Կարնո քոչարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարնո քոչարի, Քոչարի պարի տարատեսակներից մեկը, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ «Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ։

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով։ Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին համահարթել պարի նախասկզբնական (վաղնջական) ձևը։

Պարային քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները։ Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը[1]։ Կարնո քոչարիի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • աջ ոտքը կատարում է կցորդ քայլ
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը
  • տեղում կատարվում է խոյահարող շարժում

Պարի առաջին հատվածը պարում են ծնկների վրա զսպանակելով, իսկ երկրորդ հատվածը՝ թաթերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարնո քոչարի(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]