Փարավոնների անեծք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովարդ Քարթերը բացում է Թութանհամոնի գերեզմանը։ Նրա ետևում եգիպտական աշխատակիցն է և Արթուր Քալլենդերը
Հովարդ Քարթերը բացում է Թութանհամոնի գերեզմանը։ Նրա ետևում եգիպտական աշխատակիցն է և Արթուր Քալլենդերը

Փարավոնների անեծք, անեծք, որը ենթադրաբար վրա է հասնում բոլոր նրանց, ովքեր դիպչում են Հին Եգիպտոսի արքայական ծագում ունեցող անձանց գերեզմաններին և մումիաներին։ Անեծքը հիմնականում կապվում է մահվան դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել փարավոն Թութանհամոնի գերեզմանը բացելուց մի քանի տարի հետո ընկած ժամանակահատվածում, իսկ գերեզմանը բացվել է 1922 թվականին[1]։ Երբեմն անեծքն առնչվում է Եգիպտոսի սահմաններից դուրս ավելի հին ժամանակներում հուղարկավորված գերեզմանների բացմանը։ Օրինակ՝ Լենկթեմուրի գերեզմանը Սամարղանդի Գուր-Էմիր բնակավայրում (1941), Կազիմիր Մեծի գերեզմանը Կրակովում (1973)[2], Էցիի մումիան Ալպերում։

Գիտությունը մերժում է «անեծքի» կախարդական բնույթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեծքի մասին լեգենդի ձևավորումը շատ բանով պարտական է այն լրագրողներին և գրողներին, ովքեր ոգեշնչվել էին Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերման և դրան հաջորդող իրադարձությունների շուրջ եղած խաբեությամբ[3][4]։

Թութանհամոնի անեծքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութանհամոն փարավոնի գերեզմանը հայտնաբերվել է 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի եգիպտագետ Հովարդ Քարթերի և հնություններ հավաքող Ջորջ Քարնարվոնի կողմից։ Նրանք իրենց որոնողական աշխատանքները շարունակել են 6 տարի[5]։

Թութանհամոնի դիմակի ճակատային հատվածի ուրեյը՝ Ուաջիտ կոբրա աստվածուհու տեսքով, Նեհբետ ցին աստվածուհու կողքին
Թութանհամոնի դիմակի ճակատային հատվածի ուրեյը՝ Ուաջիտ կոբրա աստվածուհու տեսքով, Նեհբետ ցին աստվածուհու կողքին

Անեծքի մասին լեգենդի ծագումը ձևավորվել է սնահավատության, կեղծ մեկնաբանության, ինչպես նաև հին եգիպտական տեքստերի թյուրիմացության, դրանք ոչ ճիշտ մեկնաբանելու պատճառով 22 մարդու վաղաժամ մահվան հիման վրա (որից 13-ը մասնակցել են Թութանհամոնի գերեզմանի բացմանը, իսկ մնացյալը նրանց մտերիմներն էին) 1929 թվականին[5]։

Թութանհամոնի գերեզմանի մասին լեգենդի ծագման վերաբերյալ տեղեկություն է պահպանել ամերիկացի հայտնի և հարգված եգիպտագետ Ջեյմս Հենրի Բրեստեդը, որը գրել է 1922 թվականի նոյեմբերի վերջին Թութանհամոնի գերեզմանը բացելուց հետո տեղի ունեցած ոչ մեծ տհաճ միջադեպի մասին։ Այդ մասին տպագրվել է Նյու Յորք Թայմս-ում 1922 թվականի դեկտեմբերի 22-ին։ Քարթերի տանը վանդակում ապրող թռչնակին կերել էր կոբրան, իսկ ըստ եգիպտական դիցաբանության՝ այդ կենդանին պարտության էր մատնում փարավոնի թշնամիներին։ Մամուլում տարածվեց մեկնաբանություն, որ դա վատ նշան է հնագետների համար։ Անեծքի մասին լեգենդը ավելի մանրամասն մշակել է հնագետ Արթուր Ուեյգալլը, ով զբաղեցնում էր Հին Եգիպտոսի գերագույն խորհրդականի տեղակալի պաշտոնը 1905-1914 թվականներին։ Վերջինս երկար տարիներ ապրել է Եգիպտսում և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրել է հին եգիպտական պատմական գործիչների բազմաթիվ կենսագրություններ, ինչպես նաև թատերական ներկայացումների սցենարներ ու Հին Եգիպտոսի մասին հայտնի վեպեր։ Արքաների հովտում Քարթերի և Քարնարվոնի կողմից կատարվող պեղումների ժամանակ նա հատուկ թղթակից էր «Դեյլի Մեյլ» ամենօրյա թերթում։ Չհաստատելով անեծքի ֆենոմենի գոյության ուղղակի փաստը՝ նա լավ գիտեր եգիպտական դիցաբանությունը և հասկանում էր հասարակության վրա դրանց ազդեցության ուժը։ Ընթերցողներին հետաքրքրում էին Ուեյգալլի հրապարակումները, որոնցում նա ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր շատ տարօրինակ իրադարձություններ, որոնք տեղի էին ունենում Թութանհամոնի գերեզմանի պեղումների ժամանակ։ Նա հրապարակում էր նմանատիպ իրադարձություններ, մասնավորապես, հնագետներ Ալեքսանդր Սեթոնի և Դուգլաս Մյուրրեի դեպքը։ Քաղաքային ԶԼՄ-ները այս գիտնականների մասին պատմում էին լեգենդներ, թե իբր նրանք բախվել էին անբացատրելի երևույթների այն բանից հետո, երբ նրանք մումիաներ էին տեղափոխել Անգլիա։ Նա հաստատեց Բրեստեդի հրապարակումը կոբրայի մասին՝ դրան տալով դիցաբանական ավելի մանրամասն մեկնաբանություն։ Նա նաև հաղորդում է, որ Քարնարվոնը իր մահից 6 շաբաթ առաջ, երբ հնագետներն առաջին անգամ մտնում էին փարավոնի գերեզմանը, ուներ բարձր տրամադրություն, ծիծաղում էր, կատակում։ Դիտորդի կարգավիճակով այդտեղ ներկա գտնվող Ուեյգալլն իր հարևանությամբ գտնվող լրագրողին ասել էր. «Եթե նա իջնի այնտեղ այդպիսի տրամադրությամբ, ես նրան տալիս եմ 6 շաբաթից ոչ ավել կյանք»։ Բացի այդ՝ Ուեյգալլը համադրեց մի վիճահարույց փաստ, որ կոմս Քարնարվոնի պարանոցի թարախակալած վերքը գտնվում էր այն նույն տեղում, որտեղ և մահացած փարավոնի դեմքի սպին էր։ Թութանհամոնի մումիայի առաջին բացման ժամանակ, որն անց էր կացնում դոկտոր Դուգլաս Դերրին, գտան փարավոնի ձախ այտի վրա՝ ականջին մոտ, բուժված վերքի սպին։ Բայց քանի որ Քարնարվոնը 6 ամիս առաջ հուղարկավորվել էր, արդեն անհնար էր պարզել, թե արդյո՞ք փարավոնի վերքի տեղը համընկնում էր Քարնարվոնի դեմքի վերքի տեղին, որն առաջացել էր մոծակի ճակատագրական խայթոցից։ Լեգենդի մյուս տարրը, որը նկարագրել է Ուեյգալլը, դարձավ Կահիրեում էլեկտրական լարերի խափանումը, ինչի պատճառով ամբողջ քաղաքում լորդ Քարնարվոնի մահվան օրը ենթադրաբար անջատվել էր էլեկտրաէներգիան, ինչը հաստատվեց Եգիպտոսում բրիտանացի հանձնակատար ֆելդմարշալ Ալլենբիի կողմից և որի պատճառը չպարզաբանվեց[6]։

Լորդ Քարնարվոնը Քարթերի Թեբեում գտնվող տան պատշգամբում
Լորդ Քարնարվոնը Քարթերի Թեբեում գտնվող տան պատշգամբում

Հարկ է նշել, որ Արթուր Ուեյգալլը ոչ այնքան ընկերական հարաբերությունների մեջ էր թե՛ լորդ Քարնարվոնի, թե՛ Հովարդ Քարթերի հետ։ Պատճառն այն էր, որ լորդը գերեզմանի պեղումները լուսաբանելու բացառիկ իրավունքը տվել էր «Թայմս»-ին՝ զրկելով մյուս թերթերին ինֆորմացիա հավաքելու հնարավորությունից, իսկ Քարթերը, չնայած փայլուն կրթությանը, համառ էր և բռնկուն, ում աշխատանքի մեթոդներին նա հավանություն չէր տալիս (եգիպտա-արաբական հնագիտության ինստիտուտի ստեղծման հարցում Ուեյգալլը ու Քարթերը տարակարծիք էին )։ Հետաքրքրական է նշել, որ երբ 1934 թվականին Ուեյգալլը մահանում է անցողիկ տենդից, նրան ևս ընդգրկում են անեծքի զոհերի ցանկում։

Անգլիացի կին վիպասաց Մարիա Կորելլին Քարնարվոնի մահից 2 շաբաթ առաջ հրապարակեց նախազգուշացում այն մասին, որ «ամենադաժան պատիժը սպասում է գերեզման մտած անկոչ հյուրին»[7]։ Հավանաբար, նրա հերթական վեպից արված արտահայտությունը վերցված և կրկնօրինակված էր «New York World»[8] թերթից։

Սեր Արթուր Կոնան Դոյլը, արտահայտելով իր անձնական կարծիքը անեծքի գոյության օգտին, ենթադրում էր, որ լորդ Քարնարվոնի մահը վրա է հասել որոշակի էլեմենտալից (տարերքի ոգի), որը ստեղծել էին Թութանհամոնի քահանաները, որպեսզի պահպանեին արքայական գերեզմանը։

Անեծքի ուժին ամբողջ աշխարհում հավատացին շատ սնակավատ մարդիկ։ Այսպես, իր բնույթով շատ կասկածամիտ անձնավորություն Բենիտո Մուսսոլինին, իմանալով Քարնարվոնի և Գոուլդի մահվան մասին, անմիջապես հրամայեց Պալացցո Կիջից հեռացնել իրեն նվեր բերված եգիպտական մումիան։

Հիմնական փաստերը, որոնք շարադրվել են «անեծքի» հետևորդների կողմից, հետևյալն են.

  1. Լորդ Թարնարվոնը մահացել է 1923 թվականի ապրիլի 5-ին փարավոնի գերեզմանում լինելուց 4 ամիս անց[9],
  2. 1928 թվականի ապրիլի 6-ին 54 տարեկան հասակում մահացել է հնագետ Արթուր Մեյսը։ Նրա առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում էր գերեզմանը բացելուց ի վեր։ Այս փաստը բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում և պաշտոնապես հայտարարվել էր, որ հնագետը մահացել է մկնդեղի թունավորումից,
  3. 1924 թվականի հունվարի 15-ին անհասկանալի հիվանդությունից (միգուցե ռենտգենյան ճառագայթների հետևանքով առաջացած) մահանում է ճառագայթաբան սեր Արչիբալդ Դուգլաս-Ռեյդը,
  4. 1923 թվականի մայիսի 16-ին անցողիկ թոքաբորբից ջերմության ֆոնի վրա, որը բռնկվել էր Եգիպտոսում, մահացել է 59-ամյա ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Հոուլդը, որը ևս եղել էր գերեզմանում,
  5. 1923 թվականի սեպտեմբերի 26-ին ատամնաբուժական վիրահատությունից հետո արյան վարակից մահացել էՔարնարվոնի արյունակից եղբայր ճանապարհորդ և դիվանագետ գնդապետ Օբրի Հերբերտը,
  6. 1923 թվականի հուլիսի 10-ին գերեզմանի բացման ժամանակ ներկա գտնված եգիպտական արքայական ընտանիքի անդամ արքայազն Ալի Քեմալ բեյը սպանվել է իր կնոջ կողմից,
  7. 1924 թվականի նոյեմբերի 19-ին Կահիրեում ահաբեկիչները սպանել են Սուդանի գեներալ-մարզպետ սեր Լի Ստեկը,
  8. 1929 թվականի նոյեմբերի 15-ին անսպասելի մահանում է Քարթերի քարտուղար կապիտան Ռիչարդ Բարտելը,
  9. 1930 թվականի փետրվարի 20-ին սեր Ռիչարդ Բարտելի հայրը՝ բարոն Ուեստբերին, նետվել է 7-րդ հարկի պատուհանից։ Համաձայն որոշ թերթերի տեղեկատվության՝ այն մեքենան, որը տեղափոխում էր բարոնի մարմինը, փողոցում մահացու ավտովթարի է ենթարկել փոքրիկ տղայի,
  10. 1929 թվականի մայիսի 26-ին մալարիայի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է Քարնարվոնի խորթ եղբայր Մերվին Հերբերտը։

Լեդի Ալմինա Քարնարվոնի մահվան մասին լուրը, որն իբր տեղի էր ունեցել անհայտ միջատի խայթոցից 61 տարեկան հասակում, կեղծ էր, քանի որ նա մահացել է 93 տարեկան հասակում 1969 թվականին, իսկ նրա և լորդ Քարնարվոնի երեխաները բավականին երկար են ապրել։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական միջավայրում ի հակակշիռ անեծքի կախարդական բացատրությանը՝ քայլեր ձեռնարկվեցին վերը նշված մարդկանց մահվան տրամաբանական հիմնավորման համար։ Առանձնացվում են 3 հիմնական հավանական պատճառներ.

  • թույների աղդեցությունը, որն առկա էր սարկոֆագներում թաղման ժամանակ,
  • ռադիոակտիվ տարրերի ազդեցությունը, որը գտնվել է գերեզմանում,
  • սնկերի ազդեցությունը, որոնք առկա էին գերեզմանի բորբոսասնկերում[5]։

Ինչպես նշում են առեղծվածային տեսակետի կողմնակիցները, փաստացի 12 գիտնականներից 6-ի միջին տարիքը, ովքեր մասնակցել էին գերեզմանի բացմանը, կազմում էր 74,4 տարի։ Ջեյմս Հենրի Բրեստեդը արդեն 70 տարեկան էր, Դեյվիսը՝ 71, իսկ Ալան Հարդիները՝ 84 տարեկան։ Տարեց գիտնականների անմիջական մահվան փաստերն իրենցից ոչ մի զարմանալի բան չեն ներկայացնում։

57-ամյա Ջ. Քարնարվոնը հավանաբար մահացել է տենդից, ինչով Եգիպտոսում դժվար չէր հիվանդանալը, բացի այդ՝ նա Եգիպտոսում երկար ժամանակ բուժվում էր թոքերի հիվանդությունից։

Հովարդ Քարթերը, որը, թվում է, թե առաջինը պետքէ դառնար անեծքի զոհը, մահացավ գերեզմանը բացլուց 16 տարի անց՝ 1939 թվականին 64 տարեկան հասակում։ Նրա մահվան բնական պատճառը չեն մերժում հենց իրենք՝ «անեծքի» հետևորդները։

Քարնարվոնի դուստր լեդի Էվելինը (1901-1980), չնայած նրան, որ հոր հետ Եգիպտոս էր եկել 1922 թվականի նոյեմբերի 24-ին Քարթերի կողմից անպիղծ գերեզմանի հայտնաբերման մասին իմանալուց հետո, առաջիններից մեկն է իջել գերեզման և մասնակցել սարկոֆագի բացմանը, բարեհաջող ապրել է մինչև 79 տարին։ Նրա ավագ եղբայրն ու Քարնարվոնի միակ որդի Հենրին (1898-1987), ով անեծքի գլխավոր թիրախներից էր, հանգիստ ապրել է մինչև 89 տարին։

Վերջապես, եգիպտագետները նշում են, որ եգիպտական կրոնական և կախարդական պրակտիկայում չի եղել «անեծք» հասկացությունը։ Մարդկանց մի բազմություն, որը ոչ միայն Թութանհամոնի գերեզմանի բացմամբ էր զբաղվում , այլ նաև նմանատիպ գերեզմանների, առեղծվածային բնույթի որևէ խնդիր դրա հետ կապված չի ունեցել։ Լեգենդի ստեղծման համար մեղադրում են լրագրողներին, և մասամբ էլ «Դեյլի Մեյլ» թերթին, որը գերեզմանների բացման հետ կապված յուրաքանչյուր մարդու մահը դարձնում էր սենսացիա[10]։

Հանրահայտ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923, «Փարավոնի վրեժը» դետեկտիվ (անգլ.՝ The Adventure of the Egyptian Tomb) Ագաթա Քրիստի,
  • 1927, «Լուվրի ուրվականը» դետեկտիվ Արթուր Բերնեդ
  • 1934, «Փարավոնի սիգարները», Էրժեի կոմիկսների 4-րդ ալբոմ Տինտինի և Միլուի արկածների մասին,
  • 1948, «Յոթ հախճապակե գնդեր» «Տինտինի արկածներ» սերիայից,
  • 2005, «Թութանհամոնի գործը» Քրիստիան Ժակ,
  • 2005, վեպ «Մումիա կամ Ռամզես Անիծված» Էնն Ռայս

Կինոթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932,  «Մումիա» ֆիլմ, ԱՄՆ
  • 1957, «Pharaoh’s Curse» սարսափ ֆիլմ, ԱՄՆ
  • 1964, «Մումիայի գերեզմանատան անեծքը» սարսափ ֆիլմ, ԱՄՆ
  • 1982, «Manhattan Baby» սարսափ ֆիլմ, Իտալիա
  • 1999, «Մումիա» ֆիլմ, ԱՄՆ
  • 2001, «Բելֆեգոր՝ Լուվրի ուրվական», էկրանավորում, Ֆրանսիա
  • 2013,  «Փարավոնների անեծքը» փաստագրական ֆիլմ (РТР-Планета)
  • 2017, «Մումիա» ֆիլմ

Տես նաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мельница мифов: Тутанхамон не виноват! // Правда.ру, 09.11.2012
  2. Norman Davies Europe: A History. — Oxford University Press, 1996. — 1430 с. — ISBN 9780198201717
  3. Howard Carter. «Howard Carter's diary and journal 1922». www.griffith.ox.ac.uk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Заговор из ничего // Lenta.ru, 2015-10-02
  5. 5,0 5,1 5,2 Непомнящий Н. Н. XX век: хроника необъяснимого. Событие за событием. — М.: Олимп, 1996. — С. 67—125. — ISBN 5-7390-0265-6
  6. Д/ф անգլ.՝ «Great Mysteries and Myths of the 20th Century», «Тайна Тутанхамона».
  7. Nicholas Reeves The Complete Tutankhamun. The most dire punishment follows any rash intruder into a sealed tomb. — London, 1995. — С. 62–63.
  8. Mark Benecke (2001 թ․ դեկտեմբերի 26). «Endlich Ruhe im Sarkophag». Süddeutsche Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  9. Милованова Л. Разгадано ли проклятие фараонов? // Наука и жизнь. — 1992. — № 10. — С. 58—59. — ISSN 0028-1263..
  10. Палевич К. Проклятие фараона: правда или вымысел? // Вечерняя Москва. — 21.11.2005. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]