Թամզարա (պար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամզարա (այլ կիրառումներ)
Թամզարա, բուն հայկական հարսանեկան երգ-պար։ Այն պարել են շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, սակայն գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվան ծագումը չի կարողացել բացատրել։
Թամզարա գյուղի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում։ Այս բնակավայրը, բացի «Թամզարա» անվանումից, կոչվում էր նաև «Թամարզա», «Թումարզա»։
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով, ըստ վարկածի, հիմնել է տվյալ Թամզարա գյուղը։ Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հրաչյա Աճառյանն իր «Գավառային բառարանում»։
Պարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն (պարագլուխ) ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։
Այժմ «Թամզարան» կորցրել է իր նախկին ծիսական նշանակությունը, երբ այն կատարվում էր գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ։
«Թամզարա» պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքին։ «Թամզարայի» տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով։ Իսկ պարը վեցի փոխարեն ունի միավոր ութ հաշիվ և շարժում։
Աշխատություններում գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։
Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից։ Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ։
Շարժումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում։
«Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները։
Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են.
- աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ,
- ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ՝ ձախ ոտքը միացվում է աջին,
- կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ,
- կրկնակի հարված ձախ ոտքով,
- ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
- մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա,
- մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա,
- կրկնակի հարված աջ ոտքով։
Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք տարբերվում են վերը նշվածից։ Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով։
Կան նաև տարբերակներ, որտեղ ոտքերի հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին իր վրա վերցնում մարմնի ծանրությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԹԱՄԶԱՐԱ Արխիվացված 2020-11-30 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|