Պեստիցիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեստիցիդների սփռումը դաշտի վրա

Պեստիցիդ (լատ.՝ pestis — «վարակ» և լատ.՝ caedo — «սպանում եմ» բառերից) — նյութ, որն օգտագործվում է վնասատուների և մոլախոտերի ոչնչացման համար։ Կախված նրանից, թե որ օրգանիզմների դեմ են դրանք ուղղված՝ պեստիցիդները բաժանվում են խմբերի։ Հերբիցիդները ոչնչացնում են բույսերին, ինսեկտիցիդները՝ միջատներին, ֆունգիցիդները՝ սնկերին և այլն։

Բույսերի պաշտպանության քիմիական միջոցները ներկայումս հանդիսանում են գյուղատնտեսական բույսերի մշակման անբաժանելի մասը ամբողջ աշխարհում։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև պատրաստի արտադրանքի պահպանման, տեղափոխման, շինությունների վարակազերծման ու միջատազերծման համար։ Բույսերի պաշտպանության քիմիական և միկրոկենսաբանական ամբողջ բազմազանությունը միավորվում է մեկ անվան տակ` պեստիցիդներ։

1959 թվականին, երբ բնակչության մեկ անձին բաժին էր ընկնում գյուղատնտեսությունում օգտագործվող 5 կգ քիմիական միջոց, գենետիկական շեղումներով ծնված երեխաների թիվը կազմում էր 0,74%։ 1983 թվականին գյուղատնտեսությունում օգտագործվող քիմիական պրեպարատների զանգվածը աճեց մինչև 25 կգ` բնակչության մեկ անձի հաշվով, իսկ գենետիկական շեղումներով ծնվածները կազմում էին 16,5%։ Կենսաբանների կողմից վաղուց հաստատված է, որ 30%-ով գենետիկորեն փոխված պոպուլյացիան մատնված է այլասերման։ Միջավայրի այլ գործոնների հետ մեկտեղ քիմիական միջոցները որոշակի ներդրում ունեն այս գործընթացներում։ ‌[փա՞ստ]

Արգելված և ժամկետանց պեստիցիդների ընդհանուր քանակությունը կազմում է 13,4 հազար տոննա։ Ոչ բոլոր վայրերում են ապահովվում պահպանման բավարար պայմաններ, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Դրանց ուտիլիզացիան մինչ այսօր գործնականում չի իրականացվել։

Պեստիցիդների տեսակներ[խմբագրել]

Պեստիցիդ սփռող մեքենա

Ըստ քիմիական բաղադրության՝ պեստիցիդները բաժանվում են 3 խմբի՝

Պեստիցիդները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի, միջատասպաններ (ինսեկտիցիդներ), տզասպաններ (ակարիցիդներ), կենդանասպաններ (զոոցիդներ, հատկապես ողնաշարավոր կենդանիների), որդասպաններ (նեմատոցիդներ), սնկասպաններ (ֆունգիցիդներ), մանրէասպաններ (բակտերիցիդներ), մոլախոտեր ոչնչացնողներ (հերբիցիդներ) և այլն։

Ըստ օրգանիզմի մեջ ներթափանցման և ազդեցության բնույթի՝ պեստիցիդները լինում են աղիքային, շփումային, ֆումիգանտ (գոլորշու կամ գազային ձևով՝ շնչառական ուղիներում), համակողմանի։ Պեստիցիդները լինում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, խտանյութերի, պինդ նյութերի և այլ ձևերով։ Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, գազացման (ֆումիգացման), թունավոր գրավչանյութերի, ախտահանման եղանակներով։ Պեստիցիդների գործածման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները, կանխատեսել վերջնական արդյունքները ոչ միայն որոշակի վնասատուների, այլև կենսահամակեցությունների համար։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ․ Այվազյան «Հայաստանի բնաշխարհ», Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, 2006թ, Երևան