Իշխանաց պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իշխանաց պար («Շեյխերի», «Շէխանի»), մեհենական պարերի խմբին պատկանող պար։

Տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի պարի 3 տարբերակ՝ Հայոց ձորի, Շատախի և Պարսկահայքի։

Հայոց ձորի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանաց պարի Հայոց ձորի տարբերակը ռազմապար է։ Այն անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի»։ «Շեյխերի» կամ «Շէխանի» անվանումները ծագում են շեյխ բառից, որը քրդերի հոգևոր առաջնորդն է։ Պարի բարդության պատճառով հիմնականում պարում էին միայն երիտասարդ իշխանները։ Հայերը պարը հիմնականում պարում էին ուխտագնացությունների, տոների, խնջույքների ժամանակ՝ Վանում, Թիմարում, Բերկրիում։ Գրեթե բոլոր ռազմապարերի նմանա «Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է։ Պարում են մեկ շարքով, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացրած։ 12-15 մարդ տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ՝ ետ։

Շատախի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատախի «Շէյխանի-Շիվհալանի» պարի անվանումը ամբողջովին չի բացատրվել։ Պարի առաջին 2 մասերը, որոնք կոչվում էին «Շէյխանի» պարվում են դանդաղ, իսկ «Շիվհալանին»՝ պարի երրորդ և չորրորդ մասերը ավելի արագ են։ 8 տակտ 4/4 ռիթմով՝ «Շէյխանի», 13 տակտ 4/4 ռիթմով՝ «Շիվհալանի»։ Ըստ որոշ ենթադրությունների «Շիվհալանին» վշտի, հիշատակի պարատեսակներից է, որի մեջ կան և՛ ետ քայլը, և՛ ձախ քայլը։ Սակայն ուրախ թռիչքների պատճառով մոռացվել է պարի այդ իմաստը։

Պարսկահայքի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկահայքի «Շէյխանեն» նույնպես իշխանների պար է, և պատկանել է մեհենական պարերի շարքին։

Պարային քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, ամենադժվար պարատեսակներից մեկը հայկական պարերի մեջ։ Մեղեդու չափը 4/4 է։ Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով։ Կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի։ Պարաշարքը տեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում։ Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության։ Պարեղանակը և պարը հետզհետե արագանում են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իշխանաց պար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]