Թալիշերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալիշերենի բարբառները

Թալիշերեն (թալ.՝ толышə зывон, tolışə zıvon), հյուսիսարևմտյան իրանական լեզու, որով խոսում են Ադրբեջանի Հանրապետության հարավային և Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջաններում։ Թալիշախոս բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները տատանվում են՝ ըստ տարբեր աղբյուրների, այնուամենայնիվ, «չնայած և՛ Իրանում, և՛ Ադրբեջանում անցկացվող մարդահամարների կայուն սկզբունքների բացակայությանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, թալիշախոս բնակչության թիվը կարելի է մոտավորապես երկու միլիոն գնահատել՝ յուրաքանչյուր կողմում 1 միլիոն» [1]։

Բորիս Միլլերի «Թալիշերեն» գրքի տիտղոսաթերթը

Լեզվի ուսումնասիրման պատմությունից[խմբագրել]

Թալիշերենի ուսումնասիրման պատմությունը սկսվում է 19-րդ դարի առաջին կեսերից։ Այս լեզվին առնչվող ուսումնասիրությունների առաջին արդյունքները հրատարակվեցին ռուս իրանագետ Ալեքսանդր Խոձկոյի՝ 1842 թ․ Լոնդոնում լույս տեսած “Specimens of the popular poetry of Persia” աշխատության մեջ։ Թալիշերենի ուսումնասիրմամբ էր զբաղվում նաև Կազանի համալսարանի պրոֆեսոր Ի․ Բերեզինը։ Վերջինիս՝ 1853 թ․ հրատարակված “Recherches sur les dialects persans” գրքում անդրադարձ է կատարվում թալիշերենի քերականությանը։ Սակայն թալիշերենի ուսումնասիրման զարգացման մեջ ամենից կարևոր ու մեծ դերը խաղացել է ռուս ականավոր արևելագետ Բորիս Միլլերը, ով 1930 թ․ հրատարակում է իր «թալիշական տեքստեր» (“Талышские тексты”) գիրքը, ապա երկար տարիների տքնաջան աշխատանքից հետո 1953 թ․ լույս է տեսնում նրա «Թալիշերեն» (“Талышский язык”) մենագրությունը, որը մինչև օրս էլ համարվում է թալիշերենի վերաբերյալ ամենահիմնարար աշխատությունը։

Թալիշերենի ուսումնասիրման մեջ կարևոր դեր են խաղացել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են գերմանացի արևելագետ Վիլհելմ Գայգերը, ռուս իրանագետներ Լ․ Պիրեյկոն, Վ․ Սոկոլովան, իրանցի լեզվաբան Էհսան Յարշաթերը, Ալի Աբդոլին, ֆրանսիացի իրանագետ և լեզվաբան Ժիլբեր Լազարը և այլք։

Աշխարհագրությունը[խմբագրել]

Ներկայումս Ադրբեջանի Հանրապետությունում թալիշախոս բնակչությունը կոմպակտ կերպով բնակվում է Լենքորանի, Լերիքի, Մասալլըի, Ասթարայի, Յարդըմլըի շրջաններում։ Այս հինգ շրջաններում կա ավելի քան 350 թալիշական գյուղ ու բնակավայր․ թալիշները կազմում են երեք ամենահարավային շրջանների՝ Լենքորանի, Լերիքի և Ասթարայի գյուղական բնակչության 95%-ից ավելին[2]։

Իրանում թալիշախոս բնակչությունը հիմնականում կենտրոնացված է, այսպես կոչված, Թալիշական շրջանում, որը տարածվում է Կասպից ծովի հարավային ափերին։ Այս շրջանում հիմնական թալիշական կենտրոններն են Ասթարան, Վիզնեն, Հավիղը, Լիսարը, Ջոքանդանը, Հաշթփարը, Ասալեմը, Ռեզվանշահրը, Մասալը, Սոմեյե-Սարան, Մասուլեն, Ֆումանը և այլն։ Թալիշական գյուղեր կան նաև Արդեբիլից արևմուտք ընկած լեռնային տարածքներում[3]։ Վերոնշյալ շրջաններում թալիշները բնակվում են ինչպես կոմպակտ կերպով, այնպես էլ գիլանցիների ու որոշ թյուրքալեզու բնակչության հետ խառնված։

Բարբառային բաժանումը[խմբագրել]

Թալիշերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հյուսիս-արևմտյան իրանական լեզվաճյուղի մերձկասպյան լեզվախմբին։ Լեզուն հիմնականում բաժանվում է բարբառային երեք խմբի՝ հյուսիսային թալիշերեն, կենտրոնական թալիշերեն և հարավային թալիշերեն։ Հյուսիսային թալիշերենը հիմնականում խոսվում է Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն այս բարբառի փոքր օջախներ կարելի է գտնել նաև հարևան իրանական շրջաններում՝ Գիլանի նահանգում։ Կենտրոնական թալիշերենն ու հարավային թալիշերենը խոսվում են բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Թալիշերենի բարբառային բաժանման հիմքում ընկած է ոչ միայն բարբառների տարածման աշխարհագրական սահմանները, այլև հնչյունային ու բառապաշարային տարբերությունները։

Գրային համակարգը[խմբագրել]

Մինչև 20-րդ դարի առաջին քառորդը թալիշերենի համար գիր գոյություն չի ունեցել։ 1929 թ․ Խորհրդային Ադրբեջանում գործածվող թալիշերենի համար լատինատառ այբուբեն է ստեղծվում, որը 1938 թ․ փոխարինվում է կիրիլիցայի հիման վրա ստեղծված այբուբենով։ Այնուամենայնիվ, մի շարք, այդ թվում՝ քաղաքական պատճառներով թալիշերենի այբուբենը գործածումից դուրս է մնում։ Այժմ իրանաբնակ թալիշները լեզուն գրի առնելու համար գործածում են պարսկա-արաբական գիրը, իսկ ադրբեջանաբնակ թալիշները՝ հիմնականում լատինատառ, երբեմն էլ կիրիլիկ այբուբենը։ Հարկ է նշել, որ թալիշերենի այբուբեն է մշակվել նաև հայ գիտնականների կողմից Ավեստայի լեզվի գրի հիման վրա, որը բաղկացած է 7 ձայնավոր և 22 բաղաձայն հնչյուն պատկերող տառերից[4]։

"Tolışstoni Sədo" (Թալիշստանի ձայնը) ռադիոյի լոգոտիպը

Թալիշերենի ուսումնասիրությունը և թալիշագիտությունը Հայաստանի Հանրապետությունում[խմբագրել]

Վերջին ժամանակներում թալիշների շրջանում ազգային ինքնագիտակցության աճին զուգահեռ գիտական շրջանակներում մեծանում է հետաքրքրությունը այս ժողովրդի ու նրա լեզվի նկատմամբ։ 2005 թ․ Ծաղկաձորում տեղի է ունենում Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի կողմից կազմակերպված թալիշագիտական առաջին միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են հայտնի գիտնականներ տարբեր երկրներից[5]։ Հենց այս գիտաժողովից հետո էլ Հայաստանում և աշխարհում թալիշագիտությունը նոր փուլ է թևակոխում։ Արդեն 2011 թ․ նոյեմբերի 12-13 Երևանում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից կազմակերպվում է թալիշագիտական երկրորդ միջազգային գիտաժողովը՝ կրկին տարբեր երկրներից ժամանած ականավոր գիտնականների մասնակցությամբ[6]։ 2011 թ․ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ․ Ասատրյանի խմբագրությամբ հրատարակվում է նաև «Введение в историю и культуру талышского народа» գիրքը[7], որը 2012 թ․ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած «Տարվա գիրք» մրցանակաբաշխության ժամանակ իրանագիտության ոլորտում արտասահմանում հրատարակված լավագույն գիրք մրցանակի է արժանանում[8]։ Թալիշների շրջանում ազգային ինքնագիտակցության բարձրացման, նրանց մշակութային ինքնության պահպանման, ինչպես նաև թալիշագիտության ու թալիշերենի ուսումնասիրման զարգացման մեջ բեկումնային նշանակություն է ունենում պատմության մեջ թալիշական առաջին ռադիոյի՝ «Թալիշստանի ձայնի» հեռարձակումը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախաձեռնությամբ[9]։ 2013 թ․ մարտի 21-ից հեռարձակվող այս ռադիոյի եթերում թալիշերենով արծարծվում են թալիշ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ազգագրությանը առնչվող զանազան խնդիրներ, ինչպես նաև հնչում է թալիշական ազգային երաժշտություն[10]։ Իսկ արդեն 2013 թ․ սեպտեմբերին ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում բացվում է «թալիշագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիրը[11]։ Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև թալիշ ռազմական ու քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը[12]։ Այս ծրագրի շրջանակներում դասավանդվում է թալիշ ժողովրդի պատմություն, թալիշերեն և թալիշական բարբառագիտություն, թալիշների մշակույթ, թալիշների մարդաբանություն և գենետիկա, թալիշների ազգագրություն և այլն։ Թալիշերենի առավել խորը դասավանդման համար լեզվի դասընթացը վարում են ազգությամբ թալիշ դասախոսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. G. Asatrian, H. Borjian, "Talish and the Talishis", Iran and the Caucasus, vol.9.1, 2005, pp. 43–72
  2. J.Clifton, C.Tiessen, G.Deckinga, L.Lucht, Sociolinguistic Situation of the Talysh in Azerbaijan, SIL International 2005, p.3
  3. Асатрян Г., Этюды по иранской этнологии, Ереван, 1999, стр. 3
  4. [1], Հայերը թալիշերեն այբուբեն են մշակել
  5. [2], Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը Ծաղկաձորում
  6. [3], Թալիշագիտական երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում
  7. [4],«Введение в историю и культуру талышского народа»
  8. [5]Изданная в Ереване книга о талышах получила премию президента Ирана
  9. [6], Շուշիից հեռարձակվող թալիշական ռադիոն կունենա մշակութային ուղղվածություն
  10. [7],«Թալիշստանի ձայն» ռադիոյի պաշտոնական ալիքը youtube-ում
  11. [8], ԵՊՀ-ում բացվեց թալիշագիտական մագիստրոսական ծրագիրը
  12. [9] Ադրբեջանում ոչնչացնում են թալիշներին, ապա՝ եղբայրության կոչ անում. Ալաքրամ Գումմատով

Գրականություն[խմբագրել]

  1. Asatrian, G. and Borjian, H., Talish and the Talishis (the State of Research). Iran and the Caucasus, 9(1), 2005, pp.43-72.
  2. Bazin, M., Le Talêch։ une reg on ethn que au nord de l’Iran. Paris։ Editions ADPF, 1980.
  3. Bazin, M., Le Tâle Revisité. Studia Iranica 25, 1996, pp.115-134.
  4. Lazard, G., Le dialecte taleshi de Masule. Studia Iranica 7(2), 1978 pp.251-68.
  5. Schulze, W., Northern Talysh. Languages of the World Materials. Muenchen։ Lincom Europa, 2000.
  6. Миллер Б.В., Талышский язык, Москва, 1953
  7. Пирейко Л.А., Талышско-Русский словарь, Москва, 1976