Կամավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլնյուսի մարաթոնի կամավորները։
2012 թվականի «Սենդի» փոթորկից հետո կամավորները Բրուքլինում մաքրում են հետիոտնային գոտին։
Կիսապրոֆեսիոնալ կամավորություն. աշխարհում ամենամեծ ջրափրկարարական կամավորական կազմակերպության՝ Գերմանիայի փրկարարական ասոցիացիայի վերապատրաստված փրկարարները Մյունխենում պարեկություն են իրականացնում լողի հանրային գոտում։

Կամավորություն, անհատի կամ խմբի կամավոր գործունեություն, որոնք անվճար իրենց ժամանակը կամ աշխատանքը ծառայեցնում են համայնքին[1][2]։ Շատ կամավորներ հատուկ վերապատրաստվում են այն ոլորտներում, որտեղ նրանք աշխատում են, օրինակ՝ բժշկության, կրթության կամ արտակարգ իրավիճակների ծառայության ոլորտներում։ Մյուսներն առաջարկում են իրենց ծառայությունները՝ ըստ անհրաժեշտության,օրինակ՝ բնական աղետների ժամանակ։

Ստուգաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «Volunteering» բայը (կամավորության անգլերեն թարգմանությունը) առաջին անգամ գործածվել է 1755 թվականին։ Այն մոտավորապես 1600 թվականին առաջացել է միջին ֆրանսերեն «voluntaire» գոյականից և նշանակել է «նա, ով պատրաստակամություն է հայտնում  մեկնել զինվորական ծառայության»[3]։ Ոչ ռազմական իմաստով «կամավոր» բառն առաջին անգամ գործածվել է 1630-ական թվականներին։ «Կամավորություն» բառն ավելի լայն կիրառություն է ստացել վերջերս. եզրույթի կիրառումը դեռևս հիմնականում կապված է զինվորական ծառայության հետ և համընկնում է «համայնքային ծառայություն» արտահայտության հետ[3][4]։ Ռազմական համատեքստում «կամավորական բանակը» զինվորական մարմին է, որի զինվորները նախընտրել են ծառայության անցնել իրենց կամքով՝ ի տարբերություն զորակոչվածների։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Ամերիկայում տեղի ունեցավ Մեծ զարթոնքը՝ կրոնական վերածննդի նշանակալի շարժումը։ Բարձրացավ անբարենպաստ վիճակում գտնվող մարդկանց մասին իրազեկվածությունը, և մարդիկ սկսեցին գիտակցել, թե ինչու պետք է պայքարել ստրկության դեմ[5]։ 1851 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվեց առաջին Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան, իսկ յոթ տարի անց՝ առաջին Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիան։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ կանայք զինվորների համար կամավորաբար հանդերձանք էին կարում, իսկ «Մարտադաշտի հրեշտակ» Կլարա Բարտոնը և կամավորներից բաղկացած թիմը սկսեցին օգնություն տրամադրել զինծառայողներին։ 1881 թվականին Բարտոնը հիմնադրեց Ամերիկյան Կարմիր խաչը և սկսեց մոբիլիզացնել կամավորներին բնական աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար. օգնություն ստացածների թվում էին նաև 1889 թվականին Ջոնսթաունի ջրհեղեղից տուժածները։

20-րդ և 21-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հուլիսին ամբողջ աշխարհից կամավորներ ժամանեցին Ավստրալիայի Իթաքա քաղաք՝ Կանանց շտապ օգնության կորպուսի (հետագայում՝ Կանանց կամավորական ռեզերվ) միջոցով օգնելու հաղթահարել գրիպի համաճարակը։

«Փրկության բանակ»-ը ամենհին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որն աշխատում է անապահով մարդկանց համար։ Թեև այն բարեգործական կազմակերպություն է, իր հիմնադրման օրվանից մի շարք կամավորական ծրագրեր է կազմակերպել[6]։ Մինչև 19-րդ դարը կարիքավոր մարդկանց օգնելու համար քիչ կազմակերպություններ կային։

20-րդ դարի առաջին մի քանի տասնամյակներում հիմնադրվեցին կամավորական մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ «Rotary International»-ը, «Kiwanis International»-ը, «Association of Junior Leagues International»-ը և «Lions Clubs International»-ը։

Մեծ ճգնաժամի մարտահրավերները դրդեցին ազգային մասշտաբով համակարգված կամավորական ջանքերի ստեղծմանը՝ ուղղված տնտեսական ճգնաժամից տուժած համայնքների հրատապ կարիքներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հազարավոր կամավորական գրասենյակներ համակարգում էին այն կամավորների գործողությունները, որոնք աշխատում էին բանակի և ներքին ճակատի բազմաթիվ կարիքների համար՝ ներառյալ պարագաներ հավաքելը, արձակուրդում գտնվող զինվորների համար ժամանց ապահովելը և վիրավորների մասին հոգ տանելը[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ իրենց ալտրուիստական ցանկությունները տեղափոխեցին այլ ոլորտներ՝ ներառյալ աղքատներին օգնելը և արտասահմանում կամավորություն անելը։ Կարևոր իրադարձություն դարձավ 1960 թվականին Միացյալ Նահանգներում Խաղաղության կորպուսի ստեղծումը։ Երբ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը 1964 թվականին աղքատության դեմ պատերազմ հայտարարեց, կամավորների հնարավորությունները սկսեցին ընդլայնվել. այդպես շարունակվեց նաև հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում։ Կամավորական աշխատանք գտնելու գործընթացը դարձավ ավելի պաշտոնական, ավելի շատ կամավորական կենտրոններ ձևավորվեցին և համաշխարհային սարդոստայնում աշխատանք գտնելու նոր ուղիներ հայտնվեցին այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք էին «JustServe»-ը և «AmeriCorps»[6][7]։

Ջոն Քենեդին ողջունում է կամավորներին, օգոստոսի 28, 1961 թվական։

«AmeriCorps»-ի՝ 2012 թվականի տվյալներով՝ մոտավորապես 64,5 միլիոն ամերիկացի, այսինքն՝ չափահաս բնակչության 26,5%-ը 7,9 միլիարդ ժամ է հատկացրել կամավորական աշխատանք կատարելու համար, որը գնահատվում է 175 միլիարդ դոլար։ Եթե հաշվենք, ապա տարեկան կազմում է մոտ125-150 ժամ կամ շաբաթական 3 ժամ։ Իսկ եթե այդ ժամերը վճարվեն, ապա դրանք կգնահատվեն 22 դոլար մեկ ժամի համար։ Միացյալ Թագավորությունում կամավորական աշխատանքի ժամերի քանակը նույնն է, իսկ այլ երկրներից տվյալներ չկան։

Կամավորության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորությունը՝ ծառայողական ուսուցման ծրագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական բոլոր մակարդակներում բազմաթիվ դպրոցներ առաջարկում են ծառայողական ուսուցման ծրագրեր, որոնք թույլ են տալիս ուսանողներին կամավորության միջոցով ծառայել համայնքին և միաժամանակ հավաքել կրթական կրեդիտներ[8]։ Ջանեթ Էյլերի և Դուայթ Է. Ջայլս կրտսերի «Որտե՞ղ է ուսումնառությունը ծառայողական ուսուցման մեջ» գրքի առաջաբանում Ալեքսանդր Ասթինն ասում է. «...մենք խրախուսում ենք, որ ծառայողական ուսուցումն ավելի լայն կիրառվի բարձրագույն կրթության մեջ, քանի որ այն տեսնում ենք որպես ուսանողներին ավելի հոգատար և պատասխանատու ծնողներ և քաղաքացիներ պատրաստելու հզոր միջոց` միաժամանակ քոլեջներին և համալսարաններին հնարավորություն տալով կատարել համայնքին ծառայելու իրենց պարտավորությունը[9]։ Ծառայողական ուսուցումը նկարագրելիս Հարվարդի բժշկական դպրոցի Բժշկական կրթության ծրագրում ասվում է. «Ծառայողական ուսուցումը միավորում է ակադեմիական ուսումնառությունը և կամավորական համայնքային ծառայությունը միմյանց փոխլրացնող ձևերով։ …ծառայողական ուսուցումը բնութագրվում է գործընկերային հարաբերություններով․ ուսանողը սովորում է հասարակական կազմակերպություններից և համայնքներից՝ փոխարենն իր էներգիան, խելքը, նվիրվածությունը, ժամանակը և հմտությունները ներդնում անհատների և համայնքների կարիքները հոգալու համար[8]։ Երբ ուսանողները որպես կամավոր են ներգրավվում ծառայողական ուսուցման մեջ, դա խթանում է ինչպես նրանց ինտելեկտուալ ունակությունները (միտքը), այնպես էլ նրանց հուզական կամ կարեկցական ռեակցիաները (սիրտը), ինչը հանգեցնում է ավելի հարուստ ուսումնական փորձի։ Ըստ Ջանեթ Էյլերի և Դուայթ Է. Ջայլսի` ծառայողական ուսուցումն արդյունավետ է, քանի որ այն նպաստում է ուսանողների զարգացմանը՝ գրավելով նրանց հետաքրքրությունը[9]։

Վերջին հետազոտությունները թերություններ են հայտնաբերել փոխադարձ շահի վերաբերյալ նախնական ենթադրությունների մեջ, քանի որ ավելի վաղ արված ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած էին ուսանողների համար կրթական առավելությունների, այլ ոչ թե ուսումնասիրվող համայնքների քաղած օգուտների վրա։ Ինդիանայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք հյուրընկալում են ծառայողական ուսուցման ծրագրերին մասնակցող ուսանողներին, դրական ազդեցություն չեն ունենում ծառայություններ մատուցելու նրանց ունակության վրա։ Այնուամենայնիվ, այդ ուսանողների առկայությունը նպաստում է համայնքում այդ կազմակերպությունների մասին իրազեկվածության բարձրացմանը[10]։ Թեև ծառայողական ուսուցումն ունի իր յուրահատուկ կողմերը, այն պետք է հավատարիմ մնա կամավորների կառավարման հաստատված սկզբունքներին և գործելակերպին՝ ընտրություն, ուսուցում և վերահսկում։

Հմտությունների վրա հիմնված կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմտությունների վրա հիմնված կամավորությունն օգտագործում է անհատների մասնագիտական հմտություններն ու տաղանդը՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների ենթակառուցվածքը զարգացնելու համար՝ օգնելով նրանց ավելի հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը[11]։ Սա հակադրվում է ավանդական կամավորությանը, որտեղ կամավորները սովորաբար այնպիսի գործունեություն են ծավալում, որը տարբերվում է իրենց մասնագիտական աշխատանքից[12]։

Առցանց կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց կամ օնլայն կամավորությունն այն է, երբ կամավորն աշխատանքն ամբողջությամբ կամ մասամբ կատարում է հեռակա կարգով՝ առանց ֆիզիկապես գտնվելու կազմակերպության տարածքում։ Առցանց կամավորներն օգտվում են ինտերնետից և համակարգչից՝ կլինի տանը, դպրոցում, համայնքային կենտրոնում, թե աշխատավայրում. կարող են օգտվել նաև ինտերնետին միացված այլ սարքերից, օրինակ՝ անձնական թվային օգնականից կամ սմարթֆոնից։ Առցանց կամավորությունը հայտնի է նաև կիբեր ծառայություն, հեռամենթորություն և հեռաուսուցում անուններով։ Առցանց կամավորությունը նման է հեռավար աշխատանքի՝ բացառությամբ նրա, որ առցանց աշխատողները վարձատրվում են, իսկ առցանց կամավորները՝ ոչ[13][14]։ Առցանց կամավորության օրինակներ են ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման նախագծերում ներդրում ունենալը կամ Վիքիպեդիայում խմբագրելը[15]։

Միկրոկամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոկամավորությունն աշխատանք է, որը կամավորն անում է ինտերնետին միացված սարքի միջոցով։ Նմանատիպ աշխատանք կատարելու համար սովորաբար շատ քիչ ժամանակ է պահանջվում։ Միկրոկամավորությունը տարբերվում է առցանց կամավորությունից նրանով, որ այս դեպքում կամավորը նախքան աշխատանքին անցնելը սովորաբար չի անցնում մի քանի գործընթացի միջով՝ հայտի լրացում, ընտրության փուլ և վերապատրաստման շրջան[16]։

Բնապահպանական կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական կամավորությամբ զբաղվում են այն կամավորները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը կամ կառավարմանը։ Կամավորներն իրականացնում են մի շարք գործողություններ՝ ներառյալ շրջակա միջավայրի մոնիտորինգը, էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնումը՝ ինչպիսիք են ռեկուլտիվացիան և մոլախոտերի հեռացումը, անհետացման եզրին գտնվող կենդանիներին պաշտպանելը և հանրության շրջանում շրջակա միջավայրի մասին իրազեկվածության բարձրացումը[17]։

Կամավորությունն արտակարգ իրավիճակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերին կամավորները «Կատրինա» փոթորկից հետո օգնում են ողջ մնացածներին, Հյուսթոնի Ասթրոդոմ մարզադաշտ:

Կամավորությունը հաճախ առանցքային դեր է խաղում բնական աղետներից՝ օրինակ՝ ցունամիներից, ջրհեղեղներից, երաշտներից, փոթորիկներից և երկրաշարժերից հետո վերականգնողական աշխատանքներում։ 1995 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած Հանսին-Ավաձիի մեծ երկրաշարժը բեկումնային էր այն առումով, որ բազմաթիվ կամավորներ առաջին անգամ մասնակցեցին երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին։ 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքները վերացնելու համար հասարակական կազմակերպությունները, կառավարական գերատեսչությունները և ՄԱԿ-ն ամբողջ աշխարհից մեծ թվով կամավորներ ներգրավեցին[18][19]։

2012 թվականին «Սենդի» փոթորկի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի ժամանակ «Արձագանքի՛ր Սենդիին» շարժման կամավորները ձևավորեցին ապակենտրոնացված արագ արձագանքման խումբ, որն օգնություն էր տրամադրում թե՛ փոթորկի ժամանակ, թե՛ դրանից հետո՝ սննդից մինչև ապաստարան և վերականգնողական աշխատանքներ։ Սա փոխադարձ համագործակցության, ռեսուրսների և օգնության միատեղման ու սոցիալական ցանցերն օգտագործելու օրինակ է։

Կամավորությունը դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում ռեսուրսներով աղքատ դպրոցներն արդյունավետ գործելու համար ապավինում են կառավարության աջակցությանը կամ կամավորական աշխատանքին և մասնավոր նվիրատվություններին։ Որոշ երկրներում, երբ տնտեսությունը անկում է ապրում, կամավորների և ռեսուրսների կարիքը բավականին մեծանում է[20]։ Կամավորների համար բազմաթիվ հնարավորություններ կան դպրոցներում։ Այդ կամավորության համար պահանջներն էլ խիստ չեն։ Անկախ նրանից, թե դուք ավագ դպրոցի կամ «TEFL»-ի (անգլերենի ուսուցում՝ որպես օտար լեզու) շրջանավարտ եք կամ էլ քոլեջի ուսանող, դպրոցներից շատերը պահանջում են պարզապես կամավոր և անձնուրաց նվիրում[21]։

Կամավորությունը՝ անկախ տեսակից, զգալի առավելություններ է տալիս ներգրավված տարբեր կողմերին՝ ներառյալ կամավորին, կամավորի օգնությունից օգտվող ուսանողներին և կամավորական գործունեությունը վերահսկող դպրոցին կամ կազմակերպությանը։ Ի հավելումն ոչ նյութական խթանների՝ կամավորները կարող են իրենց ինքնակենսագրականներում ինֆորմացիա ավելացնել համապատասխան փորձի մասին[22]։ Կամավորները, որոնք ճանապարհորդում են օգնություն տրամադրելու համար, կարող են ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին։

Կամավորությունը կարող է ուսանողներին ապահովել բավարար փորձով, որի արդյունքում նրանց ինքնակենսագրականները կդառնան ավելի գրավիչ և մրցունակ։

Դպրոցներում կամավորությունն ուսանողներին լրացուցիչ կրթական աջակցություն է տրամադրում և օգնում է լուծել տեղացի ուսուցիչների պակասը։ Դասավանդման և դպրոցական այլ միջոցառումների ընթացքում մշակութային և լեզվական փոխանակումը կարող է ուսումնառության ամենակարևոր փորձը լինել, ինչպես ուսանողների, այնպես էլ կամավորների համար[21]։

Կորպորատիվ կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների և կազմակերպությունների միջև միջնորդ հանդիսացող «Benefacto» ընկերությունը կորպորատիվ կամավորությունը նկարագրում է հետևյալ կերպ. «Երբ ընկերություններն իրենց աշխատակիցներին տարեկան վճարովի լրացուցիչ արձակուրդ են տրամադրում, որը նրանք օգտագործում են իրենց ընտրած բարեգործական կազմակերպությունում կամավոր լինելու համար»[23]։

«Fortune 500» ցանկի ընկերությունների մեծ մասն իրենց աշխատակիցներին թույլ է տալիս կամավորություն անել հենց աշխատանքային ժամերին։ Աշխատակիցների կամավորության այս ծրագրերը (EVPs), որոնք նաև կոչվում են Գործատուների կողմից աջակցվող կամավորություն (ESV), համարվում են ընկերությունների՝ կայունության խթանման և սոցիալական պատասխանատվության պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքերի անբաժանելի բաղադրիչները[24]։ «Fortune 500» ցանկի ընկերությունների մոտ 40%-ը դրամական նվիրատվություններ է կատարում (հայտնի է նաև որպես կամավորական դրամաշնորհներ) հասարակական կազմակերպություններին՝ ի նշան երախտագիտության այն աշխատակիցներին, որոնք զգալի ժամանակ են հատկացնում իրենց համայնքներում կամավորական աշխատանքի համար[25]։

Համաձայն «VolunteerMatch» կազմակերպության, որը Աշխատակիցների կամավորության ծրագրերի համար լուծումներ է տրամադրում, ընկերությունների կողմից կամավորական ծրագրեր մշակելու և կիրարկելու որոշման հիմքում ընկած են հետևյալ դրդապատճառները՝ սպառողների և լայն հասարակության շրջանում բարձրացնել ընկերության ապրանքանիշի տեսանելիությունը և դրական ընկալումը, հաճախորդների շրջանում ստեղծել վստահություն և հավատարմություն, բարելավել ընկերության ընդհանուր իմիջը և հեղինակությունը, կանխարգելել կադրերի հոսունությունը, բարձրացնել աշխատողների արտադրողականությունը և հավատարմությունը, արդյունավետ միջոցներ տրամադրել ռազմավարական նպատակներին հասնելու համար[26]։

Կամավորական աշխատանքը համայնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային կամավորությունը, որն ԱՄՆ-ում կոչվում է «համայնքային ծառայություն», ամբողջ աշխարհում վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են բարելավել իրենց տեղական համայնքը։ Համայնքային ծառայության նախաձեռնությունները սովորաբար կազմակերպում են շահույթ չհետապնդող կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, եկեղեցիները, ինչպես նաև ոչ ֆորմալ, ինքնաբուխ խմբերը, օրինակ՝ սիրողական սպորտային թիմերը[27]։

Սոցիալական կամավորություն կամ բարօրությանն ուղղված կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական որոշ երկրներում պետական և հասարակական կազմակերպությունները որոշակի ժամկետով ժամանակավոր պաշտոններ են առաջարկում այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, հուշահամալիրները և սոցիալական ապահովության հաստատությունները։ Այս պարագայում կամավորության այլ տեսակների հետ տարբերությունն այն է, որ կան խիստ օրենսդրական կարգավորումներ, թե որ կազմակերպություններին է թույլատրվում ներգրավել կամավորներին և որքան ժամանակով։ Այս հանգամանքով պայմանավորված՝ կամավորը կառավարությունից համեստ գումար է ստանում՝ իր տարրական ծախսերը հոգալու համար։ Եվրոպայում մարդուժի տեսանկյունից ամենամեծ կամավորական կազմակերպություններն են Կամավորական սոցիալական տարին (գերմ.՝ Freiwilliges Soziales Jahr)՝ տարեկան ավելի քան 50 000 կամավորով և Կամավորների դաշնային ծառայությունը (գերմ. Bundesfreiwilligendienst)՝ տարեկան մոտ 30 000 - 40 000 կամավորով[28][29][30]։

Կամավորական աշխատանքներ սպորտային խոշոր միջոցառումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ներգրավված է եղել 25000 կամավոր։ Նրանք օգնել են կազմակերպիչներին ավելի քան 20 գործառնական հարցերում՝ ներառյալ հյուրերին դիմավորելը, տեղորոշման հարցում օգնելը, բացման և փակման արարողությունների կազմակերպումը, սննդի կետերի կազմակերպումը և այլն։ Կամավորագրվելու դիմումները բաց էին Ռուսաստանի և այլ երկրների ցանկացած քաղաքացու համար։ «Սոչի 2014»-ի կազմկոմիտեն ստացավ մոտ 200 000 հայտ՝ յուրաքանչյուր տեղի համար՝ 8 դիմորդ։ Կամավորներն ավելի քան մեկ տարի վերապատրաստվեցին Ռուսաստանի 17 քաղաքների 26 կամավորական կենտրոններում։ Մասնակիցների մեծամասնությունը 17-22 տարեկան էին։ Ընդ որում, 3000 դիմում էլ կազմկոմիտեն ստացել էր 55 տարեկանից բարձր անձանցից։ Նրանցից ոմանք կամավորներ էին եղել 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։ Սա նման լայնածավալ կամավորական ծրագրի առաջին փորձն էր ժամանակակից Ռուսաստանում։

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղարկությանն աջակցել է տեղական կազմկոմիտեի 17040 կամավոր[31]։

Կամավորություն բժշկական ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական օգնություն տրամադրելու համատեքստում արվող կամավորությունը կոչվում է բժշկական կամավորություն։ Ընդհանուր առմամբ, բժշկական կամավորությունը գնահատվում է որպես «կարիքավորներին օգնելու էթիկական պատասխանատվություն։ Նման կամավորությամբ զբաղվում են թե՛ շահույթ հետապնդող, թե՛ հասարակական կազմակերպությունները։ Բժշկական կամավորները հիվանդանոցներում, կլինիկաներում և թերսպասարկվող հաստատություններում սովորաբար մասնակցում են չվճարվող բժշկական կամավորական ծրագրերի։ Սովորաբար, այդ հաստատությունները գտնվում են թերզարգացած կամ բնական աղետների, հիվանդությունների կամ բռնության դեմ պայքարող երկրներում։ Նման կամավորական աշխատանքներին սովորաբար մասնակցում են կամավոր բժիշկները և բուժքույրերը։

Սևա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմում սևա նշանակում է անձնուրաց ծառայություն և հաճախ ասոցացվում է կարմա յոգայի, կանոնակարգված գործողությունների և բհակտի յոգայի՝ խորը նվիրումի հետ։ Սևան կապված է նաև սանսկրիտ այլ հասկացությունների հետ, ինչպիսիք են դանան (նվեր տալը), կարունան (կարեկցանքը) և պրեման (բարությունը)։ Սևան համարվում է նաև հոգևոր պրակտիկա, որը հայտնի է Սադհանա անվամբ և մեծ դեր է խաղում ժամանակակից հինդուիզմում։ Դա պայմանավորված է նրանով, որ հինդուիզմի հիմնական հայեցակարգը ազատագրումն է (մոկշա) ծնունդների և մահերի ցիկլից (սամսարա), իսկ սադհանան այն ջանքերն են, որոնք մարդը գործադրում է դեպի ազատագրում ձգտելու համար՝ ընդգծելով ուրիշներին ծառայելու կարևորությունը[32]։

Սիկհականության մեջ «սևա»  բառը նշանակում է նաև «երկրպագել, պաշտել, հարգանքի տուրք մատուցել սիրո միջոցով»։ Սիկհ գուրուների գրվածքներում սևայի այս երկու իմաստները (ծառայություն և պաշտամունք) միաձուլվել են։ Սևան անձնուրաց սերն է, որը դրսևորվում է առանց եսասիրական ցանկությունների կամ մտադրությունների և խոնարհությամբ։

Կամավորական օրեր, շաբաթներ և տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են այն օրերը, շաբաթները կամ տարիները, որոնք սահմանվում են որևէ երկրի կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ նպատակ ունենալով խթանել կամավորությունը կամ համայնքային ծառայությունը.

Քաղաքական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հասարակություններն ունեն այն համոզմունքը, որ անհատները պետք է աջակցեն և օգնեն միմյանց. կամավորական գործունեությունը ոչ միայն շահավետ է նրանց համար, ովքեր ստանում են այդ օգնությունը, այլև օգուտ է տալիս հենց կամավորին[33]։ Թեև կամավորները և պետության կողմից տրամադրվող ծառայությունները կարող են ունենալ ընդհանուր նպատակներ, երբեմն հնարավոր է լարվածություն առաջանա այս երկու խմբերի միջև։ Այս լարվածությունը զսպելու նպատակով երկրների մեծ մասը քաղաքականություններ են մշակում և օրենքներ ընդունում՝ կառավարության շահագրգիռ կողմերի և կամավորությամբ զբաղվող նրանց գործընկերների դերերն ու հարաբերությունները հստակեցնելու համար. այդ կանոնակարգերը սահմանում են յուրաքանչյուր կողմին անհրաժեշտ իրավական, սոցիալական, վարչական և ֆինանսական աջակցությունը և դրա տրամադրումը։ Սա հրամայական է դառնում, երբ տվյալ կամավորական գործունեությունը դիտվում է որպես կառավարության հեղինակությունը կամ օրինականությունը խարխլող կամ վիճարկող (օրինակ՝ 2001 թվականի հունվարի 29-ին նախագահ Բուշը զգուշացրեց, որ կամավորական խմբերը որպես լրացուցիչ աջակցություն պետք է ծառայեն պետական կառույցների համար, այլ ոչ թե ամբողջությամբ ստանձնեն նրանց դերերն ու պարտականությունները)[34]։

Կամավորությունը, որն օգուտ է բերում պետությանը, բայց մարտահրավեր է նետում վարձու աշխատողներին, զայրացնում է արհմիություններին, որոնք ներկայացնում են այն կամավորներին, որոնք վարձատրվում են իրենց կամավոր աշխատանքի համար. սա հատկապես ակնհայտ է համակցված ստորաբաժանումներում, որոնք ունեն և՛ վճարովի, և՛ կամավոր անձնակազմ, ինչպիսիք են կամավոր հրշեջ բաժանմունքները։

Միջազգային օգնության հետ կապված դժվարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվարություններ կարող են առաջանալ, երբ կամավորության միջազգային օգնության մոդելն իրագործվում է տարբեր երկրներում։ Կամավորները, որոնք ուղարկվում են մի երկրից մյուսը, կարող են դիտարկվել որպես տվյալ երկրի ինքնիշխանությունը խախտողներ, իսկ նրանց ներկայությունը կարող է մեկնաբանվել որպես անարգանքի նշան այն երկրի կառավարության նկատմամբ, որտեղ նրանք ուղարկվում են կամավորական աշխատանքի։ Այսպիսով, դրդապատճառները կարևոր են, երբ պետությունները բանակցում են օգնություն ուղարկելու առաջարկների շուրջ, և երբ այդ առաջարկներն ընդունվում են՝ հատկապես, եթե օգնություն տրամադրողը կարող է հետաձգել օգնությունը կամ ընդհանրապես չեղարկել այն։ Ժամանակի ընթացքում ձևավորվել են երեք տեսակի պայմաններ՝

  1. Ֆինանսական հաշվետվողականություն. կամավորական գործունեության ֆինանսավորման կառավարման թափանցիկություն, որը նպատակ ունի ապահովելու, որ կամավորական ծրագրերի համար հատկացված ֆինանսական ռեսուրսները արդյունավետ օգտագործվեն։
  2. Քաղաքականության բարեփոխում. կառավարության խնդրանքը, սովորաբար զարգացող երկրներում, որդեգրելու որոշակի սոցիալական, տնտեսական կամ բնապահպանական քաղաքականություն. հաճախ այդ քաղաքականությունները վերաբերում են պետության կողմից ավանդաբար մատուցվող ծառայությունների մասնավորեցմանը։
  3. Զարգացման նպատակներ. զարգացող երկրներին խնդրելը որոշակի ժամկետում իրենց քաղաքականությունն ու գործողությունները համապատասխանեցնել կոնկրետ տնտեսական նպատակների հետ։

Միջազգային կամավորական որոշ կազմակերպություններ իրենց հիմնական առաքելությունը բնորոշում են որպես ալտրուիստական՝ պայքարել աղքատության դեմ և բարելավել զարգացող աշխարհում մարդկանց կենսամակարդակը (օրինակ՝ «Voluntary Services Overseas»-ն ունի գրեթե 2000 որակավորված մասնագետ, որոնք աշխատում են որպես կամավորներ՝ իրենց փորձը տեղացիներին փոխանցելու համար, որպեսզի կամավորների հմտությունները շարունակեն կիրառվել նրանց՝ տուն վերադառնալուց հետո ևս)։ Երբ այս կազմակերպությունները համագործակցում են կառավարությունների հետ, արդյունքները կարող են տպավորիչ լինել։ Այնուամենայնիվ, երբ այլ կազմակերպություններ կամ Առաջին աշխարհի երկրների առանձին կառավարություններ աջակցում են կամավորական խմբերի աշխատանքին, կարող են հարցեր առաջանալ, թե արդյոք կազմակերպությունների կամ կառավարությունների իրական դրդապատճառն աղքատության հաղթահարումն է։ Փոխարենը, երբեմն հաղորդվում է, որ ջանքերն ուղղվում են բնակչության որոշակի անհատների համար բարեկեցություն ստեղծելուն կամ այն քաղաքականությունների իրականացմանը, որոնք հիմնականում ծառայում են դոնոր երկրների շահերին[35]։ Չնայած իրենց տնտեսություններն արդյունաբերականացնելու և զարգացնելու ջանքերին, ինչպես նաև տարբեր աղբյուրներից ներդրումներ ստանալուն՝ ցածր եկամուտ ունեցող շատ երկրներ չեն հասնում բարեկեցության կամ տնտեսական աճի ակնկալվող մակարդակին։ Դրա պատճառներից մեկն այն է, որ զարգանալու նպատակով տրվող աջակցությունը հաճախ հանգեցնում է նրան, որ Երրորդ աշխարհի շատ կառավարություններ որդեգրում են զարգացման այնպիսի քաղաքականություն, որը վատ պլանավորված է, անարդյունավետ է և հանգեցնում է ռեսուրսների վատնման։ Այդ քաղաքականություններից որոշներն այնքան վնասակար են լինում, որ այդ երկրների տնտեսությունները չեն կարողանում գոյատևել առանց հավելյալ արտաքին աջակցության[36]։

Իրոք, օգնության որոշ առաջարկներ խեղաթյուրել են կամավորության հիմնական ոգին՝ տեղական կամավոր ջանքերը դիտելով զուտ որպես նյութական ներդրումներ, որոնք պայմանավորված են նրանով, որ տեղական համայնքները կփոխեն իրենց վարքագիծը, որպեսզի համապատասխանեն դոնորներից օգնություն ստանալու չափանիշներին։ Նման վերաբերմունքը կարող է որպես արհամարհական կամ անհարգալից դիտվել օգնություն ստացողների կողմից, քանի որ օգնությունն ուղղակիորեն ծառայում է դոնորների քաղաքականության նպատակներին, այլ ոչ թե այն ստացողների կարիքներին։

Բարոյական ռեսուրսներ, քաղաքական կապիտալ և քաղաքացիական հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ թռուցիկներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենժեն քաղաքում գտնվող կամավորական կայանում՝ մարդկանց օգնելու համար։

2011 թվականին Չինաստանում իրականացրած իրենց թեմատիկ ուսումնասիրության մեջ Նգան-Փուն Նգայը և Ին Սյուն պարզել են, որ զանգվածային կամավորությունը, որը դեռ զարգացման վաղ փուլերում է, կարող է գործել այլ կազմակերպություններից անկախ և նպաստել զարգացող երկրներում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը։ Հետազոտողները մշակել են կոնկրետ մեթոդաբանական մոտեցում, որը կոչվում է «Բարոյական ռեսուրսներ և քաղաքական կապիտալ»՝ վերլուծելու և հասկանալու համար, թե ինչպես է կամավորությունը նպաստում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը կամ խթանմանը։ «Բարոյական ռեսուրսը» բարոյական կամ էթիկական սկզբունքների ամբողջություն է, որը ՀԿ-ները կարող են օգտագործել իրենց գործունեության և որոշումների կայացման գործընթացներում։ «Քաղաքական կապիտալը» այն ազդեցությունն է, կապերը կամ բարենպաստ հարաբերությունները, որոնք ՀԿ-ները կարող են օգտագործել քաղաքական ոլորտում իրենց դիրքը կամ ազդեցությունն ամրապնդելու համար[37]։

Ավելին, Սյուն և Նգայն առանձնացրել են բարոյական ռեսուրսների երկու տեսակ՝ բարոյական ռեսուրս I և բարոյական ռեսուրս II՝

  1. Բարոյական ռեսուրս I։ Ոգեշնչվելով Իմանուիլ Կանտի «Ի՞նչ պետք է անեմ» (1998 [1787]) փիլիսոփայական հարցումից՝ «բարոյական ռեսուրս I»-ը ձգտում է վստահություն սերմանել ՀԿ-ներում՝ դրդելով նրանց քաջությամբ դիմակայել մարտահրավերներին, երբ նրանք պատասխանում են բարոյական պարտավորության հիմնարար հարցին՝ «Ի՞նչ պետք է անեմ»։ Այս մոտեցումը խրախուսում է ՀԿ-ներին վճռականորեն գործել և հաղթահարել խոչընդոտները՝ իրենց գործողությունները համապատասխանեցնելով բարոյական սկզբունքներին և էթիկական նկատառումներին[38]։
  2. Բարոյական ռեսուրս II։ Հաշվի առնելով Թեոդոր Ադորնոյի՝ 2000 թվականի իր աշխատությունում այն պնդումը, որ հասարակական գործոններն ազդում են բարոյական և ոչ բարոյական նարատիվների վրա, «բարոյական ռեսուրս II»-ը ներառում է այն էթիկական սկզբունքները, որոնք լայնորեն ընդունված են որոշակի հասարակության մեջ[39]։

1967 թվականին Փիթեր Բլաուն և Օտիս Դադլի Դունկանն իրենց «Ամերիկյան մասնագիտական կառուցվածք» գրքում առանձնացրին քաղաքական կապիտալի երկու տեսակ.

  1. «Քաղաքական կապիտալ I»-ը այն քաղաքական ազդեցությունն ու առավելությունն է, որը վերագրվում է ՀԿ-ին իր պատմական դիրքի և հեղինակության շնորհիվ։
  2. «Քաղաքական կապիտալ II»-ը այն քաղաքական կապիտալն է, որը ՀԿ-ները վաստակում են իրենց քրտնաջան աշխատանքով[40]։

Ակնհայտ է, որ «բարոյական ռեսուրս I»-ը ինքնին պարունակում է ինքնորոշում, որը կամավորներին վստահություն է տալիս իրենց ընտրած էթիկական համոզմունքների նկատմամբ»[41]. գրեթե ցանկացած կազմակերպություն կարող է ունենալ բարոյական ռեսուրս I, մինչդեռ ոչ բոլորն ունեն հասարակության կողմից ընդունված բարոյական ռեսուրս II: Այնուամենայնիվ, կամավորական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հիմնականում գործում են են «բարոյական ռեսուրս II»-ի շրջանակներում, քանի որ բարոյական գերազանցության զգացումը նրանց հնարավորություն է տալիս հեշտացնել տարբեր արժեքներ, նպատակներ և մշակույթներ ունեցող կողմերի միջև համագործակցությունը՝ կամավորությունը խթանելու համար։ Այսպիսով, կամավոր ծառայություններ մատուցող կազմակերպություններն ավելի հեշտությամբ են շահում լայն հասարակության, ինչպես նաև կառավարության վստահությունն ու աջակցությունը, քան այն կազմակերպությունները, որոնց բարոյական արժեքները չեն ընդունվում հասարակության հիմնական զանգվածի կողմից։ Այլ կերպ ասած, «բարոյական ռեսուրս II»-ն օգնում է փոքր «քաղաքական կապիտալ I» ունեցող տեղական կազմակերպություններին շահել «քաղաքական կապիտալ II»-ը, որն իրենց գոյատևման և աճի համար վճռորոշ գործոն է այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է։ Հետևաբար, կամավորությունը զարգացող երկրներում քաղաքացիական հասարակության առաջխաղացման համար առանցքային կետ դառնալու ներուժ ունի[37]։

Կամավորության հնարավոր առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական ուսումնական ծրագրի շրջանակներում որպես կամավոր համայնքին ծառայելը (ծառայողական ուսուցում) ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել տարբեր անհատների հետ։ Այս փոխազդեցությունը նպաստում է թիմային աշխատանքի և փոխհարաբերությունների հմտությունների զարգացմանը, քանի որ ուսանողներն արդյունավետորեն համագործակցում են խմբային պայմաններում։ Ավելին, տարբեր ծագում ունեցող անհատների հետ շփումն օգնում է նվազեցնել կարծրատիպերը և խթանում է տարբեր մշակույթների արժևորմանը[9]։ Ծառայողական ուսուցման ծրագրերին մասնակցող ուսանողներն ավելի դրական վերաբերմունք ունեն սեփական անձի, դպրոցի և ուսման, քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական հմտությունների և ակադեմիական առաջադիմության նկատմամբ[42][43]։ Ավելի հավանական է նաև, որ նրանք  կավարտեն բուհը[44][45]։

Երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների մոտ դիտվում է մահացության ռիսկի նվազում՝ համեմատած ոչ կամավորների հետ[46]։ Այդ իսկ պատճառով, հարկ է նշել, որ տարբեր տեսակների կամավորական աշխատանքները և նման ալտրուիստական աշխատանք կատարելու հոգեբանական հետևանքները կարող են բավականաչափ կողմնակի ազդեցություններ առաջացնել, որոնք նպաստում են ավելի երկար և ավելի լիարժեք կյանք ունենալուն։ Պարբերաբար արվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 65 տարեկանից բարձր մեծահասակների մոտ, որոնք կամավորություն են անում, նկատվում է ֆիզիական և հոգեկան առողջության բարելավում և մահացության նվազում[47]։

Հոգեկան առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ուսումնասիրության համար հարցում էր արվել ամբողջ աշխարհում, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք ապրում են երջանկության ամենաբարձր մակարդակը, ամենահաջողակն են սերտ հարաբերությունների և կամավոր աշխատանքի առումով[48]։ Համեմատության համար, դրամական նվիրատվությունների տեսքով բարեգործությունը, որը ալտրուիզմի մեկ այլ ձև է (կամավոր լինելը դրանցից մեկն է), հայտնի է, որ ևս  նման ազդեցություն ունի[49][50]։ Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տալիս, որ ուրիշներին օգնելը կապված է հոգեկան առողջության ավելի բարձր մակարդակի հետ։ Ընդ որում, ուրիշներին օգնություն ցուցաբերելու առավելություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում մտավոր առողջության վրա, քան ստացած օգնության տված օգուտները[51]։ Տարիքային բոլոր խմբերի դեպքում սա այդպես է։ Ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, որ կամավորությունն օգնում է բարելավել դեռահասների հոգեկան առողջությունը[52]։ Ավելին, ծառայողական ուսուցման շրջանակներում բակալավրիատի այն ուսանողները, որոնք շաբաթական 1-9 ժամ կամավորություն էին անում, ավելի քիչ էին ընկճվածություն զգում, քան այն ուսանողները, որոնք կամավորություն չէին անում[53]։ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում կամավորությունը ևս կարող է նվազեցնել ընկճվածության ռիսկը[47]։

Պարզվել է, որ 2011 թվականի Քրայսթչերչի երկրաշարժից հետո կամավորությունը նպաստել է սոցիալական կապիտալի ստեղծմանը՝ մեծացնելով անհատների միջև սոցիալական կապերը, ինչպես նաև բարելավելով համայնքի բարեկեցությունը։ Հետազոտողներն առաջարկել են, որ բուժաշխատողները կարող են կամավորություն «նշանակել» բուժառուներին՝ նրանց առողջությունը բարելավելու համար[54]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներին Իվան Իլլիչն իր «Դեպի դժոխք բարի մտադրություններով» ելույթում ներկայացրեց Մեքսիկայում ամերիկացի կամավորների դերի վերաբերյալ վերլուծություն։ Նրա, ինչպես նաև այնպիսի քննադատների մտահոգությունները, ինչպիսիք են Պաուլու Ֆրեյրեն և Էդվարդ Սաիդը, կենտրոնացած են այն գաղափարի վրա, որ ալտրուիզմը կապված է քրիստոնեական միսիոներական գաղափարախոսության հետ։ Բացի այդ, նա նշում է պատասխանատվության կամ պարտավորության հասկացությունը՝ որպես «noblesse oblige» («ազնվական ծագումը պարտավորեցնում է») հասկացությանը նպաստող գործոն, որն ի սկզբանե ընկալվել է ֆրանսիական արիստոկրատիայի կողմից որպես բարոյական պարտականություն, որը բխում է իրենց հարստությունից։ Պարզ ասած, վտանգ կա ամբողջ աշխարհում բնիկ համայնքների ինքնավարության և մշակութային ամբողջականության համար։ Կամավորության վերաբերյալ վերջին քննադատությունները տեղ են գտել Ջոել Վեստհայմերի և Ջոզեֆ Կանի՝ 1996 թվականին հրապարակած «Ինչպիսի՞ քաղաքացի. ժողովրդավարության համար կրթելու քաղաքականությունը» հոդվածում և բել հուքսի (ի ծնե Գլորիա Ուոթքինս)՝ 2004 թվականին լույս տեսած «Փոխվելու կամքը. տղամարդիկ, տղամարդկություն և սեր» գրքում։ Նիկոլ Ջորջուն ևս 2012 թվականին իր «Նեոլիբերալիզմ, զարգացում և կամավորական օգնություն» գրքում քննադատել է նեոլիբերալիզմի ազդեցությունը միջազգային կամավորական օգնության վրա։

Բժշկական զբոսաշրջության ոլորտը (նկատի ունենալով կամավորներին, որոնք մեկնում են արտասահման՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար) վերջերս բացասական քննադատության է արժանացել՝ ի տարբերություն կայուն կարողությունների հայեցակարգի, որն ընդգծում է տեղի կազմակերպությունների կողմից համակարգվող, երկարաժամկետ առողջապահական նախաձեռնությունները, որոնց իրականացմանն աջակցում են օտարերկրյա կազմակերպությունները։ Նման քննադատությունների մեծ մասը հիմնականում հանդիպում է գիտական և գրախոսվող գրականության մեջ[55][56][57]։ Վերջերս նման քննադատություններ են հրապարակել նաև ընթերցողների մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները[58]։ Կամավորության այս տեսակը նվաստացուցիչ ձևով կոչում են «բժշկական կամավորական զբոսաշրջություն»[59]։

Մեկ այլ խնդիր, որը կապված է կամավորության հետ, այն է, որ ցածր վարձատրվող հաստիքները կարելի է փոխարինել կամավորական աշխատանքով։ Սա կարող է նվազեցնել սոցիալական շարժունակությունը, քանի որ միայն նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ աշխատել առանց վճարման, կարող են ձեռք բերել փորձ[60]։ Միացյալ Թագավորության (Մեծ Բրիտանիա) արհմիությունները նախազգուշացրել են, որ երկարաժամկետ կամավորությունը շահագործման ձև է, որն օգտագործվում է բարեգործական կազմակերպությունների կողմից՝ նվազագույն աշխատավարձի մասին օրենքը շրջանցելու համար[61]։ Որոշ ոլորտներ այժմ «կամավորական հավատարմագրում» են պահանջում, այսինքն՝ որպեսզի աշխատանքի դիմած թեկնածուները կամավորության մեծ փորձ ունենան՝ անկախ նրանից, թե դա ուղղակիորեն առնչվում է այն պաշտոնին, որի համար նրանք դիմում են, թե ոչ[62]։

Կամավորները կարող են ենթարկվել սթրեսային իրավիճակների և այնպիսի վերաբերմունքի, որը կարող է հանգեցնել նրանց ուժասպառման, ինչն էլ իր հերթին նվազեցնում է նրանց ակտիվությունն ու ընդհանուր առողջական վիճակը[63]։ Կան նաև հստակ ապացույցներ, որ կամավորությունը կարող է դառնալ բարոյական պարտավորություն, որը մեղքի զգացում է առաջացնում, երբ անհատը կամավորություն չի անում[64]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson, John (2000). «Volunteering». Annual Review of Sociology. 26 (26): 215. doi:10.1146/annurev.soc.26.1.215.
  2. «Benefits of Volunteering». Corporation for National and Community Service. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 Harper Douglas։ «volunteer»։ Online Etymology Dictionary
  4. «Volunteer- what's in a word?». Jocote.org. 2010 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Early Antislavery». nps.gov. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 Warburton, Jeni; Oppenheimer, Melanie (2000). Volunteers and Volunteering. The Federation Press. ISBN 1-86287-376-3.
  7. «Mormons' JustServe helps helpers find places to, well, help». The Salt Lake Tribune (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 «Service Learning». Medical Education at Harvard. Harvard College. 2010.
  9. 9,0 9,1 9,2 Janet Eyler (1999), Where's the learning in service-learning?, San Francisco: Jossey-Bass, ISBN 0787944831, 0787944831
  10. Gazley, B., L. Littlepage, T. Bennett. 2012. What about the host agency? Nonprofit perspectives on community-based student learning and volunteering. Nonprofit and Voluntary Sector Quarterly, 41(6): 1029-1050.
  11. «Need of skills based volunteering for Non-Profit activities». National Service Resources. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  12. Steimel, Sarah (2018 թ․ փետրվարի 1). «Skills-Based Volunteering as Both Work and Not Work: A Tension-Centered Examination of Constructions of "Volunteer"». VOLUNTAS: International Journal of Voluntary and Nonprofit Organizations (անգլերեն). 29 (1): 133–143. doi:10.1007/s11266-017-9859-8. ISSN 1573-7888. S2CID 151874029.
  13. «Online Volunteering». UN Volunteers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Virtual Volunteering Resources». Service Leader. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  15. Feng, Vincent Xuan; Leong, Tuck Wah (2017 թ․ նոյեմբերի 28). «Digital meaning». Proceedings of the 29th Australian Conference on Computer-Human Interaction. OZCHI '17. New York, NY, US: Association for Computing Machinery. էջեր 366–370. doi:10.1145/3152771.3156138. ISBN 978-1-4503-5379-3. S2CID 9250571.
  16. «Micro Volunteering – Changing The World in Just Your Pyjamas!». I-volunteer.org.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Environmental Volunteer Work». PeaceCorps. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  18. «USGS Tsunami 2004 Summary». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. Power, Matthew (April 2005). «The Tsunami Volunteers». National Geographic Adventure Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին.
  20. «The Economy's Impact on Back to School». Great Schools. 2009 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. 21,0 21,1 «Volunteer teaching effort can help students to learn better in schools» (PDF). School Mental Health Project. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. «Why include volunteering on your CV». Volunteer Centre Tower Hamlets (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  23. Darlington, Ben (2016 թ․ փետրվարի 9). «What is Corporate Volunteering?». Benefacto. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  24. «Mapping Success in Employee Volunteering – The Drivers of Effectiveness for Employee Volunteering and Giving Programs and Fortune 500 Performance (2009)». Boston College Center for Corporate Citizenship 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  25. «Fortune 500's monetary donation programs for voluntary service». Qgiv.com. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  26. «Does Employee Volunteerism Work?». VolunteerMatch.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին.
  27. Winfield, Mark (2013 թ․ մայիսի 21). The Essential Volunteer Handbook. FriesenPress. ISBN 978-1-4602-1583-8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  28. «It's time to do the right thing» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  29. «Freiwilliges Soziales Jahr». FSJ – Freiwilliges Soziales Jahr (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  30. «PRO FSJ |». pro-fsj.de. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  31. «Чемпионат мира по футболу FIFA 2018 в России™ – Новости – Победители конкурса "Наследие волонтерской программы ЧМ-2018" награждены в "Сколково" – FIFA.com» (ռուսերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  32. Jacobs, Stephen (2010). Hinduism Today: An Introduction. London : Continuum International Publishing. p. 43. ISBN 9786612874345.
  33. http://www.picketnews.com/archiveDetail.asp?cID=3&id=8327%7Cpublisher=Picket News
  34. Bush Announces Faith-Based Initiative(չաշխատող հղում)
  35. ISBN reference for Volunteering Visions, Publisher: The Federation Press, Edited by: Joy Noble and Fiona Johnston, 1-86287-404-2 978-1862874046
  36. «Aid, taxation, and development: analytical perspectives on aid effectiveness in Sub-Saharan Africa». World Bank. 1998 թ․ փետրվարի 28. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  37. 37,0 37,1 Xu, Y; Ngai, N. P. (2011). «Moral Resources and Political Capital: Theorizing the Relationship Between Voluntary Service Organizations and the Development of Civil Society in China». Nonprofit and Voluntary Sector Quarterly. 40 (2): 247–269. doi:10.1177/0899764009340229. S2CID 154058761. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  38. Kant, I. (1998). Critique of pure reason (J. M. D. Meiklejohn, Trans.). Raleigh, NC: Alex Catalogue.
  39. Adorno, T. (2000). Problems of moral philosophy (T. Schroder, Ed. & R. Livingstone, Trans.). Stanford, CA: Stanford University Press.
  40. Blau, P. M., & Duncan, O. D. (1967). The American occupational structure. New York: Wiley.
  41. Xu, Y; Ngai, N. P. (2011). «Moral Resources and Political Capital: Theorizing the Relationship Between Voluntary Service Organizations and the Development of Civil Society in China». Nonprofit and Voluntary Sector Quarterly. 40 (2): 260. doi:10.1177/0899764009340229. S2CID 154058761. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  42. Celio, Christine I.; Durlak, Joseph; Dymnicki, Allison (2011 թ․ սեպտեմբերի 1). «A Meta-Analysis of the Impact of Service-Learning on Students». Journal of Experiential Education. 34 (2): 164–181. doi:10.1177/105382591103400205. S2CID 11537949.
  43. Boru, Nese (June 2017). «The Effects of Service Learning and Volunteerism Activities on University Students in Turkey» (PDF). Journal of Education and Training Studies. 5 (6): 146–166. doi:10.11114/jets.v5i6.2405.
  44. Astin, A.W. (1992). What Matters in College: Four Critical Years Revisited. San Francisco: Jossey-Bass.
  45. Pascarella and Terenzini, E.T. and P.T. (1991). How College Affects Students: Findings and Insights from Twenty Years of Research. San Francisco: Jossey-Bass.
  46. Ayalon, Liat (2008). «Volunteering as a predictor of all-cause mortality: what aspects of volunteering really matter?». International Psychogeriatrics. 20 (5): 1000–1013. doi:10.1017/S1041610208007096. PMID 18397546. S2CID 19529297.
  47. 47,0 47,1 Filges, Trine; Siren, Anu; Fridberg, Torben; Nielsen, Bjørn C. V. (2020). «Voluntary work for the physical and mental health of older volunteers: a systematic review». Campbell Systematic Reviews (անգլերեն). 16 (4): e1124. doi:10.1002/cl2.1124. ISSN 1891-1803. PMC 8356337. PMID 37016617.
  48. Oishi, Shigehiro; Diener, Ed; Lucas, Richard E. (2007 թ․ դեկտեմբերի 1). «The Optimum Level of Well-Being: Can People Be Too Happy?». Perspectives on Psychological Science. 2 (4): 346–360. doi:10.1111/j.1745-6916.2007.00048.x. PMID 26151972. S2CID 17932140.
  49. Aknin, LB; Barrington-Leigh, CP; Dunn, EW; Helliwell, JF; Burns, J; Biswas-Diener, R; Kemeza, I; Nyende, P; Ashton-James, CE; Norton, MI (2013). «Prosocial spending and well-being: Cross-cultural evidence for a psychological universal» (PDF). Journal of Personality and Social Psychology. 104 (4): 635–652. doi:10.1037/a0031578. PMID 23421360. S2CID 5403883.
  50. Dunn, E. W.; Aknin, L. B.; Norton, M. I. (2008 թ․ մարտի 21). «Spending Money on Others Promotes Happiness». Science. 319 (5870): 1687–1688. Bibcode:2008Sci...319.1687D. doi:10.1126/science.1150952. PMID 18356530. S2CID 29589887.
  51. Schwartz, Carolyn; Meisenhelder, Janice Bell; Ma, Yunsheng; Reed, George (2003). «Altruistic Social Interest Behaviors Are Associated With Better Mental Health». Psychosomatic Medicine. 65 (5): 778–785. doi:10.1097/01.PSY.0000079378.39062.D4. PMID 14508020. S2CID 20644442.
  52. Ballard, P.J.; Daniel, S.S.; Anderson, G.; Nicolotti, L.; Caballero Quinones, E.; Koehler, A.N. (2021). «Incorporating Volunteering Into Treatment for Depression Among Adolescents: Developmental and Clinical Considerations». Frontiers in Psychology. 12: 1581. doi:10.3389/fpsyg.2021.642910. PMC 8131855. PMID 34025511.
  53. Lederer, Alyssa M.; Autry, Dana M.; Day, Carol R. T.; Oswalt, Sara B. (2015 թ․ օգոստոսի 18). «The Impact of Work and Volunteer Hours on the Health of Undergraduate Students». Journal of American College Health. 63 (6): 403–408. doi:10.1080/07448481.2015.1015028. PMID 25692931. S2CID 205583711.
  54. Vannier, Clémence; Mulligan, Hilda; Wilkinson, Amanda; Elder, Susie; Malik, Ambika; Morrish, Daniel; Campbell, Malcolm; Kingham, Simon; Epton, Michael (2021). «Strengthening community connection and personal well‐being through volunteering in New Zealand». Health & Social Care in the Community (անգլերեն). 29 (6): 1971–1979. ISSN 0966-0410.
  55. Bezruchka, S. (2000). Medical Tourism as Medical Harm to the Third World: Why? For Whom? Wilderness and Environmental Medicine, 11, 77–78.
  56. Roberts, M. (2006). Duffle Bag Medicine. Journal of the American Medical Association, 295, 1491–1492.
  57. Pinto, A.D., & Upshur, R.E.G. (2009). Global Health Ethics for Students. Developing World Bioethics, 9, 1–10.
  58. «Think looking after turtles in Costa Rica for three weeks is good for your CV? Think again». The Conversation. 2016 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  59. McLennan, Sharon (2014 թ․ ապրիլի 1). «Medical voluntourism in Honduras: 'Helping' the poor?». Progress in Development Studies (անգլերեն). 14 (2): 163–179. doi:10.1177/1464993413517789. ISSN 1464-9934. S2CID 144772758.
  60. McGuinness, F.; Ward, M. (2017). State of the Nation Report by the Social Mobility Commission (PDF) (Report).
  61. Trade Union Congress (TUV) (2018) Guide to Internships. Accessed online at: https://www.tuc.org.uk/workplace-guidance/internships
  62. Walker, Mark (2018). «'Own Transport Preferred': Potential problems with long-term volunteering and internships». ECOS.
  63. Konieczny, Piotr (2018-01-01), «Volunteer Retention, Burnout and Dropout in Online Voluntary Organizations: Stress, Conflict and Retirement of Wikipedians», Research in Social Movements, Conflicts and Change, Research in Social Movements, Conflicts and Change, vol. 42, Emerald Publishing Limited, էջեր 199–219, doi:10.1108/s0163-786x20180000042008, ISBN 978-1-78756-895-2, S2CID 155122668, Վերցված է 2021-04-29-ին
  64. Gill MJ. (2021) Understanding the Spread of Sustained Employee Volunteering: How Volunteers Influence Their Coworkers' Moral Identity Work. Journal of Management.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամավորություն» հոդվածին։