Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թվականին աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիրը», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գիրքը (1921), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի Է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920 թվականին Անտոնյանը տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօր» օրաթերթում)։ 1928 թվականին նշանակվել է Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն[6][7]։
Օգտագործել է Ա., Ա. Ա., Այբայբ, Արամանտո, Բոլիթիքոս, Ա. Գրիգորյան, Էտլվայս, Էրամ, Կապարճ, Մ., Մերս.-, Մարա, Մեղուիկյան, Նվարդ, Մերսետես, Մեֆիսթո, Մոլորակ, Սուրխաթան], Վերատեսուչ, Փյունիկ, Արամ ծածկանունները[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 456)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։