Գնդակ մատակարարող տղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակ մատակարարող աղջիկ 2014 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում

Գնդակ մատակարարող տղա, բոլ բոյ[1] (անգլ.՝ Ball boy), աղջիկների դեպքում՝ գնդակ մատակարարող աղջիկ, բոլ գըրլ[2] (անգլ.՝ Ball girl), երիտասարդ, սովորաբար՝ դեռահաս, որի խնդիրն է արագ բռնել գնդակը և այն փոխանցել խաղացողներին կամ մրցավարներին այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ֆուտբոլը, ամերիկյան ֆուտբոլը, մականախաղը, կրիկետը, թենիսը, բեյսբոլը, բասկետբոլը։ Բոլ բոյերն օգնում են գնդակը խաղի մեջ մտցնելու հետ կապված դադարները նվազեցնելուն։

Թենիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլ բոյը (ձախից) և գծային մրցավարը (աջից) 2005 թվականի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում

Թենիսում կարևոր է խաղի տեմպը, ուստի պետք է գնդակն արագ վերադարձնել խաղացողին։ Պրոֆեսիոնալ մրցաշարերում յուրաքանչյուր կորտ ունի գնդակ մատակարարող տղաների (կամ աղջիկների) թիմ, որոնց դիրքերն ու շարժումները նախապես օպտիմալացվում են առավելագույն արդյունավետության և խաղին նվազագույն միջամտության հասնելու նպատակով[3]։ Բացի գնդակներ մատակարարելուց, բոլ բոյերը կարող են թենիսիստներին մատուցել ըմպելիքի շշեր և սրբիչներ[4]։

2018 թվականի մարտին Բրազիլիայի թենիսի բաց առաջնության ժամանակ մարդկանց փոխարեն բոլ բոյի դերում օգտագործվել են շները[5]։

Դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլ բոյերը «ցանցի մոտ» (անգլ.՝ Nets) տեղակայվում են ցանցի երկու կողմերում։ Նրանց դերն է արագ վերցնել ցանցի մոտ ընկած գնդակները և դրանք փոխանցել «բազայում» գտնվող բոլ բոյերին։
  • Բոլ բոյերը «բազայում» (անգլ.՝ Bases) տեղակայվում են կորտի անկյուններում։ Նրանց դերն է գնդակներ ստանալ «ցանցի մոտ» տեղակայված բոլ բոյերից և դրանք փոխանցել մատուցող խաղացողին։

Գնդակի մատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի մատակարարման (անգլ.՝ Feeding) տեխնիկան խաղացողներին կարող է տարբեր լինել՝ կախված մրցաշարից։

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակ մատակարարող տղաները մրցաշարերին մասնակցելու համար ընտրվում են թեստերի և փորձնական խաղերի մասնակցելուց հետո։ Գնահատվում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, դիմացկունությունը, արագությունը, գնդակը բռնելու և նետելու ճշգրտությունը[4][6]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ գնդակ մատակարարողներն օգնում են խուսափել երկար ուշացումներից, որոնք առաջանում են գնդակի սահմաններից դուրս գալու պատճառով։ Նրանք սովորաբար տեղակայվում են դաշտի երկայնքով տեղադրված գովազդային վահանակների հետևում։ Երբ գնդակը դուրս է գալիս խաղադաշտից, բոլ բոյերը փորձում են արագ բռնել այն և տալ խաղացողներին։

Բոլ բոյներին ընտրում են տարբեր չափանիշներով՝ կախված կոնկրետ մարզադաշտից, հաճախ բոլ բոյ են դառնում ֆուտբոլային ակադեմիաների սաները[7]։ Անգլիայում նրանց միջին տարիքը 15 է, սակայն նրանք կարող են լինել ավելի փոքր տարիքի․ գնդակ մատակարարող տղաների համար տարիքային սահմանափակումներ չկան[8]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից շատերը դեռահաս տարիքում եղել են բոլ բոյեր։ Նրանց թվում են Պեպ Գվարդիոլան, Ռաուլ Գոնսալեսը, Վեսլի Սնեյդերը, Կառլոս Տևեսը, Արդա Թուրանը, Ալվարո Մորատան, Յագո Ասպասը, Դոնի վան դե Բեկը, Բեռնարդու Սիլվան, Ֆիլ Ֆոդենը, Կալում Հադսոն-Օդոին, Բրահիմ Դիասը և ուրիշներ[9][10]։

Բոլ բոյերն ու գլխավոր մարզիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչները հաճախ խորհուրդներ են տալիս գնդակ մատակարարող տղաներին՝ ինչպես ճիշտ և արագ մատուցել գնդակները իրենց թիմի խաղացողներին և, հակառակը, վտանգի դեպքում չշտապել գնդակը տալ մրցակից թիմի խաղացողներին[8]։

2019 թվականի նոյեմբերին «Տոտտենհեմ Հոտսպուրի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է բոլ բոյ Կալում Հայնսին, որի արագության շնորհիվ իր թիմի խաղացողներին հաջողվել է գոլ խփել։ Մոուրինյոյի խոսքերով՝ տղան լավ է «կարդում» խաղը, հասկանում է այն և «կարևոր գոլային փոխանցում է» կատարել։ Դրանից հետո պորտուգալացի մարզիչը տղային հրավիրել է «Տոտտենհեմ Հոտսպուրի» խաղացողների հետ ճաշի[11]։

2022 թվականի ապրիլին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ատլետիկո Մադրիդ» խաղից առաջ անգլիական ակումբի մարզիչ Պեպ Գվարդիոլան տեսաուղերձ է հղել «Էթիհադ» մարզադաշտում գնդակ մատակարարող տղաներին՝ խնդրելով գնդակը որքան հնարավոր է շուտ վերադարձնել երկու թիմերին՝ կանխելու «Ատլետիկոյի» խաղացողների կողմից «խաղը ձգելը»[12]։ Գվարդիոլան նշել է, որ բոլ բոյերը «խաղի մեծ ծրագրի» մասն են[8]։

Միջադեպեր բոլ բոյերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 23-ին Անգլիայի Ֆուտբոլի լիգայի գավաթի «Սուոնսի Սիթի» - «Չելսի» հանդիպման ժամանակ «Չելսիի» խաղացող Էդեն Ազարը ոտքով հարվածել է Չառլի Մորգանին, որը պառկել էր գնդակի վրա՝ փորձելով «ձգել ժամանակը»[13]։ Ագրեսիվ պահվածքի համար Ազարը հեռացվել է խաղադաշտից, իսկ հետո որակազրկվել երեք խաղով[14]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խաղից մեկ օր առաջ գնդակ մատակարարող տղան թվիթ էր գրել, որ պատրաստվում է օգնել իր թիմին «ձգել ժամանակը»[15]։

2022 թվականի մայիսին «Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարմիր քարտ է ստացել այն բանի համար, որ զայրացած վիճակում գնդակով հարվածել է բոլ բոյին, որը չափազանց երկար ժամանակ գնդակը չէր վերադարձնում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бол-бой» (ռուսերեն). Грамота.ру.
  2. «Ball Boys and Ball Girls» (անգլերեն). Wimbledon Championships. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Taylor, David. (2022 թ․ հունիսի 29). «Wimbledon's Ball Boys and Girls are the true heroes of The Championships» (անգլերեն). GQ.
  4. 4,0 4,1 «About Wimbledon - Behind the scenes, Ball boys and ball girls» (անգլերեն). Wimbledon Championships. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին.
  5. Dawson, Alan. (2018 թ․ մարտի 7). «Rescue dogs acted as ball boys and girls at the Brasil Open tennis tournament — and the pictures are amazing» (անգլերեն). Business Insider.
  6. «2009 US Open Ballperson Tryouts» (անգլերեն). United States Tennis Association. 2009 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին.
  7. Taylor, Louise. (2013 թ․ հունվարի 24). «How football clubs choose their ballboys – and ballgirls» (անգլերեն). The Guardian.
  8. 8,0 8,1 8,2 Burton, Chris. (2022 թ․ մայիսի 6). «Explained: How football managers use ball boys and ball girls to help them win» (անգլերեն). Goal.com.
  9. Swan, Rob. (2021 թ․ փետրվարի 11). «Van de Beek, Foden, Guardiola: Ball boys who became famous footballers» (անգլերեն). GiveMeSport.
  10. «Простые болбои, ставшие звёздами мирового футбола» (ռուսերեն). Чемпионат. 2021 թ․ փետրվարի 11.
  11. France, Sam. (2019 թ․ նոյեմբերի 30). «'So beautiful for him' - Mourinho says Tottenham ball boy hero Hynes will join Spurs squad for pre-match meal» (անգլերեն). Goal.com.
  12. Lee, Sam. (2022 թ․ ապրիլի 6). «How Guardiola used Manchester City's ball boys to stop Atletico's time-wasting» (անգլերեն). The Athletic.
  13. Hytner, David. (2013 թ․ հունվարի 25). «Chelsea's Eden Hazard may face longer ban for ballboy altercation» (անգլերեն). The Guardian.
  14. «FA rules out increasing Eden Hazard's three-match ban for ballboy kick» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ հունվարի 31.
  15. «Swansea City ballboy Charlie Morgan boasted about time wasting before Capital One semi-final with Chelsea» (անգլերեն). The Telegraph. 2013 թ․ հունվարի 24.
  16. Steinberg, Jacob. (2022 թ․ մայիսի 5). «Moyes sorry for kicking ball at ballboy during West Ham's Europa League exit» (անգլերեն). The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]