Jump to content

Ողնաշարավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողնաշարավորներ

Ողնաշարավորներ, գանգավորներ (լատին․՝ Verebraa կամ լատին․՝ Cranioa), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25-1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։

Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, Համաշխարհային օվկիանոսի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թոքերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երիկամները։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և թռչուններից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ (լատին․՝ Cyclosomaa), ձկներ (լատին․՝ Pisces), երկկենցաղներ (լատին․՝ Amphibia), սողուններ (լատին․՝ Repilia), թռչուններ (լատին․՝ Aves) և կաթնասուններ (լատին․՝ Mammalia)։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։

Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն կենտրոնական նյարդային համակարգ, ձևավորվել է գանգատուփը և ողնուղեղային խողովակը։ Առաջացել և զարգացել են զգայարանները։ Արյունատար համակարգը փակ է, ունեն սիրտ, արյունը կարմիր է։ Ողնաշարավորների ենթատիպը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝

  1. Վերնադաս Անծնոտավորներ Agnata
    1. Դաս Վահանակիրներ Ostracodermi
    2. Դաս Բոլորաբերանավորներ Cyclostomata
  2. Վերնադաս Ձկներ Pisces
    1. Դաս Կռճիկային ձկներ Chondeichthyes
    2. Դաս Ոսկրային ձկներ Osteichtes
  3. Վերնադաս Ցամաքային ողնաշարավորներ Tetrapoda
    1. Դաս Երկկենցաղներ Amphibia
    2. Դաս Սողուններ Reptilia
    3. Դաս Թռչուններ Aves
    4. Դաս Կաթնասուններ Mammalia

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
  • Жизнь животных, т․, 4—6, М․, 1969—71;
  • Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։