Շրջակա միջավայրի մոնիտորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրի անալիզ պեստիցիդների համար

Շրջակա միջավայրի մոնիտորինգ (անգլ.՝ monitoring՝ նախազգուշացնող), շրջակա միջավայրի վիճակի վերահսկողության, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա մարդահարույց ու բնական գործոնների բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող կանոնավոր երկարատև դիտարկումների համակարգ։

Շրջակա միջավայրի մոնիտորինգի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորինգի հիմնական գործառույթներն են մթնոլորտային օդի, ջրերի, բուսատեսակների և կենդանատեսակների, բնական լանդշաֆտների և այլ բաղադրամասերի վիճակի ու որակի վերահսկումը, աղտոտման հիմնական աղբյուրների հայտնաբերումը, բնական լանդշաֆտի հիմնական բաղադրամասերի որակի կանխատեսումը։

Մոնիտորինգի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորինգը լինում է տեղական, տարածաշրջանային (երկրահամակարգային) և խոշորամասշտաբ (կենսոլորտային)։ Շրջակա միջավայրի մոնիտորինգը իրականացնում են պետական և գերատեսչական տարբեր կազմակերպություններ՝ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը և այլն։ Կատարվում է, օրինակ, անտառների մոնիտորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգ, բուսական աշխարհի մոնիտորինգ, կենդանական աշխարհի մոնիտորինգ, ջրային պաշարների մոնիտորինգ և այլն։ Մոնիտորինգային տվյալները ենթարկվում են վիճակագրական ու համեմատական վերլուծության և համապատասխան տեղեկանքների ձևով ներկայացվում են բնապահպանության նախարարության ստորաբաժանումներ, տեղեկատվավերլուծ, կենտրոն՝ շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանը տրամադրելու համար։ Մոնիտորինգի տվյալների հիման վրա գնահատված ֆոնային ցուցանիշներն օգտագործվում են կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների, արտահոսքերի և սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի հաշվարկման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png