Բույսերի պաշտպանություն
Բույսերի պաշտպանություն, գիտությունների համալիր, ընդգրկում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի ձևերն ու եղանակները։
Բույսերի պաշտպանության խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրներն են վնասատուների տեսակային կազմի, տարածման, վնասի բնույթի ու չափի, բույսերի և վնասատուների փոխադարձ կապի բացահայտումը, պայքարի արդյունավետ, մարդկանց և շրջապատի համար անվտանգ եղանակների մշակումը։ Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական, մեխանիկական և կենսաֆիզիկական եղանակներով։ Էկոլոգիապես անվտանգ է կենսաբանական եղանակը, երբ ստեղծվում են բույսերի հիվանդադիմացկուն սորտեր, իսկ բույսերի կարանտինի միջոցով սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը։
Բույսերի պաշտպանությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բույսերի պաշտպանության խնդիրներով զբաղվում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը։ Հայաստանում ուսումնասիրվել են բամբակենու, շաքարի ճակնդեղի, առվույտի, խնձորենու, խաղողի որթի, սեխի ճանճի, բանջարանոցային և այլ բույսերի, ամբարային վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, զարգացման առանձնահատկությունները, հետազոտվել են բամբակենու, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, ցորենի, պտղատու ծառերի, խաղողի որթի, ինչպես նաև բանջարաբոստանային բույսերի, թիթեռնածաղկավոր մշակովի խոտաբույսերի տարբեր հիվանդությունները, դրանց տարածվածությունը, վնասակարության աստիճանը, մշակվել դրանց դեմ պայքարի եղանակներ։ Մոլախոտերի դեմ քիմիական քաղհանի համար հետազոտվել են տարբեր հերբիցիդներ, ընտրվել առավել արդյունավետները, սինթեզվել նորերը և ստեղծվել հարմարանքներ դրանց անվտանգ օգտագործման համար։
Բույսերի պաշտպանության բնագավառի իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը կարգավորվում են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի օրենքով (2000)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 608)։ |