցուն, այլև հայ քահանաներին։ Այսպես, 1594 թվականին Քարթլիի Սիմոն թագավորի կողմից Գորիի հայ քահանաներին տրվում է լրիվ թարխանություն և հրամայվում նրանցից այլևս չգանձել վջուհաթ, մալոջհաթ, բահրաչե, բիգար-շիգար, ուլաղ-ուլամ հարկերը և այլ պարտավորություններ[55]։

Այսպիսով, պարբերաբար վերահաստատվող թարխանության հրովարտակներ տրվում էին առավել խոշոր և կարևոր դեր ունեցող վանքերին, Մցխեթի կաթողիկոսական կալվածքներին ամբողջական թարխանություն է տրվել միայն 14-17-րդ դարերում, թարխանությունը հաճախ բացառություն էր կազմում որոշ հարկերի, մասնավորապես, սաուրիի և զինվորական պարտականության համար։ Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ առաջինը կարևորվում էր որպես դրամական հարկ, իսկ երկրորդը՝ արքայական զորագնդերը համալրելու ռեսուրս։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայտնի է Ասթարխան, Ռասթարխան, Ռաժթարխան ձևերով։ Ըստ երևույթին ճիշտ է ռաս-ով սկսվող ձևը, առավել ևս, որ խազարական բանակում կար այդ պաշտոնը[14]։
  2. Վ. Բարտոլդը թարխաններին տրված արտոնությունները ներկայացնում է քիչ այլ կերպ՝ պատերազմի ավարի և որսի նկատմամբ ամբողջական սեփականության ձեռքբերում, ինը մահվամբ պատժվող հանցագործությունների պատասխանատվությունից ազատում, բոլոր հարկերից ազատում, ազատ ելումուտ պալատում։
  3. Միջնադարում սամասպինձլոն ճորտի կողմից տիրոջը վճարվող բնամթերային հարկատեսակ էր։ Այն սխալմամբ համարվել է դրամական հարկ, որի վերացվել է 19-րդ դարի 40-ականներին բնամթերային մի շարք հարկերի դրամականի վերածումից հետո։ Համադրելի է ունեբուրի ստումարի, կոնալղա հարկերի հետ, քանի որ այն ևս գանձվում էր «հյուրասիրության» տեսքով[39][40][41][42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C. E. Bosworth (2004). The New Islamic Dynasties. Edinburgh: Edinburgh Univ. Press. էջ 329.
  2. А. Панцхава (1965). Очерки аграрной истории феодальной Картли-Кахети конца XVIII века. Тбилиси. էջ 141.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն, ֆ. HD, փաստ. 14661 ա։
  4. Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն, ֆ. HD, փաստ. 14661 բ։
  5. Լ. Խաչիկյան (1955). Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԵ դար, մասն առաջին. Երևան. էջ 337.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. R. N. Frye (1951 թ․ հունիս). «Ţarxŭn-Türxūn and Central Asian History». Harvard Journal of Asiatic Studies. 14 (№ 1/2): 105–129.
  7. G. Clauson (1972). An Etymological Dictionary of Pre-thirteenth-century Turkish. Oxford. էջ 539.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. H. Beveridge (1917 թ․ հոկտեմբեր). «The Mongol Title Tarkhan». Journal of the Royal Asiatic Society of Great Britain & Ireland (New Series). 49 (4): 834.
  9. Д. Чубинашвили (1984). Грузино-русский словарь. Тбилиси. էջ 554.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. M. Brosset (1849). Histoire de la Géorgie depuis l’antiquité jusqu’ au XIXE siècle, 1re partie. St.-Pétersbourg. էջ 156.
  11. C. D’Ohsson (1834). Histoire des Mongols. La Haye et Amsterdam. էջ 45.
  12. K. A. Brook (2009). The Jews of Khazaria. Lanham. էջ 53.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. O. Pritzak (1978). «The Khazar Kingdom's Conversion to Judaism». Harvard Ukrainian Studies, Cambridge. 2 (3): 261–281.
  14. E. van Donzel, A. Schmidt (2009). Gog and Magog in Early Eastern Christian and Islamic Sources. Leiden, Boston. էջ 190.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Ղևոնդ Ալիշան (1857). Արշաւանք արաբաց ի Հայս. Փարիզ. էջ 163.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. P. B. Golden (2006). Turks and Iranians: A Historical Sketch, Turcologica: Turkic-Iranian Contact Areas. Wiesbaden. էջեր 17–39.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. A. Qadir (2004). Waķf; Islamic Law of Charitable Trust. New Delhi. էջ 132.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Ch. Le Beau, H.- P. Ameilhon, J. Saint - Martin, M. Brosset (1830). Histoire du Bas-Empire, t. XI. Paris. էջ 3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Тюркская история и право. Казань: С. Максуди Арсал, пер. Р. Мухамметдинов. 2002. էջ 266.
  20. В. В. Бартольд (1963). Сочинения I, Туркестан в эпоху монгольского нашествия. Москва. էջ 451.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  21. Ала-ад-дин Ата-Мелик Джувейни, пер. М. М. Казвини (2004). Чингисхан. История завоевателя мира. Москва. էջ 27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  22. The Mongols and the Armenians (1220–1335). Leiden: B. Dashdondog. 2010. էջ 117.
  23. А. Григорьев (2006). Золотоординские ярлыки: поиск и интерпретация, Тюркологический сборник. Москва. էջեր 74–143.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. D. Nicolle, A. McBride (1990). The Age of Tamerlane. Oxford. էջ 24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. В. М. Плоских (1968). Очерки патриархально-феодальных отношений в Южной Киргизии. Илим. էջ 125.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  26. J. Lawton (1991). Samarkand and Bukhara. London. էջ 29.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. R. MuKminova (2003). The Shaybanids.– History of Civilizations of Central Asia: Development in Contrast : from the Sixteenth to the Mid-Nineteenth Century. Turin. էջեր 33–45.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  28. A. Saidov, A. Anarbaev, V. Goriyacheva (2011). The Ferghana Valley; the Precolonial Legacy, Ferghana Valley: The Hearth of Central Asia. New York. էջեր 3–29.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Ibn Battúta, trans. H. A. R. Gibb (2005). Travels in Asia and Africa 1325–1354. New Delhi. էջ 151.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. И. А. Гильденштедт (2002). Путешествие по Кавказу в 1770–1773 гг. Санкт Петербург. էջ 156.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  31. А. Г. Маргарян (1984). Феодальный иммунитет и процесс закрепощения крестьянства в Армении и Грузии в XI–XIII веках.– Кавказ и Византия, вып. 4. Ереван. էջեր 5–20.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  32. Л. Колесников (2002). Религиозная обстановка в Грузии. Грузия: проблемы и перс- пективы развития. Москва. էջեր 317–337.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  33. Н. Покровский (1905). Краткий очерк церковно-исторической жизни Грузии со времени появления в ней христианства и до вступления ее в подданство России. Тифлис. էջեր 93–95.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  34. Qartlis Cxovreba, t. IV. Tbilisi. 1973. էջեր 215–216.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ Համառօտ պատմութիւն. Վենետիկ. 1865. էջ 211.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Ш. Мкртчян, Б. Улубабян (1989). Историко-археологи- ческие памятники Нагорно-Карабаха. Ереван. էջ 10.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների (3): 96–105. 1996. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  38. Ա. Մաթևոսյան (1984). Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար. Երևան. էջ 905.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  39. M. Brosset (1857). Histoire de la Géorgie depuis l’ antiquité jusqu’ au XIX E siècle, II partie, II livr. St.-Pétersbourg. էջ 508.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  40. Э. Орджоникидзе (1983). Эволюция аграрных отношений в Грузии. Тбилиси. էջեր 71, 80.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  41. З. Анчабадзе (1966). Очерки экономической истории Грузии первой половины XIX века. Тбилиси. էջ 24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  42. Ш. Месхиа (1959). Города и городской строй феодальной Грузии. Тбилиси. էջ 211.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  43. Д. Гвритишвили (1961). Из истории социальных отношений в позднефеодальной Грузии (сатавадо сеньории). Тбилиси. էջեր 114–115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  44. А. Хаханов (1901). Очерки по истории грузинской словесности, вып. 3. Москва. էջ 200.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  45. Г. Отхмезури (1999). Малые княжества Шида Картли (XV–XVII вв.), дис… док. ист. наук. Тбилиси. էջ 71.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  46. C. E. Bosworth (2004). The New Islamic Dynasties. Edinburgh: Edinburgh Univ. Press,. էջ 329.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  47. Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն, ֆ. HD, փաստ. 2521:
  48. ред. А. Берже (1886). Акты, собранные Кавказскою археологическою комиссею, т. 1. Тифлис. էջեր 6, 23, 30.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  49. Д. Пурцеладзе (1881). Грузинские церковные гуджары(грамоты). Тифлис. էջեր 7, 8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  50. ред. А. Берже (1886). Акты, собранные Кавказскою археологическою комиссею, т. 1. Тифлис,. էջեր 9, 10, 19, 23, 25, 30, 33, 43.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  51. Д. Пурцеладзе (1881). Грузинские церковные гуджары(грамоты). Тифлис. էջեր ջ 22, 25, 35, 45, 51.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  52. Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն, ֆ. HD, փաստ. 1954
  53. Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն, ֆ. HD, փաստ. 15097
  54. Тбилисская коллекция персидских фирманов, т. I. Кутаиси. 1970. էջեր 127–128, 148, 156.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  55. Հ. Փափազյան (1956). Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, պր. 1. Երևան. էջեր 74–75.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոռ Մարգարյան (2014). «Թարխանության ձևերը և ապահարկումը Արևելյան Վրաստանում (XVI–XVIII դարեր)». Պատմա-բանասիրական հանդես (1): 114–122. ISSN 0135-0536