Հիդրոպոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծղոտի մեջ հիդրոպոնիկ եղանակով աճող լոլիկներ

Հիդրոպոնիկա (հունարեն՝ ύδωρ - «ջուր» և πόνος - «աշխատանք»), բույսերի աճեցումն առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով, որն անհրաժեշտ է բույսերի նորմալ աճի և զարգացման համար։

Հիդրոպոնիկայի զարգացումը աշխարհում և Հայաստանում[խմբագրել]

Առաջին հիդրոպոնիկական փորձերն իրականացվել են պրոֆեսոր Ջոն Վուդվորդի (Լոնդոն) կողմից 1699թ.։ Բույսերի անհող աճեցման մեթոդիկայի մշակման գործում մեծ ներդրում են ունեցել հայտնի գիտնականներ Կ.Ա. Տիմիրյազևը, Դ.Ն. Պրյանիշնիկովը։ Արտադրական մասշտաբներով առաջին հիդրոպոնիկական փորձերը կատարել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Գերիկեն։ Ներկայումս խոշոր արտադրական հիդրոպոնիկական տնտեսություններ կան աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հոլանդիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և այլն։

Նախկին ԽՍՀՄ-ում բույսերի անհող աճեցման բնագավառում առաջին լայնամասշտաբ փորձերը պատկանում են Գ.Ս. Դավթյանին (ՀՍՍՀ ԳԱ), Վ.Ա. Չեսնոկովին և Ե.Ն. Բազիրինային (Լենինգրադի համալսարան), Ն.Պ. Ռոդնիկովին (Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա), Զ.Ի. Ժուրբիցկուն (ԽՍՀՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտ) և այլոց։

Հայաստանում բույսերի անհող աճեցման առաջին փորձերը կատարվել են բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում՝ ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտում՝ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ.Ս. Դավթյանի կողմից (1956թ)։ 1962թ. շահագործման է հանձնվել 1000 քմ սնման մակերեսով բացօթյա, կիսաավտոմատ հիդրոպոնիկական կայանը, 1964թ՝ հողագիտության ինստիտուտի Էջմիածնի փորձարարական կայանում առաջին հիդրոպոնիկական ջերմոցը, իսկ 1968թ՝ հիդրոպոնիկական ջերմատունը։ 1956-1965թթ. փորձարկվել են մի շարք բանջարանոցային և համեմունքային բույսերի (գազար, լոլիկ, պղպեղ, ռեհան, համեմ, սամիթ և այլն) անհող աճեցման արդյունավետությունը, իսկ 1965թ.-ից՝ մշակվել ավելի թանկարժեք, փոքրածավալ, հազվագյուտ և անհետացող բույսերի աճեցման տեխնոլոգիաները։ Առ այսօր մշակվել են մի շարք դեղատու, եթերայուղատու, ներկատու, ծառաթփային և այլ մշակաբույսերի՝ բացօթյա հիդրոպոնիկայում աճեցման կենսատեխնոլոգիաները։

ՆԱՍԱ-յի կողմից բույսերի հետազոտական աճեցում՝ հիդրոպոնիկ եղանակով։

Հիդրոպոնիկայի տեսակները[խմբագրել]

  • Ջրային մշակույթ (հիդրոպոնիկա)
  • Օդային մշակույթ (աէրոպոնիկա)
  • Գլաքարային մշակույթ (ագրեգատոպոնիկա)
  • NFT (Nutrient Film Technique)

Հիդրոպոնիկայում կիրառվող լցանյութերի ընդհանուր բնութագիրը[խմբագրել]

Հիդրոպոնիկայի տարատեսակներից աշխարհում լայն կիրառություն ունի ագրեգատոպոնիկան։ Այն բույսերի անհող աճեցման եռաֆազ համակարգ է, որտեղ որպես լցանյութ կիրառվում են բնական կամ արհեստական ծագման ծակոտկեն նյութեր (գլաքար, ավազ, պեմզա, գրանիտային խճաքար, հրաբխային խարամ, վերմիկուլիտ, պեռլիտ, կերամզիտ, հանքային բամբակ (ռոքվուլ) և այլն)։ Հիդրոպոնիկայում կիրառվող լցանյութերը պետք է.

  • ապահովեն սննդալուծույթի ազատ ներհոսք և արտահոսք, ինչպես նաև բույսերի արմատային համակարգի լավ օդափոխություն,
  • ընդունակ լինեն կլանելու և իրենց մակերեսին պահելու ջուրը և սննդարար աղերը,
  • ունենան չեզոքին մոտ ռեակցիա,
  • լինեն կայուն հողմահարման և քայքայման նկատմամբ,
  • լինեն իներտ, այսինքն՝ փոխազդեցության մեջ չմտնեն սննդարար լուծույթի հետ։

Հիդրոպոնիկայում կիրառվող սննդալուծույթները[խմբագրել]

Սննդալուծույթի կազմը կարևոր նշանակություն ունի անհող աճեցման պայմաններում բույսերի նորմալ աճի և զարգացման համար։ Գոյություն ունեն մոտ 1000 տեսակի սննդալուծույթներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես կազմով, այնպես էլ սննդարար տարրերի քանակով և հարաբերությամբ, որից կախված է բույսի արմատների կողմից դրանց կլանման բնույթը։