Կարոլ Միկուլի
Կարոլ Միկուլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1819[1][2] Չեռնովցի, Ավստրիական կայսրություն |
Երկիր | Ցիսլեյտանիա |
Մահացել է | մայիսի 21, 1897[1][3] (77 տարեկան) Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, խմբավար և մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Karol Mikuli Վիքիպահեստում |
Կարոլ Միկուլի (լեհ.՝ Karol Mikuli, հոկտեմբերի 20, 1819[1][2], Չեռնովցի, Ավստրիական կայսրություն - մայիսի 21, 1897[1][3], Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա), ծագումով հայ լեհական կոմպոզիտոր, դաշնակահար, խմբավար։
Հայազգի Նիկոլա Միկուլիի (նախնիները` Աքսինյան) և գերմանուհի Մարիա Գութմանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է XIX դ․ սկզբին Մոլդավիայից Բուկովինա գաղթած հայ ազնվական Միկուլի տոհմից։ 1844-1847 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆ․ Շոպենին։ 1848-1858 թվականներին համերգներով հանդես է եկել Եվրոպայում և Ռուսաստանում։ 1858 թվականից եղել է Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահ, Լվովի կոնսերվատորիայի տնօրեն և պրոֆեսոր։ 1887 թվականին հիմնադրել է սեփական երաժշտական դպրոց, որ ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ Միկուլին իր ստեղծագործության ոճով հարում է վաղ ռոմանտիկներին։ Գրել է բազմաթիվ դաշնամուրային երկեր (մազուրկաներ, վալսեր, պոլոնեզներ և այլն), սերենադ դաշնամուրի և կլառնետի, սկերցինո 3 ջութակի համար։ Armenien ստեղծագործության մեջ կոմպոզիտորը օգտագործել է Լվովի հայերի երգերի մեղեդիներ։ Հավաքել և մշակել է լեհական, ռումինական, գուցուլական, մոլդավական ժողովրդական երգեր։ Միկուլին եղել է Շոպենի ամբողջական երկերի լավագույն հրատարակության (1879) խմբագիրը։ Դրանում մեծ արժեք է ներկայացնում մի աշակերտական օրինակի վրա իր իսկ՝ Շոպենի կողմից գրված տարբերակների մեջբերումը։ Թաղված է Լվովի հայկական եկեղեցում։
Երաժշտությամբ զբաղվել է վաղ մանկուց։ 1835 թվականին բժշկություն է ուսանել Վիեննայի համալսարանում։ 1844-1847 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆրեդերիկ Շոպենին, հետագայում դարձել նրա ընթերական ու քարտուղարրը։ Համերգներով շրջագայել է Բուխարեստում, Վիեննայում, Մոսկվայում, Քիշնևում, Կիևում և այլուր։ Առաջիններից է կատարել Շոպենի և Շումանի ստեղծագործությունները։ 1858 թվականին ընտրվել է Լվովի կոնսերվատորիայի տնօրենը և դաշնամուրի դասարանի ուսուցչապետը։ Ղեկավարել է նաև Լվովի ֆիլհարմոնիան։ 1887 թվականին կնոջ հետ հիմնել է սեփական երաժշտական դպրոցը։
Գրել է բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններ, սերենադ, սկերցինո։ Շոպենի երկերի առաջին հրատարակիչն է, 1879 թվականին Լայպցիգում 17 հատորով լույս է ընծայել նրա դաշնամուրային երկերը (վերահրատարակվել է 1885-ին)։ Հրատարակել է «Ռումինական ազգային 48 մեղեդիներ» քառահատորը ֆրանսերեն (1850-1854)։ Պաբլո Սարասատեն վերամշակել և կատարել է ջութակի համար Միկուլիի գրած գործերից մի շուրջպար, իսկ Ջորջե Էնեսկուն իր «Ռումինական ռապսոդիա թիվ 2»-ի համար գործածել է նրա երգերից։ Հավաքել և մշակել է լեհահայերի, լեհական, ուկրաինական, գերմանական, հուցուլական երգեր, գրել ինքնուրույն ֆրանսերեն երգեր։ Լվովի հայերի հինավուրց երգերի հիման վրա գրել “Արմենիա” ծավալուն երկը։ Նրան աշակերտել է տարբեր ազգերի կոմպոզիտորներ և դաշնակահարներ՝ լեհեր Մեչիսլավ Սոլտիսը, Ռաուլ Կոչալսկին, ուկրաինացի Ստանիսլավ Նևադոմսկին, ռումին Չիպրիան Պորումբեսկուն և այլք։ Թաղված է Լվովի հայկական եկեղեցու բակում։ Նրա գերեզմանի հուշատախտակին գրված է “Կարոլ Միկուլի։ 1818-1897։ Նշանավոր դաշնակահարին ու կոմպոզիտորին, Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահին, կոնսերվատորիայի տնօրենին։ Շնորհապարտ աշակերտներից և աշակերտուհիներից”:
1977 թվականին լույս է տեսել Կորնելիա Բուեսկուի ռումիներեն մենագրությունը Միկուլիի մասին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Mikuli, Karl (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 18. — S. 297.
- ↑ 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 425. — ISBN 978-966-8955-00-6
- ↑ Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., Զանգակ-97, 2002, էջ 189։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles (Carl, Karol) MIKULI (1821—1897) — l'élève arménien de Frédéric Chopin à Paris et son éditeur en Podolie-Galicie (ֆր.)
- Chopin as Pianist and Teacher // excerpt form the forward to his edition of Chopin’s works for publisher F. Kistner, 1879 (անգլ.)
- Биография Микули в Biographisches Blatter des Kaiserthums Oesterreich (ок. 1867) at Google Books
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Միկուլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 549)։ |