Թամուր աղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թամուր աղա, հայկական սգո պար։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեմուր», «Թամուր» հին իրանական լեզվում նշանակում է երկաթ։ Այս պարը ներկայացնողները չեն կարողացել հաղորդել, թե ով է եղել Թամուրը։ Շատախցիները համարում էին, թե նա ոմն Շաքըր աղայի թոռն էր (Շաքըր աղան շուրջ 150-200 տարի առաջ եղել է Շատախի տանուտերը և թերևս հարստահարել նրանց), այսինքն ապրել է ոչ վաղ անցյալում։ Իսկ ոմանք մեկնաբանում էին, որ Թամուրը Թամեռլանն է՝ Լենկ Թեմուրը։ Պարզ է, որ դժվար թե Շաքըր աղայի թոռը կամ Ժանտ Թամեռլանը դառնային հայերի համաժողովրդական սիրո օբեկտ։ Անհրաժեշտ փաստերի անբավարարությամբ հանդերձ՝ պարերի զուտ հայեցի ձևերը խոսում են այն մասին, որ այստեղ խոսքը հայ ժողովրդի կողմից սիրված զուտ հայկական հերոսի կամ մի քանի ազգային հերոսների մասին է, որոնք հետագայում անվանափոխվել և մոռացության են մատնվել հետագա ժամանակների շերտավորումներով, մասնավորաբար՝ ոմն Թամուրի կերպարով։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափոր ներկայացնող պարով (մինչ նրա մասունքները գերեզման իջեցնելը) և հետո նրա հերոսության գովերգումով։ Դժվար է ճշտգրիտ պարզել հայ ժողովրդի համար մահվանից հետո սիրելի և արժեքավոր դարձած այն պատմական անձի կերպարը, որի անունով կոչվել են սգո, հիշատակի պարերը։ Հավանական է, որ պարերն ավելի հին են տվյալ հերոսի ապրած ժամանակաշրջանից։ Հայ ժողովրդի համար շատ սիրելի այդ հերոսի անունն ու կերպարը հետագայում դուրս է մղվել օտարերկրացի Թամուրի անունով։ Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, այն կանչ է, որն ավետում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում նրա հուղարկավորությունը։

Պարային քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաշարքում կանգնում են կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ։ Ձեռքերը բռնում են ճկույթներով, որոշ տարբերակներում՝ ափերով՝ բարև բռնած։ Սկզբում պարողները դեմքով ուղղված են դեպի շրջանի կենտրոն, ձախ ոտքը հարվածում է, իսկ աջ ոտքը, կորագիծ գծելով և հարվածելով, ընդունում է մարմնի ծանրությունը՝ հնարավորություն տալով նույնը կատարել ձախ ոտքին։ Այս շարժումը կատարվում է երկու անգամ, որից հետո աջ դարձումով աջ ոտքով գնում են աջ, ապա ուղղվում և ձախ ոտքով կատարում քայլ տեղում։ Այս շարժումն էլ կրկնվում է երկու անգամ, որից հետո նորից կատարվում է դարձ դեմքով դեպի շրջանի կենտրոն, և կրկնվում են սկզբնական հարվածներով զուգորդվող շարժումները։ Հաջորդ անգամ կրկնվում են կողք գնացող շարժումները, միայն աջի փոխարեն տեղաշարժը դեպի ձախ է։ Պարի ինչ-որ հատվածում պարողները կողք գնացող շարժումներով ուղղվում են դեպի կենտրոն և վերջում կքանստում՝ ըստ երևույթին հերոսի մասունքները գերեզման իջեցնելու շարժումները նկարագրելով։ Նմանատիպ շարժում պարի ընթացքում կատարվում է հիմնականում մեկ անգամ, ընդ որում, այդ պահին պարը նաև մեկ կարճ դադար է առնում, որից հետո պարողները թիկունքով հետ են գնում՝ վերականգնելով պարի ելման դրությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թամուր աղա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]