Ավստրիական քաղցրավենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Original Salzburger Mozartkugeln
Reber- Mozartkugeln

Մոցարտկուգել (գերմ.՝ Mozartkugel — «մոցարտյան գնդիկներ»), ավանդական կլոր շոկոլադե կոնֆետներ մարցիպանե միջուկով, որն ստեղծել է Զալցբուրգի կոնֆետի հմուտ մասնագետ Պաուլ Ֆորստը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահից 100 տարի անց, 1890 թվականին։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալցբուրգ քաղաքում իր սեփական հրուշակեղենի ֆաբրիկան Պաուլ Ֆորստն ստեղծել է 1884 թվականին, Բրոդգասսե 13 հասցեում։ 1890 թվականին նա առաջին անգամ ներկայացրեց իր ստեղծած «մոցարտյան կոնֆետները», որը հետագայում վերանվանվեց «մոցարտյան գնդիկներ»։ 1905 թվականին կոնֆետները ներկայացվեցին փարիզյան ցուցահանդեսին և արժանացան ոսկե մեդալի։

Ֆորստի բաղադրատոմսի համաձայն, գետնանուշը պատվում էր մարցիպանի շերտով, այնուհետև պատվում էր նուգայի գնդաձև շերտով, որին ամրացվում էր փայտե պոչիկ՝ հետագայում տաք շոկոլադի մեջ ընկղմելու նպատակով։ Փայտիկը դեպի վեր պահվում էր այնքան ժամանակ, մինչև շոկոլադը սառչեր, հետո զգուշությամբ հանվում էր, իսկ նրա առաջացրած փոսիկը լցվում էր շոկոլադով։ Պատրաստի մոցարտկուգելը ձեռքով փաթաթում էին արծաթա-կապտավուն անագաթիթեղի մեջ։ Այս եղանակով մեկ տարվա մեջ պատրաստվում էր շուրջ 1,4 միլիոն հատ մոցարտկուգել։ Բրոդգասսի օդորակիչ ունեցող սրճարաններում և նրա մասնաճյուղերում կոնֆետները շուրջ ութ շաբաթ պահպանում էին իրենց թարմությունը։ Այս տեխնոլոգիայով Original Salzburger Mozartkugeln շոկոլադները դեռևս արտադրվում են Զալցբուրգի Ֆորստի հրուշակեղենի արտադրամասում, վաճառվում են տեղի խանութներում, ինչպես նաև առաջարկում են վաճառք Համացանցի միջոցով։ Առաջարկվում են նաև այս կոնֆետների այլ տարբերակով և բաղադրատոմսերով լայն ընտրանի, որոնք արտադրվում են ինչպես Ավստրիայում, այնպես էլ այլ երկրներում, օրինակ Գերմանիայում։


Տեսականի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայզերշմարրն

Կայզերշմարրն (գերմ.՝ Kaiserschmarrn, ինչպես նաև Kaiserschmarren — կայսրական (կայսրական ձվածեղ) — ավստրիական (հատկապես վիեննական) խոհանոցի քաղցր ալրային ուտեստ։ Կայզերշմարրնի պատրաստման համար օգտագործվում են քաղցր նրբաբլիթի բաղադրիչներ՝ ալյուր, կաթ, ձու, շաքարավազ և մի փոքր աղ։ Պատրաստի խառնուրդը թավայի մեջ տապակում են այնքան, մինչև ստորին մասը պատրաստ լինի։ Հետո զանգվածը հենց թավայի մեջ տապակվելու ընթացքում բաժանում են փոքր կտորների, շարունակում են տապակել, մինչև փխրուն և խրթխրթան դառանալը։ Հովանալուց հետո վրան ցանում են շաքարի փոշի, մատուցում են վանիլային սոուսով կամ սալորի ջեմով (հյութով)։ Հանդիպում են նաև պատրաստման այլ եղանակներ՝ չամիչով, ընկույզով, նուշով և այլն։ Ավելի թեթև և համեղ ստացվելու համար հաճախ ձվի սպիտակուցը լավ հարում են, հետո ավելացնում են շաքարավազ։ Լեգենդի համաձայն, կայզերշմարրնը եղել է ավստրիական Ֆրանց Իոսիվ I (1830-1916) կայսեր սիրելի ուտեստը, այստեղից էլ առաջացել է անվանումը։ Մյուս լեգենդն էլ փաստում է, որ կայսրը շատ էր սիրում քաղցր նրբաբլիթներ։

Sachertorte[խմբագրել | խմբագրել կոդը]

Sachertorte sold at a café Sachertorte from Budapest. Sachertorte as a present Café Sacher shop interior

«Զախեր» (գերմ.՝ Sachertorte) — շոկոլադե տորթ, արտադրված ավստրիացի հրուշակագործ Ֆրանց Զախերի տեխնոլոգիայով։ Տորթը համարվում է Վիեննայի յուրահատուկ աղանդերը և, միևնույն ժամանակ, ամենահայտնին աշխարհում։ XVIII դարի սկզբին շատ խոհանոցային գրքերի մեջ կարելի էր գտնել գրառված «Զախեր» տորթի բաղադրությունը, որը հետագայում ավելի մեծ տարածում գտավ ոչ միայն Վիեննայում, այլ նաև ամբողջ Ավստրիայում։ Մանրամասնորեն նշում էին թե' բիսկվիթի բաղադրությունը, թե' շոկոլադե ծածկույթի (գլազուր) բաղադրությունն ու պատրաստման տեխնիկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Զախեր
Ֆրանց Զախեր

1832 թվականին արտաքին գործերի նախարար Մետտերնիխն իր խոհարարին հրամայում է իր և մի քանի բարձրաստիճան հյուրերի համար յուրահատուկ աղանդեր պատրաստել։ Քանի որ խոհարարն իրեն շատ վատ էր զգում, ուստի այդ աշխատանքը կատարեց նրա օգնական տասնվեցամյա Ֆրանց Զախերը (1816—1907): Այդ տարիներին նա խոհարարական արհեստ էր սովորում արքունական խոհանոցում։ Չնայած տորթը շատ դուր եկավ հյուրերին, սակայն այդ մասին ոչինչ չխոսվեց և երկար ժամանակ ոչ ոք չհիշեց այդ մասին։ Ուսումն ավարտելուց հետո Զախերն աշխատեց Պրեսսբուրգ և Բուդապեշտ քաղաքների շատ երևելի ընտանիքների խոհանոցներում ։ 1848 թ. նա վերադարձավ Վիեննա, որտեղ բացեց իր գինու և քաղցրավենիքի սեփական խանութը։ Նրա ավագ որդին` Էդուարդը, կրթություն ստացավ վիեննական հեղինակավոր հրուշակեղենի «Դեմել» ֆաբրիկայում։ Նա որոշ փոփոխություններ մտցրեց հոր կողմից մշակված տորթի բաղադրության մեջ, անվանեց «Զախեր» և առաջին անգամ վաճառվեց «Դեմել» ֆաբրիկայում, իսկ 1876 թ. այն դարձավ Էդուարդի կողմից հիմնադրված «Զախեր» հյուրանոցի հիմնական քաղցրավենիքը։ Այդ ժամանակվանից Զախեր տորթը համարվում է վիեննական խոհանոցի հայտնի քաղցրավենիքներից մեկը։
«Դեմել» և «Զախեր» անվանումների համար առաջին անգամ լուրջ վեճ ծագեց 1934 թվականին։ Էդուարդ Զախերն իր ուսումնառության ժամանակ մի քանի անգամ փոփոխություններ էր մտցրել տորթի բաղադրության մեջ։ Սակայն Էդուարդի մահվանից հետո Զախեր հյուրանոցը 1934 թ. սնանկ ճանաչվեց, նրա որդի Էդուարդը (կրում էր հոր անունը) բաղադրատոմսը վաճառեց «Դեմելին»։ Այդ ժամանակից ի վեր տորթը վաճառվում է շոկոլադե մեդալով, որի վրա գրված է «Էդուարդ Զախեր։ Վիեննա»։ 1938 թվականին հյուրանոցի նոր կառավարիչները տորթի անունը գրանցեցին Original Sacher-Torte և վաճառում էին ինչպես հյուրանոցի այցելուներին, այնպես էլ ուղարկում էին վաճառքի՝ պատվիրատուներին։ Երկարատև վեճերից հետո, 1954 թվականին, հյուրանոցի ղեկավարությունը մեղադրեց Դեմել հրուշակեղենի ֆաբրիկային`իրենց կողմից գրանցված և հաստատված տորթի անվանումը օգտագործելու պատճառով։ Դեմելի ներկայացուցիչը պնդում էր, որ բաղադրատոմսի բնօրինակում նշված չի եղել տորթի միջին շերտում ծիրանի ջեմի հավելումը։ Բացի դրանից, հյուրանոցում պատրաստված տորթի բաղադրության մեջ կարագի փոխարեն օգտագործվում է սովորական մարգարին։ Այս երկու կազմակերպությունները համաձայնության եկան 1963 թվականին. հյուրանոցում պատրաստվող տորթի անվանումը մնաց Original Sacher-Torte, կլոր շոկոլադե մեդալով, իսկ հրուշակեղենի ֆաբրիկայում պատրաստվող տորթի վրա դրվում է եռանկյունաձև շոկոլադե մեդալ, որի վրա գրվում է «Դեմելյան տորթ „Զախեր“» (Demel’s Sachertorte): Ռուսաստանում սովետական ժամանակներից հայտնի է Պրագա տորթը, որը որոշ տարրեր է պարունակում «Զախերից»[1]։ 1998 թվականին Գիննեսի ռեկորդների գրքում նշվեց ամենամեծ Զախեր տորթը, որի շառավիղը 2.5 մետր էր։ Ամենից մեծ հարսանեկան տորթը բաղկացած էր 12 հարկերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««От Москвы до Бреста нет такого теста»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]