Փարավոնների անեծք
Փարավոնների անեծք, անեծք, որը ենթադրաբար վրա է հասնում բոլոր նրանց, ովքեր դիպչում են Հին Եգիպտոսի արքայական ծագում ունեցող անձանց գերեզմաններին և մումիաներին: Անեծքը հիմնականում կապվում է մահվան դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել փարավոն Թութանհամոնի գերեզմանը բացելուց մի քանի տարի հետո ընկած ժամանակահատվածում, իսկ գերեզմանը բացվել է 1922 թվականին[1]: Երբեմն անեծքն առնչվում է Եգիպտոսի սահմաններից դուրս ավելի հին ժամանակներում հուղարկավորված գերեզմանների բացմանը: Օրինակ՝ Լենկթեմուրի գերեզմանը Սամարղանդի Գուր-Էմիր բնակավայրում (1941), Կազիմիր Մեծի գերեզմանը Կրակովում (1973)[2], Էցիի մումիան Ալպերում:
Գիտությունը մերժում է «անեծքի» կախարդական բնույթը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեծքի մասին լեգենդի ձևավորումը շատ բանով պարտական է այն լրագրողներին և գրողներին, ովքեր ոգեշնչվել էին Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերման և դրան հաջորդող իրադարձությունների շուրջ եղած խաբեությամբ[3][4]:
Թութանհամոնի անեծքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թութանհամոն փարավոնի գերեզմանը հայտնաբերվել է 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի եգիպտագետ Հովարդ Քարթերի և հնություններ հավաքող Ջորջ Քարնարվոնի կողմից: Նրանք իրենց որոնողական աշխատանքները շարունակել են 6 տարի[5]:
Անեծքի մասին լեգենդի ծագումը ձևավորվել է սնահավատության, կեղծ մեկնաբանության, ինչպես նաև հին եգիպտական տեքստերի թյուրիմացության, դրանք ոչ ճիշտ մեկնաբանելու պատճառով 22 մարդու վաղաժամ մահվան հիման վրա (որից 13-ը մասնակցել են Թութանհամոնի գերեզմանի բացմանը, իսկ մնացյալը նրանց մտերիմներն էին) 1929 թվականին[5]:
Թութանհամոնի գերեզմանի մասին լեգենդի ծագման վերաբերյալ տեղեկություն է պահպանել ամերիկացի հայտնի և հարգված եգիպտագետ Ջեյմս Հենրի Բրեստեդը, որը գրել է 1922 թվականի նոյեմբերի վերջին Թութանհամոնի գերեզմանը բացելուց հետո տեղի ունեցած ոչ մեծ տհաճ միջադեպի մասին: Այդ մասին տպագրվել է Նյու Յորք Թայմս-ում 1922 թվականի դեկտեմբերի 22-ին: Քարթերի տանը վանդակում ապրող թռչնակին կերել էր կոբրան, իսկ ըստ եգիպտական դիցաբանության՝ այդ կենդանին պարտության էր մատնում փարավոնի թշնամիներին: Մամուլում տարածվեց մեկնաբանություն, որ դա վատ նշան է հնագետների համար: Անեծքի մասին լեգենդը ավելի մանրամասն մշակել է հնագետ Արթուր Ուեյգալլը, ով զբաղեցնում էր Հին Եգիպտոսի գերագույն խորհրդականի տեղակալի պաշտոնը 1905-1914 թվականներին: Վերջինս երկար տարիներ ապրել է Եգիպտսում և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրել է հին եգիպտական պատմական գործիչների բազմաթիվ կենսագրություններ, ինչպես նաև թատերական ներկայացումների սցենարներ ու Հին Եգիպտոսի մասին հայտնի վեպեր: Արքաների հովտում Քարթերի և Քարնարվոնի կողմից կատարվող պեղումների ժամանակ նա հատուկ թղթակից էր «Դեյլի Մեյլ» ամենօրյա թերթում: Չհաստատելով անեծքի ֆենոմենի գոյության ուղղակի փաստը՝ նա լավ գիտեր եգիպտական դիցաբանությունը և հասկանում էր հասարակության վրա դրանց ազդեցության ուժը: Ընթերցողներին հետաքրքրում էին Ուեյգալլի հրապարակումները, որոնցում նա ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր շատ տարօրինակ իրադարձություններ, որոնք տեղի էին ունենում Թութանհամոնի գերեզմանի պեղումների ժամանակ: Նա հրապարակում էր նմանատիպ իրադարձություններ, մասնավորապես, հնագետներ Ալեքսանդր Սեթոնի և Դուգլաս Մյուրրեի դեպքը: Քաղաքային ԶԼՄ-ները այս գիտնականների մասին պատմում էին լեգենդներ, թե իբր նրանք բախվել էին անբացատրելի երևույթների այն բանից հետո, երբ նրանք մումիաներ էին տեղափոխել Անգլիա: Նա հաստատեց Բրեստեդի հրապարակումը կոբրայի մասին՝ դրան տալով դիցաբանական ավելի մանրամասն մեկնաբանություն: Նա նաև հաղորդում է, որ Քարնարվոնը իր մահից 6 շաբաթ առաջ, երբ հնագետներն առաջին անգամ մտնում էին փարավոնի գերեզմանը, ուներ բարձր տրամադրություն, ծիծաղում էր, կատակում: Դիտորդի կարգավիճակով այդտեղ ներկա գտնվող Ուեյգալլն իր հարևանությամբ գտնվող լրագրողին ասել էր. «Եթե նա իջնի այնտեղ այդպիսի տրամադրությամբ, ես նրան տալիս եմ 6 շաբաթից ոչ ավել կյանք»: Բացի այդ՝ Ուեյգալլը համադրեց մի վիճահարույց փաստ, որ կոմս Քարնարվոնի պարանոցի թարախակալած վերքը գտնվում էր այն նույն տեղում, որտեղ և մահացած փարավոնի դեմքի սպին էր: Թութանհամոնի մումիայի առաջին բացման ժամանակ, որն անց էր կացնում դոկտոր Դուգլաս Դերրին, գտան փարավոնի ձախ այտի վրա՝ ականջին մոտ, բուժված վերքի սպին: Բայց քանի որ Քարնարվոնը 6 ամիս առաջ հուղարկավորվել էր, արդեն անհնար էր պարզել, թե արդյո՞ք փարավոնի վերքի տեղը համընկնում էր Քարնարվոնի դեմքի վերքի տեղին, որն առաջացել էր մոծակի ճակատագրական խայթոցից: Լեգենդի մյուս տարրը, որը նկարագրել է Ուեյգալլը, դարձավ Կահիրեում էլեկտրական լարերի խափանումը, ինչի պատճառով ամբողջ քաղաքում լորդ Քարնարվոնի մահվան օրը ենթադրաբար անջատվել էր էլեկտրաէներգիան, ինչը հաստատվեց Եգիպտոսում բրիտանացի հանձնակատար ֆելդմարշալ Ալլենբիի կողմից և որի պատճառը չպարզաբանվեց[6]:
Հարկ է նշել, որ Արթուր Ուեյգալլը ոչ այնքան ընկերական հարաբերությունների մեջ էր թե՛ լորդ Քարնարվոնի, թե՛ Հովարդ Քարթերի հետ: Պատճառն այն էր, որ լորդը գերեզմանի պեղումները լուսաբանելու բացառիկ իրավունքը տվել էր «Թայմս»-ին՝ զրկելով մյուս թերթերին ինֆորմացիա հավաքելու հնարավորությունից, իսկ Քարթերը, չնայած փայլուն կրթությանը, համառ էր և բռնկուն, ում աշխատանքի մեթոդներին նա հավանություն չէր տալիս (եգիպտա-արաբական հնագիտության ինստիտուտի ստեղծման հարցում Ուեյգալլը ու Քարթերը տարակարծիք էին ): Հետաքրքրական է նշել, որ երբ 1934 թվականին Ուեյգալլը մահանում է անցողիկ տենդից, նրան ևս ընդգրկում են անեծքի զոհերի ցանկում:
Անգլիացի կին վիպասաց Մարիա Կորելլին Քարնարվոնի մահից 2 շաբաթ առաջ հրապարակեց նախազգուշացում այն մասին, որ «ամենադաժան պատիժը սպասում է գերեզման մտած անկոչ հյուրին»[7]: Հավանաբար, նրա հերթական վեպից արված արտահայտությունը վերցված և կրկնօրինակված էր «New York World»[8] թերթից:
Սեր Արթուր Կոնան Դոյլը, արտահայտելով իր անձնական կարծիքը անեծքի գոյության օգտին, ենթադրում էր, որ լորդ Քարնարվոնի մահը վրա է հասել որոշակի էլեմենտալից (տարերքի ոգի), որը ստեղծել էին Թութանհամոնի քահանաները, որպեսզի պահպանեին արքայական գերեզմանը:
Անեծքի ուժին ամբողջ աշխարհում հավատացին շատ սնակավատ մարդիկ: Այսպես, իր բնույթով շատ կասկածամիտ անձնավորություն Բենիտո Մուսսոլինին, իմանալով Քարնարվոնի և Գոուլդի մահվան մասին, անմիջապես հրամայեց Պալացցո Կիջից հեռացնել իրեն նվեր բերված եգիպտական մումիան:
Հիմնական փաստերը, որոնք շարադրվել են «անեծքի» հետևորդների կողմից, հետևյալն են.
- Լորդ Թարնարվոնը մահացել է 1923 թվականի ապրիլի 5-ին փարավոնի գերեզմանում լինելուց 4 ամիս անց[9],
- 1928 թվականի ապրիլի 6-ին 54 տարեկան հասակում մահացել է հնագետ Արթուր Մեյսը: Նրա առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում էր գերեզմանը բացելուց ի վեր: Այս փաստը բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում և պաշտոնապես հայտարարվել էր, որ հնագետը մահացել է մկնդեղի թունավորումից,
- 1924 թվականի հունվարի 15-ին անհասկանալի հիվանդությունից (միգուցե ռենտգենյան ճառագայթների հետևանքով առաջացած) մահանում է ճառագայթաբան սեր Արչիբալդ Դուգլաս-Ռեյդը,
- 1923 թվականի մայիսի 16-ին անցողիկ թոքաբորբից ջերմության ֆոնի վրա, որը բռնկվել էր Եգիպտոսում, մահացել է 59-ամյա ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Հոուլդը, որը ևս եղել էր գերեզմանում,
- 1923 թվականի սեպտեմբերի 26-ին ատամնաբուժական վիրահատությունից հետո արյան վարակից մահացել էՔարնարվոնի արյունակից եղբայր ճանապարհորդ և դիվանագետ գնդապետ Օբրի Հերբերտը,
- 1923 թվականի հուլիսի 10-ին գերեզմանի բացման ժամանակ ներկա գտնված եգիպտական արքայական ընտանիքի անդամ արքայազն Ալի Քեմալ բեյը սպանվել է իր կնոջ կողմից,
- 1924 թվականի նոյեմբերի 19-ին Կահիրեում ահաբեկիչները սպանել են Սուդանի գեներալ-մարզպետ սեր Լի Ստեկը,
- 1929 թվականի նոյեմբերի 15-ին անսպասելի մահանում է Քարթերի քարտուղար կապիտան Ռիչարդ Բարտելը,
- 1930 թվականի փետրվարի 20-ին սեր Ռիչարդ Բարտելի հայրը՝ բարոն Ուեստբերին, նետվել է 7-րդ հարկի պատուհանից: Համաձայն որոշ թերթերի տեղեկատվության՝ այն մեքենան, որը տեղափոխում էր բարոնի մարմինը, փողոցում մահացու ավտովթարի է ենթարկել փոքրիկ տղայի,
- 1929 թվականի մայիսի 26-ին մալարիայի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է Քարնարվոնի խորթ եղբայր Մերվին Հերբերտը:
Լեդի Ալմինա Քարնարվոնի մահվան մասին լուրը, որն իբր տեղի էր ունեցել անհայտ միջատի խայթոցից 61 տարեկան հասակում, կեղծ էր, քանի որ նա մահացել է 93 տարեկան հասակում 1969 թվականին, իսկ նրա և լորդ Քարնարվոնի երեխաները բավականին երկար են ապրել:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական միջավայրում ի հակակշիռ անեծքի կախարդական բացատրությանը՝ քայլեր ձեռնարկվեցին վերը նշված մարդկանց մահվան տրամաբանական հիմնավորման համար: Առանձնացվում են 3 հիմնական հավանական պատճառներ.
- թույների աղդեցությունը, որն առկա էր սարկոֆագներում թաղման ժամանակ,
- ռադիոակտիվ տարրերի ազդեցությունը, որը գտնվել է գերեզմանում,
- սնկերի ազդեցությունը, որոնք առկա էին գերեզմանի բորբոսասնկերում[5]:
Ինչպես նշում են առեղծվածային տեսակետի կողմնակիցները, փաստացի 12 գիտնականներից 6-ի միջին տարիքը, ովքեր մասնակցել էին գերեզմանի բացմանը, կազմում էր 74,4 տարի: Ջեյմս Հենրի Բրեստեդը արդեն 70 տարեկան էր, Դեյվիսը՝ 71, իսկ Ալան Հարդիները՝ 84 տարեկան: Տարեց գիտնականների անմիջական մահվան փաստերն իրենցից ոչ մի զարմանալի բան չեն ներկայացնում:
57-ամյա Ջ. Քարնարվոնը հավանաբար մահացել է տենդից, ինչով Եգիպտոսում դժվար չէր հիվանդանալը, բացի այդ՝ նա Եգիպտոսում երկար ժամանակ բուժվում էր թոքերի հիվանդությունից:
Հովարդ Քարթերը, որը, թվում է, թե առաջինը պետքէ դառնար անեծքի զոհը, մահացավ գերեզմանը բացլուց 16 տարի անց՝ 1939 թվականին 64 տարեկան հասակում: Նրա մահվան բնական պատճառը չեն մերժում հենց իրենք՝ «անեծքի» հետևորդները:
Քարնարվոնի դուստր լեդի Էվելինը (1901-1980), չնայած նրան, որ հոր հետ Եգիպտոս էր եկել 1922 թվականի նոյեմբերի 24-ին Քարթերի կողմից անպիղծ գերեզմանի հայտնաբերման մասին իմանալուց հետո, առաջիններից մեկն է իջել գերեզման և մասնակցել սարկոֆագի բացմանը, բարեհաջող ապրել է մինչև 79 տարին: Նրա ավագ եղբայրն ու Քարնարվոնի միակ որդի Հենրին (1898-1987), ով անեծքի գլխավոր թիրախներից էր, հանգիստ ապրել է մինչև 89 տարին:
Վերջապես, եգիպտագետները նշում են, որ եգիպտական կրոնական և կախարդական պրակտիկայում չի եղել «անեծք» հասկացությունը: Մարդկանց մի բազմություն, որը ոչ միայն Թութանհամոնի գերեզմանի բացմամբ էր զբաղվում , այլ նաև նմանատիպ գերեզմանների, առեղծվածային բնույթի որևէ խնդիր դրա հետ կապված չի ունեցել: Լեգենդի ստեղծման համար մեղադրում են լրագրողներին, և մասամբ էլ «Դեյլի Մեյլ» թերթին, որը գերեզմանների բացման հետ կապված յուրաքանչյուր մարդու մահը դարձնում էր սենսացիա[10]:
Հանրահայտ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1923, «Փարավոնի վրեժը» դեդեկտիվ (անգլ.՝ The Adventure of the Egyptian Tomb) Ագաթա Քրիստի,
- 1927, «Լուվրի ուրվականը» դեդեկտիվ Արթուր Բերնեդ
- 1934, «Փարավոնի սիգարները», Էրժեի կոմիկսների 4-րդ ալբոմ Տինտինի և Միլուի արկածների մասին,
- 1948, «Յոթ հախճապակե գնդեր» «Տինտինի արկածներ» սերիայից,
- 2005, «Թութանհամոնի գործը» Քրիստիան Ժակ,
- 2005, վեպ «Մումիա կամ Ռամզես Անիծված» Էնն Ռայս
Կինոթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1932, «Մումիա» ֆիլմ, ԱՄՆ
- 1957, «Pharaoh’s Curse» սարսափ ֆիլմ, ԱՄՆ
- 1964, «Մումիայի գերեզմանատան անեծքը» սարսափ ֆիլմ, ԱՄՆ
- 1982, «Manhattan Baby» սարսափ ֆիլմ, Իտալիա
- 1999, «Մումիա» ֆիլմ, ԱՄՆ
- 2001, «Բելֆեգոր՝ Լուվրի ուրվական», էկրանավորում, Ֆրանսիա
- 2013, «Փարավոնների անեծքը» փաստագրական ֆիլմ (РТР-Планета)
- 2017, «Մումիա» ֆիլմ
Տես նաև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мельница мифов: Тутанхамон не виноват! // Правда.ру, 09.11.2012
- ↑ Norman Davies Europe: A History. — Oxford University Press, 1996. — 1430 с. — ISBN 9780198201717
- ↑ Howard Carter։ «Howard Carter's diary and journal 1922.»։ www.griffith.ox.ac.uk։ Վերցված է 2018-08-28
- ↑ Заговор из ничего // Lenta.ru, 2015-10-02
- ↑ 5,0 5,1 5,2 Непомнящий Н. Н. XX век: хроника необъяснимого. Событие за событием. — М.: Олимп, 1996. — С. 67—125. — ISBN 5-7390-0265-6
- ↑ Д/ф անգլ.՝ «Great Mysteries and Myths of the 20th Century», «Тайна Тутанхамона».
- ↑ Nicholas Reeves The Complete Tutankhamun. The most dire punishment follows any rash intruder into a sealed tomb. — London, 1995. — С. 62–63.
- ↑ Mark Benecke (2001-12-26)։ «Endlich Ruhe im Sarkophag»։ Süddeutsche Zeitung։ Վերցված է 2018-08-28
- ↑ Милованова Л. Разгадано ли проклятие фараонов? // Наука и жизнь. — 1992. — № 10. — С. 58—59. — ISSN 0028-1263..
- ↑ Палевич К. Проклятие фараона: правда или вымысел? // Вечерняя Москва. — 21.11.2005. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2012.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Day J. The Mummy's Curse: Mummymania in the English-speaking World. — Routledge, 2006. — 240 p. — ISBN 978-0415340229