Գորանի (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորանի (այլ կիրառումներ)

Գորանի, հայկական սգո պար` կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գորանի» անվանումը կապված է հայերեն «գոռ» արմատի հետ, որը նշանակում է աղմուկ, ժխոր, խուճապ, ծեծկռտուք, մարտ, կռիվ։ «Գոռալ» նշանակում է ճչալ, ոռնալ, բղավել, «գորան»՝ անմշակ։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գորանին» ունի ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ։ Պարի հատակագծում քայլերի գծերի անկյուններն ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս՝ անդրշիրիմյան աշխարհ։ Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարն ասես պատկերում է մայր մտնող արև։ Պարաշարքի կառուցվածքը մեկ շարք է, որը վերածվում է աղեղի։ Կանգնում են ուս ուսի՝ ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված։ Ձեռքերը միահյուսվում են ճկույթներով և ծալվում արմունկներում՝ ուղիղ անկյան տակ։ Դաստակները ուղղված են առաջ։ «Գորանի» պարի մի տարբերակում ձեռքերը ճոճվում են ուղղահայաց՝ վերև, ներքև, և հորիզոնական՝ ձախ, աջ, ձախ, տարբեր պարբերականությամբ, բայց նույն հաշվին միևնույն ուղղությամբ։ Մեկ այլ տարբերակում՝ յուրաքանչյուր քայլի ընթացքում ձեռքերը կատարում են երկուական շեշտված պտույտներ։ Ոչ մեծ պտույտները կատարում են առանց դաստակները ծալելու, բայց արմունկների ծալումներով, որը զուգորդվում է արմունկներից մինչև մատները շառավղային պտույտներով։ Պտույտների ժամանակ ձեռքերը փոքր-ինչ իջնում են գոտկատեղից, իսկ բարձրանալուց կրծքից չեն անցնում։ «Գորանիի» Ալաշկերտի տարբերակում առաջնորդը կամ պարողներից որևէ մեկը, երբեմն պարող կանանցից մեկը գլխին է դնում ջրով լի պղնձե թասը, որը ձեռքերով պահել չի կարելի։ Ոտքերի շարժումները պետք է չափազանց դանդաղ լինեն և պատկերեն օձի շարժումները ջրում։ Պարողների ծնկների խորը կքանիստերն ու ուղղումները պետք է փոխանցեն օձի ընկղմումը ջրի մեջ և ջրի մակերես դուրս լողալը։ Պարաձևի այս տարբերակի հարթ հատակագիծ ունենալը և աջ ընդհանուր տեղաշարժերը փաստում են մոգական գործողության դրական նպատակների մասին։ Սա արդեն ոչ թե երաշտի ողբ է, այլ լավատեսությամբ անձրև կանչելու ծես։

Պարային քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաձևը կազմված է 12 քայլից, և ընդամենը մեկ փոքր և մեկ խոշոր քայլ տեղաշարժում է դեպի ձախ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գորանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]