Ստեփան Պալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Պալասանյան
Պալասանյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1837
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Մահացել էփետրվարի 19, 1889 (52 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍ. Գայանե եկեղեցի
ՔաղաքացիությունՌումինիայի թագավորություն և Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադյան վարժարան (1855 թ.) և Հայկազյան վարժարան
Մասնագիտությունլեզվաբան, գրականագետ, պատմաբան, հրապարակախոս, սոցիոլոգ և մանկավարժ
ԱշխատավայրՆերսիսեան դպրոց, Գայանյան օրիորդաց դպրոց և Գևորգյան հոգևոր ճեմարան

Ստեփան Հովհաննեսի Պալասանյան (դեկտեմբերի 5, 1837(1837-12-05), Բոտոշանի, Ռումինիա - փետրվարի 19, 1889(1889-02-19), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1], Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, հրապարակախոս, սոցիոլոգ և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Պալասանյանը ծնվել է Ռումինիայի Բոտոշանի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում՝ քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ։ Փարիզի Մուրադյան վարժարանում սկսել է սովորել 1852-1855 թվականներին, որտեղ աշակերտել է Սարգիս Թեոդորյանին, Խորեն Գալֆայանին (Նար Պեյ) և Գաբրիել Այվազովսկուն։ Այն ժամանակ, երբ Մխիթարյան միաբանության կողմից Պալասանյանի ուսուցիչները վտարվում են դպրոցից՝ Պալասանյանը սկսում է սովորել նրանց հիմնած Հայկազյան վարժարանում։ Վարժարանն ավարտելուց հետո վերադառնում է Բոտոշանի։ Այդ նույն տարում՝ 1858 թվականին, Գաբրիել Այվազովսկու կողմից Պալասանյանը հրավիրվում է Թեոդոսիայի նորաբաց Խալիբյան ուսումնարանում ուսուցչական պաշտոն զբաղեցնելու, այդ նույն շրջանում էլ Նոր Նախիջևանի Խալիբյան-Հայրապետյան խմբակցությունների միջև վեճ է առաջանում՝ Պալասանյանը պաշտպանում է Հայրապետյաններին, որի արդյունքում գժտվում է Այվազովսկու հետ և պաշտոնակից ուսուցիչների հետ՝ Ս. Շիլլիկյան և Հ. Ինփեկճյան, 1861 թվականին մեկնում է Նոր Նախիջևան ու այնտեղ հիմնում դպրոց։ Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասյաց աղավնի» պարբերականում։ 1863 թվականին արտաքսվել է Նոր Նախիջևանից և հաստատվել Թբիլիսիում։ Պետրոս Սիմոնյանի միջնորդությամբ, մի որոշ ժամանակ անց Պալասանյանը դիմում է Քերովբե Պատկանյանին՝ քննություն հանձնելու Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժնում, սակայն համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ էր գիմնազիայի ավարտական վկայական։ Տեղի առաջին գիմնազիայի տեսուչ Խանժիևի օգնությամբ (Պալասանյանի բարեկամն էր), Պալասանյանը հանձնում է քննություն և ստանում ավարտական վկայական։ Սակայն դրանից հետո հրաժարվում է սովորելու համար մայրաքաղաք մեկնելու մտքից։ Պալասանյանն աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում՝ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն։ Այդ նույն ժամանակ դասավանդել է նաև Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1869 թվականին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը։ Թիֆլիսում Ստեփան Պալասանյանը ամուսնացել է բանաստեղծ Գևորգ Բարխուդարյանի քրոջ հետ։ Կնոջը կորցնելուց հետո մնացել է իր միակ դստեր հետ։ Նա ամուսնացել է երկրորդ անգամ, բայց նոր ժառանգ չի ունեցել։ Պալասանյանը Գևորգ Չորրորդ կաթողիկոսի հրավերով 1881 թ. աշնանը տեղափոխվում է Էջմիածին՝ ճեմարանում դասավանդելու ֆրանսերեն և հայոց պատմություն։ Մանկավարժի գործը շարունակել է մինչև կյանքի վերջը։ Մահացել է 1889 թվականի փետրվարի 19-ին Էջմիածնում՝ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե եկեղեցու հյուսիս-արևելյան մասում[2][3][4]։

Հոդվածներ և գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Պալասանյանը հրապարակախոսական հոդվածներ է գրել ազգային ու հանրային խնդիրների վերաբերյալ ժամանակի օրաթերթերին և հանդեսներին։ Վերջինս թղթակցել է «Մշակ», «Կռունկ», «Փորձ», «Մեղու Հայաստանի», «Արձագանք» և այլ պարբերականների։ Պալասանյանը «Մշակի» բանասիրական բաժինը խմբագրել է 1872-1875 թվականներին։ Աբգար Հովհաննիսյան խմբագրած «Փորձ» հանդեսում է լույս տեսնում Ստեփան Պալասանյանի մատենախոսական հոդվածների մեծ մասը, որի փակվելուց հետո Պալասանյանը բավական քիչ էր գրում։ «Վարուժան» և «Արարատ» ամսաթերթերում լույս են տեսնում նրա վերջին հոդվածները։ «Փորձի» գիտական կշիռը բարձրացնելու գործում, այնքան էլ դյուրին չէ գերագնահատել Ստեփան Պալասանյանի հրապարակումների դերը։ Հանձին «Փորձի» հայ առաջին գիտական լավագույն հանդեսի օրինակելի տեսակ են ստեղծել` Ալեքսանդր Երիցյանը, Ստեփան Պալասանյանը, խմբագիր Աբգար Հովհաննիսյանը։ Ստեփան Պալասանյանը «Փորձ» հանդեսի հրատարակության սկզբից մինչև հանդեսի փակվելը «Գրիչ» կեղծանունով գրում էր գրաքննադատական բաժնի և՛ տեսական ծավալուն հոդվածները, և՛ գրախոսությունները։ Պալասանյանն իր ստորագրությամբ հրապարակել է բազում հոդվածներ (բացի կեղծանունով տպագրված գրաքննադատականներից)։

Այդ հոդվածներից հիշատակման արժանի են`

  • «Տասնևիններորդ դարու նշանաբանը»,
  • «Ազգային պատմության նշանակությունը»,
  • «Հայոց մտավոր շարժողությունը Ե դարում»,
  • «Ազգերի զարգացման օրենքները»,
  • «Թե ինչ վիճակի մեջ է հայկական գրականության պատմությունը»,
  • «Ազգային կրթությունը ժթ դարում»,
  • «Եվրոպացոց վաճառականությունը Կիլիկիայի հետ» և այլն։

Պատմաքննական նշանակություն ունենալու հետ մեկտեղ, այս հոդվածները առնչվում էի ժամանակի իրադարձություններին, օգնում էին հասկանալու ազգի առջև արդիականության առաջադրած հարցադրումները։ Ստեփանոս Պալասանյանը իր հոդվածներում արծարծել է գրականության զարգացմանն առնչվող, հայ մտավոր կյանքի հիմնահարցեր, առաջարկել պատմագիտության, գրականագիտության զարգացման հեռանկարային լուծումներ։ Պալասանյանը փորձել է հասնել նրան, որ գրական քննադատությունը կարողանա ընթերցողներին բարձրացնել գրական երկերը մինչև վերջ հասկանալու մակարդակին։ Ստեփանոս Պալասանյանը գրելով Մկրտիչ Խրիմյանի «Վանգույժ» և «Դրախտի ընտանիք» բանաստեղծությունների գրախոսությունները` բնագրից կատարված մեջբերումներով թուրքական բռնատիրության դեմ արևմտահայությանը գործուն պայքարի էր մղում։ Ստեփան Պալասանյանին բավական հետաքրքրել են պատմագիտության առաջընթացի հարցերը և նա նշում է, որ գիտական չեն կարող լինել այն պատմությունները, որոնք մոռացության են մատնում ժողովրդի սոցիալ-տնտեսական ու բարոյական կյանքի գործընթացները խոսելով միայն թագավորների գործողությունների և պատերազմների մասին։ Պատմությունը պետք է ցույց տա գալիքի ուրվագծերը և օգնի հասկանալու ազգի անցյալ կյանքի համայանապատկերը։ Այս ամենը ավելի ամբողջական կերպով ներկայացնում է իր «Ազգային պատմության նշանակությունը» հոդվածում։ Այստեղ նշում է, որ պատմագիտության համար անընդունելի է համարում ինչպես ազգային սնապարծությունը, այնպես էլ ողբասացությունը։ Ազգային պատմության ամենաէական կողմը Պալասանյանը համարում է ժողովրդի ապրելու, լավատեսության, ստեղծագործելու կարողությունը։ Հայոց պատմության համար կարևոր է համարում, օրինակ Մեսրոպ Մաշտոցի լուսավորական գործունեության պատմական խոշոր նշանակությունը, ոչ թե թագավորների հաղթական պատերազմները[2]։

Փիլիսոփայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Պալասանյանի փիլիսոփայական հայացքներում իմացաբանության հարցերը բավական զգալի տեղ են զբաղեցնում։ Պալասանյան գտնում է, որ մարդու իմացական ունակությունները գտնվում են զարգացման ու շարունակական լինելության պրոցեսում՝ առանձին առարկաների դիտումից դեպի երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտումը, երևույթների ճանաչումից ընթանալով դեպի էությունների ճանաչումը, ռեալ իրականության գոյության պատճառների ըմբռնումը։ Նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման ժամանակաշրջանում հիմնականում այսպես են եղել իմացաբանական կոնցեպցիայի բնորոշ առանձնահատկությունները։ Իր փիլիսոփայական հայացքների ձևավորման շրջանում Ստեփան Պալասանյանը, ընդունելով իմացական կարողությունների և հասարակության կյանքի պայմանների զարգացման կապը, բացասական է համարում իմացական կարողությունները, որոնք խանգարում են «ճշմարիտ» իմացության իրականացմանը[5]։

Լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պալասանյանի, նոր լեզուն պիտի ընթանա կենդանի բարբառների, ժողովրդական խոսակցական հարստությունների օգտագործման ճանապարհով։ Պալասանյանը հայերենը դիտել է որպես իրանական ճյուղի լեզու։ Ստեփան Պալասանյանը լեզվաբանության ասպարեզում հանդես է եկել նորարարությամբ՝ հիմք դնելով արևելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությանը, նա առաջինն էր, որ հետևեց հայտնի լեզվաբան-հայագետ Արսեն Այտընյանի տեսությանը։ Պալասանյանը հիմք դնելով արևելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությանը՝ առաջին անգամ համակարգված ներկայացնում է արևելահայերենի քերականությունը՝ իր երկու բաժիններով (ձևաբանություն և շարահյուսություն)՝ իրենց քերականական կարգերին բնորոշ առանձնահատկություններով, հնչյունական համակարգը և բառակազմությունն ու իմաստաբանությունը։ Ազգային լեզուն համարելով ազգի լուսավորության ու գոյատևման հիմքը (առանց լեզվի ազգ չկա) մեծ ազգասերը դեմ էր օտարաբանություններին։ Նա քննում է աշխարհաբարի խոսքի մասերը լեզվի ձևաբանական մակարդակում և առաջինն է, որ «մասունք բանի»-ի փոխարեն աշխարհաբարում ներմուծում է աշխարհաբարի խոսքի մասեր տերմինը։ Պալասանյանը նախադասություն տերմինը վերցրել է Այտընյանից ու լեզվում ներմուծել է ենթակա և ստորոգյալ տերմինները։ Պալասանյանը աշխարհաբարի ձևաբանական համակարգում ընդունում և քննում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում և բայական 4 լծորդություն։ Առանձին խոսքի մաս է դիտում դերբայը, խոսում է դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք (իհարկե, միշտ այդպես չէ) և շարահյուսական մակարդակում սահմանում է նախադասությունը[3][6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմութիւն հայոց գրականութեան» աշխատության մեջ (լույս է տեսնում 1865 թվականին), անդրադարձել է հայ գրականությունը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, առաջ է քաշել ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտությունը, գրականության առաջընթացը կասեցնող պատճառներից գլխավոր խնդիրը համարել է գրաբարով գրելու փաստը։ Պալասանյանը արվեստի և գիտության, ինչպես նաև գրականության զարգացումը կապել է կյանքի հետ, պայմանավորել նրա զարգացման ընթացքով[3]։ «Ֆրանսերէնի այբբենարան եւ սկզբնական ընթերցանութիւն» դասագիրքը (լույս է տեսնում 1865 թվականին) Պալսանյանը գրել է իր սաներին ֆրանսերեն լեզուն լավ սովորեցնելու համար։ Աշակերտները պատմում էին, որ ֆրանսերեն լեզվով իրենք ազատ խոսում, գրում և կարդում էին։ Պալասանյանը հոդվածներից բացի Թիֆլիսում աշխատելու տարիներին հրատարակում է մայրենի լեզվին ու հայոց պատմությանը նվիրված մի քանի արժեքավոր մենագրություններ, որոնք հետագա ուսումնասիրողների համար նույն հարցերով ուղեցույց էին լինելու։ Դրանցից նշանավոր էին՝ «Գործնական քերականութիւն հայերէն լեզուի» (լույս է տեսել 1869 թվականին), «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (լույս է տեսել 1870 թվականին), «Քերականութիւն մայրենի լեզուի հայոց» (լույս է տեսել 1874 թվականին) մենագրությունները[6]։ «Պատմութիւն հայոց» աշխատությունը հրատարակվել է 1890 թվականին՝ հետմահու, ունեցել է չորս հրատարակություն (1890, 1895, 1911, 1920 թվականներ)։

Հայոց պատմությունը Պալասանյանը բաժանել է վեց շրջանի՝

  1. հայ ժողովրդի ծագումից մինչև պարթևների Հայաստան գալը (Ք.ա. 2300-150 թվականներ),
  2. պարթևների Հայաստան գալուց մինչև քրիստոնեության ընդունումը (Ք.ա. 150 - Ք.հ. 300 թվականներ),
  3. քրիստոնեության ընդունումից մինչև արաբական արշավանքները (300-640 թվականներ),
  4. արաբական արշավանքներից մինչև քաղաքական կյանքի անկումը (640-1080 թվականներ),
  5. հայոց իշխանությունը Կիլիկիայում (1080-1375 թվականներ),
  6. քաղաքական կյանքի անկումից մինչև 1885 թվականը։

Ստեփան Պալասանյանը, անդրադառնալով հին շրջանի պատմությանը, Մովսես Խորենացու նման հայ ժողովրդի ծագումնաբանության մեջ մեծ տեղ է հատկացնում առասպելաբանությանը։ Հայ գաղութներում կատարվող տեղաշարժերը և անցուդարձը հյուսում է մայր հայրենիքի պատմությանը զուգահեռ։ Ուշագրավ Է հատկապես Կիլիկյան Հայաստանի պետական կարգի, դատարանների, սոցիալ-տնտեսական կյանքի, մաքսատների, մշակութային և հարկային հարցերին վերաբերող նրա դատողությունները։ Քաջածանոթ լինելով ռուսական և արևմտյան աղբյուրներին և ունենալով հանրագիտական պատրաստություն՝ Պալասանյանը, որպես մտածող, զերծ էր գավառական սահմանափակությունից, կարողանում էր լայնորեն լուսաբանել հարցերը՝ հմտորեն օգտագործելով գիտության իր ժամանակվա նվաճումները և տալիս է փաստական հարուստ նյութ։ Իր շատ ժամանակակիցներից Ստեփան Պալասանյանը տարբերվում էր նրանով, որ ձգտում էր հարցերը դիտարկել տեսականորեն և ընդհանրացումներ անել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփան Պալասանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  2. 2,0 2,1 Սարուխանյան, Նորայր (2013). Հայ պատմագիտությունը XIX դարում և XX դարասկզբին. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 365–366, 366–368.
  3. 3,0 3,1 3,2 Հայկական ՍՍՀ գիտությունների, ակադեմիա (1983). Հայկական Սովետական հանրագիտարան. Երևան. էջեր Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Յարութիւնեան, Իսահակ (13.02.2023). «Ստեփաննոս Պալասանեան (Մի քանի խօսք նրա կեանքի եւ գրականական ուղղութեան մասին)». «Լումայ» գրական հանդէս.
  5. Թովմասյան, Սուրեն (1958). «Ստ.Պալասանյանի փիլիսոփայական և սոցիոլոգիական հայացքները». Պատմա-բանասիրական հանդես.
  6. 6,0 6,1 Բադիկյան, Խաչիկ (2007). «Ստեփան Պալասանյան». Վերցված է 15.02.2023-ին.
  7. Մայիլյան, Ֆ. (2007). «Ստեփանոս Պալասանյան». Լրաբեր հասարակական գիտությունների.