Jump to content

Ժայռապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոգլիֆից)
ժայռապատկեր, Ուխտասար, Հայաստան

Ժայռապատկեր, պետրոգլիֆ (petros - քար և glyphe - փորագրություն), քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերը հայտնի են Երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։

Ժայռապատկերներ Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժայռապատկերներ, Ուխտասար, Հայաստան

Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ., իսկ արդեն 1913 թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում (№1)։ Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուխտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ[1]։

Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռապատկեր կամ պետրոգլիֆ (հուն․ «քար» և «փորագրել», «քանդակել» բառերից)։ Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում։ Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղզու, Ուրալի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ։ Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիքի Ուխտասարի լանջեր) հայտնաբերվել են մ.թ.ա. 7 - 2-րդ հազարամյակների հազարավոր ժայռապատկերներ։ Քարերին ու ժայռերին բնիկների թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերին առնչվող պատկերացումներով առատ հորինվածքները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, սովորույթների, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ։ Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն։ Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ։

Հայտնի ժայռապատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի և ժայռապատկերներով հարուստ հնավայրեր կան հետևյալ երկրներում և շրջաններում։

Սրանց բնորոշ են այս շրջաններում ապրած կենդանիների (արջ, բիզոն, ռնգեղջյուր, մամոնտ, ձի և այլն), երբեմն մարդկանց պատկերներ, ռազմի, որսի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի դինամիկ տեսարաններ։

Ժայռապատկերների նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարի ընդգրկուն գաղափարաբանությունն արտահայտելու համար հնադարի պատկերահանն ընտրել է սխեմատիկ, պայմանական ձևերը, արվեստի ընդհանրացված, վերացարկված, խորհրդապաշտական լեզուն։ Նրանք պետք է խորհրդանիշերի՝ պատկերագրերի և նշանագրերի միջոցով սերունդներին պատմեին իրենց կենսագործունեության բոլոր կողմերի մասին։ էպիկական պատմողականության լավագույն արտահայտչաձևերը կարող էին ոճավորված, աբստրահված պատկերները լինեն, որոնցում նատուրալիստական ձևերի միտումնավոր ձևափոխմամբ ստեղծվում էին էքսպրեսիվ և դինամիկ կերպարներ։ Ժայռապատկերները միասնական ոճի մեջ պատմում են նախնադարյան բնապաշտ-բնախույզի դիտարկումների և երևակայության խորհրդավոր աշխարհի մասին։ Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան մարդու նկարելու անկարողության արգասիքը չեն, այլ նրա մտածողության առաջընթացի հավաստիքը, քանի որ սեփական աշխարհայացքը նյութականացնելու համար նա ստեղծում է արվեստի նոր լեզուն՝ վերացարկումը, արտահայտելու համար իր զգայական ներաշխարհը և համատիեզերական պատկերացումները ճիշտ այնպիսի արտահայտչաձևով, ինչպիսիք որդեգրվում են միջնադարյան արվեստի, ապա ավանգարդիստական ուղղությունների ձևաստեղծումներում։ Ավանդաբար ժայռապատկերները համարվել են որսի ժամանակ հաջողության հասնելուն միտված ծիսահմայական տեսարաններ՝ ամրագրված քարաբեկորների վրա։ Գիտնականների մի խումբ հակված է համարելու, որ նախնադարյան մտածողությունը բավականին պարզունակ էր նման խորը գաղափարներ արտահայտելու համար, սակայն մարդը երբեք այնքան կապված չի եղել բնությամը և երկնքին, ժամանակի պարբերաչափը ամրագրելու և կյանքը կանոնակարգելու անհրաժեշտությանը, որքան նախնադարյան ժամանակներում։ Հետևաբար, ժայռապատկերների ներշնչման աղբյուրը նախնադարյան ճանաչողության փափագն էր, կուտակված կենսափորձը հավերժացնելու միտումը, բնախույզի պատկերավոր երևակայությունը, իրական դիտումների վրա հիմնված բնապաշտությունը, նաև ծիսական հմայությունը, համաձայն որի, բնության բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր էր գերբնական ուժերի միջոցով ազդել նրա վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռապատկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277