Կլարա Բարտոն
Կլարա Բարտոն անգլ.՝ Clarissa Harlowe Barton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1821[1][2][3] |
Ծննդավայր | Օքսֆորդ, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] |
Մահացել է | ապրիլի 12, 1912[1][2][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Գլեն Էխո, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[7][6] |
Գերեզման | Օքսֆորդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուժքույր, օրագրի հեղինակ, բարեգործ, ուսուցչուհի, հումանիստ, հեղինակ և գրող |
Ծնողներ | հայր՝ Stephen Barton?[8], մայր՝ Sarah Stone?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր և Universal Peace Union?[11] |
Ստորագրություն | |
Clara Barton Վիքիպահեստում |
Կլարա Բարտոն (դեկտեմբերի 25, 1821[1][2][3], Օքսֆորդ, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] - ապրիլի 12, 1912[1][2][3], Գլեն Էխո, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[7][6]), ամերիկացի բուժքույր։
Հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ՝ փետրվար ամսին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ 1894-1896 թվականների կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։
Կլարա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում։ 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը։ 1854 թվականին տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում։ Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին։ Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ։
Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար։
Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թվականի վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կլարա Բարտոնին։
1895 թվականի դեկտեմբերի 14-ին Կլարա Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն՝ մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար։ Փետրվարի 16-ին Կլարա Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս։
Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին։
Մարտի 18-ին Կլարա Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար։ Այստեղից նրանք ուղևորվում են դեպի հյուսիս-արևելք՝ Խարբերդ և Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների։ Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում՝ ծրագիրը համակարգելու համար։ Կոտորածներին հետևեցին որովայնային տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները։ Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը։ Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000-ը։ Մեծ թվով մարդիկ էին մահանում։ Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց։
Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահաստոցներով։
Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կլարա Բարտոնը կնախընտրեր։ Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում։
Սեպտեմբերի 2-ին Կլարա Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին։ Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս։
Կլարա Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ։ Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թվականի մայիսը։
1897 թվականի վերջին Վաշինգտոնում Կլարա Բարտոնի և իր գործընկերների զեկույցները՝ Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում։ Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 68.
- ↑ 5,0 5,1 5,2 Barton, Clara // Appletons' Cyclopaedia of American Biography / J. G. Wilson, J. Fiske — New-York: Appleton & Co., 1900.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 7,0 7,1 7,2 https://arago.si.edu/category_2028807.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/clara-barton/
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
- ↑ The Peacemaker, vol. 31, Universal Peace Union, april–june 1912, 69–73 p., « Our Memorial Tribute to Clara Barton »
- ↑ www.aysor.am, Կլարա Բարտոն. Մարտադաշտի հրեշտակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Բարտոն» հոդվածին։ |
|