Տիգրան Ժամկոչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ժամկոչյան
Ծնվել է1940
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտություներգիչ

Տիգրան Հրանտի Ժամկոչյան (1940, Բեյրութ, Լիբանան), հայ օպերային երգիչ (բարիտոն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ժամկոչյանը ծնվել է 1938 թվականի մարտի 15-ին Բեյրութում։ 1963 թվականին ավարտել է Բեյրութի կոնսերվատորիան, 1965 թվականին՝ Վենետիկի կոնսերվատորիան (վարպետի կոչումով)։ 1966-1969 թվականներին կատարելագործվել է Միլանի կոնսերվատորիայում։

Օպերային դերերգերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, մենահամերգներով՝ Եգիպտոսում, նաև Ստամբուլում, Վենետիկում, Միլանում, Լոզանում, Ամստերդամում, Ստոկհոլմում, Նյու Յորքում, Մոսկվայում (երկացանկում՝ նաև հայկական երգեր) և այլուր։

Երևանում 1965 թվականին հանդես է եկել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, նաև Ժերմոնի (Ջ. Վերդիի «Տրավիատա»), 1982 թվականին՝ Էսկամիլիոյի (Ժ. Բիզեի «Կարմեն»), 1963 թվականին Բեյրութում՝ Մարգարի (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), 1968 թվականին Ստամբուլի օպերային թատրոնում՝ Էնրիկոյի (Գ. Դոնիցետտիի «Լյուչիա դե Լամերմուր»), 1966 թվականին Գերմանիայում՝ Դոն Ֆեռնանդոյի (Լ. վան Բեթհովենի «Ֆիդելիո»), 1970 թվականին՝ Հերակլեսի (Գ. Հենդելի «Հերակլես», առաջին բեմելը, Վաշինգտոն) դերերգերով, մասնակցել է Վենետիկի ամառային փառատոնին (1964-1965, 1968)։

1969 թվականին Ժամկոչյանի կատարմամբ Ստամբուլի ռադիոյով առաջին անգամ հնչել է հայերեն երգ (Ա. Խաչատրյանի «Կենաց երգ»-ը)։ Վաշինգտոնում հիմնադրել է «Տիգրան Ժամկոչյան» երգչախումբը (1971-1981), «Ամերիկահայ բարեկամության հիմնարկը» (1973)։

Երևանում վարել է վարպետության դասեր (1981-1982)։ ՀՀ ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ձայնագրություններ (40 երգ՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ)։ Դասավանդել է Ինդիանայի «Բոլ Սթեյթ» (1970-1971) և Մերիլենդի (1971-1972) համալսարաններում։

Մասնակցել է Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթին (1966, 1968, Միլան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։