Jump to content

Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ֆեոդորովնա
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ, ազնվական, նկարչուհի և բուժքույր
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1847(1847-11-26)[1][2][3][…]
Ծննդավայր Դեղին պալատ, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա կամ Կոպենհագեն, Դանիա[4]
Վախճանի օր հոկտեմբերի 13, 1928(1928-10-13)[2][3] (80 տարեկան)
Վախճանի վայր Hvidøre, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա
Թաղված Պողոս-Պետրոս տաճար և Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա Գլյուքսբուրգներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն դան․՝ Marie Sophie Frederikke Dagmar
Հայր Քրիստիան IX[1]
Մայր Լուիզա Հեսսեն Կասելացի
Ամուսին Ալեքսանդր III[1][5]
Զավակներ Նիկոլայ II[6], Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, Գեորգի Ալեքսանդրովիչ, Քսենիա Ալեքսանդրովնա, Միխայիլ Ալեքսանդրովիչ և Օլգա Ալեքսանդրովնա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան Լուիզայի շքանշան Թանկարժեք թագի շքանշան Թերեզայի շքանշան և Order of Saint Isabel

Մարիա Ֆեոդորովնան (ռուս.՝ Мария Фёдоровна, նոյեմբերի 26, 1847(1847-11-26)[1][2][3][…], Դեղին պալատ, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա և Կոպենհագեն, Դանիա[4] - հոկտեմբերի 13, 1928(1928-10-13)[2][3], Hvidøre, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա), դանիացի արքայադուստր էր, որն ամուսնանալով ռուս կայսր Ալեքսանդր III-ի հետ դարձավ Ռուսաստանի Կայսրության կայսրուհի։ Ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26 և մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 13-ին։ Նրա որդին վերջին ցար Նիկոլայ II-ն էր։

Առաջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Դագմարը (ձախից), արքայածն Վիլհելմը, Կրիստիան IX-ը և արքայադուստ Ալեքսանդրան
Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը

Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմարը ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26-ին Կոպենհագենի Դեղին Պալատում։ Նրա ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը (այն ժամանակ դեռ արքայազն) և թագուհի Հես-Կասելյան Լուիզան էին։ Դաստիարակվել է բողոքական եկեղեցու սկզբունքներով։ Նա առավել հայտնի էր Դագմար անունով, իսկ մտերիմները նրան դիմում էին Միննի փաղաքշական անունով։ 1863 թվականին Դագմարի հայրը դարձավ Դանիայի թագավորը։ Բացի Դագմարից նա ուներ ևս հինգ երեխա, ովքեր իրենց հետագա ամուսնություններով կապեր հաստատեցին Դանիայի և եվրոպական մի շարք կարևոր թագավորական ընտանիքիների հետ՝ Անգլիա, Ռուսաստանի Կայսրություն, Հունաստան և այլն, թագավոր Կրիստիանի IX-ին տալով "Եվրոպայի սկեսար" հումորական մականունը։ Դագմարը մեծացել և հասունացել է ամուր և համերաշխ ընտանիքում և շատ կապված է եղել իր քույրերի հետ։

Նշանադրությունները և ամուսնությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դագմարը 1864 թվականին
Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը
Մարիա Ֆեոդորովնա

Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի գահին հավակնող իր որդին՝ Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը, ամուսնանար եվրոպացի արքայադստեր հետ՝ այլ ոչ թե ռուս։ 1864 թվականին Նիկոլայը մեկնեց Դանիա, որտեղ կատարվեց նրա և Դագմարի նշանադրությունը, սակայն 1865 թվականի ապրիլին նա վախճանվեց մինինգիտից։ Մահից առաջ նա ցանկություն հայտնեց, որպեսզի Դագմարը ամուսնանա իր կրտսեր եղբոր Ալեքսանդրի հետ։ Դագմարի վրա մեծ ազդեցություն էր ունեցել իր սիրելիի մահը և իր հայրենի պալատ վերադառնալուց հետո ընտանիքի անդամները մտահոգված էին նրա առողջության համար։ Դագմարը շատ էր կապվել ռուսների հետ և շատ էր հավանել այդ ընդարձակ և մեծ երկիրը, որը կարող էր դառնալ իրենը։ Ալեքսանդր II-ը նրան նամակ գրեց հայտնելով, որ Դագմարը կարող էր իրեն համարել ընտանիքի անդամ։ 1866 թվականին Ալեքսանդր III-ը, ով պետք է հետագայում ստանձներ կայսրի կոչումը, այցելեց Դագմարին։ Իր սենյակում նկարներ նայելու ժամանակ Ալեքսանդրը խնդրեց Դագմարի ձեռքը և նա համաձայնեց։

Դագմարը լքեց իր հայրենի Դանիան 1866 թվականի սեպտեմբերի մեկին։ Մեծ ամբոխ էր հավաքվել իրենց սիրելի արքայադստերը հրաժեշտ տալու նպատակով։ Ամբոխի մեջ էր գտնվում նաև Հանս Քրիստիան Անդերսենը, ում հաճախ հրավիրում էին պալատ Դագմարին և նրա քույրերին հեքիաթներ պատմելու։ Անդերսենը անձամբ ցտեսություն ասեց Դագմարին, բռնելով նրա ձեռքը, այնուհետև իր հիշուղությունների մեջ նա գրեց, որ Դագմարը հուզված էր և աչքերը լի էին արցունքով։ Նա մտահոգված էր, թե ինչպես իր սիրելի Դագմարին կվերաբերվեին Ռուսաստանում, քանի որ մարդիկ, լեզուն և հավատքը տարբեր էին։

Ռուսաստանում կայսերական ընտանիքը շատ ջերմ ընդունեց Դագմարին։ Նա ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատքը և ստացավ Մարիա Ֆեոդորովնա անունը։ Մարիա Ֆեոդորովնան շատ բարի էր և շատ էր սիրում ռուս ժողովրդին։ Նա արագ սովորեց ռուսերեն լեզուն։ Քաղաքականությանը նա չէր խառնվում և նախընտրում էր իր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ։ Կազմակերպում էր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ։ Նա նաև ուներ հակագերմանական հայացքներ, քանի որ Դանիայի որոշ տարածքներ գտնվում էին Գերմանիայի հսկողության տակ։ Ռուս ժողովուրդը նույնպես շատ էր սիրում նոր իշխանուհուն։

Ամուսնությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում։ Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ։ Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը։

Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները։ Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում։

Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ։ Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր Նիկոլայ II-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին։ Նրա և Ալեքսանդր III-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից։ Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ)։

Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին։ Նա պաշտում էր իր ավագ որդուն՝ Նիկոլային, ում հետ շատ կապված էր և կիսում էին իր գաղտնիքները։ Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր։ Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ։ Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին։

Ռուսաստանի կայսրուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիան Գեորգիի Քսենիայի և Նիկոլայի հետ
Մարիա Ֆեոդորովնայի գերբը

Կայսր Ալեքսանդր II-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը։ Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել։ Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց։ Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին։ Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ։ Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին։ Ըստ Մարիայի, նրա ոտքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում։ Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի։ Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն։ Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների։ Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր։ Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները։ Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար։

Մարիայի և Ալեքսանդր III-ի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1883 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի Կրեմլում։ Նախկին կայսրի սպանությունից հետո բոլորը վախենում էին Ալեքսանդր III-ի և նրա ընտանիքի անվտանգության համար։ Հատուկ պլան էր մշակնվել թագադրման արարողությունը տապալելու նպատակով, սակայն դա այդպես էլ չիրագործվեց։ Շքեղ արարողությանը ներկա էին 8000 հոգի։

Անվտանգության նպատակով կայսերական ընտանիքը տեղափոխվեց ապրելու Գաչինայի պալատ, անվտանգության ոստիկանապետ Գերենալ Չերևինի խորհրդով։ Մարիան և Ալեքսանդրը նոր պալատում ապրեցին 13 տարի։ Այն կառուցվել էր Եկատերինա II-ի ժամանակ և ուներ 900 սենյակ։

Մարիան իր ամուսնու և երեխաների հետ

Ալեքսանդր III-ը փակվել էր Գաչինայի պալատում և դուրս էր գալիս իր ընտանիքի հետ միասին միայն պահակախմբի ներկայությամբ։ Նա շատ էր վախեցել իր հոր մահից, այդ իսկ պատճառով պահպանում էր իր ընտանիքը պալատի ներսում պահելով։ Ընտանիքի անդամները պալատը լքում էին միայն եկեղեցական արարողությունների և միջոցառոմների նպատակով։ Մարիա Ֆեոդորովնան երբեմն այցելում էր Ձմեռային Պալատ՝ պարահանդեսներին ներկա գտնվելու համար։ Գաչինայի Պալատում նույնպես կազմակերպվում էին միջոցառումներ և պարահանդեսներ։ Ալեքսանդր III-ը շատ էր սիրում ներկա գտնվող երաժիշտներին, սակայն վերջում նրանց հերթով ցտեսություն էր մաղթում, դրանով Մարիային հասկացնելով որ երեկույթը ավարտված է։

Ամեն ամառ Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր III-ը և նրանց երեխաները այցելում էին Դանիա Մարիայի ծնողներին հյուր։ Նրանց նաև միանում էին Անգլիայի և Հունաստանի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները։ Ժամանակը անցնում էր շատ ուրախ։

Ալեքսանդրը III-ը, ի տարբերություն իր հոր ազատամետ քաղաքականությանը, սահամանել էր խիստ կարգ ու կանոն, որին բոլորը պետք է ենթարկվեին։ Նա սկսել էր պաշտել ռուս ազգը և քիչ կարևորություն տալ մյուս ազգերին։ Ալեքսանդրը ինքն իրեն նույնպես վերաբերվում էր շատ խիստ։ Ուտում և խմում էր շատ քիչ և երբեք չէր անում այն ինչ ցանկանում էր, այլ այն ինչ հարկավոր էր։ Ընտանիքի անդամները հետևում էին նրա օրինակին։

Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը Կոպենհագենում 1893 թվականին

Ալեքսանդրը սարսափում էր իր վրա հնարավոր մահափորձերից։ Իր հոր մահվան վեցերորդ տարելիցի օրը՝ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցուց դուրս գալուց մի խումբ հեղափոխական երիտասարդներ պլանավորել էին նրա վրա ռումբ նետել, սակայն անվտանգության աշխատողները կարողացան նրանց պլանը տապալել և ձերբակալել երիտասարդներին։ 1887 թվականին նրանց մահապատժի ենթարկեցին և կախեցին։ Նրանց մեջ էր գտնվում Վլադիմիր Լենինի եղբայրը՝ Ալեքսանդր Ուլյանովը։

Մարիա Ֆեոդորովնան, Ալեքսանդր III-ը և նրանց հինգ երեխաները 1893 թվականին

Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր։ 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին։ Երբ նրանք նախաճաշում էին, գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ։ Այն սլանում էր չափից դուրս արագ։ Միջադեպից հետո Մարիա Ֆեոդորովնան և երեխաները սարսափի մեջ էին։ Ալեքսանդրը կարողացած դժվարությամբ դուրս գալ շուռ եկած գնացքի տակից և սկսեց որոնել իր ընտանիքի անդամներին։ Նա երկար ժամանակ գնացքի ծանր վագոնը վեր պահած կանգնել էր, որպեսզի երեխաները կարողանային տակից դուրս գալ։ Բոլորը փրկվեցին, սակայն միջադեպը ծանր հետևանք ունեցավ Ալեքսանդրի առողջական վիճակի վրա։

Մինչև 1894 թվականը Ալեքսանդր III-ը գնալով ավելի և ավելի էր թուլանում։ Մարիա Ֆեոդորովնան գիտեր, որ իր ամուսնուն երկար ժամանակ չէր մնացել ապրելու։ Ամբողջ ուշադրությունը սևեռած էր ապագա կայսր Նիկոլայի վրա, ով դեռ լիովին պատրաստ չէր պաշտոնը ստանձնելուն։ Ալեքսանդրը գոհ չէր իր ավագ որդու բնավորությամբ և արտաքին տեսքից։ Նա իր հորից շատ ավելի կարճահասակ էր և չուներ կառավարչի մտածելակերպ։ Ալեքսանդրը մտահոգված էր կայսրության ապագայով, քանի որ իր առողջական վիճակի ծանրանալու պատճառով շատ ժամանակ չէր ունեցել Նիկոլային կառավարչական գիտելիքներ տալու։ Մարիա Ֆեոդորովնան նույնպես մտահոգված էր։ Բացի դրանից Նիկոլայը արդեն մի քանի տարի սիրահարված էր գերմանացի իշխանուհի Հեսյան Ալիքսին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ։ Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը դեմ էին այդ միությանը, քանի որ ունեին հակագերմանական հայացքներ և չէին հավանում Ալիքսի ամաչկոտ և ինքնամփոփ բնավորությունը։

Նախկին կայսրուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիան իր որդու՝ կայսր Նիկոլայ II-ի հետ 1896 թվականին

1894 թվականի նոյեմբերի մեկին կայսր Ալեքսանդր III-ը մահացավ Ղրիմի Լիվադիայի պալատում։ Մարիա Ֆեոդորովնան այդ օրը գրեց իր օրագրում՝ "Իմ սիրտը կոտրված է, բայց ես վերջին պահին նրա դեմքին տեսա ժպիտ և դա ինձ ուժ տվեց": Ուելսի արքայազն ու արքայադուստրը ժամանեցին Լիվադիա՝ Մարիայի կողքին լինելու և նրան օգնություն ցուցաբերելու համար։ Նրանք իրենց վրա վերցրին թաղման արարողությունների կազմակերպումը։ Ալեքսանդր III-ի մարմինը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։

Մարիան իր քրոջ Ալեքսանդրայի և նրա դստեր հետ

Մինչև իր մահը Ալեքսանդրը հասցրել էր իր ամուսնության համաձայնությունը տալ որդի Նիկոլային և Ալիքսին և նրանց օրհնել, չնայած այն փաստին, որ չէր հավանում ապագա կայսրուհուն։ Մարիան նույնպես դեմ լինելով այդ միությանը փորձում էր բարին տեսնել ամեն ինչում։

Մարիա Ֆեոդորովնան տեղափոխվեց Անիչկովի պալատ։ 1888 թվականին վնասված գնացքը վերականգնվեց, նորացվեց և տրվեց նախկին կայսրուհուն սեփական օգտագործման համար։ 1899 թվականին Մարիայի կրտսեր որդին՝ Գեորգին, վախճանվեց տուբերկուլյոզից։ Թաղման արարողության ժամանակ Մարիան իրեն զգաստ էր պահում, սակայն վերջում չդիմանալաով նա վազեց եկեղեցուց և որդու գլխարկը գրկած փակվեց իր սենյակում։

Մարիա Ֆեոդորովնան մեծ ազդեցություն ուներ իր որդու՝ Նիկոլայ II-ի և ընտանիքի մնացած անդամների վրա։ Նա ուներ դիվանագիտական մտածելակերպ։ Չնայած այն փաստին, որ նրան բոլորը սիրում էին և հարգում, նա շատ լարված հարաբերությունների մեջ էր գտնվում իր որդու կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորվնայի հետ։ Լարվածությունը այնքան շատ էր, որ նույնիսկ Նիկոլայի երեխաների հետ նա մոտ չէր։ Դա նաև պայմանավորված էր նրանով, որ Մարիան՝ լինելով նախկին կայսրուհի երբեմն ավելի մեծ ազդեցություն և իրավունքներ էր ունենում ի համեմատ ներկա կայսրուհու՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի։

Քսաներորդ դարի առաջին տարիները նախկին կայսրուհին հիմնականում անց էր կացնում Ռուսաստանի Կայսրությունից դուրս։ Նա երբեմն ապրում էր Անգլիայում իր քրոջ՝ Ալեքսանդրա Թագուհու մոտ։ 1906 թվականին, երբ մահացավ նրա հայրը՝ Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը, Մարիան մեկնեց հայրենիք։ Նա այնտեղ ստանձնեց Հվիդորի վիլլան։ Այնուհետև նա իր քրոջ Ալեքսանդրայի հետ նորից մեկնեց Անգլիա։

Մարիան կազմակերպեց իր դստեր՝ Մեծ Իշխանուհի Օլգայի հարսանիքը, որը ավարտվեց ամուսնալուծությամբ։ Օլգան շատ դժբախտ էր իրենից տարիքով բավականին մեծ Օլդենբուրգի դուքս Պետրոսի հետ ամուսնությունից։ 1916 թվականին Նիկոլայ II-ը վերջապես թույլ տվեց իր քրոջը բաժանվել ամուսնուց։ Այնուհետև Օլգան ամուսնացավ թագավորական ընտանիքին չպատկանող Նիկոլայ Կուլիկովսկու հետ։ Մարիան դեմ էր այդ ամուսնությանը, սակայն իր դստերը հակառակում չհամոզեց։ 1912 թվականին Մարիայի կրտսեր որդի Միխայիլը ամուսնացավ իր սիրուհու հետ՝ խայտառակելով և՛ Մարիային, և՛ Նիկոլային։

Մարիա Ֆեոդորովնան (ձախից) իր քրոջ և զարմուհու հետ

1914 թվականին ՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսելու ժամանակ Մարիա Ֆեոդորովնան գտնվում էր Լոնդոնում՝ իր քրոջ մոտ։ Պատերազմը նրան ստիպեց վերադառնալ Ռուսաստան։ Ճանապարհին նախկին կայսրուհու գնացքը ստուգվեց գերմանացիների կողմից և այն ստիպված եղավ անցնել չեզոք գոտիներ Դանիայի և Ֆինլանդիայի մեջով։ Կայսրություն վերադառնալուց հետո Մարիան տեղափոխվեց Յելագինի պալատ, որը Սանկտ-Պետերբուրգին ավելի մոտ էր գտնվում։ Նա դարձավ Կարմիր Խաչի նախագահ՝ օգնելով վիրավոր զինվորներին։ Մարիան իր օգնությունը ցուցաբերում էր նաև ֆինանսապես։

1916 թվականին Մարիան տեղափոխվեց Կիև ՝ Մարինսկու պալատ, դրանով արտահայտելով իր դժգոհությունը իր որդու ընտանիքի հետ կապված Գրիգորի Ռասպուտինի հանդեպ։ Նա այլևս Սանկտ-Պետերբուրգ չվերադարձավ։

Հեղափոխություն և աքսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ֆեոդորովնայի ձեռքով նկարածը
Մարիա Ֆեոդորովնայի ձեռքով նկարածը

1917 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Մարիա Ֆեոդորովնայի որդին՝ կայսր Նիկոլայ II-ը գահընկեց եղավ։ Մարիան Կիևից մեկնեց Մոգիլյով՝ իր որդուն տեսնելու նպատակով։ Նորից Կիև վերադառնալուց հետո Մարիան նկատեց, որ այդ քաղաքում իր ներկայությունը այլևս ցանկալի չէր և նա մի խումբ Ռոմանովների հետ գնացքով մեկնեց Ղրիմ։ Մարիա Ֆեոդորովնան միշտ լուրեր էր ստանում, որ իր որդիները (Նիկոլայը և Միխայիլը) սպանվել էին բոլշևիկների կողմից, ինչպես նաև Նիկոլայի ընտանիքը։ Նա միշտ հերքում էր այդ լուրերը և համոզված էր, որ իր որդիները արդեն փրկվել էին և գտնվում էին Ռուսաստանից դուրս։ Այնուամենայնիվ նրա որդի Միխայիլը սպանվեց 1918 թվականի հունիսի 13-ին, իսկ Նիկոլայը և նրա ընտանիքը՝ կինը և հինգ երեխաները սպանվեցին նույն թվականի հուլիսի 17-ին։ Մահացան նաև մի շարք այլ Ռոմանովներ և նրանց հետ կապված անձնավորություններ։

Մարիան իր նամակներում և օրագրերում գրում էր, որ աղոթում է Նիկոլայի համար և միշտ մտածում է նրա մասին։ Նա մինչև իր կյանքի վերջը չընդունեց իր որդիների մահվան լուրը, սակայն նրա դուստրը՝ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան մտածում էր, որ իր մայրը այդ ծանր լուրը ընդունել էր իր սրտի խորքում։

Չնայած այն փաստին, որ Մարիա Ֆեոդորովնան 1917 թվականից այլևս չէր համարվում կայսրուհի կամ նախկին կայսրուհի, ողջ մնացած Ռոմանովները և հավատարիմ մարդիկ նրան նախկինի պես համարում էին Ռուսաստանի կայսրուհի։

Ռուսաստանից վտարումից հետո Մարիա Ֆեոդորովնան ապրեց տարբեր վայրերում։ Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում իր քրոջ Ալեքսանդրայի հետ, նա նկատեց որ գրավել էր երկրորդական դիրք և կարևորություն չէր ներկայացնում որպես անձնավորություն, այդ իսկ պատճառով նա լքեց Անգլիան։ Որոշ ժամանակ նա ապրեց իր զարմիկի՝ Դանիայի թագավոր Կրիստին X-ի պալատում, սակայն վերջում նա տեղավորվեց Հվիդորի կալվածք, որտեղ էլ ապրեց իր վերջին տարիները։

Մարիա Ֆեոդորովնան խուզարկու էր վարձել իր որդի Նիկոլայի հնարավոր սպանության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով։ Խուզարկուն տարիներ շարունակ աշխատեց այդ առեղծվածի վրա՝ լինելով Եկատերինբուրգի Իպատիևի տանը, որտեղ որ սպանվել էր նախին թագավորական ընտանիքը։ Վերջանակապես համոզվելով, որ նրանք իրոք սպանվել էին, նա ուղևորվեց Մարիա Ֆեոդորովնայի մոտ՝ հայտնելու այդ լուրը, սակայն Մեծ Իշխանուհի Օլգան՝ Մարիա դուստրը նրան նամակով խնդրեց չներկայանալ, իր արդեն հիվանդ և ծեր մոր վիճակը ավելի չբարդացնելու համար։

1925 թվականին մահացավ Մարիայի սիրելի քույրը՝ թագուհի Ալեքսանդրան։ Դա վերջին ծանր հարվածն էր, որ նա կարող էր կրել։ Մարիա Ֆեոդորովնան մահացավ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Հվիդորի կալվածքում՝ 80 տարեկան հասակում։ Նա իր չորս որդիներից երկար ապրեց։ Թաղվեց իր հայրենի Դանիայում։

2005 թվականին Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումով նրա մարմինը Դանիայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և 2006 թվականին թաղվեց իր ամուսնու՝ կայսր Ալեքսանդր III-ի կողքին՝ Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։

2006 թվականին Պետերհոֆում կանգնեցվեց Մարիա Ֆեոդորովնայի արձանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Мария Феодоровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 639.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119102757 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  6. Николай II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 124—128.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]