Jump to content

Մելիք շահ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք շահ I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր 1055[1][2]
Ծննդավայր Սպահան, Իրան
Վախճանի օր նոյեմբերի 19, 1092
Վախճանի վայր Բաղդադ
Թաղված Tomb of Nizam al-Mulk
Դինաստիա Սելջուկներ
Քաղաքացիություն  Սելջուկյան սուլթանություն
Հայր Ալփ-Արսլան
Ամուսին Terken Khatun?, Zübeyde Hatun?[3] և Taj Safariyya Khatun?[4]
Զավակներ Ահմադ Սանջար, Mahmud I of Great Seljuk?, Gawhar Khatun?, Բարկիյարուկ, Մուհամմեդ I Տապար, Isma Khatun? և Mah-i Mulk Khatun?

Աբուլ-Ֆաթխ Ջալալ ադ-Դին Մելիք-շահ իբն Ալփ Արսլան (Մալիք շահ) (պարս.՝ ملكشاه, թուրքերեն՝ Melikşah, թուրքմ.՝ Mälikşa; 1055[1][2], Սպահան, Իրան - նոյեմբերի 19, 1092, Բաղդադ), սելջուկյան սուլթան (1072-1092)։ Սելջուկյան ամենահզոր սուլթաններից մեկի՝ Ալփ Արսլանի որդին և իրավահաջորդը։ Հոր՝ Արսլանի կառավարման շրջանում՝ Մանազկերտի ճակատամարտից հետո, սելջուկները Փոքր Ասիայում ստեղծել են իրենց պետությունը, իսկ Մելիք շահի իշխանության շրջանում այդ պետությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Մալիքի օրոք սելջուկյան պետության մայրաքաղաքը Ռեյից տեղափոխվեց Սպահան։

Երիտասարդ տարիքում նա մասնակցել է իր հոր՝ Ալփ Արսլանի արշավանքներին՝ վերջինիս վիզիր Նիզամ Ալ-Մուլքի հետ միասին։ 1072 թվականին Արսլանի արշավանքներից մեկի ժամանակ սուլթանը մահացու վիրավորվել է և մահացել ընդամենը մի քանի օր անց։ Դրանից հետո Մալիք շահը դարձել է նորաստեղծ Իկոնիայի սուլթանության սուլթան։ Մելիք շահը գահը խաղաղ պայմաններում չի ստացել։ Նա գահակալական պայքարի մեջ էր հորեղբոր՝ Քավուրթի հետ։ Մալիք շահն անցկացրեց իր կառավարման մնացած մասը՝ պատերազմ մղելով Կարախանիդների դեմ և կարգուկանոն հաստատելով Կովկասում[5]։

Չնայած այն բանի, որ նա հայտնի էր մի քանի անուններով, նա հիմնականում հիշատակվել է որպես «Մալիք շահ»։ Սա արաբական բառային համադրություն է. «Մալիք» (թագավոր) և շահ (միապետի տիտղոս Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում)։

Մալիք շահի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ. որոշ գիտնականներ հակված են այն վարկածին, որ սուլթանը թունավորվել է խալիֆի կողմից, իսկ մյուսները ասում են, որ թունավորվել է վեզիրի՝ Նիզամ Ալ Մուլքի կողմնակիցների կողմից։

Կենսագրական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք շահը ծնվել է 1055 թվականի օգոստոսի 16-ին։ Իր պատանեկությունն անցկացրել Սպահանում։ Ըստ XII դարի պարսիկ պատմաբան Մուհամեդ բեն Ալի Ռավանդիի՝ Մելիք շահը ունեցել է բաց մաշկ, եղել է բարձրահասակ[6]։ 1064 թվականին Մելիքը, որն այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր, սուլթանության վեզիր Նիզամ Ալ-Մուլքի հետ մասնակցել է հոր՝ Ալպ Արսլանի դեպի Կովկաս արշավանքին[7]։ Նույն թվականին Մելիքն ամուսնացել է Քարահանիդ Խան Իբրահիմ Թամգաչ Խանի դստեր՝ Թերկեն Խաթունի հետ։ 1066 թվականին, Ալպերում, Արսլանի կազմակերպած արարողության արդյունքում Մելիքը ճանաչվել է իր ժառանգորդ և գահի օրինական իրավահաջորդ[6][8][6]։

1071 թվականին Մելիքը մասնակցել է իր հոր սիրիական արշավանքին և մնացել Հալեպում, երբ նրա հայրը մարտնչել է բյուզանդական կայսր Ռոման IV Դիոգենեսի հետ Մանազկերտում[6]։ 1072 թվականին Ալպ Արսլանը իր հերթական արշավանքի ժամանակ ծանր վիրավորվել է, իսկ Մալիքը շուտով ստանձնել է բանակի հրամանատարությունը։ Ալփ Արսլանը մահացել է մի քանի օր անց, իսկ Մելիքը՝ հռչակվել սուլթանական պետության նոր սուլթան։

Մալիք շահը նստած էր իր գահին:

1066 թվականին Ալփ Արսլանը իր կազմակերպած արարողության ժամանակ հայտարարել է, որ իր գահի օրինակ ժառանգորդը իր որդին է՝ Մալիքը, սակայն Արսլանի ավագ եղբայրը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Համարելով իրեն գահի իրավահաջորդ՝ Քավուրթը Մալիքին ուղարկել է հետևյալ բովանդակությամբ նամակ.

Ես նրա ավագ եղբայրն եմ, իսկ դու՝ երիտասարդ որդին. ես ավելի շատ իրավունքներ ունեմ ժառանգելու եղբորս գահը
- Քավուրթի նամակը գահաժառանգ Մալիքին

Մալիքը ի պատասխան հորեղբոր նամակին գրել է.

Եղբայրը չի կարող ժառանգել գահը, եթե կա որդին
- Մալիքի պատասխան նամակը Քավուրթին[9]

Այս նամակը զայրացրել է Քավուրթին, վերջինս սեղմ ժամկետներում օկուպացրել է Սպահանը։ 1073 թվականին Համադանի մատույցներում տեղի է ունեցել մարտական գործողություն սուլթանի և նրա հորեղբոր միջև, որը տևել է երեք օր։ Քավուրթի զորքը բաղկացած էր թուրքմեններից և իր յոթ որդիներից, մինչդեռ սուլթանի՝ Մալիքի զորքը, բաղկացած էր գուլամներից՝ («ռազմական ստրուկներից») և քրդական ու արաբական զինվորներից[9]։

Ճակատամարտի ընթացքում Մալիքի ենթակայության տակ գտնվող թուրք զինվորականները ապստամբել են նրա դեմ, բայց դա չի խանգարել սուլթանին փայլուն հաղթանակ տանել Քավուրթի դեմ մարտական գործողություններում[6][10]։ Բարձրացված ապստամբությունը ճնշելուց հետո Քավուրթը ներողություն է խնդրել՝ խոստանալով հեռանալ դեպի Օման, սակայն վեզիր Նազիմ Ալ-Մուլքը մերժել է նրա առաջարկը՝ հայտարարելով, որ իրեն ներելը թուլության նշան կլինի։ Որոշ ժամանակ անց Քավուրթը դատապարտվել է մահվան։ Մահապատժի տեսակ է ընտրվել նրան խեղդամահ անելը։ Երկրում խաղաղություն հաստատելուց հետո Մալիք շահը Կուտլուգ Թեղինին նշանակել է Ֆարսի նահանգապետ, իսկ Սեյվ Թեղանին՝ Քերմանի նահանգապետ[11]։

Այնուհետեև Մալիք շահն իր ուշադրությունը հրավիրել է Կարախանիդների վրա, որոնք Ալփ Արսլանի մահից հետո ներխուժել են Բակտրիա, որտեղ իշխել է Մալիք շահի եղբայրը՝ Այազը։ Վերջինս չի կարողացել հետ մղել Կարախանիդներին և սպանվել է նրանց կողմից։ Մալիքն ի վերջո կարողացել է հետ մղել Կարախանիդներին և գրավել Տիրմիդը՝ Սեյվ-Թեղանին տալով քաղաքի բանալին։ Այնուհետև Մալիք շահը իր մյուս եղբորը՝ Շիհաբ ադ-Դին Թեքիշին նշանակել է Բակտրիայի և Բալխի կառավարիչ[12]։ Նույն ժամանակահատվածում Գազնավիդների տիրակալ Իբրահիմին հաջողվել է Հյուսիսային Խորասան քաղաքում սելջուկյան որոշ տարածքներ գրավել, սակայն շատ կարճ ժամանակում ստացել է սուլթանի հակահարվածը և ստիպված խաղաղության պայմանագիր կնքել։ Պայմանագիրը ամրապնդվել է Իբրահիմի որդու՝ Մասուդ III-ի և Մալիքի դստեր՝ Գոհար խաթունի ամուսնությամբ[6][13][14]։

1074 թվականին Մալիք շահը թուրք զորապետ Արգարին հրամայել է վերականգնել այն, ինչ նա ավերել Է Շիրվանշահ Ֆարիբուրզ I-ի դեմ մարտական գործողությունների հետևանքով[15]։ Նույն թվականին նա Քերմանի կառավարիչ է նշանակել հորեղբոր՝ Քավուրթի որդուն Ռուկն Ալ-Դավլային[11]։ Մեկ տարի անց Մալիք շահը Սեյվ-Ռեգինայի հրամանատարությամբ զորաբանակ է ուղարկել Արրանում հաստատված Շադդադյանների դեմ։ Շադդադյան տան ներկայացուցիչ Ֆադլուն III-ը պարտություն կրեց և վերացավ Շադդադյանների իշխատնությունը սուլթանական պետությունից[16][17][18]։ 1089 թվականին Մալիք շահը տեղի հոգևորականության աջակցությամբ գրավել է Սամարղանդը և բանտարկել նրա Կարախանիդի կառավարիչ Ահմադ-Խան իբն Հիզրան, որը Թերկեն Խաթունի զարմիկն էր[6]։ 

1092 թվականին Նիզամ Ալ-Մուլքը սպանվել է Սիհնի մոտ՝ Բաղդադ տանող ճանապարհին, իսլամի կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունքի մի հետևորդի կողմից[19]։ Քանի որ մարդասպանն անմիջապես սպանվել է Նիզամի թիկնապահի կողմից, անհնար է դարձել վստահաբար հաստատել, թե ով է նրան ուղարկել։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա իսմայիլական մոլեռանդ է եղել, քանի որ նրանք 11-րդ դարի ընթացքում պարբերաբար մահափորձեր են իրականացրել սելջուկ պաշտոնյաների և տիրակալների դեմ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հարձակումը հրահրել է Մալիք շահը, որը, հնարավոր է, հոգնել է իր հզոր վեզիրից[20]։ Նիզամ Ալ-Մուլքի մահից հետո, Մալիք շահի հովանավորությամբ սուլթանական պետության նոր վեզիր է դարձել պարսիկ Թաջ Ալ-Մուլք Աբու Գանիմը[6]

Այնուհետև Մալիք շահը ուղևորվել է Բաղդադ և որոշել տապալել Ալ-Մուքթադիին։ Սուլթանը նրան ուղարկել է հետեւյալ հաղորդագրությունը.

Դուք պետք է զիջեք ինձ Բաղդադը և գնաք ցանկացած երկիր, որը կկամենաք։
- Մալիք շահի նամակը Բաղդադի խալիֆին

Սա արվել է այն պատճառով, որ Մալիքը ուզում էր իր թոռանը (կամ զարմիկին)՝ Ջաֆարին նշանակել Խալիֆայության նոր առաջնորդ[21][6]։

Սելջուկյան տիրույթները Մալիք շահի կառավարման ժամանակաշրջանում:

Իր իշխանության հենց սկզբում Մելիք շահը ճնշել է իր հորեղբոր՝ Քավուրթի ապստամբությունը և մահապատժի ենթարկել նրան։ Մելիք շահն ընդլայնել է սելջուկյան սուլթանության սահմանները։ Գրավվել են Հյուսիսային Սիրիան և Պաղեստինի մի մասը։  Ավելի ուշ՝ 1074 թվականին, նա որոշել է իր ռազմական ուժերը առաջացնել կարախանիդի Խանի՝ Սամարղանդի տիրակալ Շամս Ալ Մուլքի դեմը։ Վճռորոշ ճակատամարտը տեղի է ունեցել Կարշիից ոչ հեռու։ Խանական զորքերը ջախջախվել են սելջուկների կողմից։ Դրանից հետո նրանք գրավել են Բուխարան և Սամարղանդին։ 1079 թվականին տեղի է ունեցել Մալիք շահի արշավանքը դեպի Վրաստան և Հայաստան։ Որոշ ժամանակ սելջուկները ձեռնպահ էին մնում խոշոր ռազմական գործողություններից, բայց արդեն 1089 թվականին սկսվեց նոր ռազմարշավ, որի ընթացքում գրավվեց Ֆերգանան։ Մալիք շահի կառավարման ժամանակաշրջանում Սելջուկյան սուլթանության սահմանը ընդլայնվել և մոտեցել է Արևելյան Թուրքեստանի սահմանին։

Շինարարություն, արվեստ և գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ռազմական գործունեությունից, Մելիք շահը զբաղվել է նաև պատերազմներից ու ապստամբություններից հետո իր հպատակների ավերված բնակավայրերի և տարբեր շրջանների վերականգնմամբ։ Նրա պետությունը բաժանվել է 12 վասալային իշխանապետությունների, որոնք կառավարվում էին սելջուկյան արիստոկրատների և զորահրամանատարների կողմից։ Իր պետությունում հաղորդագրության ուղիները հեշտացնելու համար Մելիք շահը բարելավել է ճանապարհները, ինչպես նաև կառուցել է ընդհանուր օգտագործման շենքեր՝ քարավան, գոմ, կառուցվել են հարյուրավոր մզկիթներ, մեդրեսեներ, պալատներ։ Իկոնիայում ծաղկում էին արվեստն ու պոեզիան, ինչպես նաև գիտությունը։  Մելիք շահի օրոք իրականացվել է օրացույցի բարեփոխում, ստեղծվել են բարձրագույն դպրոցներ Հերաթում, Բաղդադում, գիտնականներին ամեն կերպ հովանավորություն է ցուցաբերվել։ Որպես վեզիր (գլխավոր նախարար) ծառայել է Նիզամ Ալ Մուլքը՝ «Գիրք կառավարման մասին» աշխատության հեղինակը։  Այդ ժամանակ ապրել և ստեղծագործել են Օմար Խայամը, Աբու Համիդ ալ-Ղազալին։

Ներքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով օրթոդոքս սուննիներ՝ սուլթանները իրենց ղեկավարման ժամանակարշրջանում մշտապես հետապնդել են շիաներին, մասնավորապես՝ Իսմայիլիթների վառ ներկայացուցիչ Հասան իբն Սաբահինին։ Սաբահի հետևորդներին հաջողվել է գրավել Ղազվինից ոչ հեռու գտնվող Ալամուտ ամրոցը, իսկ Մալիք շահի ուղարկած Էմիր Արսլան-Թաշի հրամանատարությամբ զորքը չի կարողացել ճնշել զարգացող մարտական գործողությունները։ Գուլամները՝ սուլթանի անմիջական ենթակայության ստրուկ զինվորականները, հրամանատար Քըզըլ Սարըգի ղեկավարությամբ պաշարել են Կուխիստանի Դարու ամրոցը, սակայն 1092 թվականի նոյեմբերի 19-ին Շահի մահվան պատճառով դադարեցրել է ռազմական գործողությունները։ Ասում են՝ սուլթանի մահվան պատճառը թունավորումն էր։ Սուլթանը թաղվել է Մերվեում, իր հոր՝ Ալփ Արսլանի գերեզմանի մոտ։ Մելիք շահի մահից հետո իշխանության համար պայքար է սկսվել նրա որդիների միջև[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. İslâm Ansiklopedisi (тур.) — 1988. — Vol. 24. — P. 93.
  4. (not translated to tr) Selçuklu hatunları (тур.)Cağaloğlu: Bilge Kültür Sanat, 2017. — ISBN 978-605-9521-07-9
  5. Gibb, H. A. R. (1960–1985). The Encyclopedia of Islam, vol. 8. Leiden: Brill. էջ 70.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Durand-Guédy, 2012
  7. Luther, 1985, էջեր 895–898
  8. Bosworth, 1968, էջ 61
  9. 9,0 9,1 Bosworth, 1968, էջ 88
  10. Bosworth, 1968, էջեր 88-89
  11. 11,0 11,1 Bosworth, 1968, էջ 89
  12. Bosworth, 1968, էջեր 90-91
  13. Bosworth, 2002, էջ 179
  14. Bosworth, 1968, էջ 94
  15. Minorsky, 1958, էջ 40
  16. Djalali, S. H. Taqizadeh, The Encyclopaedia of Islam, Vol. 2 , Ed. B. Lewis, C. Pellat and J. Schacht, (E. J. Brill, 1991), 397-398.
  17. Bosworth, 1968, էջ 95
  18. Gibb, H. A. R. (1960–1985). The Encyclopedia of Islam, vol. 8. Leiden: Brill. էջ 71.
  19. Gibb, H. A. R. (1960–1985). The Encyclopedia of Islam, vol. 8. Leiden: Brill. էջեր 69–72.
  20. Gibb, H. A. R. (1960–1985). The Encyclopedia of Islam, vol. 8. Leiden: Brill. էջ 72.
  21. Bosworth, 1968, էջ 101
  22. Ստրոևա Իսմայիլիթների պետությունն Իրանում XI-XIII դարերում.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]