Սրաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրաբար, համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից մեկը, որի տարատեսակներից է նաև «Հայսին բարը»։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը առաջացել է «սրա» արմատից, որը նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համշենահայերը «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել է ավարտին։ Պարին մասնակցել են բոլոր զույգերը։ Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել։ Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց։ Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է։

«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս։ Այն կատարվում է երկու անգամ. առաջինը՝ հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտի պար, երկրորդը՝ հարսանիքի վերջում։ Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ՝ կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելու համար։ «Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով։ Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ։ Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ։

Պարային քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի ժամանակ երկսեռ զույգերը փակ շրջան են կազմում տան կենտրոնում գտնվող օջախի շուրջ, կողք-կողքի, թևերը՝ 90˚ անկյունով դեպի առաջ ծալած, դեմքերը դեպի շրջանի կենտրոնը։ Պարային քայլերն են․

  • ձախ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվում և վերադառնալով՝ ընդունում մարմնի ծանրությունը,
  • նույնը կատարում է աջ ոտքը,
  • ձախը կրկնում է առաջին շարժումը,
  • աջ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվելով,
  • աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ՝ կես քայլ հեռավորությամբ,
  • ձախ ոտքով քայլ-միացում. ոտքը դնում են սահեցնելով, առանց գետնից շատ բարձրացնելու։

Տղամարդիկ երբեմն տեղափոխվող ոտքը, թեթև բարձրացնելով, խաղացնում են օդում։ Պարը խիստ հանդիսավոր է։

Համշենցիները «Սրաբարը» համարում են «Թռթռուգի» և «Ձօնդր բարի» (ծանր պար) միջին տեսակ կամ հանգիստ «Թռթռուգ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սրաբար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]