Բույսերի հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Tobacco mosaic virus symptoms tobacco.jpg

Բույսերի հիվանդություններ, բուսական օրգանիզմների կենսական գործառույթի խանգարում, որն առաջանում է ախտածին հարուցիչներով վարակվելուց և միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Բնորոշվում են բույսի արտաքին տեսքի և նյութափոխանակության խախտումներով։ Հիվանդություններից նվազում է բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսերը վաղաժամ մահանում են։ Հայտնի է բույսերի 30 հզ. հիվանդություն։

Բույսերի հիվանդությունների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ առաջացման պատճառների՝ բույսերի հիվանդությունները լինում են ոչ վարակիչ և վարակիչ։ Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միջավայրի անբարենպաստ պայմաններից, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից։ Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են լինել նաև օդում եղած վնասակար խառնուրդները (հատկապես քիմիական գործարանների շրջակայքում), հերբիցիդների մնացորդները և այլն։

Վարակիչ հիվանդություններն առաջանում են ախտածին մանրէներից և վիրուսներից , սնկերից (ալրացողային սնկեր, ասկոխիտա, ասպերգիլ, եղջերասունկ, ժանգասնկեր, կլադոսպորիում, մրիկասնկեր, վրձնասունկ, տաֆրինային սնկեր, ֆուզարիում և այլն), փոխանցվում ու տարածվում են հողի, օդի, ջրի, մարդու, կենդանիների, միջատների և այլ միջոցներով։ Առանձնակի վտանգ են ներկայացնում անտառների հիվանդությունները, որոնք հետևանք են մեծածավալ անկանոն անտառհատումների։ Վերջիններս հանգեցնում են անտառում կլիմայական պայմանների (բարձր ջերմաստիճան, առատ լույս) և կերի հումքի (հատումների հետևանքով թափված ճյուղեր ու տերևներ) փոփոխությունների, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատու միջատների բազմացման և հիվանդությունների տարածման համար։

ՀՀ անտառներում վնասատուների վարակի օջախները տարեցտարի ավելանում են և ներկայումս կազմում են ավելի քան 30 հզ. հա, կաղնու անտառներում համատարած տերևազրկման պատճառով բնափայտի տարեկան կորուստը կազմում է մոտ 20 հզ. մ³։ Պայքարում են ագրոտեխնիկական (բույսերի աճման և զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում), քիմիական (սերմերի քիմիական ախտահանում, սրսկումներ) և ֆիզիկամեխանիկական (փոշոտումներ) միջոցներով։ Հիվանդությունների հարուցիչները մի երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են կարանտինային միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png