Կամավորների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամավորների միջազգային օր (դեկտեմբերի 5), լրիվ անունը՝ Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (ՄԱԿ-ի այլ լեզուներով. անգլ.՝ International Volunteer Day (IVD) for Economic and Social Development, ռուս.՝ Международный день добровольцев во имя экономического и социального развития, ), հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և 1985 թ.-ից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։ Կամավորական կազմակերպություններին և կամավորներին հնարավորություններ է առաջարկում, որպեսզի նրանք տեսանելի դարձնեն տեղական, ազգային, միջազգային մակարդակներում կատարած իրենց ներդրումը։

Նախապատմությունը[խմբագրել]

Օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ[1] [2]: Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին (MDGs) հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը։

Բանաձևերը[խմբագրել]

1985 թ. դեկտեմբերի 17-ի 40/212 բանաձևով ԳԱ-ն կառավարություններին առաջարկում է ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև կոչ է անում միջոցներ ձեռք առնել բարձրացնելու տեղեկացվածությունը կամավորների ծառայության, նրանց ներդրումների կարևորության մասին՝ այդպիսով շահագրգռելով ավելի շատ մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում իրենց կամավորական ծառայությունը առաջարկելու համար՝ ինչպես տանը, այնպես էլ արտերկրում։

1997 թ. նոյեմբերի 20-ի 52/17 բանաձևով ԳԱ-ն 2001 թ. հռչակում է Կամավորների միջազգային տարի՝ նպատակ ունենալով նպաստել կամավորների ճանաչելիությանը, նրանց գործունեության հեշտացմանը, ցանցերի ստեղծմանը և կամավորական ծառայության առավելության ընդունմանը։

2001 թ. դեկտեմբերի 5-ի 56/38 բանաձևով ԳԱ-ն ընդունում է մի շարք առաջարկներ (ռեկոմենդացիաներ)՝ ուղիների վերաբերյալ, որոնց օգնությամբ կառավարություններն ու ՄԱԿ-ի համակարգը կկարողանային աջակցել կամավորությանը, և խնդրում է լայնորեն տարածել այդ առաջարկները։

2008 թ. դեկտեմբերի 18-ի 63/153 բանաձևով ԳԱ-ն սահմանում է, որ մոտավորապես 2011 թ. դեկտեմբերի 5-ին Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի երկու լիագումար նիստ պետք է նվիրվեն Միջազգային տարվա արդյունքներին, հետագա գործունեությանն ու նրա տասներորդ հոբելյանը նշելուն։

Համագործակցություն և զարգացում[խմբագրել]

ՄԱԿ-ի մանդատն ու աջակցությունը, կայացրած որոշումը յուրահատուկ հնարավորություն են ստեղծում կամավորական կազմակերպությունների ու անհատների համար, ովքեր աշխատում են կառավարական հաստատությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական խմբերի, գիտական օղակների և մասնավոր սեկտորի հետ։ Երկար տարիներ Կամավորների միջազգային օրը ունեցել է ռազմավարական նշանակություն. բազմաթիվ երկրներում ուշադրության են արժանացել կամավորների ջանքերը աղքատության, սովի, հիվանդությունների, անգրագիտության հաղթահարման ու շրջակա միջավայրի վատթարացման և անհանդուրժողականության դեմ պայքարում։

Դրական ձեռքբերումները հիմնականում արդյունք են ՄԱԿ-ի, կառավարությունների, կամավորական կազմակերպությունների ու նվիրյալների միջև համագործակցության։ Դրա մաս են կազմում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, գիտական օղակները, հիմնադրամները, մասնավոր սեկտորը, կրոնական խմբերը, մարզական ու ժամանցային կազմակերպությունները։

Ամեն տարի հազարավոր կամավորներ մոբիլիզացնելուց բացի, ՄԱԿ-ը գործարկել է Կամավորների ծրագիր, որն աշխատում է գործընկերների ու կառավարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կամավորների համար ազգային ծրագրեր, կառուցվածքներ ստեղծելու նպատակով, որոնք զգալի աջակցություն են կոնկրետ երկրների կամավորների համար։

Առցանց կամավորական ծառայության օգնությամբ, կամավորները կարող են մարդկային կայուն զարգացման նպատակով քայլեր ձեռնարկել՝ աջակցելով կազմակերպությունների գործունեության համացանցի միջոցով։

Օրվա հիշատակումը[խմբագրել]

Միջազգային այս օրը նշվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, այդ թվում Կարմիր Խաչի, սկաուտների և այլոց։ Այն բազմաթիվ կազմակերպությունների անդամների ու անհատների համար հանդիսանում է տոն։ Օրը նշում և միջոցառումներին աջակցում են ՄԱԿ-ի կամավորները[3]:

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս օրվա խորհրդին համապատասխան ուղերձով։

Այդ օրը հիմնական ուշադրությունը ոչ միայն կամավորության տոնումն է՝ իր տարբեր ասպեկտներով, այլ նաև տեղական, ազգային ու գլոբալ մակարդակներում փոփոխությունների տանող հասարակական մասնակցության համար առանձնահատուկ երախտագիտության արտահայտումը։ Այդ օրը ընդգծվում է կամավորների ջանքերը, որով նրանք փորձում են մարդկանց ներգրավվել որոշումների կայացման մեջ՝ վերջնական արդյունքում, մասնակցային միջավայրի ստեղծմանը, ինչը բերում է ուժեղ կառավարման, հասարակական համախմբվածության, խաղաղության և կայուն զարգացման։

Թեմատիկան[խմբագրել]

Տարի Թեմա
2014 «Մարդկանց մասնակցությունը. կամավո՛ր, փոխիր աշխարհը դեպի լավը»
2013 «Երիտասարդ: Գլոբալ: Ակտիվ»
2012 «Տոնեք կամավորությունը»
2011 «Կամավորության էությունը. լուսավորեք աշխարհը»
2010 «Կիսվեք պատմությամբ. կամավորությունը հանուն ՀԶՆ-ին»
2009 «Կամավորություն հանուն մեր երկրագնդի»

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]