Կորեայի ազգային թանգարան
Կորեայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Հարավային Կորեա |
Տեղագրություն | Յոնսանգ շրջան |
Ղեկավարության նստավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Հասցե | 137 Seobinggo-ro, Yongsan-gu |
Հիմնադրվել է | 1945 |
Այցելուներ | 3 354 161 մարդ (2019)[1] և 1 262 562 մարդ (2021)[2] |
Կայք | museum.go.kr(կոր.), museum.go.kr/site/eng/home(անգլ.), museum.go.kr/site/jpn/home(ճապոներեն) և museum.go.kr/site/chn/home(չին.) |
Կորեայի ազգային թանգարան (հանգըլ՝ 국립중앙박물관, հանջա՝ 國立中央博物館}}), Կորեայի Հանրապետության տարածքում ամենամեծ պատմության և արվեստի թանգարանը, մշակութային կենտրոն։ Գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ Սեուլում: Գործում է մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության ենթակայությամբ։ Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների առաջին տասնյակում է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել 1945 թվականին, 2005 թվականին տեղափոխվել է նոր շենք, որը կառուցվել է հատուկ նրա համար երկարավուն հին կորեական ամրոցի ոճով[4]։
Թանգարանի շենքը կառուցված է հրդեհային բարձր դիմադրություն ունեցող նյութերից և ունակ է դիմակայելու մինչև 6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժերի՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Այն ապահովված է բնական լուսավորության և օդորակման համակարգերով։ Թանգարանային համալիրի տարածքում կան դասախոսությունների դահլիճներ, հատուկ մանկական թանգարան, ցուցահանդեսների տաղավարներ, ինչպես նաև ռեստորաններ և սրճարաններ։ Թանգարանի տարածքը 295 551 մ² է, բարձրությունը հասնում է 43.08 մ-ի։ Իր չափերով այն Ասիայի ամենամեծ թանգարաններից մեկն է և աշխարհում՝ վեցերորդը։ Թանգարանի պատմական, արվեստի և հնագիտական հավաքածուների ցուցանմուշների ընդհանուր թիվը գերազանցում է 310,000-ը, որից մոտ 15 000-ը հասանելի է այցելուների դիտման համար։ Թանգարանի ցուցահանդեսների շարքում կան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներ։ Ընդ որում, կան նաև տարբեր ուղղություններով գիտական և կրթական ծրագրեր։
2013 թվականին թանգարանի այցելուների թիվը գերազանցել է 3,1 միլիոնը։ 2011 թվականի նոյեմբերին Սեուլում մոտ 2.000 օտարերկրյա այցելուների շրջանում անցկացված սոցհարցումից պարզվել է, որ թանգարան այցելելը նրանց սիրված զբաղմունքներից մեկն է։
Մանրօրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը եռահարկ է։ Խորհրդանշական է, որ թանգարանի ձախ կողմը ներկայացնում է անցյալը, իսկ աջ կողմը՝ ապագան։
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկում է գտնվում նախապատմական և հին շրջանի պատմության պատկերասրահը, որն իր մեջ ներառում է շուրջ 4500 ցուցանմուշ՝ Պալեոլիթից մինչև Միացյալ Սիլլայի դարաշրջան։ Դրանք պեղվել են Կորեայի տարբեր շրջաններից։ Պատկերասրահի ինը ցուցասրահները Պալեոլիթյան սրահներ են։ Այստեղ ցուցադրված նմուշները՝ սկսած քարե մասունքներից մինչև հին թագավորական շքեղ զարդանախշեր, ցույց են տալիս թերակղզու վաղ բնակիչների՝ դեպի իրենց ուրույն մշակույթը տանող ճանապարհը։ Նախապատմական կարևոր վայրերից հայտնաբերված արտեֆակտները, ինչպիսիք են Բանգուդայի և Սոնգունգ-նիի պետրոգլիֆները, պահվում են նեոլիթյան և բրոնզեդարյան սրահներում։ Առաջին հարկում է գտնվում նաև միջնադարյան և ժամանակակից պատմության վաղ շրջանի պատկերասրահը, որտեղ ցուցադրված են Միասնական Սիլլայի, Բալհեյի, Գորյոյի և Չոսոնի մշակութային և պատմական ժառանգությունը։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հարկում տեղակայված են նվիրաբերությունների սրահը և գեղանկարչության պատկերասրահը, որտեղ պահվում են 890 արվեստի գործեր։ Դրանք Կորեայի ավանդական և կրոնական արվեստները ցուցադրում են գծի և գույնի համադրությամբ։ Գեղանկարչության պատկերասրահը բաժանված է չորս սրահների՝ նկարչության, գեղանկարչության, բուդդայական նկարների և Սարանբանգի (գիտնականների ստուդիա)։ Նվիրաբերությունների պատկերասրահում պահվումեն են 800 կտոր արվեստի գործեր, որոնք նվիրաբերվել են կոլեկցիոներների մասնավոր հավաքածուներից։ Պատկերասրահն ունի 11 սրահ։
Երրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ հարկում է գտնվում քանդակների և արհեստների պատկերասրահը, որում ներկայացված են Կորեայի բուդդայական քանդակների և արհեստագործության 630 նմուշ։ Պատկերասրահի կարևոր ցուցանմուշներից են Գորյեո Սելադոնի իրերը և Կորեայի թիվ 83 ազգային գանձը՝ Բանգասայուսանգը (կամ մտախոհ Բոդիսատվան)։ Երրորդ հարկում Է գտնվում նաև Ասիայի արվեստի պատկերասրահը։ Այստեղ ցուցադրված 970 ստեղծագործությունում ներկայացված են ասիական արվեստի նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև Մետաքսի ճանապարհին ասիական և արևմտյան արվեստների համակցումը։ Առանձին սրահներով ներկայացված են Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարվարևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի մշակույթները և Սինանի ստորջրյա մասունքները։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե թագ, Կորեայի ազգային գանձ No. 191
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ դարի Սիլլայի ոսկե թագը պեղվել է Քենջուում գտնվող Հվանգնամդիչոնգի հյուսիսային դամբարանից։ Այս դամբարանից հատնաբերվել են ավելի շատ զարդանախշեր, ներառյալ արծաթե գոտու զարդանախշեր, որոնք մակագրված են (보인대)' Buindae («տիկնոջ գոտի»), քան հարավային դամբարանում, ինչից կարելի է ենթադրել, որ հյուսիսայինը կնոջ դամբարան է։ Ոսկե թագը արտացոլում է տիրոջ քաղաքական և սոցիալական դասը։
Մտախոհ Բոդդիսատվա (ոսկեջրած բրոնզե արձան՝«Մայթրեյը մեդիտացիայի ժամանակ») (83-րդ ազգային գանձ )
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս Բոդդիսատվան (յոթերորդ դար), մատները իր այտին, մտազբաղ նստած է մեկ ոտքով մյուսի վրա։ Սա մադկային կյանքի մասին խորհող Բուդդայի դիրքն է։ Այս արձանը կրում է հարթ թագ, որը կոչվում է «Երեք լեռնագագաթ» կամ «Լոտոսի թագ»։ Ամբողջությամբ մերկ է, զարդարված պարզ մանյակով։ Զարմանալի նմանություններ կան Ճապոնիայի Կիոտո քաղաքի Կորյուժի տաճարում գտնվող «Երազկոտ Բոդհիտավա» փայտե արձանի հետ, որը, ենթադրվում, որ ստեղծվել է Սիլլայում։ Լավ հավասարակշռված ձևը և նրբագեղությունը, սակայն, բնորոշ են Բաքիեի ժամանակաշրջանին։
Բուրվառ, ժանյակով սելադոն,Կորեայի ազգային գանձ No. 95
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկուերորդ դարի այս բուրվառը Գորեոյի լավագույն սելադոններից է։ Այն բաղկացած է կափարիչից (կենտրոնական անցքով խունկ բաց թողնելու համար), այրիչից և տակդիրից։ Բույրի արձակումը դյուրացնելու համար անցքի վերևում տեղադրված է «Յոթ գանձեր» մակագրությամբ կորաձև գլխիկ։
Տասհարկանի կրոնական կառույց Գեոնչոնսա տաճարից, Կորեայի ազգային գանձ No. 86
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեոնչինսա տաճարի կրոնական կառույցը (경천사 십층석탑, 敬天寺十層石塔) ի սկզբանե տեղադրվել է Գեոնչինսա վանքում Գորեոյի Չանգմոկ թագավորի չորրորդ տարում (1348 թ.): 1907 թվականին ճապոնական դատարանի պաշտոնյայի կողմից այն ապօրինի կերպով տեղափոխվել է Ճապոնիա, սակայն 1918 թվականին վերադարձվել է բրիտանացի և ամերիկացի լրագրողներ Ե. Բեթելի և Հ. Հալբերտի տնօրինությամբ։ Այն վերականգնվել է 1960 թվականին Գեոնգբեկյոնգի պալատում, բայց դժվար էր պահպանել թթվային անձրևների և քայքայման պատճառով։ Այսպիսով, այն կրկին ապամոնտաժվել է 1995 թվականին, որպեսզի տեղադրվի Կորեայի Ազգային թանգարանի «Ճանապարհ դեպի պատմություն» սրահում, որը վերաբացվել է 2005 թվականին։
Դանվոնի ժանրային գեղանկարչության ալբոմ, Կորեայի գանձ No. 527
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի նկարիչ Քիմ Հոն-Դոն, որը հայտնի է նաև որպես Դանվոն, ճանաչված է հասարակ մարդկանց կյանքի հումորային և անկեղծ նկարներով։ Այս ալբոմը բաղկացած է քսանհինգ նկարներից, որոնցից յուրաքանչյուրի կիզակետը առանց ֆոնային հատկությունների ուրվանկարն է։ Քիմի նկարները ուրվագծային են, բայց ունեն արտահայտիչ շեշտադրումներ և բալանսավորված կոմպոզիցիա։ Ենթադրվում է, որ Քիմի այս ոճը ձևավորվել է 30-ականների վերջին, ալբոմն ավարտել է, երբ նա մոտ 40 տարեկան էր ։
Օգիջանգակ Ուգվեյ (The Oegyujanggak Uigwe)
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգիջանգակը թագավորական գրադարան է, որը հիմնադրվել է 1776 թվականին մայրաքաղաքի Չանգդեոկգունգ պալատի տարածքում՝ Չոնջո թագավորի պատվերով։ Ժամանակի ընթացքում գրադարանը վերածվել է նաև պետության կողմից հովանավորվող հետազոտական հաստատության։ 1782 թվականին Գանգվհա կղզում ստեղծվել է թագավորական գրադարանի հավելված, որպեսզի ավելի համակարգված և ապահով պահպանվի թագավորական ընտանիքին վերաբերող կարևոր փաստաթղթերը։ Օգիջանգակում տեղ են գտել նախկին թագավորների կողմից գրվածքների, գեղարվեստական նկարների և գծագրերի օրինակներ, ինչպես նաև թագավորներիծագումնաբանությունը և նման այլ իրեր։ Այնտեղ պահպանված էին թագավորական ընտանիքի հիմնական անդամների մասնակցությամբ պետական միջոցառումների և արարողությունների նախապատրաստման գրառումներ։ Տեքստերը զարդարված են մանրանկարներով և մանրամասն ներկայացնում են յուրաքանչյուր գործընթաց։ Նրանցում պահպանվում է կանֆուցիական մշակույթի հիմնական տարրերը։ Այս աշխատանքները ցույց են տալիս նաև կառավարման այն փիլիսոփայությունն ու համակարգերը, որոնցով կառավարվում էր Ջոուսենի պետությունը։ Նրանց պատմամշակութային արժեքը ճանաչվել է աշխարհում, քանի որ «Ջոուսենի դինաստիայի թագավորական արձանագրությունները»* մուտքագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային գրանցամատյանում 2007 թվականին։ Արձանագրությունների երկու հարյուր իննսունյոթ հատորները, որոնք թալանվել էին 1866 թվականին՝ Կորեայի դեմ ֆրանսիական արշավի ընթացքում, պահվում էին Ֆրանսիայի ազգային գրադարանում: Դրանք վերադարձվել են 2011 թվականի ապրիլին և հունիսին՝ չորս առանձին մասերով։ 2011 թվականի հուլիսի 19-ից մինչև սեպտեմբերի 20-ը անցկացվել է հատուկ ցուցահանդես՝ «Օգիջանգակ Ուգվեյի վերադարձը Ֆրանսիայից. Ջոուսենի դինաստիայի պետական ծեսերի գրառումները» խորագրով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սիլլայի Ոսկե թագը
-
Մտախոհ Բոդդիսատվա
-
Բուրվառ, ժանյակով սելադոն
-
Տասհարկանի պագոդա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Visitor Figures 2014: The grand totals: exhibition and museum attendance numbers worldwide, The Art Newspaper, International Edition, Апрель 2015.
- ↑ «Seoul’s best museums» Արխիվացված 2012-09-28 Wayback Machine CNN Go. 27 October 2011. Retrieved 2011-11-03
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեայի ազգային թանգարան» հոդվածին։ |
|