Հուվերի ամբարտակ
Հուվերի ամբարտակ | |
---|---|
Տեսակ | arch-gravity dam?, հիդրոէլեկտրակայան, տեսարժան վայր, ամբարտակ և լցվող ամբարտակ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղադրություն | Մոհավե շրջան[2] և Քլարկ շրջան |
Կազմված է | Hoover Dam (AZ)? և Hoover Dam (NV)? |
Բացման ամսաթիվ | 1936 |
Շահագործման սկիզբ | 1936 |
Ճարտարապետ | Gordon Kaufmann? |
Անվանված է | Հերբերտ Հուվեր և Boulder Canyon? |
Սեփականատեր | ԱՄՆ դաշնային կառավարություն |
Օպերատոր | United States Bureau of Reclamation? |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Black Canyon of the Colorado? |
Ջրամբար | |
Գետի ավազան | 435 000 կմ² |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 2078,8 մեգավատտ[3] |
Տարեկան արտադրանք | 92 368 800 000 000 ջոուլ[4] |
Կայք usbr.gov/lc/hooverdam/(անգլ.) | |
Հուվերի ամբարտակ, Հուվերի պատնեշ (անգլ.՝ Hoover Dam, ինչպես նաև հայտնի որպես Boulder Dam), հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց ԱՄՆ-ում, 221 մետր բարձրությամբ բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում։ Գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք՝ Բոուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու։ Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար)։ Անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի, որը մեծ դերակատարում է ունեցել ամբարտակի կառուցման գործում։ Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին՝ նախատեսվածից երկու տարի շուտ։
Ամբարտակը գտնվում է ԱՄՆ-ի բարելավման գրասենյակի ղեկավարության վերահսկողության տակ, որը ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարարության բաժանմունք է։ Հուվերի ամբարտակը համարվում է Լաս Վեգասի շրջակայքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։
Կառուցման նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ ամբարտակի կառուցումը Կոլորադոն հաճախ ցույց էր տալիս բուռն բնավորությունը, քարքարոտ լեռներում ձնհալքերի ժամանակ հաճախ ողողում էր գյուղատնտեսական հողերը, որոնք տեղաբաշխված էին հոսանքն ի վար։ Ամբարտակի նախագծողները նախատեսում էին, որ նրա կառուցումը կօգնի կարգավորել Կոլորադո գետի մակարդակը։ Դրանից բացի սպասվում էր, որ ջրամբարը զարկ կտար ոռոգվող հողագործության զարգացմանը, ինչպես նաև կդառնա Լոս Անջելեսի և Հարավային Կալիֆոռնիայի մնացած շրջանների ջրամատակարարման աղբյուր[5]։
Այդ նույն ժամանակ նախագծի իրականացման գործում խոչընդոտներից մեկը այն էր, որ Կոլորադո գետի ավազանում գտնվող նահանգները կասկածներ ունեին ջրային պաշարների հավասար օգտագործման հարցում։ Կար վախ, որ Կալիֆոռնիան իր իշխանությամբ, ֆինանսական պաշարներով և անբավարար ջրերով կցանկանա իրավունք ձեռք բերել ջրամբարի մեծ մասի վրա։
Արդյունքում 1922 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որի մեջ մտնում էին մեկական ներկայացուցիչ հետաքրքրված նահանգներից և մեկ ներկայացուցիչ ֆեդերատիվ իշխանությունից (Հերբերտ Հուվերը, որն այդ ժամանակ առևտրի նախարարն էր նախագահ Ուորեն Հարդինգի կառավարության կազմում)։ Այդ հանձնաժողովի գործունեության արդյունք դարձավ 1922 թվականի նոյեմբեր 22-ին ստորագրված Կոլորադո գետի կոնվենցիան, որում ամրագրված էր ջրային պաշարների բաժանման մեթոդիկան։ Այդ փաստաթղթի ստորագրումը, որը ստացավ «Հուվերի փոխզիջում» անվանումը, ճանապարհ բացեց ամբարտակի կառուցման իրագործման համար[6]։
Այդպիսի մեծ մասշտաբի ջրատեխնիկական կառույցը պահանջում էր մեծ միջոցներ պետական բյուջեից։ Ֆինանսավորման հատկացման օրինագիծը միանգամից չստացավ ԱՄՆ-ի սենատի և Սպիտակ տան հավանությունը։ Միայն 1928 թվականի դեկտեմբերի 28-ին նախագահ Քելվին Քուլիջն ստորագրեց փաստաթուղթը, որը թույլատրեց նախագծի իրականացումը։ Նախնական ֆինանսավորումը հատկացվեց միայն 1930 թվականին, երբ նախագահը Հերբերտ Հուվերն էր։
Ի սկզբանե նախատեսվում էր ամբարտակը կառուցել Բոուլդերի կիրճում (անգլ.՝ Boulder Canyon): Այդ է պատճառը, որ չնայած վերջնական որոշում կայացվեց ամբարտակը կառուցել Սև կիրճում, բայց նախագիծն ստացավ Boulder Canyon Project անվանումը[7]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբարտակի կառուցման պայմանագիրը ստացել է կոնսորցիում Six Companies, Inc., համատեղ նախաձեռնությամբ Morrison-Knudsen Company (Բոյսե, Այդահոի նահանգ), Utah Construction Company (Օգդեն, Յուտայի նահանգ), Pacific Bridge Company (Պորտլենդ, Օրեգոնի նահանգ), Henry J. Kaiser & W. A. Bechtel Company (Օքլենդ, Կալիֆոռնիայի նահանգ), MacDonald & Kahn Ltd. (Լոս Անջելես) և J. F. Shea Company (Պորտլենդ, Օրեգոնի նահանգ)[8]։
Շինարարական աշխատանքներին մասնակցել են հազարավոր աշխատողներ (առավելագույն թիվ 5251 աշխատող, որը եղել է 1934 թվականի հուլիսին)։ Պայմանագրի համաձայն շինարարությունում չէր թույլատրվում ընդգրկել չինացի փախստականներին, իսկ սևամորթների քանակը շինարարության ընթացքում չպետք է գերազանցեր 30-ը, որոնք պետք է աշխատեն ամենացածր վարձատրվող աշխատանքներում[9]։ Նախատեսվում էր, որ աշխատողների համար պետք է կառուցվեր մի ամբողջ քաղաք Բոուլդեր Սիթի, բայց շինարարության գրաֆիկան կազմված էր արագացման և աշխատողների քանակի ավելացման համար (դա արվել էր, որպեսզի կրճատվեր համատարած գործազրկության մեծ թիվը, որը դարձել էր մեծ դեպրեսիայի հիմքը)։ Այդ իսկ պատճառով առաջին աշխատողների գալու ժամանակ քաղաքը դեռ պատրաստ չէր, և առաջին ամառը աշխատողները անցկացրին ժամանակավոր ճամբարում։ Բնակավայրերի հանձնելու ուշացումը և աշխատանքի վտանգավորությունը հանգեցրին գործադուլի, որը տեղի ունեցավ 1931 թվականի օգոստոսի 8-ին։ Աշխատողների ցույցը ցրվեց զենքի և մահակների օգնությամբ, բայց Բոուլդեր Սիթիում աշխատանքների տեմպը արագացվեց, և 1932 թվականի գարնանը աշխատողները տեղափոխվեցին մշտական տներ։ Բոուլդեր Սիթիում շինարարության ժամանակ արգելված էր մարմնավաճառությունը, ազարտային խաղերը և ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ալկոհոլի վաճառքի արգելքը պահպանվեց մինչև 1969 թվականը, իսկ խաղային բիզնեսի արգելքը պահպանվում է մինչ օրս (Նևադա նահանգի այդպիսի միակ քաղաքը)։
Ամբարտակի կառուցումը տեղի էր ունենում ծանր պայմաններում։ Աշխատանքների որոշ մասը տեղի էր ունենում թունելներում, որտեղ աշխատողները տառապում էին ածխաթթու գազի ավելցուկից[10] (որոշ աշխատողներ դարձան հաշմանդամ կամ մահացան դրա հետևանքով)։ Գործատուն հայտարարեց, որ տվյալ հիվանդությունը հետևանք է թոքերի բորբոքման, և նա չի կրում պատասխանատվություն դրա համար։ Այդ նույն ժամանակ Հուվերի ամբարտակի շինարարություն առաջինն էր որտեղ օգտագործվեցին պաշտպանիչ սաղավարտներ։
Շինարարության ամբողջ ընթացքում մահացել է 96 մարդ[11]։ Առաջին մարդը, որը մահացել է շինարարության ընթացքում եղել է տեղանքագիր Տիրնին, որը խորտակվել էր Կոլորադոյի ջրերում 1922 թվականի դեկտեմբերին շինարարության համար առավել լավ տեղ ընտրելու գործընթացի ժամանակ[11]։
Նախնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբարտակի կառուցումը ծրագրված էր Նևադայի և Արիզոնայի սահմանների նեղ կիրճում։ Կոլորադո գետի ջրերի հեռացման համար շինարարության վայրից Սև կիրճի քրե պատերում փորվել էր 17,1 մետր տրամագծով 4 թունել։ Թունելների ընդհանուր երկարությունը կազմում էր 4,9 կմ։ Թունելների շինարարությունը սկսվեց 1931 թվականի մայիսին։ Թունելների երեսապատումը տեղի էր ունենում 0,9 մ հաստությամբ բետոնով, և վերջնական տրամագիծը ջրի անցման համար կազմեց 15,2 մետր։ Շինարարության ավարտից հետո թունելները մասամբ փակվել են բետոնային «խցաններով», իսկ մասամբ օգտագործվում է տուրբինների ջրի մատակարարման և ավելցուկային ջրի բացթողման համար[12]։ Այն փաստը, որ ջրահեռացումը չի կատարվում ամբարտակի միջոցով (ինչպես այդ նույն սկզբուքով կառուցված Սայանո-Շուշենսկոյեի ՀԷԿ-ը), այլ թունելների միջոցով՝ տեղաբաշխված շրջապատող ժայռերում, ամբարտակին տալիս է հավասարակշռություն[13]։
Շինարարության վայրի մեկուսացման համար և գետի միջոցով խորտակումը կանխելու համար կառուցվել է երկու պատնեշ։ Վերին պատնեշի կառուցումը սկսվեց 1932 թվականի սեպտեմբերին, չնայած այն բանի, որ թունելները այդ պահին վերջնական չէին կառուցել[14]։
Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ աշխատանքների սկսվելը կատարվել է կիրճի պատերի քարերի մաքրմանը աշխատանքներ. դրանք պայթեցվում էին դինամիտով և գցվում ներքև։
Բետոնային ամբարտակի կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բետոնը լցվել է ամբարտակի հիմքում 1933 թվականի հունիսի 6-ին։ Բետոնի ստեղծման համար բացվել էր տեղի ընդերքի պաշարները, կառուցվել են հատուկ բետոնային գործարաններ[15]։
Քանի որ նման մասշտաբի աշխատանքներ նախկինում տեղի չէին ունեցել, որոշ տեխնիկական լուծումներ, որոնք առաջանում էին շինարարության ընթացքում, կրում էին յուրահատուկ բնույթ։ Խնդիրներից մեկը, որի հետ բախվել են ինժեներները, բետոնի սառեցումն էր։ Կուռ մոնոլիտի փոխարեն ամբարտակը կառուցվում էր որպես միմյանց հետ փոխկապակցված սյուներ, որոնք ունեին սեղանաձև տեսք, ինչը նպաստում էր ավելորդ տաքության տարածմանը, որն առաջանում էր բետոնային մասայի քարացման հետևանքով։ Ինժեներները հաշվարկեցին, որ եթե ամբարտակը կառուցվեր որպես մոնոլիտ, բետոնի ամբողջական սառեցման համար մինչ շրջապատի ջերմաստիճանը կպահանջվեր 125 տարի։ Դա կարող էր հանգեցնել ճեղքվածքի առաջացման և պատնեշի քանդմանը[16]։ Դրանից բացի, սառեցման գործընթացի արագացման համար բետոնի յուրաքանչյուր շերտի տեսքը, որտեղ տեղի էր ունենում լրացնելը, կազմում էր տրամագծային երկաթյա խողովակների սառեցման համակարգ, որտեղ մուտք էր գործում գետի ջուրը։ Բետոնի քարացման գործընթացը, որով կառուցված է ամբարտակը, մինչ օրս ավարտված չէ[17]։
Բետոնը մեջ ընդհանուր առմամբ օգտագործվել 600 000 տոննա պորտլանդցեմենտ և 3,44 միլիոն մ³ լցանյութեր։ Հուվերի ամբարտակը շինարարության ավարտման ժամանակ դարձավ աշխարհի ամենամեծ արհեստական կառույցը, որը քաշով գերազանցում էր Գիզայի բուրգերին, օգտագործված բետոնը կբավարարեր 5 մետր լայնությամբ և 20 սմ հաստությաբ բետոնային ճանապարհի կառուցում Սան Ֆրացիսկոյից մինչև Նյու Յորք, այսինքն ճանապարհ, որը կանցներ ամբողջ ԱՄՆ-ով Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան[15]։
Էլեկտրակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոսի մշակումը նախատեսված ջրաէլեկտրակայանի կառուցման համար կատարվել է ամբարտակի փոսի մշակման հետ միաժամանակ։ Հողային աշխատանքները U-ա ձև կառույցի համար, որը ընկած էր ամբարտակի տակ, ավարտվեց 1933 թվականին, իսկ առաջին բետոնը էլեկտրոկայանի շենքում լցվել է այդ նույն տարվա նոյեմբերին։
Առաջին էլեկտրականությունը կայանի գեներատորների կողմից ստացվել է 1936 թվականի հոկտեմբերի 26-ին։ 1961 թվականին կայանի վերանորոգման ժամանակ կառուցվել է լրացուցիչ գեներատորներ։ Այս պահի դրությամբ կայանում էլեկտրականություն արտադրում է 17 գեներատոր առավելագույնը 2080 մեգավատտ հզորությամբ։
Էլեկտրակայանը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի արևմուտքում էլեկտրամատակարարման գործում։ Գեներատորների վրայի ծանրաբեռնվածությունը կախված է Էլեկտրաօգտագործման հետ, որը կարգավորվում կայանների կարգավորման կենտրոնից՝ Ֆենիքս (Արիզոնա, Հուվերի ամբարտակից 500 կմ հեռու) և կատարվում ամեն 2 վայրկանը մեկ։ Մինչ 1991 թվականը օգտագործվում էր մեխանիկական կառավարման համակարգ, վերջն ի վերջո համակարգ փոխվեց և ավտոմատացվեց[18]։
Ճարտարապետական լուծուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական նախագիծը կանխատեսում էր բավականին հասարակ ճարտարապետական լուծում պատնեշի և ջրաէլեկտրակայանի համար։ Նախատեսվում էր, որ պատնեշի արտաքին մասը պետք է լինի սովորական պատ՝ վերևը շրջանակված ճաղաշարքով, որը արված էր նեոգոթական ոճով։ Էլեկտրակայանի շենքը ընդհանրապես չէր տարբերվելու հասարակ գործարանի շենքից։
Նախագծի առաջարկը քննադատվել է շատ ժամանակակիցների կողմից իր հասարակ լինելու համար, ինչը, նրանց կարծիքով, չէր համաբատասխանում շինության դարակազմիկ բնույթին։ Դրա հետևանքով նախագծման համար հրավիրվեց լոսանջելեսցի ճարտարապետ Գորդոն Կաուֆմանը (Los Angeles Times թերթի շենքի նախագծի հեղինակը)։ Կաուֆմանին հաջողվեց վերափոխել նախագիծը՝ շինության արտաքին տեսքը ար դեկո ոճի մեջ կատարելով։ Ամբարտակի վերին մասը զարդարված է աշտարակներով, որոնք բարձրանում են հենց պատնեշից։ Ջրաթողման աշտարակներում տեղաբաշխված են ժամեր, նրանցից մեկը ցույց է տալիս Լեռնային ժամանակը (Արիզոնա), իսկ մյուսը Հյուսիսամերիկյան խաղաղօվկյանոսյան ժամանակը (Նևադա)[10]։
Ամբարտակի անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբարտակը նախնական պետք է կառուցվեր Բոուլդերի կիրճում, այդ իսկ պատճառով չնայած, որ շինարարություը սկսվեց Սև կիրճում պաշտոնական փաստաթղթերում այն անվանվեց «Բոուլդերի ամբարտակ»։ Բայց շինարարական աշխատանքների պաշտոնական բացման ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի քարտուղար Ռեյ Վիլբուրը հայտարարեց, որ ամբարտակը անվանվելու է այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Հուվերի պատվին։ Վիլբուրի այդ հայտարարությունից հետո ստեղծվեց ավանդույթ, որի համաձայն նոր բացված ամբարտակները անվանվում էին այդ ժամանակվ ԱՄՆ-ի նախագահի պատվին (ինչպես օրինակ՝ Վիլսոնի ամբարտակը կամ Քուլիդջա ամբարտակը)[10]։ ԱՄՆ-ի կոնգրեսը 1931 թվականի փետրվարի 14-ին հաստատեց պաշտոնական անվանումը «Հուվերի ամբարտակ»։
1932 թվականին Հուվերը պարտվեց նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ֆրանկլին Ռուզվելտին։ Նոր նախագահի պաշտոնի ստանձնելուց հետո անմիջապես ԱՄՆ-ի ադմինիստրացիան պատնեշը վերանվանեց «Բոուլդերի ամբարտակ»։ Պաշտոնական որոշում այդ հարցում չընդունվեց, սակայն բոլոր պաշտոնական փաստաթղթերց, զբոսաշրջային ուղեցույցերից Հուվերի անունը անհետացավ։
1947 թվականին, Ռուզվելտի մահից 2 տարի հետո, կալիֆոռնիական կոնգրեսմեն Ջեկ Անդերսոնը ներկայացրեց նախագիծ, որով ամբարտակին վերադարձվելու էր Հուվերի անունը։ Ապրիլի 30-ին օրինագիծը հաստատվեց Սենատի կողմից և ստորագրվեց նախագահի կողմից և այդ պահից ի վեր ամբարտակը կրում է ներկայիս անվանումը։
Տրանսպորտային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 2010 թվականը ամբարտակով անցնում էր 93-րդ մայրուղին (Route 93), որը կապում էր Արիզոնա նահանգ մեքսիկական սահմանին։ Մայրուղու հատված, որը ընկած է ամբարտակում, չէր համապատասխանում մասշտաբին և թույլատրվող տրանսպորտների քանակին։ Ճանապարհը ունի ընդամենը մեկ երթևեկելի գոտի յուրաքանչյուր ուղղությամբ, ամբարտակի մուտք գործելու հատվածը ներառում է մի քանի նեղ և ուղղաձիգ շրջադարձեր, ինչպես նաև հատված վատ տեսանելիությամբ, ճանապարհը վնասված է սողանքներով[19]։
2001 թվականի տերորիստական հարձակումից հետո երթևեկությունը ամբարտակով սահմանափակվել էր։ Որոշ մեքնաների տեսակներ երթևեկելուց առաջ ենթարկվում էին ստուգման պայթուցիկ նյութերի տեղափոխումը կանխելու համար, մնացածները ստուգվում էին մեկընդմեջ։ Գնացքների համար երթևեկությունը արգելված է, նրանք երթևկում են շրջանցիկ ճանապարհով՝ Լաֆլին քաղաքում գտնվող կամուրջով, Նևադա նահանգում։ Այդպիսի քայլերը դրդեցին Սև կիրճի կամրջի կառուցման նախագծի արագացմանը, որը շրջանցում է Հուվերի ամբարտակը նրանից բավական հեռու (գետի հոսանքով ներքև, 1,5 կմ հարավ պատնեշից)[19]։
2010 թվականի հոկտեմբերի 19-ին Հուվերի ամբարտակի մոտ բացվեց Մայք Օքալագան-Պետա Թիլլմանայի հիշատակի կամուրջ, որը զգալիորեն մեծացրեց 93-րդ մայրուղու անցողիկությունը։ Կամուրջի նախատեսված ծանրաբեռնվածությունը 17 000 բեռնատար և մարդատար ավտոմեքենա մեկ օրում (կամուրջով երթևեկությունը իրականացվում է երկու երթևեկելի գոտիով յուրաքանչյուր ուղղությամբ)։ կամրջի երկարությունը 579 մետր, կենտրոնական հատվածի երկարությունը 320 մետր, Կոլորադո գետի մակարդակից բարձրությունը 271 մետր։ Կամուրջը երկու հակառակ ուղղությամբ երկաթբետոնյա կամար է՝ կորացված դեպի վեր և հենված ափերին, որոնց վրա հենվում են ուղղահայաց հենարանները, որոնք օգտագործվում են կամրջի երթևեկելի մասի շինության վերին բացվածքների աջակցման համար, տեղաբաշխված հորիզոնական դիրքով։ Դրա հետ մեկտեղ արևելքից և արևմուտքից Սև կիրճով գցված կամարները տեղաբաշխված են երկու շարք ուղղահայաց սյուներ, որոնք տեղադրված են կիրճի ժայռերին, որոնց վրա կառուցված են հորիզոնական կառույցներ կամրջային անցման համար։ Շինարարությունը արժեցավ $240 միլիոն[19][20]։
Էլեկտրամատակարարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՋԷԿ-ի կայանը գտնվում է կիրճի հատակին, դրա հետ կապված էլեկտրահաղորդման գիծը, որ հեռանում է կայանից, որոշ դեպքերում կարիք էր լինում կառուցել օգտագործելով թեք հենարանները։
United States Bureau of Reclamation տվայլներով, էլեկտրաեներգիան, որը արտադում էր կայանը, բաշխվում էր հետևյալ հարաբերակցությամբ[21]։
շրջան | մասնաբաժին, % |
---|---|
Արիզոնայի նահանգ | 18,95 |
Նևադայի նահանգ | 25,14 |
Լոս Անջելես | 15,42 |
Կալիֆրռնիայի մնացած օգտագործողները | 40,49 |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շինարարության արժեքը — $49 մլն ($729 մլն 2012 թվականի արժեքի համապատասխան)
- Ամբարտակի բարձրությունը — 221,4 մետր (ԱՄՆ-ում ըստ բարձրության երկրորդը)
- Ամբարտակի երկարությունը — 379,2մետր
- Ամբարտակի հաստությունը — 200 մ հիմքում, 15 մ վերին հատվածում
- Ամբարտակի կառուցման համար օգտագործվել է 3,33 մլն մ³ բետոն
- Էլեկտրոկայնի առավելագույն հզորությունը — 2074 ՄՎտ.
- Մեքենաների տեղաշարժը ամբարտակով տեղի է ունենում ամեն օր ժամը 13-ից 16 հազար մարդ (Federal Highway Administration տվյալներով)։
- Ջրամբարի մակերեսը — 639 կմ², ջրի ծավալը — 35,2 կմ³[22]
Ազդեցությունը շրջակա միջավայր վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուվերի ամբարտակի կառուցումը և Միդ ջրամբարի ձևավորումը Կոլորադո գետի ռեժիմի վրա մեծ ազդեցություն թողեց և հատկապես նրա դելտայի էկոհամակարգի վրա[23]։ Ամբարտակի կառուցման 6 տարիների ընթացքում և ջրամբարի լցման հետևանքով ջուրը գրեթե չէր հասնում դելտային[24]։ Դելտայի գետաբերանը մինչ պատնեշի կառուցումը աղի և քաղցրահամ ջրերի խառնուրդ էր, որը հասնում էր 64 կմ երկարության, փաստացի վերածվեց աղի ջրի[25]։
Հուվերի ամբարտակի կառուցումը վերացրեց հեղեղները, որոնք ոչ հաճախ լինում էին Կոլորադոյի ներքին հոսանքներում, դա հանգեցրեց վտանգ որոշ կենդանիների տեսակների և բույսերի համար, որոնք սովորել էին մերթընդմերթ խորտակումներին։ Ամբարտակի կառուցումը զգալիորեն կրճատել է ձկների քանակը գետից ներքև։ Ներկայումս Կոլորադո գետին բնորոշ 4 տեսակի ձուկ (Gila elegans, Ptychocheilus lucius, Gila cypha, Xyrauchen texanus) ունեն վտանգի եզրին գտնվողների կարգավիճակ[26]։
Մինչ օրս Միդ ջրամբարի շրջակայքում տեսանելի է ջրի վերին մակարդակի հետքը, որը հասել էր 1983 թվականին։ Այդպիսի մասշտաբի ջրի բարձրացումը պայմանավորված էր տեղումների չտեսնված ծավալով, որոնք թափվել էին ԱՄՆ-ի արևելյան հատվածում Էլ-նինյոյի էֆեկտի հետևանքով։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոուլդեր Սիթի քաղաք և Միդ ջրամբար
-
1935 թվականի ամերիկական նամականիշ
-
Հուվերի ամբարտակից տեսարան դեպի Կոլորադո գետի ներքին բիեֆ
-
Հուվերի ամբարտակը գիշերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ National Inventory of Dams(անգլերեն) — 1975.
- ↑ 3,0 3,1 Form EIA-860 — EIA, 2021.
- ↑ 4,0 4,1 https://web.archive.org/web/20100323052336/http://www.usbr.gov/lc/hooverdam/faqs/powerfaq.html
- ↑ «Hoover Dam — Lake Mead — Hoover Dam Bridge — Boulder Dam — DesertUSA». // desertusa.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Hiltzik, Michael A. (2010). Colossus: Hoover Dam and the Making of the American Century. New York: Free Press. էջեր 81—87. ISBN 978-1-4165-3216-3.
- ↑ Stevens, Joseph E. (1988). Hoover Dam: An American Adventure. Norman, OK: University of Oklahoma Press. էջեր 26—27. ISBN 0-8061-2283-8.
- ↑ Construction of Hoover Dam: a historic account prepared in cooperation with the Department of the Interior. KC Publications, 1976. ISBN 0-916122-51-4.
- ↑ Hiltzik, Michael A. (2010). Colossus: Hoover Dam and the Making of the American Century. New York: Free Press. էջեր 315—317. ISBN 978-1-4165-3216-3.
- ↑ 10,0 10,1 10,2 Анастасия Новикова. «12 самых интересных дамб, которые можно посетить». // forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 11,0 11,1 «Fatalities at Hoover Dam». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Tunnels Արխիվացված 2010-06-23 Wayback Machine // usbr.gov
- ↑ Павел Корнилаев. «Наш ответ плотине Гувера». // rus.ruvr.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Cofferdams». // usbr.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 15,0 15,1 «Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Concrete». // usbr.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Stevens, Joseph E. (Сентябрь 1990). Hoover Dam: An American Adventure (Paperback). University of Oklahoma Press, 193—194. ISBN 0-8061-2283-8.
- ↑ «Concrete Testing». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 В США открылся мост с самой длинной в западном полушарии аркой // vesti.ru
- ↑ Американцы показали грандиозный мост Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // vokrugsveta.ru
- ↑ Bureau of Reclamations. FAQ по дамбе Гувера (30 января 2006).
- ↑ «FAQ по статистике озера Мид. U.S. Department of the Interior». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ JSTOR: Conservation Biology, Vol. 10, No. 4 (Aug., 1996), pp. 1175—1186 // jstor.org
- ↑ Burns, William C. G. (2001). The World's Water, 2002—2003: The Biennial Report on Freshwater Resources. Washington, DC: Island Press. էջ 139. ISBN 1-55963-949-0. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Rodriguez, Carlie A.; Flessa, Karl W.; Téllez-Duarte, Miguel S.; Dettman, David L.; Avila-Serrano, Guillermo A. Macrofaunal and isotopic estimates of the former extent of the Colorado River Estuary, upper Gulf of California, Mexico // geo.arizona.edu
- ↑ About the Endangered Fish Արխիվացված 2016-11-23 Wayback Machine // coloradoriverrecovery.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուվերի ամբարտակի պաշտոնական կայք (անգլ.)
- Lonely Lands Made Fruitful — ամբարտակի ոչ պաշտոնական կայք Արխիվացված 2011-05-28 Wayback Machine(անգլ.)
- Ոչ պաշտոնական կայք Հուվերի ամբարտակի մասին
- Ամբարտակի կառուցման պատմությունը BBC-ի կայքում Արխիվացված 2007-12-19 Wayback Machine(անգլ.)
- Документальный фильм 1936 года о строительстве плотины (с русским переводом)
- Հուվերի ամբարտակը Գուգլ քարտեզներում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուվերի ամբարտակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |