Մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը տրանսպորտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)։
Բուդապեշտի ստորգետնյա երկաթգիծը՝ առաջինը մայրցամաքային Եվրոպայում։

Մետրոպոլիտեն (ֆր.՝ métropolitain կրճատ՝ մետրո), ուղևորների զանգվածային արագ փոխադրումների համար նախատեսված քաղաքային երկաթուղի է։ Մետրոն աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շարժման արագությամբ։ Մետրոյի գծերն անցնում են ստորգետնյա թունելներով, ուղանցներով կամ փողոցի հատուկ առանձնացված մասերով։ Առավել տարածված են մետրոյի ստորգետնյա գծերը, դրանք չեն խախտում քաղաքի հատակագիծը, չեն սահմանափակում գետնընթաց տրանսպորտի և հետիոտների երթևեկությունը։ Մետրոյի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մետրոպոլիտենը կառուցվել է Լոնդոնում, երկարությունը 3.6 կմ։ Թողարկվել է 1863 թվականի հունվարի 10-ին։ Առաջին օրը նոր տրանսպորտից օգտվել է 30000 մարդ։ Սկզբնական շրջանում գործում էր շոգու ուժով, ուղևորները թունելում մրից սևանում և խեղդվում էին[1]։ 1890 թվականին շոգեքարշին փոխարինեց էլեկտրաքարշը։ Մեծ Բրիտանիայում Լոնդոնյան մետրոյից հետո երկրորդն էր Գլազգոյինը 1896 թվականին։

Երկրորդ մետրոպոլիտենը բացվել է Նյու Յորքում 1868 թվականին։ Նա վերգետնյա էր մինչև 1904 թվականը։ Վերգետնյա էր նաև Չիկագոյի 1892 թվականին բացված մետրոպոլիտենը, որի գնացքներն աշխատում էր շոգիով։

Մայրցամաքային Եվրոպայում առաջին մետրոն Բուդապեշտում էր (1896)։
Հետագայում կառուցվեցին՝

Խորհրդային Միությունում մերոպոլիտենները գործարկվել են հետևյալ հերթականությամբ՝

Աշխարհի խոշորագույն մետրոներն են՝

Տոկիոյի մետրոյի տարեկան ուղևորահոսքը կազմում է 3174 մլն. մարդ, իսկ Շինջուկու կայարանով օրական անցնում է 2 մլն. ուղևոր։ Այս կայարանն ամենածանրաբեռնվածն է աշխարհում։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի մետրոպոլիտենի շինարարությունն իրականացրել է «Metropolitan Railways» (թարգմանաբար՝ Մայրաքաղաքային երկաթուղի) ընկերությունը։ Այստեղից էլ առաջացել է «մետրոպոլիտեն» անունը, որը գործածվում է շատ լեզուներում[1]։ Առաջինը Փարիզում 1890 թվականին բացված առաջին մետրոպոլիտենի անվանումն էր՝ Compagnie du chemin de fer Métropolitain de Paris, թեև Մեծ Բրիտանիայում օգտագործվում է underground (ընդհատակյա), ԱՄն-ում subway (բառացի «ճանապարհի տակ») եզրերը։ Լոնդոնցիները մետրոյին ասում են նաև՝ tube (բառացի «խողովակ»)։
Գերմանիայում տարածված է Untergrundbahn (U-Bahn), Շվեդիայում՝ Tunnelbana (T-bana) անունները։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ. հունվարի 8-ի ժամը 17։33-ին Մոսկվայի մետրոյի Իզմայլովսկայա և Պերվամայսկայա կայարանների միջև գտնվող բաց տարածքում պայթեց ռումբ։ Եղավ յոթ զոհ։ Նույն օրը Մոսկվայի ևս երկու տեղերում տեղի ունեցան ռումբերի պայթյուններ։ Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվեցին և դատարանի կողմից մահապատժի դատապարտվեցին հայազգիներ Զավեն Բաղդասարյանը, Հակոբ Ստեփանյանը և որպես կազմակերպիչ՝ Ստեփան Զատիկյանը։
  • 1982 թ. փետրվարի 17-ին Ավիամատորնայա կայարանում երեկոյան պիկ ժամին ջարդվեց իջնող շարժասանդուղքը։ Արդյունքում սանդուղքի արագությունը մեծացավ ավելի, քան երկու անգամ։ Սանդուղքից իջնելու տեղում առաջացավ հրմշտոց, որի հետևանքով զոհվեց ութ հոգի։
  • 1994 թ. Բաքվի մետրոյում տեղի ունեցավ երկու ահաբեկչական գործողություն։ Մարտի 20-ին ժամը 13։00-ին «Հունվարի 20» կայարանում որոտաց պայթյուն։ Գլխամասային վագոնում ինքնաշեն ռումբը պայթեց այն պահին, երբ գնացքը կանգ առավ կայարանում։ Զոհվեց 14 մարդ։ Ահաբեկչական գործողությունը կատարած Օքթայ Ղուրբանովը նույնպես զոհվեց տեղում։
  • Նույն տարվա հուլիսի 3-ին ժամը 8։30-ին գնացքի երկրորդ վագոնում պայթեց ռումբ այն պահին, երբ նա մոտենում էր «Գյանջլիք» կայարանին։ Պայթյունից էլեկտրագնացքի վագոնները բոցավառվեցին։ Արդյունքում զոհվեց 13 մարդ, վիրավորվեցին 58-ը։
  • 1995 թ. հոկտեմբերի 28-ին նույն՝ Բաքվի մետրոյում պատահեց հրդեհ, որն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշոր պատահարն էր։ Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում զոհվեց 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և երեք փրկարար։ Վիրավորների թիվը կազմեց 270 հոգի։
  • 1995 թ. մարտի 20-ին Աում Շինրիկյո նեոկրոնական կազմակերպությունը Տոկիոյի մետրոյում Tokyo Subway կազմակերպեց զարին գազային գրոհ։ Զոհվեց 12 մարդ։ 2004 թ. կազմակերպության Շոքո Ասահարան ճանաչվեց մեղավոր և դատարանը վճռեց մահապատիժ՝ կախաղանի միջոցով։
  • Մոսկվայի մետրոյում երկրորդ անգամ ահաբեկչություն է իրականացվել 1996 թ. հունիսի 11-ին։ Տուլյսկայա կայարանից Նագատինսկայա կայարան գնացող գնացքի վագոնում գործեց ինքնաշեն պայթուցիկ։ Պայթյունի հետևանքով զոհվեց չորս մարդ։ Այդ հանցագործությունը մինչ օրս չի բացահայտվել։
  • 1999 թ. մայիսի 30-ին Մինսկի մետրոյի Նեմիգա կայարանի մոտ զանգվածային իրարանցման հետևանքով զոհվեց 53 մարդ։ Ամեն ինչ տեղի ունեցավ գարեջրի տոնախմբության ժամանակ հանկարծակի ուժեղ ամպրոպից հետո սկսված խոշոր կարկտից։ Մոտ երկուսուկես հազար երիտասարդ փորձեցին պատսպարվեն մետրոյի կայարան տանող մոտակա գետնանցումում։ Զոհերի մեծ մասը 14-ից 20 տարեկան երիտասարդներ էին։ Միայն երեքն էին 30-ից բարձր տարիքի՝ 36, 47 և 61 տարեկան։
  • 1999 թ. հունիսի 10-ի ժամը 19։40-ին փլուզվեց Սանկտ-Պետերբուրգի մետրոյի Սեննայա պլոշշադյ կայարանի վերգետնյա տաղավարի հինգ մետրանոց ծածկը։ Զոհվեց յոթ հոգի։
  • Զոհեր տված հաջորդ ահաբեկչությունը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցավ 2000 թ. օգոստոսի 8-ին՝ Պուշկինսկայա կայարանի գետնանցումում։ Ռումբի պայթյունի զոհ դարձավ 13 մարդ։
  • 2004 թ. փետրվարի 6-ին Մոսկվայի մետրոյի Ավտոզավադսկայա և Պավելեցկայա կայարանների արանքում պայթեց մահապարտ ահաբեկչի գործարկած ռումբը։ Զոհվեց 41 հոգի։
  • Նույն՝ 2004 թ. օգոստոսի 31-ին Մոսկվայի մետրոյում իրականացվեց ևս մի ահաբեկչություն։ Մահապարտ կին ահաբեկիչը պայթեցրեց իրեն Րիժսկայա կայարանի սրահում։ Ահաբեկչական այս գործողությունը խլեց տասը մարդու կյանք։
  • Մի քանի ահաբեկչական գործողությունների շարք տեղի ունեցավ 2010 թ. մարտի 29-ի առավոտյան։ Առաջին պայթյունը գնացքի վագոնում որոտաց 7։57-ին մետրոյի Լուբյանկա կայարանում, երկրորդը՝ 8։37-ին՝ Սոկոլնիչևսկայա գծի Պարկ կուլտուրի կայարանում։ Այս երկու գործողություններն իրականացվել էին մահապարտ ահաբեկչուհիների մասնակցությամբ։ Պայթյուններին զոհ գնաց 40 մարդ։
  • 2011 թ. ապրիլի 11-ի ժամը 17։55-ին Մինսկի մետրոյի երկու գծերի հատման Կաստրըչնիցկայա կայարանում ռումբի պայթյունից զոհվեց 15 մարդ։ Կազմակերպիչները երկուսն էին՝ Դմիտրի Կանավալովն ու Վլադիսլավ Կավալյովը։ Դատարանը նրանց ճանաչեց մեղավոր և որոշեց մահապատիժ՝ գնդակահարության միջոցով։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվեց նրանց ճանաչել անմեղ և դատավճիռն արվեց ի կատար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [««Вокруг света». Ժամանակագրություն (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին. «Вокруг света». Ժամանակագրություն (ռուս.)]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոպոլիտեն» հոդվածին։