Վանիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանիլ
Վանիլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք խոլորձազգիներ
Ցեղ Վանիլ
Լատիներեն անվանում
Vanilla
Արեալ
պատկեր

Վանիլ (Vanilla), խոլորձազգիների ընտանիքի վերգետնյա կամ էպիֆիտ բույսերի ցեղ։

Օդային արմատներով մագլցող լիաններ են։ Հայտնի է վանիլի մոտ 100 տեսակ՝ տարածված երկու կիսագնդերի արևադարձային շրջաններում։ Որոշ տեսակների պտուղները պարունակում են բուրավետ, հոտավետ նյութեր (օրինակ, վանիլին) և օգտագործվում են օծանելիքի ու սննդի արդյունաբերության մեջ։ Լայնատերև վանիլ (V․ planifolia) և պոմպոնա վանիլ (V* pompona) լայնորեն մշակվում են Ճամայկայում, Հայիթիում, Գվատեմալայում, Գվինեայում, Ցեյլոնում, Մալայզիայում, Մադագասկարում, Ռեյունիոնում (վերջին երկու կղզիները տալիս են վանիլի համաշխարհային հումքի 50%–ը) և այլուր։ Նախքան համեմունքի վերածելը վանիլի պտուղները ենթարկվում են երկարատև մշակման։ Խոհարարության մեջ օգտագործվում է շաքարի փոշու հետ խառնած վանիլի ալյուրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային անտառներում աճող լիանայի մի տեսակի բարակ ու երկարավուն պտուղն է։ Բույսն ունի հաստ, բաց կանաչավուն ընձյուղներ՝ ծածկված հյութալի տերևներով։ Ծաղիկները թիթեռնաձև են, կանաչադեղնավուն գեղեցիկ ծաղկաթերթերով։ Այդ բույսը աճման ընթացքում փաթաթվում է շրջապատի բարձր ծառերին։ Վանիլ անունն ունի իսպանական ծագում, որ նշանակում է պատիճ։ Պատիճը մսալի կանաչադեղնավուն 20—30 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ տուփիկ է, որի մեջ հասունանում են մեծ քանակությամբ սև գույնի մանր սերմեր։ Հավաքած թարմ պատիճները (պտուղները) հոտ չունեն, այն ձեռք են բերում միայն վերամշակումից հետո։ Վանիլի չորացած պատիճները պարունակում են բուրմունքային գլյուկոալկոլոիդ՝ վանիլին (1,16—2,75 %), որի կազմի մեջ մտնում է բենզալդեհիդ։ Վանիլն օգտագործվում է հրուշակեղենի, շոկոլադի և բարձրորոակ պաղպաղակների արտադրության մեջ։

Վանիլի հայրենիքն է Մեքսիկան։ 18–րդ դարում վանիլը որպես համեմունք բերվել է Լոնդոն, Փարիզ, Անտվերպեն։ 1819 թվականին հոլանդացիները, իսկ 1822 թվականին՝ ֆրանսիացիները վանիլի բույսը տեղափոխում և աճեցնում են Ճավայում և Խաղաղ օվկիանոսի ֆրանսիական կղզիներում։ 1860 թվականին այդ բույսը բերվում է Մադագասկար․ այստեղ խոնավ և արևադարձային տաք կլիմայի պայմաններում այն գտնում է իր երկրորդ հայրենիքը։ Աշխարհում արտադրվող իսկական վանիլի 70 %–ը տալիս է Մալգաշական Հանրապետությունը (Մադագասկար կղզի), որտեղ այդ բույսի ցանքերը զբաղեցնում են 30000 հա տարածություն։ Վանիլի որակը որոշվում է նրա պարունակության մեջ եղած վանիլի քանակով։ Այժմ քիմիական ճանապարհով արտադրվում է արհեստական վանիլ, որն ունի բյուրեղափոշու տեսք և պարունակում է վանիլինի յուղ։ Այն լիովին փոխարինում է բնական վանիլինին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 277 CC-BY-SA-icon-80x15.png