Անտոնի Լոմնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի Լոմնիցկի
Ծնվել էհունվարի 17, 1881(1881-01-17)[1]
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 4, 1941(1941-07-04)[1] (60 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լեհաստան և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս, փիլիսոփա և դպրոցի դասատու
Հաստատություն(ներ)«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, mathematical cartography?[2][2], մաթեմատիկական վիճակագրություն, Դիդակտիկա, մաթեմատիկա[2] և երկրաչափություն[2]
ԱնդամակցությունԼվովի գիտական ընկերություն
Ալմա մատերԼվովի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինլեհերեն[2]
Հայտնի աշակերտներՍտեֆան Բանախ, Stefan Kaczmarz?, Ստանիսլավ Մազուր և Władysław Orlicz?
Ամուսին(ներ)Maria Helena Woszczyńska?
 Antoni Łomnicki Վիքիպահեստում

Անտոնի Լոմնիցկի (լեհ.՝ Antoni Łomnicki, հունվարի 17, 1881(1881-01-17)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 4, 1941(1941-07-04)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի Մարյան Լոմնիցկին ծնվել է 1881 թվականին լեհ բնագետ Մարյան Ալոիզ Լոմնիցկու (1845-1915) և Մարիա Լոմնիցկու ընտանիքում։ Ունեցել է երկու եղբայր`Յարոսլավ Լյուդոմիր Լոմնիցկի (1873-1931) և Մաքսիմիլիան Լոմնիցկի (1877-1947)։

Դպրոց է հաճախել 1888 թվականին։ 1899 թվականին ավարտել է Լվովի չորրորդ գիմնազիան և նույն թվականին ընդունվել Լվովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, որտեղ, մասնավորապես, սովորել է Յուզեֆ Պուզինայի (1856-1919), Յան Ռաևսկու (1857-1906), Ստանիսլավ Կեմպինսկու (1867-1908), Մարյան Սմոլյուխովսկու (1872-1917) և Կազիմիր Տվարդովսկու (1866-1938) մոտ։ Ակտիվորեն մասնակցել է համալսարանի ֆիզմաթ խմբակին, 1902 թվականից գլխավորել է այն։ 1903 թվականի նոյեմբերին ստացել է դոկտորի կոչում՝ պաշտպանելով «Հիպերերկրաչափական ֆունկցիաների դիֆերենցիալ արտացոլումները» թեմայով ատենախոսություն։ Նույն ամսին քննություններ է հանձնել մաթեմատիկայից ու ֆիզիկայից, լեհերենից ու գերմաներենից ու ստացել գիմնազիաներում ու ռեալական դպրոցներում մաթեմատիկայի ու ֆիզիկայի՝ լեհերենով դասավանդման իրավունք։ 1904 թվականի սեպտեմբերից մինչև 1907 թվականը Լոմնիցկին դասավանդել է Տարնուվի առաջին գիմնազիայում։

1905 թվականին ամուսնացել է Վլադիսլավա Բեկերի հետ. հաջորդ տարի ծնվել է նրանց դուստրը` Իրենան։ Ավստրո-Հունգարիայի ժողովրդական կրթության նախարարությունից ստանալով 1.200 կրոն թոշակ` Լոմնիցկին կնոջ ու դստեր հետ, 1906-1907 թվականներին մեկնել է Գյոթինգեն։ Այնտեղ տեղի համալսարանում լսել է Դավիթ Հիլբերտի, Ֆելիքս Կլայնի, Հերման Մինկովսկու, Կառլ Ռունգեի, Գուստավ Հերգլոցի դասախոսությունները։ Մասնակցել է ավտոմորֆ ֆունկցիաների տեսության, փոքրագույն մակերերևույթների, ինտեգրալ հավասարումների ու վարիացիոն հաշվարկման սեմինար պարապմունքներին։

1907 թվականի սեպտեմբերից մինչև 1920 թվականի օգոստոսը Լոմնիցկին դասավանդել է Լվովի 7-րդ գիմնազիայում, իսկ 1916-1917 թվականներին` տնօրինել այն։ 1913-1914 թվականներին Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում դասավանդել է մաթեմատիկա։ Ընդունվել է Լվովի մաթեմատիկաֆիզիկական խմբակի անդամ։ 1914-1915 թվականներին զբաղվել է հավանականության տեսությամբ ու ակտուար մաթեմատիկայով, որի կուրսը հետագայում կարդացել է Լվովի առևտրի դպրոցում։

1918-1919 թվականներին` լեհ-ուկրաինական պատերազմի ժամանակ, Անտոնի Լոմնիցկին լեհերի կողմից որպես կամավոր մասնակցել է Լվովի մարտերին։ Ստացել է Լվովի պաշտպանության խաչ շքանշան և կոչման բարձրացում։ Ծառայել է Լվովի հրաձիգների գնդում։

1919 թվականի օգոստոսին դարձել է դոցենտ, իսկ մի քանի օր անց ստացել է Լվովի պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկայի պրոֆեսորի տեղակալի պաշտոն։ 1920 թվականի հունիսին ծնվել է նրա մյուս դուստրը`Եվան, իսկ օգոստոսին Լոմնիցկին զբաղեցրել է Լվովի պոլիտեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1920 թվականին մասնակցել է լեհ-խորհրդային պատերազմին։

1921 թվականի օգոստոսի 27-ին դարձել է Լվովի պոլիտեխնիկի օրդինար պրոֆեսոր, Լվովի գիտական ընկերության թղթակից-անդամ։ 1922-1923 և 1937-1938 թվականներին Լոմնիցկին եղել է Լվովի պոլիտեխնիկի մեխանիկայի ֆակկուլտետի դեկանը, իսկ 1922-1924 և 1939 թվականներին` Լեհական մաթեմատիկական ընկերության՝ Լվովի բաժանմունքի ղեկավարը։

1928 թվականի սեպտեմբերին Լոմնիցկին մասնակցել է Բոլոնյայի մաթեմատիկական միջազգային 8-րդ համաժողովին։ 1929 թվականին նա կես տարով արձակուրդ է ստացել գիտական աշխատանքով զբաղվելու համար։ 1930 թվականին Ժողովրդական մշակույթի ֆոնդից ստանալով թոշակը` 6.000 զլոտի, նա ութ ամսով գիտական ուսումնասիրությունների համար մեկնել է Հռոմ, Փարիզ, Գյոթինգեն և Բեռլին։ 1930-1931 թվականներին Լոմիցկին զբաղեցրել է Լվովի պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր ֆակուլտետի դեկանի պաշտոնը, իսկ 1933 թվականին ընտրվել է այդ հաստատության ռեկտոր, սակայն Լեհաստանի նախագահը չի հաստատել նրան այդ պաշտոնում։ 1938 թվականի աշնանից մինչև 1939 թվականի հոկտեմբերը Լոմնիցկին եղել է Լվովի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտորը։ 1933 թվականից նա դարձել է Վարշավայի գիտական ընկերության թղթակից-անդամ, իսկ 1938 թվականից Գիտելիքի լեհական ակադեմիայի թղթակից-անդամ։ 1935-1939 թվականներին Լոմնիցկին կիրառական մաթեմատիկայի ու ինժեներիայի կուրս է դասավանդել Լվովի պոլիտեխնիկում։ 1938 թվականին Լեհական վիճակագրական ընկերությունը սկսել է հրատարակել «Przegląd Statystyczny» ամսագիրը, և Լոմնիցկին դարձել է այդ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։

Երբ 1939 թվականին Լվովը մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, 1939 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Լոմնիցկին սուր բանավեճ է ունեցել պոլիտեխնիկի այն ժամանակավա կոմիսար, փոխգնդապետ Յուսիմովի հետ։ Չնայած դրան` Լոմնիցկին եղել է համալսարանի այն 80 դասախոսներից, որոնց թույլատրվել է շարունակել դասավանդումը վերակազմավորված բուհում։ 1941 թվականի հունիսի սկզբին նա դարձել է խորհրդատվական մարմնի ղեկավար, որի հիման վար Դրոգոբիչում ու Բորիսլավում պետք է բացվեին Նավթի ու քիմիայի ադրբեջանական ինստիտուտի մասնաճյուղը։ Ծրագրվել էին դիմորդների ընդունելության քննությունները, սակայն սկսվել է Հայրենական մեծ պատերազմը[3]։

1941 թվականի հուլիսի 4-ի գիշերը Լոմնիցկուն ձերբակալել են գեստապոյականները և առավոտյան ժամը չորսին մոտ Լվովի մտավորականության ևս 42 ներկայացուցիչների հետ գլխատել Վուլեցկի բլրի վրա։ Լոմնիցկու ընտանիքի պատուհանից պրոֆեսորի կինը` Մարիան, հեռվից տեսել է մարդկանց, որոնք իրականացրել են գնդակահարությունը։ Նա լսել է կրակոցների ձայները[4]։

1943 թվականի հոկտեմբերի 8-ին հիտլերականները հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով «Զոնդերխումբ-1005» խմբի հրեաների միջոցով գնդակահարվածների մարմինները տեղափոխել են մեկ այլ վայր և այրել, այդ պատճառով էլ Անտոնի Լոմնիցկին գերեզմանը չունի[5]։

Աշխատություններ

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. K. Szałajko/ Antoni Łomnicki (1881—1941), w: «Matematyka Przełomu XIX i XX wieku, Materiały z IV Ogólnopolskiej Szkoły Historii Matematyki». S. 122
  4. M. Łomnicka. «Koszmarna noc». — «Czerwony Sztandar» z 15 XII 1945.
  5. Dieter Schenk."Noc morderców. Kaźń polskich profesorów we Lwowie i holokaust w Galicji Wschodniej"

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Լոմնիցկի» հոդվածին։