Շավալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շավալի, Կարնո հարսանեկան պար։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շավալին» հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այն համարում են միայն հարսանեկան պար, հիշատակվում է նաև որպես խնամու պար։ Շորորաձև պարերը նախկին տոտեմների, տնային աստվածությունների և տվյալ օջախի նախնիների պաշտամունքի մնացորդներ են. դա են հաստատում պարում առկա ձախ գնացող քայլերը և շորորալը։ Պարի ընթացքում պարողների շարժումները պահպանողական են՝ մեղմ, վեհանձն և ծանր։ Երբ պարում են միայն կանայք, պարի գեղեցկությունը և կանանց հեզաճկուն շարժումները հիշեցնում են «Ուզունդարան»։ Պատմողներն այս պարը նմանեցնում էին Կարնո պարարվեստի մեկ այլ մոռացված նմուշի՝ «Հուշիկ-մուշիկ» պարին, որի տարբերությունը «Շավալուց» կողք գնացող քայլերի ժամանակ մարմնի դիրքի, կեցվածքի մեջ էր[1]։

Պարային քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարը կլոր է, կատարում են խառը՝ հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայք։ Պարում են շրջանով՝ երբեմն բացելով շրջանը։ Ձեռքերը բռնում են ճկույթներով, ափերը պահում են ուսերի բարձրությամբ։ Տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ։ Պարային քայլերն են․

  • ձախ ոտքով քայլ դեպի ձախ՝ մարմինը շորորաձև պտտելով դեպի ձախ,
  • աջ ոտքը միացվում է ձախին՝ ընդունելով մարմնի ծանրությունը և մարմինը շորորաձև պտտելով դեպի աջ,
  • 4 անգամ համապատասխանաբար կրկնվում են առաջին երկու պարաքայլերը.
  • կրկնվում է առաջին քայլը,
  • աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացվում է՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով,
  • ձախ դարձում կատարելով՝ ձախ ոտքը խաղացվում է՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով,
  • աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացվում է՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով,
  • աջ թեքված մարմնով աջ ոտքով քայլ է կատարում դեպի աջ,
  • աջ թեքված մարմնով ձախ ոտքով քայլ է կատարում դեպի աջ,
  • ձախ ոտնաթաթի վրա պտտվելով՝ ուղղվում է մարմինը՝ միաժամանակ մարմնի ծանրությունը տեղափոխելով աջ ոտքի վրա,
  • ձախ ոտքը խաղացվում է՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շավալի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]