Աշոցքի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աշոցքի սարահարթ, Աղբաաբայի սարահարթ, Ամասիայի սարահարթ, Ղուկասյանի սարահարթ, բարձրադիր բլրավոր հարթավայր Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում, Կարսի սարահարթի հյուսիս-արևելյան հարվածը։ Գտնվում է 1900-2100 մ բարձրության վրա՝ Եղնախաղի, Չըլդրի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև։ Կազմված է արտավիժած հրաբխային բազալտային լավաներից՝ ծածկված ցամաքային նստվածքներով։ Լավային բլուրների ու թմբերի միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, Ղազանչիի, Վարդաղբյուրի և այլ հարթ տեղամասեր։ Կան մկնդեղի (ռեալգար, աուրիպիգմենտ) երևակումներ, քրոմիտ պարունակող գերհիմքային ապարներ, թերթաքարեր (Բանդիվան գյուղի մոտ՝ 150 մլն տ), տորֆ (Աշոցք գյուղի մոտ՝ 3 մլն մ³)։ Կլիման ցամաքային և խստաշունչ է։ Պաղակնում հունվարի միջին ջերմաստիճանր Եթերաշրջան 12° C է, նվազագույնը՝ -46° C (ամենացածրը Հայաստանում), հուլիսին +14° C ձյունածածկը՝ 0,5 մ, տարեկան տեղումները՝ 550-600 մմ։ Հարուստ է ստորերկրյա ջրերով ու աղբյուրներով։ Գետերը հորդանում են գարնանը։ Խոշոր գետը Ախուրյանն է։ Տարածված են լվացված սևահողերը և լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը՝ խոտային (մինչև 1 մ), մարգագետնատափաստանային։ Բնորոշ են հացազգիները՝ սիզախոտ, դաշտավլուկ, շյուղախոտ։ Արփիի լճափի տորֆակալած հողերում տարածված են եղեգնաթավուտներ, բոշխային ճահճուտներ և մարգագետին]]ներ։ Կերային հարուստ բազայի վրա զարգանում է անասնապահությունը։ Մշակում են հացահատիկային բույսեր, հեռանկարային են ձկնատնտեսությունը, լեռնակլիմայական առողջավայրերի և մերձլճակային հանգստի գոտու ստեղծումը։ Լանդշաֆտը՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային։ Աշոցքի սարահարթում են գտնվում՝ Արփի լիճը և Ախուրյան գետի վերին հոսանքը։ Աշոցքի սարահարթում առկան են ստորերկրյա ջրերի պաշարներ[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 13 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 296 — 992 էջ։
  3. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 239 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։